Գրքեր

Ապաշխարության մասին սուրբ Հովհան Ոսկեբերանի ճառը

Տեսա՞ք անցյալ կիրակի օրը պատերազմն ու հաղթությունը. սատանայի պատերազմն ու Քրիստոսի հաղթությունը, տեսա՞ք՝ ինչպես գովվեց ապաշխարությունը, և բանսարկուն չդիմացավ հարվածներին, այլ սարսափեց ու զարհուրեց: Ինչո՞ւ ես վախենում, ո՛վ բանսարկու, և ինչո՞ւ ես հեծում, ինչո՞ւ ես տագնապում, երբ գովվում է ապաշխարությունը: Այո՛, ասում է, հիրավի տանգնապում եմ, նեղվում ու խռովվում: Ինչո՞ւ, ասա՛ ինձ, ո՛վ բանսարկու: Որովհետև ապաշխարությունը հափշտակեց ու հանեց ինձնից իմ մեծ զենքը: Ո՞ր զենքը: Պոռնիկին, մաքսավորին, հայհոյողին, ավազակին:

Արդար և ճշմարիտ. ապաշխարությունը հափշտակեց սատանայի մեծ զենքը, կործանեց նրա բարձրաբերձ քաղաքը. նա անբժշկելի վերքեր է կրում ապաշխարությունից, քանզի ոչինչ չկա, որ նման լինի ապաշխարությանը, սիրելի՛, որը փորձով կանխավ ցույց տվեց:

Իսկ արդ, ինչո՞ւ և ինչի՞ համար այսպիսի խոսքեր չենք վայելում և ամեն օր եկեղեցի մտնում՝ ապաշխարելով: Մեղավոր ես թե արդար, մտի՛ր եկեղեցի. եթե մեղավոր ես, մտի՛ր, որպեսզի խոստովանես մեղքերդ, իսկ եթե արդար ես, մտի՛ր, որ չվրիպես արդարությունից, քանի որ եկեղեցին երկուսի համար էլ նավահանգիստ է: Մեղավոր ու հանցավո՞ր ես. մտի՛ր ապաշխարությամբ: Հան ցա՞նք գործեցիր: Աստծուն ասա՛՝ մեղանչե՜լ եմ: Ի՞նչ չար չարանք է այս կամ ի՞նչ ծախս, ինչպիսի՞ նե ղություն կամ ինչ պիսի՞ վիշտ՝ խոսքով ասելը, թէ՝ մեղք գործեցի: Քանզի եթե դու ինքդ խոստովանես մեղքերդ, բանսարկուին դատախազ չես ունենա. շտապի՛ր և հափշտակի՛ր նրա պատիվը, քանզի նրա պատիվը բան սարկություն է: Եթե ինքդ առաջ ընկնես և ասես մեղքերդ, կջնջես հանցանքներդ՝ իմանալով, որ ունես այնպիսի ոսոխ, որը լռել չի կարո ղանում: Մե՞ղք գործեցիր. մտի՛ր, ասա՛ Աստծուն՝ մեղանչե՜լ եմ. քեզ նից այլ բան չեմ պահան ջում, այլ միայն այս: Աստվածային Գիրքն ասում է. «Նախ դու խոստովանի՛ր քո անօրենությունները, որ արդարացվես» (Ես. ԽԳ 26). պատմի՛ր հանցանքներդ, որ պեսզի լուծես պարտքերդ: Ո՛չ աշխատանք է պետք սրա համար, ո՛չ շատ խոսքեր, ո՛չ ինչքի ծախս և ո՛չ էլ մեկ այլ այսպիսի բան. խոսքով ասա՛, խոստովանի՛ր հանցանքներդ և ասա՝ մեղավո՛ր եմ:

Բայց, կհարցնես, որտեղի՞ց է հայտնի այս, որ եթե նախ խոստովանեմ մեղքերս, կքավեմ հանցանքներս: Գրքերից ունես օ րինակը ե՛ւ նրա, ով ասաց և քավեց, ե՛ւ նրա, ով չխոստովանեց և դատվեց: Քանզի Կայենը նախանձից սպանեց իր եղբո րը՝ Աբելին. նախանձին հետևեց սպանությունը. և տանելով՝ սպանեց նրան դաշտում: Իսկ ապա ի՞նչ էր ասում նրան Աստված. «Ո՞ւր է, ասում է, Աբելը՝ քո եղբայրը» (Ծն. Դ 9): Ով ամենագետն էր և ամեն բան գիտեր, հարց նում էր ոչ թե այն պատճառով, որ չգիտեր, այլ որ պեսզի ապաշխարության ձգեր սպանողին: Եվ որ չի մանալու պատճա ռով չէ, որ հարցնում էր, հայտնի դարձրեց դրանից հետո. «Ո՞ւր է, ասում է, քո եղբայր Աբելը»: Նա պատասխան տվեց, թե՝ «Չգիտեմ, մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ» (Դ 9): Համարի՛ր, թե պահակը չես, իսկ ինչո՞ւ ես սպանողը: Չէիր պահպա ում, ինչո՞ւ էիր սպանում: Սակայն խոստովանում ես, որ պարտավոր ես պահպանել: Ի՞նչ է ասում նրան Աստված. «Քո եղբոր արյան կանչը երկրից բողոքում է ինձ» (Դ 10): Երբ հանդիմանեց, նույն պահին պատուհասի ենթարկեց ոչ ոչ այնքան սպանելու, որքան լրբության համար, քանի որ Աստված հանցավորին այնքան չի ատում, որքան անամոթին:

Ահա դրանից հետո Կայենը ապաշխարության եկավ, բայց Աստված չընդունեց նրան, քանզի կանխավ չխոստովանեց մեղքը: Եվ տե՛ս, թե ինչ է ասում. «Գործած մեղքս մեծ է՝ թողության արժանի լինելու համար» (Դ 13). կարծես ասի՝ այնքան մեծ հանցանք գործեցի, որ արժանի չեմ ապրելու: Ի՞նչ է ասում նրան Աստված. «Ահ ու դողի և երերման մեջ պիտի լինես երկրի վրա» (Դ 12), և նրա համար սահմանեց ահավոր պատիժը: Չեմ ջնջում քեզ, ասում է, որպեսզի չմոռացվի ճշմարտությունը, այլ քեզ դնում եմ իբրև օրենք, որ բոլորը կարդան, որպեսզի քո տառապանքները դառնան իմաստության մայրը: Եվ ապա շրջում էր Կայենը, իբրև շնչավոր օրենք, իբրև քայլող արձան, լուռ ու անշշուկ, բայց փողից ավելի բարձր ձայնելով՝ թող ոչ ոք չանի այն, ինչ ես արեցի, որպեսզի չկրի այն, ինչ ես եմ կրում: Նա պատուհասներ ու պատիժներ կրեց իր անամոթության պատճառով, որ չխոստովանեց, հանդիմանվեց ու կշտամբվեց մեղքի պատճառով. բայց եթե կանխավ կամովին խոստովաներ, կջնջեր իր մեղքը:

Եվ որպեսզի իմանաս, որ այդպես է, տե՛ս, թե ինչպես մեկ այլ ոք մեկ այլ տեղում քավեց իր մեղքը: Դառնանք Դավթին՝ մարգարեին ու թագավորին, աղքատին ու հարուստին. ես առավել հոժարությամբ նրան անվանում եմ մարգարե, քանի որ նրա թագավորությունը տարածվում էր միայն Պաղեստինում, իսկ մարգարեությունը՝ ողջ տիեզերքում, քանի որ թագավորությունը կարճ ժամանակով էր և քակտվեց, իսկ մարգարեությունը պատգամում է հավերժ: Ավելի հեշտ արեգակը կհանգչի, քան Դավթի խոսքերը կեղծվեն: «Երկինքն ու երկիրը պիտի անցնեն, ասում է, բայց իմ խոսքերը չպիտի անցնեն» (Մատթ. ԻԳ 35):

Նա շնացավ ու սպանեց: «Նա տեսավ, ասում է, մի գեղեցիկ կնոջ, որ լողանում էր» (Բ Թագ. ԺԱ 2) և ցանկացավ նրան. հետո կատարեց իր կամքը: Մարգարեն շնության մեջ էր, մարգարիտը՝ աղբի մեջ: Բայց դեռ չգիտեր, որ մեղք է գործում, այնպես էր արբել ցանկությամբ: Երբ կառք վարողը գինով է, կառքը գնում է, ուր կամենում է: Իսկ կառքն ու կառավարը այն են, ինչ մեր մարմինն ու հոգին: Եթե հոգին թմրի, մարմինը կթավալվի տիղմի մեջ: Քանի դեռ կառք վարողը հաստատուն կանգնած է, կառքը դյուրությամբ է ընթանում, բայց երբ նա թուլանա և չկարողանա ամուր բռնել երասանակը, այնժամ կառքն էլ վտանգի մեջ կլինի: Այդպես էլ մարդը. քանի դեռ հոգին արթուն ու ամուր է, մարմինը զգաստ է, իսկ երբ հիմարանում է, մարմինն աղտով ու հեշտասիրությամբ է լցվում: Իսկ ապա ի՞նչ եղավ: Դավիթը շնացավ, բայց չգիտակցեց. ոչ մեկից չհանդիմանվեց: Այն էլ՝ խոր ծերության ժամանակ: Որպեսզի դու իմանաս, որ եթե ծույլ լինես, քեզ ծերությունն էլ չի օգնի, իսկ եթե ջանաս, մանկությունն էլ քեզ չի կարող վնասել: Կատարվածը կապ չունի տարիքի հետ, այլ կամքի: Դանիելը տասներկու տարեկան էր և հանդիմանեց ծերերին, իսկ զառամյալ ծերերը պոռնկություն էին գործում (Դան. ԺԳ 45-64), և ծերությունը ոչնչով չէր օգնում նրանց, և ոչ էլ մանկությունը վնասում էր Դանիելին: Որպեսզի իմանաս, որ զգաստությունը տարիքից չէ, այլ կամքից, ահա Դավիթը ծերության տարիքում էր և ընկավ շնության մեջ, նաև սպանություն գործեց, որովհետև կառքը վարողը արբած էր անժուժկալությամբ:

Եվ ապա ի՞նչ արեց Աստված: «Նաթան մարգարեին ուղարկեց նրա մոտ» (Բ Թագ. ԺԲ 1): Մարգարեն եկավ մարգարեի մոտ: Ճիշտ այսպես է լինում բժիշկների հետ. երբ բժիշկը հիվանդանում է, նրան ուրիշ բժիշկ է պետք լինում: Այդպես էլ այստեղ: Մարգարե էր մեղանչողը, և մարգարեն էր, որ բժշկող դեղն էր դնում: Եկավ նրա մոտ Նաթան մարգարեն. և ոչ թե անմիջապես դռան շեմից հանդիմանեց նրան և ասաց. «Անօրե՛ն, պի՛ղծ, շո՛ւն և մարդասպա՛ն, որ այսքան պատիվներ ստացար Աստծուց և ոտնակոխ արեցիր Նրա պատվիրանները»: Ո՛չ մի այդպիսի բան չասաց նրան Նաթանը, որպեսզի նրան չդարձնի անամոթ լիրբ, քանի որ մեղքերի հրապարակային հանդիմանությունը մեղավորին անամոթության է մղում: Արդ, եկավ նրա մոտ և մի դատավեճի մասին մի պատմություն հորինեց և ասաց. «Արքա՛, քեզ հետ խոսելու բան ունեմ: Մի քաղաքում երկու մարդ կար. մեկը հարուստ էր, մյուսը՝ աղքատ: Հարուստն ուներ շատ ու շատ հոտեր ու նախիրներ, իսկ աղքատը ոչինչ չուներ, բացի մի փոքրիկ էգ գառնուկից, որ ուտում էր նրա հացից, խմում էր նրա բաժակից և քնում էր նրա ծոցում»: Այստեղ (մարգարեն) ամուսնու՝ կնոջ հանդեպ սերն է ակնարկում: «Հարուստ մարդու տուն հյուր եկավ: Նա խնայեց իրենը և վերցրեց ու մորթեց աղքատի ուլը» (տե՛ս Բ Թագ. ԺԲ 1-4): Տեսնո՞ւմ ես՝ ինչպես է Նաթանը հյուսում պատմությունը՝ երկաթը սպունգով ծածկելով:

Եվ ապա ի՞նչ է պատասխանում թագավորը. կարծելով, թէ դատապարտում է ուրիշին, վճռում է պատիժը: Այսպիսին են մարդիկ: Նրանք ավելի հոժարությամբ խստագույն սաստով պատրաստ են ուրիշների պատժի հրամանն արձակել: Եվ թագավորն ասում է. «Կենդանի է Տերը: Այդ բանն անող մարդը արժանի է մահվան: Նա այդ գառնուկի համար յոթնապատիկ անգամ պիտի հատուցի» (տե՛ս Բ Թագ. ԺԲ 5, 6): Եվ ապա Նաթանը ի՞նչ է պատասխանում նրան. երկար ժամեր չի ճմլում վերքը, այլ շտապում է արագորեն կտրել այն, որպեսզի արագ հատմամբ մեղմացնի ախտի ցավը: «Դո՛ւ ես, արքա՛»: Ի՞նչ է ասում արքան: «Մեղանչե՜լ եմ Տիրոջ դեմ»: Չասաց, թէ՝ «Դու ո՞վ ես, որ հանդիմանում ես ինձ», կամ. «Ո՞վ ուղարկեց քեզ՝ իմ դեմ համարձակվելու», և կամ. «Ինչպե՞ս իշխեցիր այդ անել»: Այսպիսի ոչինչ չասաց և չմտածեց անգամ, այլ ճանաչեց իր մեղքն ու ասաց. «Մեղանչե՜լ եմ Տիրոջ դեմ»: Նաթանն ի՞նչ ասաց. «Տերը ներեց քո մեղքը»: Դու ինքդ դատեցիր քեզ: Ես ազատում եմ քեզ պատժից: Քո կամքով խոստովանեցիր մեղքդ, և ես թողնում եմ հանցանքդ, ինքդ քեզ պատժի ենթարկեցիր, և ես թողնում եմ պատիժը: Տեսա՞ր՝ ինչպես կատարվեց գրվածը, թէ՝ «Ասա՛ դու նախ քո անօրենությունները, որ արդարացվես»: Արդ, ի՞նչ ջանք է առաջինը մեղքն ասելը:

Կա նաև ապաշխարության այլ ճանապարհ: Ո՞րն է այն: Մեղքերի համար տրտմելն ու ողբալը և այդպիսով դրանք քավելը: Ավելի ոչինչ չեմ պահանջում քեզնից, այլ միայն այն, որ սգաս մեղքերիդ համար: Քեզ չեմ ասում ո՛չ կտրել անցնել անդունդներ և ոչ իջնել նավահանգիստներ, ո՛չ դաշտերն անցնել, ո՛չ ճանապարհ գնալ, ո՛չ ունեցվածքը ծախել և ո՛չ ալեկոծ ծովով ճանապարհորդել, այլ՝ սգալ մեղքերի համար:

Բայց դարձյալ կհարցնես՝ եթե տրտմեմ մեղքերիս համար, կլվանա՞մ մեղքերս: Գրքից նաև այս օրինակն ունես: Աքաաբ անունով մի թագավոր կար: Նա ինքն արդար էր, բայց իր կնոջ՝ Եզաբելի չարության պատճառով դարձավ, ագահացավ և        սպանություն գործեց: Ցանկացավ ունենալ մի եզրայելացու՝ Նաբոթի այգին և մարդ ուղարկեց նրա մոտ՝ ասելով. «Տո՛ւր ինձ քո այգին, որ ցանկացա, և դրա փոխարեն քեզ այգու արժեքը կտամ կամ էլ ուրիշ այգի»: Նա պատասխանեց. «Թող իմ Աստվածն այնպես չանի, որ իմ հայրերի ժառանգությունը վաճառեմ»: Աքաաբը, չնայած ցանկանում էր այգին, սակայն չէր ուզում բռնությամբ վերցնել այն, ուստիև այդ պատճառով հիվանդացավ: Նրա կինը՝ անամոթ ու բարուց հեռացած, պիղծ ու աղտեղի Եզաբելը, մտավ իր ամուսնու մոտ և ասաց նրան. «Ինչո՞ւ ես տրտմել ու հաց չես ուտում: Վե՛ր կաց, կե՛ր, խմի՛ր, ես այնպես կանեմ, որ դու կժառանգես եզրայելացի Նաբոթի այգին»: Եվ ահա թագավորի անունից ծերերին ու իշխաններին գրում է՝ ասելով. «Ծոմ պահեցեք և Նաբոթին ժողովրդի մեջ գլխավոր տեղում նստեցրեք, իսկ նրա դիմաց թող նստեն երկու անօրեն մարդիկ, որ վկայեն նրա մասին ու ասեն, թե չօրհնեց (այսինքն՝ հայհոյեց) Աստծուն ու արքային»:

Ո՛վ անօրենությամբ լի պահք. պահք քարոզեցին, որպեսզի սպանություն գործեն: Ի՞նչ հետևեց դրան: Նաբոթը քարկոծվեց ու սպանվեց: Երբ Յեզաբելը լսեց, ասաց իր ամուսնուն՝ Աքաաբին. «Վե՛ր կաց, ժառանգի՛ր այգին, քանի որ Նաբոթը մեռավ»: Աքաաբը, չնայած մի որոշ ժամանակ տրտմեց, բայց հետո մտավ և տիրացավ այգուն: Եվ այնժամ Աստված նրա մոտ առաքեց Եղիա մարգարեին. «Գնա՛ Աքաաբ արքայի մոտ և ասա՛ նրան՝ քանի որ սպանեցիր, արդարի արյուն թափեցիր ու ժառանգեցիր նրա ունեցվածքը, քո արյունն է թափվելու, և շներն են լիզելու քո արյունը, և բոզերը լողանալու են քո արյան մեջ»: Աստվածային էր բարկությունը՝ լի խիստ հրամանով, լի պատիժներով: Եվ տե՛ս, թե ուր է ուղարկում նրան. այգի. որտեղ տեղի ունեցավ մեղքը, այնտեղ էլ՝ պատիժները, որտեղ անօրենությունը, այնտեղ էլ՝ պատուհասը: Աքաաբը, երբ տեսավ Եղիային, ասաց. «Ո՛վ իմ թշնամի, գտա՞ր ինձ» (Գ Թագ. ԻԱ 2-20). այսինքն թե՝ հանցավոր ու մեղավոր գտար ինձ, այժմ առիթ ունես ինձ պատժելու: «Ո՛վ իմ թշնամի, գտա՞ր ինձ»: Եղիան միշտ հանդիմանում էր Աքաաբին: Գիտեր, որ մեղք է գործել: «Դու մշտապես հանդիմանում էիր ինձ, ասում է, բայց այժմ տեղին է ինձ պատուհասելդ»: Ի պատասխան Եղիան նրան հայտնեց պատիժը. «Այսպես է ասում Տերը. քանի որ սպանեցիր և ժառանգեցիր. թափեցիր արդար մարդու արյունը, այդպես էլ թող քո արյունը թափվի. թող շները լափեն քո արյունը, և պոռնիկները լողանան քո արյան մեջ» (Գ Թագ. ԻԱ 19): Ասաց, որ աստվածային հրաման էր այդ: Երբ Աքաաբը լսեց այս, մեծապես սգաց ու տրտմեց իր մեղքերի համար, ճանաչեց իր հանցանքը, և Աստված ազատեց նրան պատժից: Բայց Աստված նախ Իրեն արդարացրեց Եղիայի առջև, որպեսզի նա սուտ չթվա և նրան չպատահի այն, ինչ պատահեց Հովնանին:

Ահա թե ինչ եղավ Հովնանին. Աստված նրան ասաց. «Գնա՛ Նինվե մեծ քաղաք, ուր, չհաշված կանանց ու երեխաներին, բնակվում է հարյուր քսան հազար մարդ, և քարոզի՛ր՝ երեք օր ևս, և Նինվեն պիտի կործանվի» (Հովն. Գ 4): Իմանալով Աստծո մարդասիրությունը՝ Հովնանը չկամեցավ գնալ, այլ փախուստի դիմեց: Ասում էր՝ եթե գնամ, քարոզեմ, իսկ Դու, իբրև մարդասեր, գթաս, ես, իբրև սուտ մարգարե, մահվան կմատնվեմ: Բայց ծովը, վերցնելով նրան, չթաքցրեց, այլ փրկեց Նինվեի համար, ինչպես բարի սպասուհին է պահպանում իր ծառայակցուհուն:

«Եվ Յովնանը, ասում է Գիրքը, իջավ՝ Տիրոջ ներկայությունից փախչելու: Գտավ մի նավ, որ գնում էր Թարսիս, վճարեց գինը և մտավ նավ» (Հովն. Ա 3): Ո՞ւր ես փախչում, Հովնա՛ն, ուրիշ երկի՞ր ես փախչում, բայց. «Տիրոջն է երկիրը իր ամբողջությամբ» (Սաղմ. ՂԴ 5), դեպի ծո՞վ ես գնում. «Նրանն է ծովը, և Նա է արարել այն», երկի՞նք. չե՞ս լսել Դավթին, որ ասում է. «Տեսա երկինքը՝ քո մատների գործը» (Սաղմ. Ը 4): Բայց չնայած այս ամենին, նա փախչում էր վախից՝ կարծելով, թէ կարող է փախչել: Մինչդեռ իրականում անհնարին է փախչել Աստծուց: Երբ ծովը նրան ցամաք հանեց, նա եկավ Նինվե, քարոզեց և ասաց. «Երեք օր ևս, և Նինվեն պիտի կործանվի» (Հովն. Գ 4): Եվ որպեսզի իմանաս, թե նա իսկապես փախչում էր՝ մտքում ունենալով այն, որ Աստված մարդասեր է և կզղջա այն չարիքների համար, որ ասաց, թե կպատճառի նինվեացիներին, և ինքը սուտ մարգարե կերևա, ապացուցում է հենց ինքը: Նինվեում քարոզելուց հետո քաղաքից դուրս ելավ և սպասեց, թե ինչ է լինելու: Երբ տեսավ, որ երեք օրն անցնում է, իսկ պատիժը տեղի չի ունենում, վերադարձավ իր նախկին մտքին և ասաց. «Մի՞թե այդ նույն բանը չէի խորհում, երբ իմ երկրում էի, թե Աստված գթասիրտ է, ողորմած և համբերող և զղջում է չարիքների համար» (Հովն. Դ 2):

Եվ արդ, որպեսզի Եղիային չպատահի այն, ինչ պատահեց Հովնանին, Աստված նրան հայտնեց պատճառը, թե ինչու է Աքաաբին ներում: Եվ ի՞նչ ասաց Աստված Եղիային: «Տեսա՞ր, ասում է, թե ինչպես զղջաց իմ առջև: Եվ քանի որ ընդունեց իր մեղքերը, նրան չարիք չեմ պատճառի» (Գ Թագ. ԻԱ 29): Զարմանալի բան. տերը ծառայի պաշտպանն է դառնում, և Աստված մարդուն աղերսում է մարդու համար: Մի՛ կարծիր, ասում է, թե ես առանց պատճառի ներեցի նրան, այլ որովհետև փոխեց իր վարքը, ես էլ փոխեցի և ջնջեցի իմ բարկությունը: Բայց դու սուտ մարգարե չես համարվի, քանզի ճշմարտությունն ասացիր: Եթե նա չփոխեր իր վարքը, արդարև, կկրեր պատուհասի պատիժը, բայց նա փոխեց իր վարքը, և ես վերացրի իմ բարկությունը: Եվ ասում է. «Տեսա՞ր, թե ինչպես զղջաց իմ առջև: Եվ քանի որ ընդունեց իր մեղքերը, նրան չարիք չեմ պատճառի»: Տեսա՞ր, թե ինչպես են տրտմությամբ քավվում մեղքերը:

Կա նաև ապաշխարության երրորդ ճանապարհ: Ես քեզ ներկայացնում եմ ապաշխարության բազում ճանապարհներ, որպեսզի ճանապարհների բազմազանությամբ քեզ համար ավելի հեշտ լինի փրկություն գտնելը: Տե՛ս, թե ինչպիսի զենք են հեզությունն ու խոնարհությունը: Նրանցով կլուծես մեղքերի կնճիռը: Սրանց վկայությունը նույնպես ունես Սուրբ Գրքերից փարիսեցու և մաքսավորի պատմության մեջ: «Փարիսեցին ու մաքսավորը, ասում է, ելան տաճար՝ աղոթելու» (Ղուկ. ԺԸ 10): Եվ փարիսեցին սկսեց թվել իր առաքինությունները. «Ես, ասում է, մեղավոր չեմ, ինչպես ամբողջ աշխարհը և ինչպես այս մաքսավորը»: Թշվառական ու անհա՛գ հոգի, ամբողջ աշխարհին դատեցիր, ինչո՞ւ նեղացրիր քո մերձավորին. քեզ բավական չէ՞ր ամբողջ աշխարհը, որ մաքսավորին էլ դատապարտեցիր, չմեղադրեցի՞ր բոլորին և գեթ մի մարդու չխնայեցիր: «Ես այնպիսին չեմ, ինչպես բոլոր մարդիկ և ինչպես այս մաքսավորը. այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից աղքատներին»: Ամբարտավան խոսքեր էր ասում: Ո՛վ թշվառականդ, չհագեցար աշխարհով և քեզ մոտ կանգնածի՞ն մեղադրեցիր:

Երբ մաքսավորը լսեց այս, չասաց, թէ՝ դու ո՞վ ես, որ այդ ես ասում ինձ, կամ՝ որտեղի՞ց գիտես իմ վարքը, ինձ հետ երբեք չես ապրել, ինչո՞ւ ես այդպես սնապարծում: Կամ ո՞վ է քո բարեգործության վկան, ինչո՞ւ ես գովում ու պատվում ինքդ քեզ: Ոչ մի պատասխան չտվեց մաքսավորին, այլ խոնարհվելով՝ երկրպագեց և ասաց Աստծուն. «Աստվա՛ծ, ների՛ր ինձ, մեղավորիս» (Ղուկ. ԺԸ 14): Եվ երբ մաքսավորը խոնարհվեց ու հնազանդվեց, արդարացավ. փարիսեցին տաճարից իջավ՝ կորցրած արդարությունը, որ ուներ, իսկ մաքսավորը իջավ արդարություն զգեցած: Խոսքերը հաղթեցին գործերին: Մեկը գործերով վրիպեց արդարությունից, մյուսը խոնարհ խոսքով ստացավ արդարություն: Եվ խոնարհություն էլ չէր այդ. քանզի խոնարհությունն այն է, երբ մեկը, մեծ լինելով, նվաստացնում է իրեն, իսկ մաքսավորի խոստովանությունը խոնարհություն չէր, այլ զուտ ճշմարտություն. նրա խոսքերն արդարացի էին. նա մեղավոր էր:

Ասա՛ ինձ՝ ի՞նչն է վատ մաքսավորությունից: Ուրիշի վաստակի վաճառական է, ուրիշների աշխատանքի պտուղների բաժնեկից, երբ մեկին գործի մեջ է տեսնում, նրա շահից իրեն բաժին է վերցնում: Մի՞թե դառը մեղք չէ մաքսավորությունը: Քանզի այն այլ բան չէ, քան անամոթ բռնություն, օրինավորացած մեղք, բարեկերպ կողոպուտ: Ի՞նչն է վատ մաքսավորությունից, ասա՛ ինձ, որ նստում է ճանապարհների խաչմերուկներին և ուրիշների աշխատանքի ու չարչարանքի պտուղները հավաքում, աշխատելու մասին չի էլ հոգում, իսկ երբ շահ կա, որի համար չի աշխատել, անիրավությամբ բաժին է վերցնում: Արդ, եթե մաքսավորը, ով ապաշխարեց, արդարության հասավ, ապա որքան առավել՝ խոնարհ ու հեզ մարդը. քանզի ահա արդարացավ նա, ով ճշմարտությամբ խոստովանեց իր մեղքը:

Կամենո՞ւմ ես ուսանել, թե ով է խոնարհ և հեզ, նայի՛ր Պողոսի խոնարհությանը. Պողոսին՝ տիեզերքի վարդապետին, իմաստունին, հոգևորին, ընտրյալ անոթին, խաղաղության նավահանգստին, հաստատուն աշտարակին, ով փոքր մարմնով անցավ ամբողջ աշխարհը: Տեսե՛ք նրան, նայեցե՛ք նրան խաղաղությամբ. տգետին ու իմաստունին, աղքատին ու մեծատունին: Ճշմարիտ խոնարհ ու հեզ եմ անվանում նրան, ով բյուրավոր դժվարություններ կրեց, ով բյուր անգամ պատերազմեց ընդդեմ սատանայի, ով քարոզում և ասում էր. «Նրա շնորհները, որ իմ մեջ են, իզուր չեղան, այլ բոլորից առավել աշխատեցի» (Ա Կոր. ԺԵ 10): Ով համբերեց բանտին, տանջանքներին ու հարվածներին, ով իր թղթերով որսաց ամբողջ աշխարհը, ով կանչվեց երկնային ձայնով, ով հեզությամբ ասում էր. «Ես իսկ եմ առաքյալների տրուպը, ես, որ առաքյալ կոչվելու արժանի չեմ» (Ա Կոր. ԺԵ 9): Տեսնո՞ւմ ես մեծ խոնարհությունը, տեսնո՞ւմ ես Պողոսի հեզությունը, տեսնո՞ւմ ես, որ տրուպ* է անվանում իրեն և ասում, թե՝ «Արժանի չեմ առաքյալ կոչվելու»: Այն էր իսկական խոնարհությունը. աշխարհից հրաժարվելով՝ իրեն տրուպ անվանեց: Հիշի՛ր, թե ով էր այս խոսքերն ասողը. Պողոսը՝ երկնքի քաղաքապետը, ով լոկ մարմինն ուներ իր վրա, եկեղեցու հաստատության սյունը, երկրավոր հրեշտակն ու երկնավոր մարդը: Ինձ սիրելի է նայել նրա ընթացքին և պատմել նրա առաքինությունների գեղեցկության մասին: Ծագող արեգակը իր պայծառ ճառագայթներով այնպես չի լուսավորում և ուրախացնում իմ աչքերը, ինչպես Պողոսը, ով լուսավորում է իմ միտքը. քանզի արեգակը միայն երեսներն է լուսավորում, իսկ Պողոսը, վեր բարձրացնելով մեզ, թռցնում է դեպի երկնային կամարը, արեգակից ու լուսնից առավել բարձրացնում: Այդպիսին է առաքինության զորությունը. այն մարդուն հրեշտակ է դարձնում, հոգին երկինք է բարձրացնում: Այսպիսի առաքինություն է մեզ ուսուցանում Պողոսը:

Սակայն չշեղվենք մեր նյութից: Կամենում եմ ցույց տալ հեզության երրորդ ճանապարհը, որ մաքսավորը չխոնարհվեց, այլ ստուգությամբ ասաց ու բացեց իր մեղքերը և արդարացավ. ո՛չ իր ինչքերը ծախելով, ո՛չ ծովերով անցնելով, ո՛չ մեծ ճանապարհներին չարչարվելով, ո՛չ սիրելիներին աղերսելով և ո՛չ ժամանակ ծախսելով, այլ հեզությամբ ու խոնարհությամբ արդարություն ստացավ: Որին Աստված թող արժանի դարձնի մեզ բոլորիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներով և մարդասիրությամբ, որին փառք հավիտյանս. ամեն:

 

* հետին

01.04.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․