Գրքեր

Ծերությունը խոնարհեցնում է մարդուն

Ինչպե՜ս է օր ծերության մարդը խոնարհ դառնում: Տարեց մարդն աստիճանաբար կորցնում է ուժերն ու նմանվում ծերացած բազեի: Երբ բազեն ծերանում է՝ փետուրները թափվում են ու թևերը նմանվում են ատամները կոտրված սանրի: Հիշում եմ՝ Ֆիլոֆեյ1 վանքից Հոգևոր Ժողովի2 մի անդամ 1914 թվականին, երբ դեռ աշխարհիկ էր, որպես կամավոր Սմիրնայից Ալբանիա գնաց կռվելու, որպեսզի իր հորը սպանած թուրքերից վրեժ լուծի: Մի անգամ նա մի թուրք բռնեց ու ցանկանում էր կոկորդը կտրել: Թուրքն աղաչեց. «Մեր հավատքը կոշտ է: Այն սովորեցնում է մորթել ու սպանել: Սակայն ձեր հավատքն այդպիսին չէ: Քրիստոս չի սովորեցնում ձեզ սպանել»: Այս բառերն այնքան շրջադարձային եղան նրա համար, որ մի կողմ գցեց զենքն ու անմիջապես հեռացավ Սուրբ Լեռ: Նա վանական դարձավ, Հոգևոր Ժողովի անդամ, սակայն ատամանի ոգին միջից դուրս չեկավ: Նա պատասխանատու էր բոլոր հանձնարարությունների համար և բոլոր պահեստների բանալիները նրա գոտուց կախված էին: Եղբայրներից ոչ ոք չէր համարձակվում նրան հակաճառել: Եթե վանականներից որևէ մեկը մոռանում էր դիմել նրան ընդունված ձևով. «Սպիրիդոն Ծերունի», ապա նա դուրս էր գալիս ափերից: Մի անգամ, Մեծ Պահքի ժամանակ ավազակների մի խումբ վանք եկավ ու վանականներից պանիր պահանջեց: Այդ ժամանակ Հայր Սպիրիդոնը կողոպտիչների դեմ դուրս եկավ ու նրանց այսպես «ողջունեց». «Ախ դուք, խոզե՜ր: Մեծ Պահքի ժամանակ եկել ու պանի՞ր եք ուզում,- ասաց ու դարպասներից դուրս շպրտեց նրանց: Մի ուրիշ անգամ վանականները մասերի էին բաժանել մեծ ջահերը, որպեսզի մաքրեն: Կողոպտիչները՝ տեսնելով ջահերի փայլփլուն մասերը՝ կարծել էին, թե դրանք ոսկուց են: Վանք գալով այդ մասերը պարկերի մեջ էին լցրել և ողջ շրջակայքից հավաքել էին ջորիներին, որպեսզի այդ պարկերը բարձեն: Երբ դա տեսավ Հայր Սպիրիդոնը՝ բռնեց ավազակների օձիքներից, ձեռքներից խլեց պարկերը և պարունակությունը գետնին լցրեց: «Ա՜յ դուք, անպիտաններ,- ասաց նրանց,- Ախր, սրանք էժանագին երկաթի կտորներ են: Այնքան էժանագին, որքան ձեր բրոնզե ճակատներն են»: Այդ մարդը չգիտեր, թե վախկոտությունն ինչ բան է: Սակայն օր ծերության նա հիվանդացավ ու խոնարհ դարձավ: Նրա խնամքն ինձ հանձնարարվեց: Մի անգամ խնդրեց ինձ. «Աղոթի՛ր Ավերկիոս3, ինչ-որ լավ չեմ զգում ինձ»: Ես վեր կացա ու սկսեցի բարձրաձայն աղոթել համրիչով. «Տեր Հիսուս Քրիստոս, ողորմիր Քո ծառա Սպիրիդոն ծերունուն»: «Անխե՛լք,- ասում է,- ոչ թե «Սպիրիդոն ծերունուն», այլ Սպիրիկին»: Որքա՜ն էին հիվանդությունն ու ծերությունը խոնարհեցրել նրան: Առաջ միայն փորձեիր նրան «Սպիրիդոն ծերունի» չկոչել…

Իմ հայրն էլ տարեց հասակում ճանճի պատճառով խոնարհ դարձավ: Մի անգամ քույրս նրան լաց լինելուց տեսավ: «Ի՞նչ է պատահել, հայրիկ,- հարցրեց նա,- Թոռներիցդ ինչ-որ մե՞կն է նեղացրել քեզ»: «Ոչ, ոչ,- պատասխանեց,- Ի՜նչ բան է մարդը… Ուզում էի ճանճասպանով սպանել ճանճին ու չկարողացա: Փորձեցի աջ կողմից խփել՝ թռավ ձախ: Ցանկացա ձախ կողմից խփել՝ աջ թռավ: Երբ երիտասարդ էի՝ այնքան դիպուկ էի կրակում, որ թուրք ավազակներին չէի սպանում, այլ նրանց բոլոր կողմերից էի կրակում, այնպես որ գնդակներն ընդհուպ նրանց ոտքերի տակ էին թափվում և այդ կերպ ստիպում էի նրանց հանձնվել: Երբ տասնվեց տարեկան էի մի կորյունի խփեցի, վիրավորեցի նրան ու մարտի մեջ մտա վիրավոր գազանի հետ: Իսկ այժմ ճանճ էլ չեմ կարողանում սպանել: Է՜հ, մարդը ողորմելի էակ է»: Խեղճը մի մեծ «ոչինչ» էր զգում, զրո, կարծես իր կյանքում ոչինչ էլ գործած չլիներ:

Իսկ գիտե՞ք, թե Սուրբ Լեռան վանքերի ծեր վանականների համար նախատեսված կացարաններում ապրող ծերունի վանականները որքա՜ն են խոնարհվում: Նրանք ևս մեկ ձեռնադրություն են անցնում… Նրանց մազերը կտրում են, որպեսզի կարճ լինեն ու հեշտ լինի լվանալ: Նրանց մորուքն են կարճեցնում, որովհետև թուքը ծորում է, ուտելիքի մնացորդները բերանից թափվում են և հետո ինչպե՞ս մաքրեն: Սա վերջին ձեռնադրությունն է՝ խոնարհության ձեռնադրությունը:

 

1 Սուրբ Աթոս Լեռան քսան վանքերից մեկը: Ծերունու նկարագրած ժամանակ այն դեռևս ոչ-ընդհանրական էր:

2 Հոգևոր Ժողով – ոչ-ընդհանրական ապրելակերպ ունեցող վանքի ղեկավարման ընտրովի մարմին:

3 Փարաջակրության ձեռնադրության ընթացքում Ծերունին Ավերկիոս անունն էր կրում:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

22.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․