Գրքեր
Հարց 109 – Քրիստոս բժշկեց գերգեսացի դիվահարին: Այդ մասին պատմում է Մարկոս ավետարանիչը (Մարկոս 5-րդ գլուխ): Դիվահարի ունեցած դևերը շատ էին: Երբ նա Քրիստոսի առջև կանգնեց, դևերն սկսեցին աղաչել Քրիստոսին և ասել. «Մի՛ ուղարկիր մեզ արտաքին աշխարհ»: Այնտեղ խոզի երամակ կար, խնդրեցին, որ դիվահարից դուրս գան և խոզերի մեջ մտնեն: Դևերի երկու աղաչանքը Հիսուս ընդունեց: Ավետարանիչն ասում է. «Երբ պիղծ ոգիները դուրս ելան, մտան խոզերի մեջ, և երամակը, թվով մոտ երկու հազար, դարավանդից դիմեց դեպի ծովը. և խեղդվեցին ծովում» (Մարկ. 5:13): Այժ երկու հարց ունեմ այս առիթով: Նախ՝ Քրիստոս ինչո՞ւ դևերի աղաչանքն ընդունեց: Երկրորդ՝ ո՞րն էր խոզերի տիրոջ հանցանքը՝ այդ վնասը կրելիս, որ դևերն իրենց ցանկությամբ մտան խոզերի մեջ, իսկ խոզերը խեղդվեցին ծովում:

Պատասխան – Քրիստոս ընդունելով դևերի աղաչանքը՝ մեզ երկու բան հասկացրեց. նախ՝ որ առանց Իր թույլտվության, դևերն ամենևին իշխանություն չունեն որևէ մեկին տանջել կամ փոքր-ինչ վնաս հասցնել: Թո՛ղ լավ իմանան կախարդներին հետևողները և չխոսեն պառավների բերանով, թե չարը չարից կփրկվի:

Երկրորդ՝ Քրիստոս չընդունեց դևերի աղաչանքը: Վերջիններս գիտեին, որ Հիսուս Քրիստոս՝ մարդացյալ Աստված, երբ աշխարհի կատարածին դատավորի աթոռին նստի՝ դատելու արդարներին և մեղավորներին, այն ժամանակ աշխարհի վրա կամ օդում եղած դևերը պիտի ուղարկվեն դժոխային հավիտենական տանջանքի: Սակայն երբ լինելը չիմանալով՝ կարծեցին, թե հենց տվյալ պահին պիտի ուղարկի: Դևերի կարծիքի այսպիսին լինելը հայտնի է դառնում իրենց խոսքից, որ ամենքը միանգամից ասացին. «Ի՞նչ կա մեր և քո միջև, Հիսո՛ւս Որդի՛ Աստծո, մեզ տարաժամ տանջելո՞ւ եկար» (Մատթ. 8:29): Այսինքն՝ անժամանակ եկար մեզ դժոխք ուղարկելու: Ուստի աղաչեցին, որպեսզի չուղարկի նրանց աշխարհից: Այլապես Քրիստոս մտադիր չէր ընդունել նրանց աղաչանքը:

Երրորդ՝ ասացիր, թե խոզերի տիրոջ հանցանքը ո՞րն էր: Գերգեսացիների երկիրը պատկանում էր եբրայեցիների ազգին, սակայն այնտեղ հեթանոսներ ևս բնակվում էին: Հայտնի չէ՝ խոզերի տերերը եբրայեցինե՞ր էին, թե՝ հեթանոսներ: Եթե եբրայեցի էին, հայտնի է, որ Հին Օրենքով արգելված էր եբրայեցիներին խոզ ուտել, քանզի պիղծ կենդանի է: Հետևաբար՝ մեղքերի պատճառ և օրինազանցության ինչք լինելու համար Աստված խեղդել տվեց այս կենդանիները, որպեսզի տերերը զգաստանան և ճանաչեն Հիսուսի՝ Օրենսդիր ու Տեր լինելը: Շատ է պատահում, որ մեր հոգու կորստյան պատճառ հանդիսացող ստացվածքը կամ իշխանությունը Աստված վերցնում է մեր ձեռքից, որպեսզի զգաստանանք:

Եթե հեթանոս էին խոզերի տերերը, Աստված կամեցավ, որ այս երևելի արարքով, այսինքն երկու հազար խոզերի հետ պատահածով, հեթանոսները Քրիստոսի ամենակարող զորությունն իմանան, ընդունեն Տեր և արարածների Ստեղծող լինելը, քանզի ավետարանիչն ասում է, թե այս դեպքից հետո «խոզարածները փախան և քաղաք ու ագարակ գնալով՝ պատմեցին ամեն ինչ, նաև՝ դիվահարների դեպքը և ընդառաջ ելան՝ տեսնելու, թե ինչ է գործել»: Ահա սրանք են երկու հարցիդ պատասխանները:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․