22 Նոյեմբեր, Ուր, Հիսնակաց պահքի Ե օր

Գրքեր

Դեպի կատարելություն ձգվող աղոթքի ուղին

Աղոթքը կատարելության հիմքն է, ամեն անգամ աղոթքի ճանապարհ անցնողը ձգտում է կատարելության՝ Տիրոջ հետևյալ խոսքի համաձայն. «Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Ճշմարիտ աղոթքը, որ միավորում է մարդուն Բարձրյալի հետ, ոչ այլ ինչ է, եթե ոչ լույս և ուժ, որ բաշխվում է երկնքից աղոթող սրտերին: Քրիստոնյայի կյանքը, ըստ էության, Քրիստոսին հետևելու մի ուղի է: «Հետևիր Ինձ» (Հովհ. 21:22),- ասում է Քրիստոս Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդուն: Եվ Քրիստոսի հետևորդը, իր խաչը վերցնելով, փորձում է անցնել Քրիստոսի անցած ուղին՝ չմոռանալով Նրա խոսքը, որ ասում է. «Առանց Ինձ դուք ոչինչ անել չեք կարող» (Հովհ. 15:5):

Հոկտեմբերի 14-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, հերթական աղոթքի ճանապարհն անցավ: Երիտասարդ ուխտավորների աղոթական օրն անցավ Արագածոտնի թեմի սրբավայրերում: Նրանք միասնական աղոթքի կանգնեցին նախ Մուղնիի Ս. Գևորգ եկեղեցում (XIII դ. 1-ին կեսին), որն, ըստ XVII դ. պատմագիր Զաքարիա սարկավագի՝ հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ այնտեղ տեղափոխելով Ս. Գևորգի մասունքները:

Այնուհետև «Զորավոր» երիտասարդաց միությունն ուղևորվեց դեպի Կարբիի Ս. Աստվածածին եկեղեցի (1693 թ.): Ընդհանրական աղոթքից հետո Տեր Վահանը երիտասարդներին ներկայացրեց եկեղեցու կառուցման պատմությունը:

Հոգևոր մեծ ուրախությունը սրտում՝ երիտասարդները շարունակեցին իրենց ուղին՝ այս անգամ աղոթքի ուրախությունն ապրելով Հովհաննավանքում: Ըստ ավանդության՝ վանքի հիմնադիրը և առաջին վանահայրը եղել է մեր առաջին հայրապետը՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը, ով այստեղ է բերել և թաղել Ս. Հովհաննես Մկրտչի մասունքները: Երիտասարդ ուխտավորները վանքում պսակադրության արարողություն դիտեցին, ապա Ս. Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը խնդրեցին՝ Հայոց ազգի և Հայ եկեղեցու անսասանության համար:

Հաջորդ և օրվա վերջին սրբավայրը, որ ուրախություն ապրեց և ուրախություն բաշխեց երիտասարդներին, Սաղմոսավանքն էր: Սաղմոսավանքը հիմնադրել է Ս. Գրիգոր Լուսավորիչը 325-330 թթ.: Իսկ Սաղմոսավանքի վանական համալիրը, որը հիմնականում բաղկացած է Ս. Սիոն եկեղեցուց, գավթից, Ս. Աստվածածին եկեղեցի-գրատնից, կառուցել են Այրարատ աշխարհի կողմնապետներ, հայր և որդի Վաչե ու Քուրդ Վաչուտյանները 1215-1255 թթ.:

Երիտասարդները նաև հաղորդ դարձան Սաղմոսավանքի հիմնադրման հետևյալ պատմությանը, որի համաձայն մեր առաջին հայրապետը, կաթողիկոսական աթոռը հանձնելով իր կրտսեր որդուն՝ Արիստակեսին, հեռանում է Արագած լեռը՝ ճգնության:

Հայրապետն ամռանը ճգնում էր Արագածի գագաթին, որտեղ կառուցեց մի փոքրիկ եկեղեցի՝ Ս. Երրորդություն անունով և այնտեղ կախ տվեց մի աներևույթ կանթեղ՝ առանց պարանի, այն լցրեց իր արտասուքով ու խնդրեց Աստծուն, որպեսզի երկնային լույսով վառելով՝ անշեջ մնա մինչև աշխարհի վախճանը: Ձմռանը Ս. Գրիգոր Լուսավորիչն իջնում էր Արագածի ստորոտը, Քասախ գետի ձորը և այնտեղ կատարում իր աստվածային ծառայությունը: Նա երբեմն մնում էր ձորում և երբեմն կիրճի վերևի բարձրահայաց տեղում: Այդ երկու վայրերում նա կառուցեց փոքրիկ եկեղեցիներ, վերևի եկեղեցու անունը դրեց Սաղմոսաց մենաստան, որպեսզի մշտապես սաղմոսերգություն կատարեին: Իսկ 1215 թ-ին իշխան Վաչե Վաչուտյանը կառուցում է Սաղմոսավանքի Ս. Սիոն եկեղեցին: Կարծիք կա, որ եկեղեցու անունը պատահական չի ընտվել. սրբազան քաղաք Երուսաղեմի ամենաբարձր բլրակը կոչվում է Սիոն, իսկ Քասախի կիրճի սաղմոսավանյան ձորափը ամենախոր հատվածն է: Հրեից Դավիթ թագավորը շատ է սիրել Երուսաղեմի Սիոն լեռն՝ իր գեղեցկության և ամրության համար: Չի բացառվում, որ Դավիթ արքան իր սաղմոսների մի մասը հորինած լինի առինքնող Սիոն լեռան վրա զբոսնելիս: Այս հանգամանքները հաշվի առնելով է Վաչե Վաչուտյան մեծ իշխանն իր նորակառույց եկեղեցին կոչել Ս. Սիոն:

Սաղմոսավանքի բազմադարյան օրհնությունը, շրջակա գեղատեսիլ բնությունը և սիրո ճաշը վայելելուց հետո երիտասարդ ուխտավորները վերադարձան Երևան: Աղոթքի և ապաշխարության ուղին մարդուն վերադարձնում է իր բնական վիճակին, իր ուրախության աղբյուրին՝ Աստծուն, Ով մարդ դարձավ, որպեսզի փրկի մարդկանց՝ հոգալով նրանց հավիտենական ուրախության մասին: «Միշտ ուրա՛խ եղեք, անդադար աղոթեցեք: Ամեն բանի համար շնորհակա՛լ եղեք, որովհետև Աստված այդ է սպասում ձեզնից, որ միացած եք Հիսուս Քրիստոսին» (Ա Թեսաղոնիկեցիներ 5:16-18):

 

Կարինե Սուգիկյան

14.10.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․