Գրքեր

Աստծու հանդեպ սիրո գաղտնիքը

- Մի զարմանալի բան ասեմ ձեզ,- մի օր հայտարարեց հայր Պորֆիրիոսը։- Ուրիշներին դատապարտողը չի սիրում Քրիստոսին։ Երբ որևէ մեկը անպատվի մեզ, այսինքն՝ ինչ-որ կերպ վիրավորի՝ զրպարտելով, վիրավորանք հասցնելով, ապա մտածենք, որ նա մեր եղբայրն է, որին տիրել է թշնամին։ Նա թշնամու զոհն է դարձել։

Ուստի ճիշտ է ցավակցել նրան և աղոթել Աստծուն, որպեսզի Նա ողորմի և՛ մեզ, և՛ նրան։ Եվ Աստված երկուսին էլ կօգնի։ Իսկ եթե զայրանանք նրա վրա, ապա թշնամին նրանից կցատկի մեզ վրա և կսկսի երկուսիս էլ «պարեցնել»։ Ուրիշներին դատապարտողը չի սիրում Քրիստոսին, քանի որ դատապարտելու մեղավորը եսասիրությունն է։ Դրանից է սկսվում դատապարտությունը։

Մի փոքրիկ օրինակ բերեմ ձեզ։ Տեսե՛ք․ ենթադրենք, որ մարդ մենակ է մնացել անապատում, ոչ մի հոգի չկա շուրջբոլորը։ Հանկարծ նա լսում է, թե ինչպես է մեկը հեռվում լաց լինում ու բղավում։ Մոտենում է ու սարսափելի տեսարանի ականատես դառնում․ վագրն ինչ-որ մարդու բռնել ու կատաղորեն պատառոտում է։ Վերջինս հուսակտուր օգնության է կանչում։ Մի քանի րոպեից վագրը կպատառոտի խեղճին․․․

Ի՞նչ անել նրան օգնելու համար։

Մո՞տ վազել։ Ինչպե՞ս։ Անհնար է։

Օգնությա՞ն կանչել։ Ո՞ւմ։ Այլևս մարդ չկա շուրջբոլորը․․․

Միգուցե քար վերցնել ու մարդու գլխին խփե՞լ, որպեսզի նրա վերջը տանք։

«Ո՛չ, իհարկե ո՛չ»,- կբացականչենք մենք։ Բայց հենց այդպես է լինում կյանքում, երբ չենք հասկանում, որ այն ուրիշը, որ իրեն վատ է դրսևորում մեր նկատմամբ, վագրի՝ սատանայի ճանկն է ընկել։

Չենք գիտակցում, որ երբ նրան ընկալում ենք առանց սիրո, ապա դա նույնն է, թե քարով խփենք նրա վերքերին։ Այդ ժամանակ մենք մեծ՝ կրկնակի, չարիք ենք պատճառում նրան, «վագրը» հարձակվում է մեզ վրա, և մենք նույնն ենք անում և անգամ ավելի վատը․․․ Ուստի ո՞րն է մեր սերը մերձավորի և առավել ևս Աստծու հանդեպ։

Ուրիշի չարիքը պետք է ընդունենք որպես հիվանդություն, որը տանջում է նրան, նա տառապում է և չի կարողանում ազատվել դրանից։ Ուստի մեր եղբայրներին նայենք կարեկցանքով, հարգալիր լինենք նրանց հանդեպ՝ ներքուստ պարզությամբ ասելով՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս, որ Նա զորացնի մեր հոգին Աստվածային շնորհով, որպեսզի չդատենք ոչ մեկի։

Եվ ահա, գաղտնիքն այն է, որ ուրիշի չարիքը պետք է ընդունել որպես հիվանդություն։

Բոլորին սո՛ւրբ տեսնենք։ Այո-այո՛, բոլորին սուրբ տեսնենք․․․,- իր խոսքերը հաստատեց հայր Պորֆիրիոսը։- Չէ՞ որ բոլորս էլ ներքուստ կրում ենք հին մարդուն։ Մերձավորը, ինչպիսին էլ լինի, մեր միս ու արյունից է, մեր եղբայրն է և մենք «ոչ ոքի պարտապան չենք մնում, բացի միմյանց սիրելուց» համաձայն՝ Պողոս առաքյալի (Հռոմ․ 13։8)։ Մենք չենք կարող երբևէ մեղադրել ուրիշներին, քանի որ «ոչ ոք երբեք իր անձը չի ատում» (Եփես․ 5։29)․․․

Երբ մարդ որևէ կիրք ունի, ջանանք սիրո և գթասրտության շողերով պատել նրան, որպեսզի ապաքինվի և ազատագրվի։ Սակայն գաղտնիքն այն է, որ դա հնարավոր է միայն Աստծու շնորհով։

Մտածեք, որ նա ձեզնից շատ է տառապում։ Երբ մեկը մեղք գործի մենաստանում, չասենք նրան, որ մեղավոր է։ Այլ ուշադրություն ցուցաբերենք նրան, հարգանքով ու աղոթքով վերաբերվենք։ Ջանանք չարիք չգործել։ Երբ համբերատար լինենք եղբոր հանդեպ, որը սիրում է հակաճառել, դա մեզ համար կդիտվի որպես նահատակություն։ Ուրախությա՛մբ այդպես վարվենք։

 

Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

21.10.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․