Գրքեր

Անեծքի հետևանքով առաջացած հիվանդություններն ու դժբախտ դեպքերը

Շատ հիվանդություններ, որոնց պատճառները բժիշկները չեն կարողանում գտնել, հնարավոր է, որ անեծքի հետևանքով առաջացած լինեն: Իսկ բժիշկներն ի՞նչ է, մի՞թե կարող են անեծքը գտնել: Մի անգամ մի անդամալույծի բերեցին իմ խուց: Թիկնեղ մարդ էր, բայց նստել չէր կարողանում: Նրա մարմինը չէր թեքվում, փայտացած էր: Մի մարդ իր մեջքին դրած էր տանում նրան, մեկ ուրիշն էլ պահում էր հետևից: Ես երկու կոճղ դրեցի խեղճի համար ու նա մի կերպ տեղավորվեց դրանց վրա: Նրա ընկերներն ասացին, որ տասնհինգ տարեկանից այդ վիճակում է ու արդեն տասնութ տարի տանջվում է: «Բայց մի՞թե կարող է առանց պատճառի, հանկարծակիորեն այդպես լինել,- մտածեցի ես:- Անհնար է, այստեղ մի պատճառ կա թաքնված»:

Սկսեցի հարցուփորձ անել և իմացա, որ այդ պատանուն մեկն անիծել էր: Իսկ ի՞նչ էր պատահել: Ահա, թե ինչ. մի անգամ, դպրոց գնալիս, ավտոբուս էր բարձրացել ու փլվել նստատեղերին: Կանգառներից մեկում մի տարեց հոգևորական էր բարձրացել մի ծերունու հետ ու նրա կողքին կանգնել: «Վե՛ր կաց,- ասել էր ինչ-որ մեկը,- տեղդ մեծահասակների՛ն զիջիր»: Իսկ նա ոտքերն ավելի էր երկարել ու ավելի հարմար տեղավորվել՝ ոչ ոքի ուշադրություն չդարձնելով: Այդ ժամանակ կողքին կանգնած ծերունին ասել էր. «Այդպես ձգված էլ կմնաս, նստել չես կարողանա»: Եվ այդ անեծքն էլ ազդել էր: Տեսնո՞ւմ ես, այդ պատանու մեջ լպիրշություն կար: «Իսկ ինչո՞ւ պետք է կանգնեմ,- ասել էր նա,- ես վճարել եմ իմ տեղի համար»: Այո, բայց չէ որ մյուսն էլ է վճարել: Տարեց, հարգարժան մարդը կանգնել է, իսկ դու՝ տասնհինգամյա պատանիդ, նստել ես: «Այ հենց դա էլ պատճառ է հանդիսացել,- ասացի նրան,- փորձիր ապաշխարել, որպեսզի ապաքինվես: Քեզ ապաշխարություն է անհրաժեշտ»: Եվ բավական էր միայն, որ այդ խեղճը հասկանար ու գիտակցեր իր մեղքը, երբ միանգամից առողջացավ:

Իսկ ներկայումս անեծքի ու վրդովմունքի հետևանքով որքա՜ն դժբախտություններ են տեղի ունենում: Իմացե՛ք, եթե մի ընտանիքում շատերն են մահանում կամ ողջ ընտանիքն է կործանվում, ուրեմն դրա պատճառն անարդարություններն են և կախարդությունը կամ՝ անեծքը: Մի մարդ մի որդի ուներ, որը ժամանակ առ ժամանակ հեռանում էր տնից ու հայտնի չէ, թե որտեղ էր թրև գալիս: Մի անգամ զայրացած ասաց նրան. «Այնքան ես գնալու-գալու, որ մի օր վերջին գալդ է լինելու»: Եվ հենց այդ նույն երեկո, երբ տղան տուն էր վերադառնում, հենց իրենց շենքի մուտքի դիմաց ավտովթարի ենթարկվեց ու մահացավ: Ընկավ ու մնաց ընկած, հետո նրա ընկերները վերցրին մարմինն ու նրանց տուն տարան: Դրանից հետո նրա հայրը ինձ մոտ՝ Սուրբ լեռ եկավ: Նա լաց էր լինում ու ասում. «Զավակս հենց իմ տան մուտքի մոտ մահացավ: Դրանից առաջ մի բան էի ասել նրան»: «Ի՞նչ էիր ասել»: «Նա թափառում էր գիշերները, ես էլ բարկանալով՝ ասացի. «Մի օր վերջին գալդ է լինելու»: Միգուցե հենց այդ պատճառո՞վ այս դժբախտությունը տեղի ունեցավ»: «Իսկ էլ ի՞նչ պատճառ պիտի լիներ,- պատասխանեցի,- փորձիր մեղքերդ խոստովանել ու ապաշխարել»: Տեսնո՞ւմ եք, թե ինչպես է լինում․ ասում է. «Վերջին գալդ պիտի լինի» ու երեխային մահացած են բերում: Իսկ հետո գլխին է տալիս ու ողբում…

 

Հայր Պաիսիոս Աթոսացի 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

05.05.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․