Գրքեր

Արդյոք ի՞նձ էիր փնտրում

Ամբրոսիոս անունով հռչակավոր մի ճգնավոր է լինում:

Նրա համբավը և հրաշագործություններն ամենուր տարածված են լինում: Մի երիտասարդ ցանկանում է նրա աշակերտը դառնալ, ավելի ճանաչել Աստծուն, նվիրվել հոգևոր կյանքին:

Մի անգամ հանդիպում է մի ծերունու, ով նրան ասում է.

- Եթե ուզում ես ավելին գիտենալ Աստծո մասին, այդ դեպքում, փնտրիր Ամբրոսիոս ճգնավորին. նա քո առջև կբացահայտի Աստծո խորհուրդները: Երիտասարդը ճամփա է ընկնում ու գտնում հռչակավոր սրբին ու ասում.

- Հա՛յր սուրբ, մանկությունիցս Աստծուն եմ փնտրել ու կամեցել Նրան լավ Ճանաչել, Նրա Ճանապարհներն ու շավիղներն իմանալ ու Նրան հետևել: Խնդրում եմ, ընդունիր ինձ որպես աշակերտ քեզ մոտ: Ճգնավորը նայում է երիտասարդին, ժպտում ու հարցնում.

- Արդյո՞ք կարող ես թողնել աշխարհը և հետևել ինձ:

- Կարող եմ,- պատասխանում է երիտասարդը:

Ճգնավորն ասում է.

- Այդ դեպքում, հետևիր ինձ ու լսիր, թե Տիրոջ մասին քեզ ինչ կասեմ ու կպատմեմ, և թե ինչպես է պետք հոգևոր կյանքով ապրել: Եվ նրանք զրուցելով քայլում են: Նրանց դեմ-դիմաց գեղեցիկ կառք է գալիս ու կանգնում` սպիտակ նժույգներով լծված: Կառքից դուրս է գալիս քաղաքի եպիսկոպոսը` ոսկեզօծ զգեստներ հագած ու մեծ հարգանքով բարևելով ճգնավորին ասում.

- Հա՛յր սուրբ, գիտեմ, որ Աստծո առաջ մեծ շնորհ ունես և բազում արժանավոր աշակերտներ:

Ինձ մի օգնական է պետք, ուղարկիր աշակետներիցդ որևէ մեկին` որպես ինձ օգնական: Երիտասարդը, տեսնելով գեղեցիկ կառքը, հրաշագեղ նժույգներն ու եպիսկոպոսի ոսկեզօծ հագն ու կապը, խնդրում է.

- Սրբազա՛ն հայր, մանկությունից ի վեր ցանկացել եմ ծառայել Աստծուն ու նրա շավիղներն ու ճանապարհներն իմանալ, վերցրու ինձ` իբրև քեզ օգնական: Եպիսկոպոսը նայում է ճգնավորին, որը գլխի շարժումով իր հավանությունն է տալիս: Երիտասարդը մեծ ուրախությամբ նստում է կառքը, եպիսկոպոսի հետ հեռանում: Ետ է նայում ու մի տեսիլք տեսնում, որ ճգնավորի հետ մի ծերունի է քայլում: Ծերունին կանգնում է, շրջվում: Դա այն ծերունին էր, որ երիտասարդին խորհուրդ էր տվել գտնել ճգնավորին ու աշակերտել նրան:

Այնուհետև ծերունին վերափոխվում է, և երիտասարդը պայծառ լույսի մեջ տեսնում է Հիսուսին:

Հիսուս նրան հարցնում է.

- Արդյո՞ք ինձ էիր փնտրում:

Երիտասարդը պատասխանում է.

- Տե՛ր իմ, գիտես, որ միշտ քեզ եմ փնտրել, քանի որ հոգևոր էությունս միշտ կամեցել է քեզ շատ մոտ լինել և քեզ ավելի լավ ճանաչել: Հիսուս նրան պատասխանում է.

- Եթե դու հոգևոր լինեիր, կճանաչեիր Իմ խոսքը, կլսեիր Իմ ձայնը` կանչն ու հրավերը և կհետևեիր Ինձ, բայց դու ընտրեցիր աշխարհը և նրա անցողիկ փառքը:

Այնուհետև Հիսուս շրջվում է ու ճգնավորի հետ հեռանում:

Երիտասարդը հասկանում է իր սխալը, կանգնեցնում կառքը, դուրս գալիս ու շտապում դեպի ճգնավորը:

 

Հովհաննես Մանուկյան

04.06.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․