19 Նոյեմբեր, Գշ, Հիսնակաց պահքի Բ օր

Գրքեր

Բազմաթիվ հարմարությունները մարդուն անպիտան են դարձնում

Այսօր մարդիկ գեղեցկության են ձգտում և գայթակղվում են դրանով: Դա ձեռնտու է եվրոպացիներին (1), նրանք անդադար պտտում են իրենց պտուտակահանները՝ ինչ-որ նոր բան պատրաստելով՝ ավելի գեղեցիկ ու իբրև թե ավելի պրակտիկ, որպեսզի նույնիսկ ձեռքերդ շարժելու կարիք չլինի: Նախկինում, հին գործիքներով աշխատելիս, մարդիկ իրենք էլ էին ամրանում: Իսկ այժմյան մեխանիզմներով ու սարքավորումներով աշխատելուց հետո պետք է ֆիզիոթերապիայի ու մերսման օգնությանը դիմես: Զարմանալ կարելի է, բժիշկներն այժմ մերսումով են զբաղված: Այսօր կարող ես ա՜յ այսքան փոր ունեցող ատաղձագործ տեսնել: Իսկ նախկինում մի՞թե ցմփոր ատաղձագործ կտեսնեիր: Մի՞թե ողջ օրը ռանդայով փայտ տաշող հյուսնը փոր կունենա:

Բազմաթիվ հարմարությունները՝ չափազանց դառնալով, մարդուն անպիտան են դարձնում: Մարդն ալարկոտ անբանի է վերածվում: Նա կարող է ձեռքով ինչ-որ բան շրջել, բայց ասում է. «Ոչ, ավելի լավ է կոճակը սեղմեմ և այն ինքն իրեն շրջվի»: Եթե մարդ դյուրության է սովորում, հետո ուզում է, որ ամեն ինչ հեշտ լինի: Ներկայումս մարդիկ ուզում են քիչ աշխատել, բայց շատ գումար ստանալ: Իսկ եթե կարելի է ընդհանրապես չաշխատել, ապա ավելի լավ: Եվ այդ ոգին հոգևոր կյանք էլ է ներթափանցել՝ մենք ուզում ենք առանց ջանքերի սրբագործվել:

Եվ մարդկանց մեծամասնությունն էլ հենց այդ պատճառով է վատառողջ, հեշտ կյանքի պատճառով: Այդքան շփացած լինելով, ինչպե՞ս պիտի դիմանան, եթե պատերազմ սկսվի: Առաջ մարդիկ գոնե կոփված էին և կարող էին դժվարությունները հաղթահարել, նույնիսկ՝ երեխաները: Իսկ այժմ համատարած վիտամիններ են՝ B, C, D ու «մեր-սե-դե» լիմուզիններ, մարդիկ արդեն առանց այդ ամենի ապրել չեն կարող: Օրինակ՝ թուլացած երեխայի օրինակը վերցնենք, ախր եթե նա աշխատի, ապա նրա մկանները կամրանան: Շատ ծնողներ են ինձ մոտ գալիս ու խնդրում իրենց երեխաների համար աղոթել, ասելով, որ նրանք կաթվածահար են եղել: Բայց իրականում ոչ թե կաթված է, այլ ուղղակի ոտքերի ինչ-որ թուլություն: Ծնողները կերակրում ու կերակրում են այդպիսի երեխային, իսկ նա նստած ու նստած է: Բայց որքան ավելի է նստում, այնքան ավելի են նրա ոտքերը ատրոֆիայի ենթարկվում: Այնուհետև ծնողները երեխային հաշմանդամի սայլակին են նստեցնում, իսկ ինձ խնդրում են. «Աղոթիր, երեխաս կաթվածահար է եղել»: Իսկ ո՞վ է իրականում կաթվածահար՝ երեխան, թե՞ ծնողները: Նման ծնողներին խորհուրդ եմ տալիս ինչ-որ թեթև, չծանրացնող կերակուրներով սնել իրենց երեխային, ստիպել քիչ-քիչ քայլել: Այդպիսի երեխաներն աստիճանաբար նիհարում են, նրանց շարժումներն ավելի ու ավելի բնական են դառնում, իսկ հետո մեկ էլ տեսնում ես սկսում են ֆուտբոլ խաղալ: Իսկ իսկապես կաթվածահար երեխաներին, որոնց չես կարող մարդկային ուժերով օգնել, Աստված կօգնի: Կոնիցայում ապրող մի շատ շարժուն տղա կար ու մի օր ականի վրա պայթեց: Նրա ոտքն այնպես էր ծռվել, որ չէր կարողանում ուղղել: Սակայն այդ խեղումն էլ նրան ավելի հանգիստ չդարձրեց: Նա անընդհատ շարժում էր իր խեղված ոտքը, արդյունքում՝ ջլերն սկսեցին աշխատել ու ոտքն առողջացավ: Իսկ հետո նա նույնիսկ Զերվասի (2) պարտիզանական ջոկատում էր կռվում:

Ես նույնպես, երբ ոտքս իշիասից կծկվեց (3), համրիչով աղոթում էի, կամաց-կամաց քայլում ու ոտքս ամրացավ: Հաճախ շարժումն օգտակար է լինում: Երբ ես հիվանդանում եմ ու հիվանդությունը երկու-երեք օրից չի անցնում ու չեմ կարողանում շարժվել, ապա Աստծուն խնդրում եմ. «Տե՛ր իմ, օգնիր ինձ մի փոքր վեր կենալ ու տեղիցս մի քիչ շարժվել, իսկ դրանից հետո ինքս գլուխ կհանեմ: Կգնամ ցախ կոտրելու»: Եթե պառկած մնամ, ապա ավելի վատ կլինի ինձ համար: Այդ պատճառով էլ ուժերս հավաքում եմ ու մրսած լինելով հանդերձ՝ ստիպում եմ ինձ վեր կենալ ու փայտ կոտրելու գնալ: Մի լավ փաթաթվում եմ շորերով, քրտնում եմ ու ողջ մրսածությունը դուրս է գալիս: Կարծես, թե ես չգիտեմ, որ անկողնում պառկելն ավելի հանգիստ է: Բայց ես ինձ ստիպում եմ վեր կենալ ու ամեն ինչ չգիտես, թե ուր է չքանում: Մարդկանց ընդունելիս նախօրոք գիտեմ, որ ողջ մարմինս թմրելու է կոճղին նստելու պատճառով: Իհարկե, կարող եմ գորգի մի փոքրիկ կտոր գցել կոճղի վրա, բայց այդ դեպքում պետք է մյուսների համար էլ դնել, իսկ որտեղի՞ց այդքան գորգ վերցնեմ: Այդ պատճառով էլ գիշերը մի ժամ քայլում եմ ու համրիչով աղոթում: Հետո մի որոշ ժամանակ ոտքերս մեկնում եմ, որպեսզի արյունը կանգ չառնի, դրա հետ կապված էլ խնդիրներ ունեմ: Եթե ես հանգիստ մնամ, ապա իմ մասին հոգ տանելու կարիք կզգացվի: Իսկ այժմ [ընդհակառակը] ես եմ մարդկանց ծառայում: Հասկանալի՞ է ձեզ: Այդ պատճառով էլ թող մարդ անկողնում պառկելու համար չուրախանա, դրանում օգուտ չկա:

- Հա՛յր, իսկ հարմարությունները, ֆիզիկական հանգիստը բոլոր դեպքերում վնասո՞ւմ են մարդուն:

- Երբեմն անհրաժեշտ են լինում: Օրինակ՝ ինչ-որ տեղդ ցավում է, դե ինչ, այդ դեպքում տախտակների փոխարեն ինչ-որ փափուկ տեղ նստիր: Բայց «փափուկ տեղ»-ը չի նշանակում թավշի վրա: Որևէ հասարակ շորի կտոր դիր: Իսկ եթե արիություն ունես, ապա ոչինչ էլ մի դիր:

- Հա՛յր, որոշ մարդկանց մասին ասում են. «Հին ոսկոր է»:

- Այո՛, այդպիսի մարդիկ կան: Աթոսի վրա, իմ խցից ոչ հեռու մի կիպրոսցի վանական է ապրում՝ Հայր Հովսեփը, ծնունդով Կարպասիայից (4): Ծերը հարյուր վեց տարեկան է (5), բայց ինքն է իր մասին հոգ տանում: Մի՞թե այժմ նման բան կտեսնես աշխարհում: Այժմյան որոշ թոշակառուներ քայլել անգամ չեն կարողանում, նրանց ոտքերը թուլանում են, իրենք ճարպակալում են անընդհատ նստելու պատճառով ու բոլորովին անպիտան են դառնում: Իսկ եթե նրանք որևէ գործով զբաղված լինեին, ապա մեծ օգուտ կստանային դրանից: Մի անգամ Հայր Հովսեփին Վատոպեդի մենաստան տարան: Նրա բոլոր իրերը լվացին, իրեն լողացրին, հոգատարությամբ շրջապատեցին: Իսկ նա նրանց ասաց. «Այստեղ գալու օրվանից հիվանդացա: Եվ դա ձեր պատճառով եղավ: Ինձ ետ տարեք, որ իմ խցում մեռնեմ»: Դե ի՞նչ անեին, ստիպված էին ետ տանել: Ես էլ գնացի նրան տեսակցության: «Դե ինչ,- ասում եմ,- լսել եմ մենաստան ես տեղափոխվել»: «Այո,- պատասխանում է,- կար նման բան: Մեքենայով եկան, ինձ Վատոպեդ տարան, լողացրին, մաքրեցին, խնամում էին, բայց ես հիվանդացա ու նրանց ասացի. «Ինձ ետ տարեք»: Չէի հասցրել վերադառնալ, երբ ապաքինվեցի»: Ինքն արդեն չի տեսնում, բայց համրիչներ է հյուսում: Մի անգամ մի քիչ վերմիշել փոխանցեցի նրան, իսկ նա նույնիսկ վիրավորվեց. «Մի՞թե Հայր Պաիսիոսն ինձ թոքախտավոր հիվանդի տեղ է դրել, որ վերմիշել է ուղարկում»: Պատկերացրեք, լոբի, ոլոռ, բանջարեղեն է ուտում ու այնպիսի առողջություն ունի, ինչպես երիտասարդ տղայինն է: Երկու ցուպերի վրա հենված է քայլում և հաջողեցնում է միևնույն ժամանակ խոտաբույսեր հավաքել, որոնք եփում, ուտում է: Բանջարանոցում սոխ է ցանում: Հագուստն ու գլուխը լվանալու համար ինքն է ջուր բերում: Իսկ հետո ծառայություն էլ է մատուցում, ինքն է Սաղմոսները կարդում, իր վանական կարգն է կատարում, Հիսուսի աղոթքն է անում: Երկու տանիքագործի էր վարձել, որպեսզի տանիքը վերանորոգեն և ձեռնափայտերով սանդուղքով վեր էր բարձրացել, որ տեսնի, թե ինչպես են աշխատում: «Ցած իջի՛ր»,- ասում են վարպետները: «Դե ո՜չ,- պատասխանում է, - բարձրանամ, տեսնեմ, թե ոնց եք աշխատում»: Իհարկե, նա շատ է տանջվում: Բայց գիտե՞ք, թե ինչպիսի ուրախություն է ապրում: Նրա սիրտը թռչունի պես վեր է սլանում: Մյուս վանականները թաքուն վերցնում են նրա հագուստն ու լվանում: Մի անգամ հարցրեցի նրան. «Հագուստդ ի՞նչ ես անում»: «Հաճախ են ինձնից թաքուն վերցնում ու լվանում,- պատասխանեց,- բայց ես էլ եմ լվանում, տաշտի մեջ եմ դնում, վրան ջուր եմ լցնում, դեռ մի բան էլ «քլին» եմ ավելացնում (6): Մի քանի օրից խելոքի պես մաքրվում է»: Տեսնո՞ւմ ես, թե ինչպիսի վստահություն ունի առ Աստված: Ուրիշներն ամեն ինչ ունեն, բայց դրա հետ մեկտեղ՝ նաև վախ ու նման բաներ: Իսկ նա խնամքից էր հիվանդացել, բայց հենց որ հանգիստ թողեցին՝ առողջացավ:

Հեշտ կյանքն օգուտ չի տալիս մարդուն: Հարմարավետությունը վանականի համար չէ, հարմարություններն անապատին պատիվ չեն բերում: Դու կարող ես շփացած լինել անցյալում, բայց եթե առողջ ես, ապա պետք է կոփվես: Այլապես դու վանական չես:

 

1) Եվրոպացիների և Արևմուտքի մասին խոսելիս, ծերը Ամերիկայի կամ Արևմտյան Եվրոպայի ժողովուրդներին չի անարգում, բայց ուզում է այդ երկրներում տիրող անաստվածության ու ռացիոնալիստական ոգին դիմակազերծել:

2) Նապոլեոն Զերվաս (1891-1957) - «Հունական ազգային դեմոկրատական միություն», հակաֆաշիստական շարժման առաջնորդ: Այս շարժումը գործում էր Էպիրի և Հունաստանի մի քանի այլ մարզերի նացիստների դեմ:

3) Նստանյարդի բորբոքում:

4) Քաղաք Կիպրոսում:

5) 1990թ. նոյեմբերին:

6) Հայր Հովսեփը “Clean” լվացքի փոշին նկատի ուներ:

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

07.11.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․