19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Սուրբ Սարգիս. արագահաս ինչպես լույսը

Սուրբ Սարգսի տոնը հայերիս մեջ ամենասիրված տոներից մեկն է, իսկ Սբ. Սարգիս զորավարը հայ ժողովրդի ամենասիրելի և մեծ ժողովրդականություն վայելող սուրբը, որին ժողովուրդը դիմում է առանձնակի ջերմեռանդությամբ և խոր հավատքով՝ ապավինելով ամենահաս և արագահաս սուրբի բարեխոսությանը, և՛ վտանգի, և՛ նեղության անելանելի վիճակներից սրբի միջոցով ազատվելու համար:

Ճիշտ է Սուրբ Սագիսը հայ չէ, սակայն քրիստոնեական հավատքի համար նահատակված այն վկան է, որի անունը կապվում է Հայոց աշխարհի հետ: Քրիստոնեական հավատքի մեկնիչը, իր ապրած կյանքով սիրելի դարձավ ողջ քրիստոնյա Արևելքում, այդ թվում և Հայաստանում:

Այն, որ Սբ. Սարգիսը համաժողովրդականություն ունի հայերիս մեջ, վկայում են Հայաստանում նրա անունով կառուցված մոտ 220 սրբավայրերը՝ վանքերը (Դերսիմում, Վասպուրականի Հայոց ձորում, Արցախում, Այրարատում, Տուրուբերանում, Կիլիկիայում և այլուր), եկեղեցիները, մատուռները (Լոռիում): Հայոց աշխարհում ամենուրեք հիմնադրվել են սրբավայրեր Սուրբ Սարգսի անվամբ: Դրանցից ամենահնագույնը Ուշիի Սուրբ Սարգիս վկայարան-եկեղեցին է: Սուրբի անունով մեզ հայտնի են նաև բերդեր (Դերսիմում, Նախիջևանում և Շապին-Գարահիսարում), գյուղեր (Ծոփքում, Աղձնիքում, Տայքում, Բարձր Հայքում, Այրարատում, Արցախում և այլուր), լեռներ (Կիլիկիայում, Ծոփքում, Վասպուրականում, Լոռիում), գետեր (Օլթի գետի ավազանում), աղբյուրներ (Գուգարքում), թաղամասեր (Ծոփքում), բլրակներ (Գուգարքում), ձմեռանոցներ (Գուգարքում), մենաստաններ (Բարձր Հայքում):

Շնորհք արքեպիսկոպոսը իր աշխատության մեջ հետևյալ կերպ է ներկայացրել Սուրբ Սարգսին. «Սուրբ Սարգիսը ազգությամբ հայ չէ, ոչ էլ նահատակվել է Հայաստանում: Մյուս եկեղեցիները մեծ կարևորություն չեն տվել նրա հիշատակին և եթե մինչև իսկ հնում հիշատակել են նրան, այսօր գրեթե մոռացության են տվել: Իսկ մյուս կողմից՝ նկատի ունենալով, որ մեր մեջ, ընդհակառակը, ամենամեծ ժողովրդականություն շահած սուրբերից է, ուստի մենք կդասենք նրան հայազգի սուրբերի շարքին»:

Քրիստոսի քաջ, առաքինի զինվորը և անհաղթ վկան՝ Սուրբ Սարգիսը ազգությամբ հոռոմ էր (այսպես կոչում էին բյուզանդական շրջանի հույներին), ապրում էր Կապադովկյան Կեսարիայի Գամիրք գավառում (4-րդ դար): Մարտնչող նահատակը ջերմեռանդ և գթասիրտ քրիստոնյա էր, սիրում էր Աստծուն ողջ սրտով և զորացած էր Սուրբ Հոգով: Իմաստուն ու հանճարեղ էր, ծանոթ բոլոր դատավորներին և իշխաններին: Նա զորական էր և նրա իշխանության ներքո կար մի զորագունդ: Արքունական հրամանով կարգված էր ծառայության Կապադովկիայի թագավորական զորքում: Հռոմեական զորքի ստրատեգ լինելով և լավ պատկերացնելով իրեն սպասվող կտտանքներն ու խոշտանգումները՝ Սուրբ Սարգիսը անվախորեն և համարձակությամբ ամենուր քարոզում էր Սուրբ Ավետարանը, կործանում էր բագինները, մեհյանները, կառուցում եկեղեցիներ, օգնում աղքատներին ու կարոտյալներին և տարածում քրիստոնեությունը: Նա ամենուր օգնում էր ժողովրդին իր ունեցվածքով, սիրահոժար ողորմություն անում, պաշտպանում էր խեղճերին ու տկարներին և քրիստոնեություն քարոզում նաև իր գնդի զինվորներին: Ուժեղ և քաջարի զորավար լինելով՝ նա ոչ թե բռնությամբ էր թելադրում իր կամքը, այլ փորձում էր հնազանդությամբ ու գթասրտությամբ վերաբերվել իր զինվորներին ու նույնիսկ իր թշնամիներին:

Բարեպաշտ Կոստանդիանոսի և նրա որդիներից հետո գահին է բազմում Հուլիանոս Ուրացող կայսրը (361-363թթ.): Ամբարիշտ Հուլիանոսի թագավորության ժամանակ աստվածային հայտնությամբ Սբ. Սարգսին թելադրվում է հեռանալ Հռոմեական կայսրության սահմաններից: Նա իր որդու՝ Մարտիրոսի հետ գալիս է Հայաստան: Սակայն հայոց Տիրան արքան, վախենալով Հուլիանոսի հետ պատերազմի մեջ մտնելուց, խորհուրդ է տալիս Սբ. Սարգսին հեռանալ Հայաստանից և գնալ Պարսկաստան: Նա գնում է Պարսկաստան: Պարսից Շապուհ արքան, տեղեկացված լինելով Սուրբ Սարգսի քաջագործությունների մասին, մեծ ուրախությամբ և պատիվներով ընդունում է նրան և առաջին զորագլուխներից մեկը կարգում: Սբ. Սարգիսը այստեղ էլ մեծ համբավ է ձեռք բերում՝ իբրև քրիստոնյա քաջ զորավար: Բազմաթիվ պատերազմներում Աստծո օգնությամբ մեծ հաղթանակներ է ունենում, այդ թվում և Հուլիանոս Ուրացողի դեմ պատերազմում: Մեծ էր նրա ազդեցությունը պարսիկ զորքի վրա. նրանցից շատերը սրբի քարոզչության շնորհիվ ընդունում են քրիստոնեությունը: Սբ. Սարգիսը, բազմաթիվ կենդանիներ էր մորթել տալիս և առատորեն բաժանում աղքատներին: Դրանով իսկ նա փորձում էր օրինակ ծառայել իրեն ենթակա զինվորներին, որոնք կուռքերին էին զոհ մատուցում, փոխանակ աղքատներին ողորմեն:

Չարախոսները Շապուհ արքայի առջև ամբաստանում են Սուրբ Սարգսին և հայտնում նրա քրիստոնյա լինելը: Երբ թագավորը իմանում է, որ Սուրբ Սարգիսը քրիստոնյա է և իր զինվորներին նույնպես քրիստոնեության է մղում, սաստիկ տրտմում է, քանի որ չէր ցանկանում նրա նման քաջ մարդուն կորցնել և այդ ամենից դուրս գալու տրամաբանական ելքեր էր փնտրում:

Շապուհ արքան աստվածների տոնին հրամայում է բոլորին, այդ թվում և Սբ. Սարգսին ու իր որդուն, հավաքվել ատրուշանների մոտ կրակ վառելու և զոհ մատուցելու արքունի մեհյանում՝ ըստ պարսկական օրենքի: Սբ. Սարգիսը անվարան մերժում է, ասելով, որ ինքը պաշտում է կրակի ու արևի Արարչին և երկրպագում է Նրան, ով ստեղծել է երկինքն ու երկիրը, ով կենդանի է և հավիտենական. «Դուք բոլորդ պարտավոր եք երկրպագել և փառավորել միակ ճշմարիտ Աստծուն, իսկ կրակը և կուռքերը աստված չեն, որոնք մարդը կարող է ոչնչացնել»: Եվ խոսքը գործի վերածելով՝ կործանում է բագինն ու հանգցնում կրակը: Զայրացած մոգերը և ամբոխը, հարձակվելով Սուրբ Սարգսի և նրա որդու վրա, սկսում են ծեծել և չարչարել նրանց: Ամբոխի զոհն է դառնում Մատիրոսը՝ հորից առաջ ընդունելով մարտիրոսական պսակը:

Թագավորը Սուրբ Սարգսին ազատում է և բանտ նետում, հույս ունենալով, որ նա կարող է զղջալ ու կրակապաշտ դառնալ:

Տեսնելով Սուրբ Սարգիս զորավարի հաստատուն հավատքը՝ թագավորը գլխատման վճիռ է արձակում: Գլխատման վայրում երանելին այսպես է աղոթում. «Ով Տեր, Քրիստոս Աստված իմ, նրանք, ովքեր կհիշեն իմ անունը նեղության մեջ և կկատարեն իմ նահատակության հիշատակը ուխտով և պատարագով, ինչ որ ուզեն Քեզանից, լսի՛ր և շնորհի՛ր նրանց խնդրանքը»:

Նահատակվում է Սուրբ Սարգիսը և նույն պահին ծագում է երկնային լույսը և շրջապատում նրա մարմինը իր ցոլքերով: Նահատակվում է, բայց չի մեռնում: Տիրոջ ձայնը ասում է. «Զորացի՛ր, քաջ նահատակ Քրիստոսի, մի՛ վախեցիր նրանցից, որ մարմինդ են սպանելու, որովհետև բացվեց քեզ համար Երկնքի Արքայության դուռը: Ինչ որ խնդրեցիր Աստծուց, տրվեց քեզ: Եվ հավատացյալների կողմից կատարված խնդրվածքները պիտի կատարվեն Աստծո կողմից»:

Տասնչորս պարսիկ զինվորները, ովքեր հավատարմորեն հետևում էին Սուրբ Սարգսին, տեսնելով այս ամենը, ավելի հաստատվեցին իրենց քրիստոնեական հավատքի մեջ: Նրանք վերցրեցին սրբի մարմինը, մաքուր զգեստներով պատեցին՝ պատվով թաղելու համար: Բայց Շապուհ թագավորի հրամանով նրանք ևս գլխատվեցին: Թագավորը հրամայում է նրանց մարմինները գազանների առջև նետել: Ի զարմանս ներկաների՝ ոչ մի գազան չի դիպչում նահատակ մարմիններից և ոչ մեկին: Այդժամ հավատացյալները թաղում են Սուրբ Սարգսի, Մարտիրոսի և 14 զինվորների սուրբ մարմինները Համիան քաղաքի մոտ:

Ըստ «Հայսմավուրք»-ների նրանց նահատակությունը տեղի է ունեցել 363թ. հունվարի 31-ին, Մազանդարան նահանգի Դաղման քաղաքի մոտ:

Ավանդության համաձայն՝ հետագայում Սբ. Մեսրոպ Մաշտոցը սրբի մարմինը տեղափոխեց Կարբի (Աշտարակի մոտ), ուր եկեղեցի կառուցեց նրա անունով: Սրբի ատամներից մեկը Սբ. Մեսրոպ Մաշտոցը տեղադրում է խաչափայտի մեջ և օծում այն: Հետագայում խաչափայտը իր հետ տանում է Վրաստան և կանգնեցնում Գագա բլրի վրա:

Սուրբ Սարգսի տոնը Հայ եկեղեցու տոնացույցում ունի իր պատվավոր տեղը: Նրա հիշատակը Հայ եկեղեցին նշում է Սբ. Զատկից 9 շաբաթ առաջ, Առաջավորաց պահքին հաջորդող շաբաթ օրը: Տոնը ունի 35 օրվա շարժականություն և տոնվում է հունվարի 18-ից փետրվարի 23-ը ընկած ժամանակահատվածում:

Արդեն մի քանի տարի է, ինչ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի հրահանգով Սբ. Սարգսի տոնը հռչակվել է իբրև երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը ժողովուրդը գնում է եկեղեցի, աղոթում՝ հայցելով Սբ. Սարգսի բարեխոսությունը, մասնակցում Սբ. Պատարագին։ Իսկ երիտասարդ-երիտասարդուհիները քահանայից ստանում են օրհնություն։

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

16.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․