20 Նոյեմբեր, Դշ, Հիսնակաց պահքի Գ օր

Գրքեր

Աղոթքով և խաղաղությամբ արվող գործն օրհնվում է

- Հա՛յր, իսկ ավելի լավ չէ՞, որ գործն ավելի դանդաղ արվի, որպեսզի մարդն իր խաղաղ վիճակը պահպանի:

- Ավելի լավ է: Քանի որ, եթե մարդը հանդարտությամբ է աշխատում, ապա պահպանում է խաղաղությունը, և ողջ օրն օրհնվում է: Ցավոք, մենք դեռ չենք հասկացել, որ երբ ինչ-որ աշխատանք շտապողականությամբ ենք անում, ապա նյարդայնություն ենք ձեռք բերում: Իսկ նյարդայնորեն արվող աշխատանքը չի օրհնվում: Կարիք չկա միանգամից շատ բան հասցնելու նպատակ դնել և միևնույն ժամանակ ապրումներից տառապել: Դա դիվական վիճակ է:

Խաղաղությամբ և աղոթքով արվող ձեռագործ աշխատանքն օրհնվում է և օրհնվում են դրանք գործածող մարդիկ: Ահա այդ ժամանակ իմաստ ունի այն, որ վանականներն աշխարհականների խնդրանքով որևէ ձեռագործ աշխատանք են նրանց տալիս՝ իբրև օրհնություն: Եվ հակառակը՝ շտապելով և նյարդայնորեն արված ձեռքի աշխատանքն այդ դիվական վիճակն ուրիշներին էլ է փոխանցում: Շտապելով և անհանգստությամբ արված աշխատանքն աշխարհիկ մարդկանց մեծամասնությանը բնորոշ հատկություն է: Ձեռքի աշխատանքով զբաղված վանականների ալեկոծ հոգիներն այլ մարդկանց ոչ թե օրհնություն, այլ անհանգստություն են փոխանցում: Մարդու վիճակը որքա՜ն է ազդում ձեռքի այն աշխատանքի վրա, որով նա զբաղված է: Նույնիսկ փայտի կտորների վրա է ազդում: Սարսափելի է: Աշխատանքի արդյունքը կախված է նրանից, թե մարդն ինչ վիճակում է եղել, երբ զբաղվել է դրանով: Եթե մարդը նյարդայնանում է, զայրանում ու զազրախոսում, ապա նրա աշխատանքի արդյունքն առանց օրհնության է մնում: Իսկ եթե աշխատելիս որևէ շարական է երգում, աղոթում, ապա նրա աշխատանքն օրհնվում է: Մի աշխատանքը դիվական է դառնում, իսկ մյուսն՝ աստվածային:

Ակնածանքով գործելիս և աղոթքով աշխատելիս՝ միշտ ինքներդ եք օրհնվում և օրհնվում է այն ամենն, ինչ անում եք: Մարդն իր աշխատանքը, իր ձեռքի գործն օրհնում է, երբ նրա միտքն Աստծո հետ է լինում: Ասենք՝ տուփ եմ սոսնձում ու Հիսուսի աղոթքն ասում. աղոթում եմ և միաժամանակ աշխատում ի փառս Աստծո: Նպատակս աշխատանքի մեջ շտապելը, մի կույտ տուփ պատրաստելն ու հետո անհանգստությունից տառապելը չէ: Դա դիվական վիճակ է: Այդ նպատակով չէ, որ մենաստան ենք եկել, այլ որպեսզի ինքներս օրհնվենք և օրհնենք այն, ինչ անում ենք: Երբեմն, երբ մոռանում ես այդ մասին, քեզ որևէ աշխարհիկ հաստատության ջանասեր աշխատակից ես զգում, որովհետև երբ շտապում ես զանազան գործեր կարգավորել, մոռանում ես Քրիստոսին քեզ հետ վերցնել: Իսկ երբ աշխատանքին աղոթքով ես լծվում, ապա քեզ Քրիստոսի սպասավորն ես զգում: Այդ պատճառով էլ Հիսուսի աղոթքը գործին կցիր, որպեսզի և՛ դու օրհնվես, և՛ օրհնվի այն, ինչ անում ես: Գիտե՞ս Աստված ինչպես է օրհնում մարդուն: Գիտե՞ս, թե որքան բարիք և օրհնություն է ուղարկում մեզ:

- Հա՛յր, իսկ եթե մարդը մտային աշխատանքով է զբաղված, օրինակ՝ թարգմանություններով, ապա ինչպե՞ս կարելի է աղոթք անել, որպեսզի արվող աշխատանքն օրհնվի:

- Թեկուզև չես կարող աշխատանքի ընթացքում աղոթել, բայց քանի որ աստվածային մթնոլորտում ես ապրում և եթե միտքդ Աստծո հետ է, ապա աշխատանքն օրհնվում է, նույնիսկ եթե մտային է: Եթե մարդը հոգևոր վիճակում է գտնվում, ապա դա նրան շատ է օգնում: Նա չի ձգտում իմաստն իր դատողության օգնությամբ գտնել, այլ դրան հասնում է աստվածային օրհնությամբ:

- Իսկ ի՞նչ անեմ, եթե նման հոգևոր վիճակում չեմ գտնվում, սակայն պետք է նմանատիպ աշխատանքով զբաղվեմ:

- Այդժամ զբաղվիր դրանով, բայց աղոթիր, խնդրիր Աստծուն, որպեսզի լուսավորի քեզ: Որքան հնարավոր է ջանա, որպեսզի քո կողմից թարգմանվող գրքերի աստվածային իմաստները հենց քեզ օգնեն: Եվ երկյուղածությամբ աշխատիր: Մեկ-երկու ժամը մեկ ընդմիջում արա մի քանի րոպե և Հիսուսի աղոթքն ասա:

- Հա՛յր, թարգմանությունների վրա աշխատելն ընդհանրապես շատ է շեղում ուշադրությունը: Հարկ է լինում բառարանները փորփրել, մեկնաբանությունները կարդալ…

- Իսկ ես ձեզ նախկինում էլ էի ասում. թարգմանությունների ժամանակ հիմնականում օգնում է սեփական հոգևոր փորձառությունը և մաքուր մտքերը, որոնք մարդուն շնորհի անոթ են դարձնում: Այդժամ աստվածային մտքերի վերածումները ստույգ են և բխում են աստվածային լուսավորումից, այլ ոչ թե դատողությունից, բառարանից ու թանաքամանից: Ուզում եմ ասել, որ քեզ պետք է գլխավորի՝ աստվածայինի մեջ հաստատես, այլ ոչ թե երկրորդականի՝ մարդկայինի:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

02.05.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․