Գրքեր

Դատավորի կիրակիի քարոզ

«Որդի Մարդոյ եկեալ՝ գտանիցէ՞ արդեօք հաւատս յերկրի»:

«Արդյոք երբ մարդու Որդին գա, երկրի վրա հավատք կգտնի՞» (Ղուկ. ԺԸ 8):

Ահա, սիրելի՛ հավատացյալներ, այս հարցն է հնչում այսօրվա Ս. Պատարագի Սուրբգրային ընթերցվածի վերջում, քանի որ Ս. Պատարագի ընթացքում այսօր ընթերցվում է Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը: Մեր հայրերն այս կիրակին Մեծի Պահոց կիրակիների շարքում անվանել են Դատավորի կիրակի: Քրիստոս այստեղ խոսում է մի այրի կնոջ մասին: Կին, որ կորցրել էր իր ամուսնուն և իր այրիացյալ լինելու պատճառով չափազանց խոցելի էր մյուսների կողմից իր անպաշտպանվածությամբ, որի համար էլ չէր կարողանում պաշտպանել իր իրավունքները: Նա մոտենում է քաղաքի դատավորին, որը հայտնի էր իր խստասրտությամբ, հայտնի էր մարդկանցից չամաչելու և Աստծուց չերկնչելու իր տխրահռչակ համբավով:

Դատավորից մի քանի անգամներ ակնկալելով իր արդար իրավունքի վերականգնումը, ոչ մի արդյունքի չի հասնում այրի կինը և սակայն, հակառակ ամեն անգամ անօրեն դատավորի կողմից դրսևորված անտարբերության, դրսևորած անհաղորդության իր հանդեպ, կինը անընդհատաբար, շարունակաբար դիմում է դատավորին՝ չկորցնելով երբեք լավատեսությունը, որ իր հայցը վերջիվերջո արդարորեն պիտի քննվի, և ահա, վերջապես, դատավորը անդրադառնում է այդ հարցին: Անդրադառնում է ոչ այնքան հաղորդ դառնալով կնոջ կարիքներին, այլ հատկապես սեփական հանգստությունը վերստին գտնելու ցանկությամբ, որպեսզի կինը անընդհատաբար չանհանգստացնի իրեն, և մտածում է, որ թերևս լուծում տա կնոջ խնդրանքին, որպեսզի այլևս նման անհանգստություն չպատճառվի իրեն, չնայած որ այդ ստիպողությունը իրեն ո՛չ մարդկանցից ունեցած ամոթից էր և ո՛չ էլ Աստծուց ունեցած երկյուղից:

Վկայակոչելով այս այրի կնոջ հետևողականությունը և անձանձրույթ դիմելը, Քրիստոս կատարում է հետևյալ ընդհանրացումը: Եթե անիրավ դատավորը, որ մարդկանցից ամոթ չունի և Աստծուց էլ երկյուղ չունի, ահա այսպիսի մոտեցում դրսևորեց, և վերջիվերջո, անկախ խնդիրը լուծելու շարժառիթից, լուծման արժանացրեց այրի կնոջ խնդրանքը, ապա որքան ևս արդար դատավորը, երկնավոր դատավորը պատրաստ պիտի լինի ընդառաջել մեր խնդրանքներին, ընթացք տալ մեր խնդրանքներին: Այս ընդհանրացումից հետո սակայն Քրիստոս վերջում հարց է ուղղում իրեն շրջապատողներին. «Սակայն արդյոք Մարդու Որդին երբ գա, այդքան հավատք, այդքան հետևողականություն, այդքան սեփական խնդրանքները տեղ հասցնելու համոզվածություն պիտի գտնի՞ մարդկանց մեջ, արդյո՞ք այդ հավատքը պիտի շարունակի ապրել մարդկանց մեջ, այնպես, ինչպես որ ուներ այրի կինը»:

Ահա այս է այն հարցը, որի պատասխանը դժվար է տալ: Եվ սակայն անդրադառնալով առակին, որպեսզի նրա գաղափարը առավել արժեցվի մեր մեջ, պետք է կատարել մի քանի ընդգծումներ, առանձնացնել մեզ համար ուսանելի մի քանի դրվագներ, մի քանի հատվածներ: Ինչո՞ւ համար այրի կնոջ խնդրանքները լուծում գտան, չէ՞ որ նա չուներ այնպիսի միջոցներ, որոնցով պարտադրանքի ենթարկեր դատավորին: Եվ ահա Քրիստոս տալիս է այս հարցի բացատրության բանալին: Նախ՝ այրի կինը չափազանց համոզվածություն ուներ, որ իր դիմումը անպայմանորեն պետք է լուծվի. այսինքն՝ առաջինը սեփական իրավունքները վերականգնելու նկատմամբ անսահման հավատք: Իսկ ինչ է հավատքը, եթե ոչ այն, որ արդարությունը կարող է վերականգնվել հակառակ գոյություն ունեցող առարկայական այն բոլոր դժվարությունների, որոնք նույնիսկ մեր ուժերից վեր են թվում հաղթահարել մեզ:

Իրապես, Պողոս առաքյալը հավատքը ձևակերպում է որպես հուսացված բաների ամբողջություն (տես Եբր. ԺԱ 1), բայց հավատքն ունի մեկ այլ կողմ ևս, համաձայն որի մենք հավատում ենք հակառակ նաև երբեմն ամեն անհուսության: Որևէ աշխարհային երևույթ, որևէ իրականություն չի կարող մեզ հոռետեսություն ներշնչել, չի կարող մեզ տարհամոզել, որ մեր խնդրանքը, մեր խնդիրը չի կարող լուծվել, եթե մենք իրապես հավատացած ենք այդ խնդրի լուծմանը: Ուրեմն առաջին հատկանիշը, որ դրսևորեց այրի կինը, անսահման հավատքն էր իր խնդրի լուծման նկատմամբ, և սակայն մեր հավատքը, քրիստոնյաներիս հավատքը նաև ենթադրում է, պարտադրում է որոշակի բարոյական և վարքագծային նորմեր:

Հավատքը մեզ պարտադրում է որոշակի բարոյական կաղապարներ, որոշակի բարոյական հասկացություններ, որոշակի միջոցներ, որոնցով կարող ենք հասնել մեր նպատակին, և ահա այդ միջոցների մասին խոսելիս վերստին անդրադառնում ենք այրի կնոջը: Ի՞նչը նա օգտագործեց որպես միջոց: Որպես միջոց օգտագործեց խոնարհությունը: Եվ ի՞նչ է խոնարհությունը: Խոնարհությունը սեփական արժանիքների գիտակցումի հետ նաև սեփական անձի բացարձակեցումից հրաժարվելն է: Անձը գիտի, որ ունի արժանիքներ, ունի շնորհ, կոչված է կրելու Աստծո պատկերը, բայց նաև դա իր համար ամբարտավանության, սեփական անձը բացարձակացնելու, աստվածացնելու առիթ և պատճառ չէ:

Այրի կինը գիտակցում էր իր արժեքը, գիտեր, որ անձ է, կրում է Աստծո պատկերը, Աստծո նմանողությունը, բայց հեռու էր այն մտքից, որ բացարձակ է, և չէր ամաչում, չէր երկնչում իր տկարությունները մեջտեղ բերել: Ինքը իրեն չէր աստվածացնում, չէր բացարձակացնում և նույնիսկ չէր խորշում իր խնդրանքի լուծման համար դիմել մի դատավորի, որը խստասիրտ, անիրավ դատավորի համբավ ուներ:

Խոնարհ անձը իրապես երբևէ տարբերություն չի դնում՝ թե իր խնդրանքով դիմում է արդար անձի՞, թե՞ անարդար անձի: Իր համար էականը ոչ թե անձն է, այլ այն լավատեսությունը, որ Աստված իրապես օգնելու է իրեն իր խնդրանքը մինչև վերջ ի կատար ածելու: Հաջորդ հատկանիշը, որ դրսևորեց այրի կինը, դա անսահման համբերությունն էր և հաստատակամությունը: Մենք երբեմն ունենում ենք հստակ որոշած նպատակակետեր, ունենում ենք խոնարհություն, բայց մեզ շատ հաճախ պակասում է այդ հաստատակամությունը, համբերությունը, հետևողականությունը:

Մեզ համար հստակ է նպատակակետը, ունենք խոնարհությունը, ունենք պատրաստակամությունը դռներ բախելու, սեփական անձը չբացարձակացնելու, մեզնից դուրս այլ հեղինակություններ ևս ճանաչելու և հատկապես ճանաչելու, բայց երբեմն մեզ չի բավարարում մեր համբերությունը և հաստատակամությունը, որոնք սակայն ուղղակիորեն պայմանավորված են այն իրողություններով, թե մենք որքանով ենք համոզված մեր խնդրի լուծմանը: Եթե այդ համոզվածությունը մեր մեջ զորավոր է, լուծմանը սպասելն ու հավատալը ևս կլինի զորավոր:

Ահա այս երեք հատկանիշները՝ համոզվածություն, խոնարհություն և հարատևություն, այս առակով ուսուցանում է մեզ Քրիստոս: Այս երեքը որպես հավատքի ամբողջություն պետք է ունենանք յուրաքանչյուրս՝ հասնելու համար այն բաղձալի նպատակակետին, որին մենք կոչված ենք որպես քրիստոնյաներ, որպես հավատացյալներ:

Հիմա անդրադառնանք այն հարցին, որը Քրիստոս վերջում ուղղեց Իրեն շրջապատողներին՝ մեզ ամենքիս: Եթե Մարդու Որդին գա, կգտնի՞ այդքան հավատք, կգտնի՞ այդքան համոզվածություն, այդքան խոնարհություն, հավատքի այդքան հարատևություն մեր մեջ, որպեսզի յուրաքանչյուրս կարողանանք փրկվել: Անշուշտ հիմա մենք ևս կարող ենք խորհրդածել այս հարցի շուրջ:

Այսօր, երբ հաճախ տեսնում ենք, որ շատերն ինքնահռչակ դատավոր են կարծում իրենց և իրենցից դուրս դատավոր չեն ճանաչում, երբ հաճախ մի գաճաճ ծառ մի ամբողջ անտառ է դատում, երբ հաճախ մի քար մի սար է դատում, երբ հաճախ մենք ինքներս մեզ բացարձակացնում ենք, մեզանից դուրս այլ հեղինակություններ չենք ճանաչում, երբ հաճախ ամեն ինչի առանցքում մենք ինքներս մեզ ենք դնում, այն ժամանակներում արդյոք Մարդու Որդին կգտնի՞ այդ հավատքը, կգտնի՞ այդ խոնարհությունը, կգտնի՞ այդ համոզվածությունը և կգտնի՞ այդ հարատևությունը, որով մենք կարող կլինենք փրկվել:

Դժվարանում եմ ասել՝ կգտնի, թե չի գտնի, բայց միարժեքորեն կարելի է ասել, թե միայն ինչ դեպքում և ինչ պարագաներում անձը կարող է իրեն փրկել: Կարող եմ ասել, քանի որ ամբողջ Սուրբ Գրոց հայտնությունը այդ մասին մեզ հուշում է, մեզ հուշարար է, անսպառ մի աղբյուր է այդ փրկությունը մեզ ավանդող: Սաղմոսերգուն ասում է, որ սուրբ սրտին և խոնարհ հոգուն Աստված երբեք չի արհամարհում: Սրտի սրբությունը և հոգու խոնարհությունն են գրավական Աստծո բարյացակամությանը, Աստծո բարեհաճությանը արժանանալու:

Մարգարեն ասում է, որ իրենց քրտինքով շինված տունը կարող են վաստակել միայն նրանք, ովքեր որ հավատարմություն ունեն, ովքեր որ խոնարհություն ունեն: Իրենց այգու պտուղը կարող են ուտել միայն նրանք, ովքեր որ իրապես խոնարհություն ունեն և հավատարմություն ունեն: Պողոս առաքյալն ասում է, որ մեր ուժը, մեր զորությունը մեր տկարության մեջ է: Քավ լիցի, որ մարգարեն երբևիցե քարոզեր տկարություն, բայց մարգարեի խոսքերը ուսուցանում են, որ մենք զորավոր ենք այն ժամանակ, երբ որ պատրաստ ենք մեր տկարությունները բացահայտել, երբ որ չենք երկնչում մեր թերություները բացախոսելու, և Աստված իրապես տկարների հետ է, որի համար է Պողոս առաքյալը ասում. «Երբ տկարանում եմ, այն ժամանակ է, որ զորանում եմ»:

Ուստի միայն սեփական անձի տկարությունը մատնանշելու, թերացումները մատնանշելու ճանապարհով է, որ մենք կարող ենք իրապես հասնել այն բաղձալի նպատակակետին, որին հասավ այրի կինը, հակառակ որ իր առջև կանգնած էր անսիրտ և անհոգի և անարդար մի դատավոր: Եթե այս դեղամիջոցները, այս ճանապարհները կարող են փափկացնել, կարող են խնդրի լուծում ապահովել անարդար դատավորների մոտ, ուրեմն որքան դրանք ցանկալի, արդյունավետ և ընդունելի միջոցներ են արդար դատավորների առջև: Իրապես, արդար դատավորը մշտապես գրկաբաց է մեր առջև, և մեզ միայն մնում է ընթանալ այն ճանապարհով, այն շավղով, որը Քրիստոս գծեց մեզ համար՝ հավատքի, համոզվածության, խոնարհության և հարատևության ճանապարհով ու շավղով: Եվ թող Աստված զորացնի մեզ ամենքիս մեր այս ջանքերի մեջ այս ճանապարհով ընթանալու, այժմ և հավիտյանս հավիտենից. ամեն:  

 

Տ. Արշակ եպս. Խաչատրյան

(Քարոզը խոսվել է Ս. Էջմիածնի Մայր Տաճարում Դատավորի կիրակիին մատուցված Ս. Պատարագին, 6 մարտի 2005 թ.)

 

31.03.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․