25 Հունվար, Բշ, Առաջավորաց պահքի Ա օր

Գրքեր

Մեղքերից դառնալու մասին

Երևելի, գիտությամբ զարդարված մի մարդ կար: Սա տոնական մի օր նոր ու  թանկարժեք հագուստներ հագավ, զանազան պատիվներով մեծարվեց, ամբողջ օրն ընկերների հետ խաղ ու խարխճանքների, ըմպելիքի ու այս աշխարհի զանազան ունայն բաների մեջ անցկացրեց:

Երբ երեկո եղավ, զգաստացավ և լռելյայն իր սրտում ասաց. «Ո՞ւր է տոնախմբությունը, որ այսօր կատարեցինք, ո՞ւր գնացին բոլոր այն խրախճանքները»:

Արդ, տեսնելով, որ աշխարհիկ բոլոր ուրախությունները շուտափույթ անցնում են և տրտմության ու ցավի փոխակերպվում, հաջորդ առավոտ կրոնավորների վանք գնաց, որտեղ երկար տարիներ սրբությամբ, գիտությամբ և իմաստությամբ Աստծուն  ծառայեց և, բարի համբավով հռչակվելով ու փայլելով՝ անանց կյանք փոխադրվեց:

***

Մի ավազակապետ կար՝ այնքան չարագործ, անողորմ, արյունարբու, որ ճանապարհին ում հանդիպում էր, սպանում էր: Սուրբ ու առաքինի մի վանահայր, այս լսելով, կրկնակի հանդերձներ հագավ  և ազնվազարմ ձին նստեց և գնաց այն կողմերը, որտեղ ավազակապետն էր գտնվում: Սրան բռնեցին և  բերեցին ավազակապետի մոտ: Վանահայրն ավազակապետին հարցրեց.

- Ի՞նչ ես ուզում:

- Ձիդ ու զգեստներդ,- պատասխանեց նա:

Այն ժամանակ Հայրը նրան ասաց.

- Իրավունք ունես խնդրելու, քանի որ այս ամենն Աստծունն են և մանավանդ՝  հասարակաց են: Արդ, քանի որ ես երկար ժամանակ վայելեցի՝ արժանի է, որ հիմա էլ դու վայելես: Բայց կամենում եմ իմանալ, թե ի՞նչ ես անելու սրանք:

Պատասխանեց.

- Վաճառելու ենք և ուտելիք գնենք:

Այնժամ Հայրն ասաց.

- Որդյա՛կ, ինչո՞ւ ես այդքան չարչարանքով ու վտանգներով ուտելիք ու հանդերձանք հայթայթում: Ինձ հետ արի՛,  և ես անհրաժեշտ  քո բոլոր պետքերը  քեզ կտամ:

Իսկ երբ սա  հրաժարվեց` ասելով, թե ոսպ ու բակլա ուտել չի կամենում, Հայրը նրան ասաց.

- Քեզ և՛ միս, և՛ ձկնեղեն, և՛ հաց, և՛ անուշ գինի, և՛ շքեղազարդ անկողին կտամ, միայն թե իմ հետևից եկ:

Եվ երբ համաձայնվեց և վանք եկավ, հայրը նրան հանձնեց եղբայրներից մեկին, ով ամեն օր նրան նախապես ասված բոլոր  անհրաժեշտ բաները բերում էր: Արդ, երբ ավազակապետը հագենում էր, կրոնավորի կարգադրությամբ նստում էր գետնին` նրա դիմաց և տեսնում, որ նա միայն հաց էր ուտում և ջուր խմում:

Ավազակապետը նրան հարցնում է.

- Ինչի՞ համար ես այդքան ծանր ապաշխարություն կատարում: Մի՞թե  մեկին սպանել ես, կամ պոռնկություն արել:

Կրոնավորը, զարմանալով ու սոսկալով, պատասխանում է.

- Հեռո՛ւ ինձնից, Աստված մի՛ արասցե, եթե ես մարդ սպանած կամ թե մարմինս պոռնկության մեղքով ապականած լինեմ, քանի որ մանկությունից ի վեր այս վանքում եմ մեծացել: Նրա համար եմ ապաշխարում, որ մեռնելիս Աստծո առաջ ողորմություն գտնեմ:

Այդ ժամանակ ավազակը զղջալով՝ ասում է.

-Ես՝  եղկելիս ու թշվառականս, որ այնքան գողություն, մարդասպանություն, շնություն եւ այնքան անթիվ-անհաշիվ  չարիքներ եմ գործել ու  երբեք պահք չեմ պահել, ինչպե՞ս ողորմած Աստծուն ինձ հետ կունենամ:

Եվ ընկնելով վանահոր ոտքերը` արտասուք թափելով այնքան ապաշխարեց, որ ժուժկալությամբ ամենքին գերազանցեց:

 

Հայելի վարուց

01.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․