Գրքեր

Երկու պատկեր

Շվարած և ձեռնունայն մի բարեպաշտ վաճառական քայլում է ճանապարհով և հանկարծ տեսնում, թե ինչպես հրեշտակը, նստած մոտակա մեծ քարի վրա, մի ոսկեդրամ է ցույց տալիս և հարցնում.

- Քանի՞ պատկեր ունի այս ոսկեդրամը:

Վաճառականը պատասխանում է.

- Անշուշտ երկու պատկեր...: Այսօր ցանկանում էի ոսկեդրամներով լեցուն իմ պարկերը բաժանել մարդկանց, բայց գողերը գտել էին իմ գաղտնարանը և ամբողջը գողացել: Չեմ հասկանում, թե ինչո՞ւ այդպես պատահեց, երբ Աստծուն հաճելի գործ էի ուզում անել...: Իսկ այժմ մեկ ոսկեդրամ էլ չունեմ նույնիսկ ինձ համար...

Հրեշտակը պատասխանում է.

- Այս փորձությունը պատահեց, որպեսզի այդ ոսկեդրամները չբաժանես, հատկապես այն մարդկանց, որոնք ծուլության պիտի մատնվեին: Միգուցե զարմանո՞ւմ ես: Ինչպես իմ ձեռքում գտնվող ոսկեդրամն ունի երկու պատկեր, այդպես էլ յուրաքանչյուր պատահար և իրողություն ունի իր երկրորդ կողմը և ավելին, որոնք սովորաբար մարդիկ չեն նկատում: Երկնային Նախախնամությունը տեսավ նաև, որ այդ բարի գործն անելու ես սրտիդ խորքում սնափառությունից ելնելով և փառք փնտրելով, դրա համար էլ գողերին չխանգարեց դատարկել գանձարանդ: Իսկ հիմա, մի՛ տխրիր, արի՛ այս քարի ետևի կողմը և վերցրո՛ւ գանձերով լեցուն պարկերդ. թույլ չտվեցի, որ գողերը դրանք հափշտակեն և տանեն, այլ այստեղ բերեցի, քանի որ Աստված կամեցավ այն քեզ վերադարձնել...

 

Հովհաննես Մանուկյան

30.04.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․