Գրքեր

Բուն Բարեկենդանի քարոզ

Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ.

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Բուն Բարեկենդանն է, իսկ վաղվանից սկսվում է Մեծ Պահքը, որ պիտի մեզ ուղղորդի դեպի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը: Այսօր տոնախմբում ենք Բարեկենդանը՝ մեր երբեմնի դրախտային կյանքի մասին հիշողություններով և ապագայում դրան հասնելու տեսիլքով: «Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն կամ բարի կյանք: Այն խորհրդանշում է մարդու երանական վիճակը դրախտում: Մարդն ապրում էր Աստծո ներկայությամբ, մարդը երջանիկ էր, և նրան խորթ էին վիշտն ու ցավը, դառնությունն ու տառապանքը: Չնայած հիշատակում ենք դրախտային երանելի վիճակը, որում գտնվում էր մարդը, սակայն, մեր հայրերի սահմանած կարգի համաձայն, երեկ երեկոյան փակվել են մեր եկեղեցիների վարագույրները: Փակ են, բայց մենք գիտակցում ենք, որ դրանք, Աստծո խոստման համաձայն, բացվելու են մեզ համար արդեն իսկ Ծաղկազարդին: Խորանը խորհրդանշում է երկինքը, իսկ վարագույրը՝ երկնքի դռները, որոնք անպայմանորեն բացվելու են մեր առաջ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսով. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը», ասում է Քրիստոս (Հովհաննես 14:6): Ուշագրավ է, որ Մեծ Պահքի սկզբում Բուն Բարեկենդանն է և ավարտվում է Սուրբ Հարության տոնով, իսկ այդ երկու տոների միջև ապաշխարության շրջան է: Այսու մենք հիշատակում ենք, որ մարդ ապրում էր եդեմական պարտեզում և կորցրեց այն, մյուս իրողությունը համընդհանուր հարությունն է, որ խոստացվել է մարդկությանը: Այսինքն՝ Աստված մեզ վերադարձնելու է այն, ինչ ինքներս կորցրինք: Հիսուս Քրիստոս եկավ մարդկության փրկության համար և սովորեցրեց պատվիրանապահություն, ճշմարիտ քրիստոնեական կենցաղավարություն, առաքինություն: Նա մեզ ուսուցանեց ընթանալ Իր օգնությամբ և Իր օրհնությամբ: Ուստի՝ մենք էլ Բարեկենդանից մինչև Հարություն, ծնունդից մինչև մահ պիտի ընթանանք Քրիստոսով, դեպի Երկնային Արքայություն, որովհետև Նրա զորությամբ պիտի զորանանք մեր տկարության պահերին, Նրա օգնությամբ պիտի հաղթահարենք փորձությունները: Կնոջ երկունքը նույնպես ցավ ու տառապանք է նրա համար, բայց երբ ծնվում է մանուկը, ուրախությունն ու ցնծությունն այնքան մեծ են լինում, որ այլևս չի հիշվում տառապանքը: Այդպես է և Մեծի Պահոց ապաշխարության ընթացքը, որի ավարտը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հարությունն է և հիշեցնում է ողջ մարդկության հարության և փրկության մասին, որին պիտի արժանանանք: Մեծ Պահքը իր ուրույն տեղն ու դերն ունի յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում: Այն ապաշխարության մի պարտեզ է, որ հագեցնում է ճաշակողին: Նրա վախճանն ու պարգևած բերկրանքը երևում են միայն ճաշակելիս: Մեծ Պահքի կիրակիներից յուրաքանչյուրն ունի իր անվանումը, քանի որ այն մի հոգեշահ գիրք է, որի էջերը պատմում են մարդու պատվիրանազանցության և դրախտից արտաքսման մասին, դեպի Աստված վերադառնալու և ներում հայցելու, Հայր Աստծո գթառատության մասին, հարատև աղոթական կյանքի և կյանքը խելացի կերպով ապրելու մասին: Մեծի Պահոց շրջանում ընթերցվող առակները, որոնք պատմվել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի կողմից, մշտապես արթուն լինելու կոչեր են՝ ուղղված մարդկությանը: Եկեղեցին հորդորում է զղջալ մեղքերի համար և խոստովանությամբ մաքրվել: Ինչպես ասում է Սուրբ Պողոս առաքյալը, պետք է հրաժարվել մեր մեջ եղած հին մարդուց. «Հեռո՛ւ վանեցեք ձեզնից հին մարդուն իր նախկին կենցաղով, այն, որ ապականված է խաբեպատիր ցանկություններով, նորոգվեցե՛ք ձեր մտքով ու հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու՝ արդարությամբ և ճշմարիտ սրբությամբ» (Եփեսացիներ 4:22-24): Նույնն է ասում և կողոսացիներին ուղղված նամակում. «Հանեցե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով և հագե՛ք նորը, այն, որ նորոգված է գիտությամբ, ըստ իր Արարչի պատկերի» (Կողոսացիներ 3:9,10): Մեծ Պահքի քառասնօրյա ապաշխարության շրջանի անբաժան մասն են կազմում Աստվածաշնչի ընթերցանությունը, աղոթքը, ողորմությունը, մասնակցությունը սուրբ և անմահ պատարագներին, մեղքերի խոստովանությունը, ուխտագնացությունները, ինչպես նաև անհատական առաքինությունների գործադրումը՝ ներողամտությունը, համբերատարությունը, գոհունակ սիրտն ու շրթունքները, կամավոր խոնարհությունը, չդատելը, լեզուն և ականջները բամբասանքներին չտրամադրելը, զանազան տեսակի հաճույքներից ու գայթակղություններից զգայարանները մաքուր պահելը, վեճերից խուսափելը: Եսայու մարգարեության մեջ Տերն ասում է. Լվացվեցե՛ք, մաքրվեցե՛ք, Իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափեցեք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին, սովորեցե՛ք բարիք գործել, արդարություն փնտրեցե՛ք, փրկեցե՛ք զրկվածին, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրուն: Եկե՛ք խոսենք իրար հետ, – ասում է Տերը. – Եթե ձեր մեղքերը արյան պես կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպես բուրդ: Քրիստոնեությունը երկխոսություն է, ինչպես համոզվեցինք, Աստված սիրում է մարդու հետ փոխհարաբերվել: Եվ այդ երկխոսության բանակցավայրը եկեղեցին է, որտեղ տեղի է ունենում մարդ-Աստված հանդիպումը: Մեծի Պահոց շրջանում կատարվող Սուրբ Գրքի ընթերցանությունն ու աղոթական կյանքը, ողորմատվությունը, զղջումն ու խոստովանությունը ևս առավել մերձեցնում են մարդուն իր Արարչի հետ, քանի որ մեղսագործությամբ մարդը հեռացել էր իր Աստծուց: Սակայն Քրիստոսի խաչելությամբ Աստված մեկընդմիշտ ներեց մարդուն իր պատվիրանազանցության համար և առաջինը՝ իբրև սիրող և ներող հայր, վազեց ընդառաջ իր անառակ որդուն: Սիրելինե՛ր, եկեք Տիրոջից իմաստություն հայցենք՝ ըմբռնելու համար պահեցողության նշանակությունը մեր անձնական կյանքում, որպեսզի արժանավորապես հաղթահարենք փորձությունները և հասնենք բաղձալի նավահանգիստը և լսենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության ավետիսը: Եվ մեր պատշաճ ընթացքով արժանի լինենք վերջնակետին, որպեսզի ունայն չլինեն մեր տքնությունները, ինչպես հիմար կույսերի դեպքում եղավ, ամենավերջում Տերն ասաց, որ չի ճանաչում նրանց: Հիշենք, թե ինչպես ապաշխարեցին նինվեացիները. «Թագավորի ու նրա մեծամեծների կողմից Նինվեում հայտարարվեց ու ազդարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն: Եվ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտե աղոթեցին Աստծուն, բոլորը հետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից և անօրենություններից, որ իրենց ձեռքով էր կատարվում, և ասացին. «Ով գիտե, թերևս Աստված միտքը փոխի և հետ կանգնի Իր խիստ բարկությունից, և կորստի չմատնվենք»: Եվ Աստված տեսավ նրանց գործերը, քանի որ բոլորը հետ էին կանգնել իրենց չար ճանապարհներից. Աստված զղջաց այն չարիքների համար, որ ասել էր, թե կանի նրանց, և չարեց (Հովնան Գ:7-10): Սիրելի՛ հավատացյալներ, տա Աստված, որ մենք ևս կարողանանք այնպիսի արդյունավետ պահք պահել և այնպիսի շնորհների արժանանանք Տիրոջ կողմից, որոնք մնայուն և հարատև կլինեն մեր հոգիներում և մեր քրիստոնեական կենցաղավարության մեջ մեր ողջ կյանքի ընթացքում: Պողոս առաքյալի նման կարողանանք ասել. «Այո, Տե՛ր, բարի պատերազմը պատերազմեցի, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը» (Բ Տիմոթեոս 4:7): Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:

 

Տեր Վահան քհն. Առաքելյան

26.02.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․