Գրքեր

Անձնվիրությամբ է, որ մարդ սիրում է իր նմաններին

«Ամէն, ամէն ասեմ ձեզ. եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ, ապա թէ մեռանիցի, բազում արդիւնս առնէ»:

«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա» (Հովհաննես 12:24):

Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր.

Առաջին մեղսագործությամբ Ադամն ու Եվան վտարվեցին դրախտից: Նրանք ճաշակեցին արգելված ծառի պտղից. «Երեկոյան նրանք լսեցին Տեր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, և Ադամն ու իր կինը Տեր Աստծուց թաքնվեցին դրախտի ծառերի մեջ: Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»: Ադամը պատասխանեց. «Լսեցի քո ձայնն այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետև մերկ էի և թաքնվեցի»: Աստված ասաց նրան. «Ո՞վ հայտնեց քեզ, թե մերկ ես: Արդյոք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատվիրել էի, որ չուտես»: Ադամն ասաց. «Այս կինը, որ տվեցիր ինձ, նա՛ տվեց ինձ ծառի պտղից, և ես կերա»: Տեր Աստված ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»: Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, և ես կերա» (Ծննդոց 3:8-13): 

Սիրելինե՛ր, մարդը միշտ այդպես է. մեղքերը խոստովանելիս անմիջապես արդարացնում է իրեն և մեղքը բարդում է ուրիշների վրա: Մարդն իր մեղքերը չի տեսնում և գցում է այլոց վրա ու փորձում իր խեղճը թեթևացնել, սակայն Աստված սպասում է մեզանից ընդամենը, որ  ընդունելով մեր տկարությունը և սխալական ու սայթաքող լինելը, խոստովանենք մեր մեղանչականությունը և ներում հայցենք Իրենից: Երբ որ մարդ խուսափում է ինքն իրեն մեղավոր ճանաչելուց, նրա մեջ գործում է հպարտությունը, իսկ երբ իրեն մեղավոր է ճանաչում և խոստովանում, նշանակում է՝ խոնարհություն ունի:

Եվ ընդհակառակը, երբ մարդը իրեն գովաբանում է, անպայման մեջտեղ է բերում իր «ես»-ը, կարևորում իր անձը, բարձրացնում ուրիշների մոտ: Երբ մարդիկ բարիք անելուց շեշտում են իրենց «ես»-ը, կրկին սնուցում են իրենց հպարտությունը: Իրականում «ես»-ը իր համար դժոխային սահմաններ է դնում, սահմանազատում իրեն մյուսներից, մինչդեռ «ես»-ի զոհաբերմամբ և նվիրումով է, որ գծագրվում են դրախտի սահմանները: «Ես»-ի զոհաբերումը խոնարհություն է, սեր է, հոգատարություն ու խնամք. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. –  ասում է Հիսուս Քրիստոս, – եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա» (Հովհաննես 12:24):

Անձնվիրությամբ է, որ մարդ սիրում է իր նմաններին և ձուլվում նրանց: Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս մեզ սովորեցնում է սիրել Աստծուն ու մարդկանց և այդ սիրո մեջ զոհաբերել սեփական «ես»-ը: Ինչպես շաքարավազը, լցվելով թեյի մեջ, ձուլվում է ընդհանուր բաղադրությանը և քաղցրություն ապահովում, այդպես էլ պետք է լինի քրիստոնյայի կյանքը. նա պետք է միաձուլվի ընդհանուրին և քաղցրություն տա ընդհանուրի կյանքին: Այդ ժամանակ է, որ կյանքը դառնում է դրախտ, երբ քանդվում են «ես»-ի պարիսպները:

Սիրելինե՛ր, ուշադրություն դարձնենք մեր կյանքին, թե ինչպես են  տեխնոլոգիական հնարավորությունների այս դարում սահմանագծվում դրախտի և դժոխքի սահմանները: Աստված ասում է. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը» (Մատթեոս 22:39): Կամ՝ «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհաննես 15:13):

Այսօր տարածում են գտնում կապի զանազան միջոցները, բայց մարդիկ կենդանի շփման, հոգատարության և խնամքի կարիք ունեն: Թվում է, թե մարդիկ ավելի կապված պետք է լինեն իրար, սակայն նորանոր հոգսերը ավելի են հեռացնում մարդկանց իրարից: Մարդիկ նախընտրում են մեռնել, քան բեռ դառնալ իրենց հարազատներին, որը լիովին հակասում է քրիստոնեական սիրո գաղափարին: Հովհաննես առաքյալն ասում է. «Սիրո մեջ երկյուղ չկա. և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետև երկյուղը տանջանքի ենթակա է. և ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ» (Ա Հովհաննես 4: 18): Սերն է, որ օգնում է մեզ հաղթահարել մղոններ ու սեփական ժամանակից նվիրել մտերմներին ու ոչ մտերիմներին: Եթե հպարտությունը մարդկանց վտարեց դրախտից, ապա եղբայրական սերն է, որ մեզ հետ է վերադարձնում դրախտ: Եթե հպարտությունը սահմաններ է գծում մարդկանց միջև, ապա խոնարհությունը մերձեցնում է մարդկանց, եթե ատելությունը, նախանձն ու չարակամությունը անանցանելի անջրպետներ են գծում մարդկային սրտերի միջև, ապա սերն ու ուշադրությունը, ներողամտությունն ու հոգատարությունը հավիտենական սիրո կապերով կապում են մարդկանց, որն արձանագրվում է ոչ միայն օգնության կարիք ունեցող մարդկանց սրտերում և շրթունքներում, այլ նաև Կյանքի գրքում: Երկնավորներն են ցնծում, երբ քրիստոնեական սերմերը իրենց պտուղներն են տալիս մարդկանց գործերով, երբ մարդկանց առաջնորդում են ոչ թե մարդկային սահմանափակ մտքի օրենքները, այլ քրիստոնեական սիրո օրենքները: 

Մեծ բնակչություն ունեցող մեծ քաղաքների մարդիկ առօրյա աշխատանքային վազքի և նիստուկացի մեջ է՛լ ավելի կարիք ունեն բարեկամական ջերմ ու անկեղծ հարաբերությունների հաստատման: Աշխարհը հեշտին է ձգտում, Աստվածաշունչը մատնանշում է երկինքը նեղ դռնով մտնելու ճանապարհը: Աշխարհը սովորեցնում է ամեն գնով նպատակին հասնել, Աստված ցանկանում է, որ բոլորս լինենք բարի սամարացիներ, որպեսզի, մեր երազանքների ու ցանկությունների ետևից շտապելով,  ճանապարհին նկատենք և անտարբերությամբ չանցնենք ընկածների կողքով:

Մաղթում եմ բոլորիս, որ վերանան մեր սրտերում կառուցված պարիսպները, որպեսզի կարողանանք տեսնել մեր անձներից այն կողմ: Թող հալչեն մեր սրտերի սառույցները, և Քրիստոսի անսպառ սիրով ջերմանալով՝ կարողանանք ջերմացնել մեր կողքիններին: Թող սուրբգրային պատգամները արմատավորվեն մեր վարքագծում, որպեսզի տեղի չտանք այս աշխարհում թևածող հեղհեղուկ գաղափարախոսություններին և նահանջենք մեր քրիստոնեական արմատներից. «Ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի», – ասում է Տերը (Մարկոս 13:13):

Չարաչար սխալվում են այն մարդիկ, որոնք կարծում են, թե իբր քրիստոնեությունն իր վախճանին է մոտենում, քանի որ աշխարհում շատ գաղափարախոսություններ են եկել և անցել, սակայն Աստվածային պատվիրանները մնացել են, որովհետև մնայուն են և հավիտենական. «Երկինք ու երկիր կանցնեն, – ասում է Քրիստոս, – բայց իմ խոսքերը չեն անցնի» (Մարկոս 13:31):

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

04.08.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․