Գրքեր

ԴՐՎԱԳՆԵՐ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈԳԵՎՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

Պահքի ընթացքում, մասնավորաբար Մեծ Պահքի ժամանակ փորձություններն ավելանում են: Դրանք լինում են արտաքին և ներքին: Որոշակիորեն անդրադառնանք այդ փորձություններից մի քանիսին: Դրանք հաճախ պահք պահած մարդու հոգևոր անդորրը խաթարում են, խոչընդոտում` թույլ չտալով պահքի ընթացքում ձեռք բերել նոր հոգևոր պտուղներ: Խավարի իշխանության ներքո գտնվող երկնային էակները, որոնց դևեր են անվանում, իրենց ներգործուն դերն ունեն այս ամենի մեջ: Ասում են, երբ ավելի լավ ես ճանաչում թշնամուն, նրան հաղթելը, ինչպես նաև փորձությունները շրջանցելն ավելի դյուրին է դառնում: Մարդու մեծագույն թշնամին սատանան է... ինչո՞ւ, որովհետև ոչ ոք չի ատում մարդուն այնքան, որքան խավարի հրեշտակն է ատում և ցանկանում ստրկացնել, կործանել նրան: Այս մասին Սբ. Պետրոս առաքյալն ասում է. <<Արթո՛ւն եղէք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թէ ո՛ւմ կուլ տայ>> (Ա.Պտ 5:8): Սբ. Հովհան Ոսկեբերանը վկայում է, որ չար ոգին առավել ուժգնությամբ հարձակվում է հոգևոր կյանքում առաջադիմել ցանկացողների վրա: Այնտեղ են շատ ցանցեր հյուսվում, որտեղ առաքինություններ կան: Բնութագրենք սատանայի գործելակերպերից մի քանիսը` մարդուն համոզելու կարողությունն է, հավաստիացնում է, որ ինքը գոյություն չունի, այդ ամենը լեգենդ է, միֆ: Առավելապես մոտենում է փորձելու բնական կերպերով, ինչպես օրինակ` Եվային մոտեցավ օձի միջոցով և ոչ իր իրական հոգեղեն էությամբ, որպեսզի մարդը զգոն չլինի ու չհասկանա, որ փորձության առջև է կանգնած: Աստծո հանդեպ վստահությունը, հավատքը կասկածանքի ենթարկելը: Աշխատում է համոզել, որ հավատքն առ Աստված, հոգևոր աշխարհն անլրջություն են և ոչ իրականություն, պարզապես հեքիաթներ են և միակ իրական կյանքը սա է` երկրայինը, ներշնչում, որ մարդը պետք է տեսնի, հասկանա ու ճիշտ համարի իր երևակայած, այլ ոչ թե իրական աշխարհը: Ճշմարտությունը խեղաթյուրում է` այն ցույց տալով որպես իրական ճշմարտություն: Ներկայանում որպես բարի ու լուսավոր հրեշտակ և մարդու ազատարար, ինչպես նաև իր գաղափարները ներկայացնում այդպիսին (Բ Կորնթ. 11.14-15): Աղավաղում է արժեքների ընկալումը, մարդու մտածելակերպում գերակա է դարձնում նյութականը և ոչ թե հոգևորը: Շեղում ողջամիտ մտածողությունը դեպի մարմնականը և մեղքը: Ուսումնասիրում է մարդու էությունը, հոգեբանությունը, գտնում է մեր տկարությունները և հարվածներն ուղղում առաջին հերթին այդ ուղղությամբ: Խախտում անհատի հոգեկան աշխարհի հավասակշռությունը, լարվածություն ստեղծում նրա ներաշխարհում ու աշխատում պահպանել այդ լարվածությունը զանազան հոգեբանական փորձություններով, այսպիսով ջանում ներգործել և կառավարել մարդուն: Վստահություն ներշնչում անհատին, թե այդ մարդն <<աստված>> է, և բոլորը պետք է կենտրոնացած լինեն դեպի իր անձը, և այլ ոչ թե տվյալ քրիստոնյան մյուսների հետ դեպի Երկնավոր Հայրը: Մեղքը ներկայացնում իբրև բնական երևույթ, իսկ սրբությունը անհասանելի ու խորթ մարդու համար: Հավաստիացնում, թե բոլորը պետք է համակերպվեն, անկարող են երբևէ հաղթահարելու մեղքը ու բնականորեն պետք է հաշտվել, որ մեղք գործելը սովորական է, բնական կյանքի երևույթ և առօրյայի մասը պետք է կազմի: Մյուս կողմից, եթե այդպես չի ստացվում փորձության մատնել, համոզում, որ մարդն ունակ է ինքնուրույն ամեն ինչ հաղթահարել, ամենակարող է, բարձր է բոլորից, սուրբ է և հոգևոր` մարդուն աննկատ գցելով խստասրտության և հոգևոր անտեսանելի հպարտության մեջ, որը բավականին դժվար նկատելի է նույնիսկ փորձառու հոգևոր մարդկանց համար: Մարդու ցանկությունը դարձնում բացարձակ և կյանքի նպատակ ու իմաստ: Երբեմն էլ դևերը երազներում երևում են նաև լուսե հրեշտակների կերպարանքով, կամ այլ կերպերով, նույնիսկ խաչակնքվում են` ցույց տալու համար, որ չեն վախենում Քրիստոսի հաղթության խաչից, սակայն դա այդպես չէ. նրանք այդպես են վարվում կասկած գցելու հավատացյալի սրտում…: Նրանք իրոք վախենում են Քրիստոսի հաղթության Սուրբ Խաչից, սակայն հավատքով խաչակնքվելը և պարզապես խաչանքվելը տարբեր իրողություններ են: Նրանք վախենում են, երբ հավատքով ես խաչակնքվում: Նաև նշենք, որ չար ոգիներ կան, որոնք ուղղակի չեն փախչում խաչակնքվելուց, սա նույնպես կարող է հավատացյալներին շփոթմունքի մատնել: Երբեմն կարող ես մի քանի անգամ խաչակնքվել,

սակայն տվյալ չար ոգին չհեռանա ու չփախչի: Բնականաբար այստեղ էական է նաև տվյալ քրիստոնյայի հավատքի խորությունն ու փորձառությունը: Եթե ժամանակ կար, որ խաչակնքվում էիր, և դևերը հեռանում էին, ապա գալիս են ավելի զորավոր չար ոգիներ, որոնք արդեն իսկ չեն փախչում տվյալ խաչակնքումից: Արդ, մնում է հավատքի մեջ ավելի զորանալ և աճել, որպեսզի Աստծո միջոցով ավելի ուժեղ լինել, քան տվյալ արարածները:

Սատանայի ամենամեծ զենքերից մեկը աննկատ գործելու մեխանիզմն է` նպատակը` կառավարել մարդուն` ազդելով նրա մտքի, զգացմունքների, հոգեկան աշխարհի վրա: Հոգևոր կյանքի տարբեր ժամանակահատվածներում մարդիկ հաճախ հանդիպում են մի փորձության, երբ վատ մտքերն անհանգնստացնում են: Ամեն տեսակի վատ մտածումներ են գալիս, առաջանում մարդու բանական դաշտում, հաճախ էլ զգում ես, որ երբևէ այդպես չէիր մտածի, բայց անդադար վատ, նույնիսկ պիղծ մտածումներ են ծնվում, որոնց մասին չէիր ուզենա երբևէ մտածել: Մանավանդ նման իրավիճակներ են լինում, երբ քրիստոնյան աղոթում է կամ եկեղեցում է, հոգևոր գրականություն է կարդում, սրբապատկերներին է նայում և այլն: Մասնավորաբար այդպիսի մտային գրոհներ հանդիպում են նաև այն պահերին, երբ մարդ դեպրեսիա, սթրեսներ է ապրելիս լինում, հոգեբանական խնդիրների մեջ է լինում կամ տկարացած ու հիվանդ է լինում, որոնք առավելապես կապված են նյարդային համակարգի հետ: Նման մտային գրոհները հիմնականում խավարի հրեշտակների ձեռագիրն է, որոնք աշխատում են այդ կերպ մարդուն հանել հավասարակշռությունից, պահել հոգեկան լարվածության մեջ: Սբ. Նեղոս Սինայեցին ասում է, որ դևերը հոգու դեմ պայքարում են մտածմունքների միջոցով, որոնց պետք է դիմակայել համբերությամբ, ու նրանք տեսնելով ճակատամարտի զորավոր առաջնորդին, արդեն վախով են պատերազմի մտնում: Մտագրոհների փորձությանը հաճախ առնչվում են նորադարձները, որոնք առաջին քայլերն են կատարում հավատքի մեջ, սակայն լինում են դեպքեր, երբ ավելի փորձառու չար ոգիներն այսպիսի փորձության առջև են կանգնեցնում հասուն հավատք ունեցող հավատացյալներին: Այդ դեպքում նման մտագրոհները լինում են անդադար, երկարատև և շատ ավելի խիստ: Սովորաբար ասվում է, թե դևերը չեն ընկալում մեր մտքերը, այլ հասկանում են մարդկանց արտաքին շարժումներից, մոտեցումից, թե ինչ մտածումներ ունենք, սակայն կան ավելի ուժեղ չար ոգիներ, որոնք կարդում են մտքերը և դեռևս մարդն իր մտածումի, գաղափարի ավարտին չհասած, նրանք անմիջապես տվյալ մտածումը եղծում են ու ուղղում դեպի Աստծու կամքին հակառակ ուղղության (հիշենք նաև, որ հանդերձյալ աշխարհում մարդկանց հոգիներն էլ առանց խոսելու հասկանում են միմյանց` կարդալով միմյանց մտքերը): Պարզապես պետք է զգոն լինել ու բավականին հոգևոր փորձառություն ձեռք բերել, որպեսզի կարողանալ տարբերել, թե դրանք իրապես քո մտքերը չեն, այլ օտարոտի, քողարկված նույնանման մտքեր, որոնք կարող են շփոթեցնել և մոլորեցնել` տեղիք տալով մարդուն, թե ինքն է այդպես կարծում ու աստվածանարգ մտքեր ունենում: Ուստի, Սբ. Մակար Մեծն ասում է. <<Մտիր սրտիդ մեջ և այնտեղ պատերազմիր չարի դեմ>>: Նման պարագաներում կարևոր է, թե տվյալ անձն իր կամքը ոչ թե տեսությամբ, այլ ներգործությամբ ում հետ է համագործակից դարձնում: Աբբա Եսային նշում է, թե չնայած, որ դևերը փորձություններ են բերում մեր վրա, այնուամենայնիվ առանց մեր թույլտվության այն իրականացնել չեն կարող: Մեծ դեր է կատարում այստեղ նաև պահքը, քանի որ հաճելի ցանկություններից հրաժարումը զորացնում է կամքը և ինքնավերահսկումը, ինչպես Սբ. Բարսեղ Կեսարացին է պատգամում. <<Հսկիր ինքդ քեզ>>: Երբ մարդ իր կամքի համագործակցությունն է տալիս աստվածային կամքին ու հնազանդվում Բարձրյալի կամքին, նրան անմիջապես օգնության են գալիս պահապան հրեշտակները, որովհետև մարդն ինքնուրույն, մշտապես, օր ու գիշեր իզորու չէ կասեցնել և հեռացնել հարատև տևող նման մտքերի գրոհներն ու ճնշումները: Երկու պահապան հրեշտակները, տեսնելով տվյալ անձի հնազանդությունն Աստծո կամքին, անմիջապես սկսում են չեզոքացնել դևերի մտագրոհների հարձակումները, թույլ չեն տալիս չար ոգիներին մոտենալ և պաշտպանում են մարդուն: Որպեսզի պահապան հրեշտակները գործեն, մարդը պետք է հրաժարվի մեղքից, ապաշխարի, պահք պահի: Իսկ չար ոգիները, եթե հասնում են իրենց նպատակին, ուժեղացնում են մտային գրոհները և մարդու առջև բերում պատկերներ, խորհրդավոր ձայներ, վախ ներշնչում ու ամբողջովին հոգեբանորեն ընկճում, իրենց ազդեցությանը ենթարկում: Այս միջոցով քրիստոնյային ուզում են կտրել Աստծո հետ

հաղորդակցությունից` ներշնչելով, թե արժանի չես Քրիստոսի ներկայությանը, չէ որ անսուրբ բաներ ես մտածում ու խորհում, դրա համար արժանի չես եկեղեցի մտնել և այլն, որ արժանի ես այդ պատճառով Աստծո դատաստանին, պատժին ու փրկություն չես ունենա: Այսպիսով փորձելով մարդուն մատնել հուսահատության և վհատության: Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է. <<Դևերը մեզ մղում են հուսահատության, քանի որ գիտեն, եթե զղջանք, առանց վարձքի չպիտի մնանք: Ինչպես որ մի ժամանակ սառը ջուր տվողը վարձքը Աստծուց պիտի ստանա, այնպես էլ` իր գործած մեղքերի համար զղջացողը: Եթե նույնիսկ մեղքերի համար արժանապես չուղղվի, այնուամենայնիվ, նույնիսկ զղջման համար վարձք կունենա>>: Նախ պետք չէ անհանգստանալ այդպիսի մտքերից, ու կենտրոնանալ, ուշադրություն դարձնել դրանց վրա: Օրվա ընթացքում ուզենք, թե չուզենք շատ դրական ու բացասական երևույթներ, իրադարձություններ ենք տեսնում, բայց ինչը կարևոր չենք համարում, որոշ ժամանակ անց մոռանում ենք, նույնիսկ չենք էլ հիշում, այդպես էլ այդ մտքերն են գալիս ու գնում, պետք չէ ուշադրություն դարձնել, կարևորել: Ինչպես այդ մտքերը եկել են, այնպես էլ կանէանան: Դրանք չեն կարող ներգործել մեզ վրա, եթե մենք չկարևորենք դրանք ու մեր կամքի հավանությանը չարժանացնենք: Դևերի նպատակն է, որ մեզ անհանգստության մեջ պահեն այսպիսի փորձության միջոցով, այդ մտքերի ազդեցության ներքո պահեն: Քրիստոնեական բարոյագիտությունը նշում է, որ մեղքը տվյալ արարքին կամ մտքին, զգացումին հավանություն տալն է: Եթե մենք մեր կամքի համաձայնությանը չենք արժանացնում տվյալ մտածումը, միտքը, ապա այն մեղք չի դառնում: Երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը կարևորում է, որ ընդհակառակը` մերժումը, վանելը նման մտածումները մեր բանական դաշտից, առաքինություն է: Երբ նման փորձություն է լինում, պետք է այդժամ ավելի հաստատակամորեն աղոթել ու հաստատուն լինել հավատքի մեջ: Այս մասին արժե կարդալ հոգևոր հայրերի խրատները: Երբ չար ոգիները տեսնում են, որ նմանատիպ փորձությամբ չեն կարողանում ազդել, դադարեցնում են մտային գրոհները, առավելապես երբ մարդուն օգնության են գալիս պահապան հրեշտակները: Եթե աչալուրջ ու զգոն ենք լինում, այս փորձությունն արագորեն կամ որոշ ժամանակ անց հաղթահարված է լինում: Խավարի հրեշտակների նպատակն է այս և այլ միջոցներով այնպիսի իրավիճակ ստեղծել, որ ոչ թե մարդը կառավարի իրավիճակը, այլ հակառակը` իրավիճակը կառավարի մարդուն ու մատնի փորձության: Նրանք սիրում են մարդկանց սահուն կերպով գցել նման իրավիճակների մեջ` ազդելով քրիստոնյայի թույլ կողմերի, բնավորության բացասական գծերի, ցանկությունների վրա: Դա նրանց մոտ բավականին լավ է ստացվում: Կարող ես անակնալ կերպով հայտնվել մի իրավիճակում, որտեղ երբևէ չէիր սպասում լինել: Տարբեր մասնավոր դեպքերում տարբեր իրավիճակներ են լինում և անհատական հոգևոր մոտեցումներ են պահանջվում, սակայն այստեղ մեծ դեր ունեն զգոնությունն ու աչալուրջ համբերությունը, ինչպես նաև պահքը:

Պետք է հիշել, որ Աստված անսահման ՍԵՐ է և միշտ պատրաստ է օգնել, քանի որ Նա միշտ դեպի մեզ է նայում օգնելու ու աջակցելու համար: Մենք ենք, որ մեր հայացքն ուղղում ենք այլ ուղղություններ…: Սբ. Մակար Մեծը նշում է, որ չար ոգիները վախենում են լույսից, վախենում են իրենց բացահայտ մերկացումից և չքվում են, երբ իրենց խարդավանքները բացահայտվում են ուրիշների ներկայությամբ: Խավարը փախչում է լույսից, որտեղ լույս կա, այնտեղ խավար չկա և եթե մեր մեջ կա Քրիստոսի լույսը, խավարն այն տեսնելով կնահանջի ու կփախչի: Հիշենք` Աստված Սեր է, Հույս և Խաղաղություն:

 

Հովհաննես սրկ. Մանուկյան

01.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․