Գրքեր

Եվս մեկ կաթիլ…

Մի այգեգործ որոշում է անապատը դրախտ դարձնել: Սկզբում մի մատղաշ ծառ է տնկում ու մոտակա ջրհորից մշտապես այն ջրում: Ծառն աճում է, փարթամանում: Եվ մի օր էլ, երբ այգեգործն ուրախ գալիս է ծառը ջրելու համար, ջրհորը ցամաքած է լինում:
Այս մարդը հայացքը հառում է երկնքին ու խնդրագին ասում.
-Ո՛վ Երկնավոր Հայր, օգնի՛ր, որպեսզի այս մատղաշ ծառն անապատում չչորանա և իմ ջանքն ու աշխատանքն էլ ունայն չդառնա: 
Քիչ անց մի փոքրիկ թռչուն է մոտենում ու կտուցով մի կաթիլ ջուր է ցողում ծառի վրա:
Այգեգործը տխրում է և մտախոհ նստում ծառի մոտ: Այնուհետև ժպտում է և ասում.
-Աստված լսեց իմ աղաչանքը, և այժմ անձրև է տեղում:
Նայում է երկնքին ու հիացմունքով տեսնում աշխարհի տարբեր կողմերից հավաքված բազմաթիվ փոքրիկ թռչունների, որոնք պտտվում են երկնակամարում և որոնցից յուրաքանչյուրը ևս մեկ կաթիլ ջուր է ծառի վրա ցողում…

Երբեք պետք չէ վհատվել, եթե մեծ հնարավորություններ տրված չեն գործելու համար: Այն, ինչ դու անում ես, թեև կարող է շատ փոքր լինի, բայց աստվածային նախախնամության ծրագրված առաքելության ամբողջականության կարևոր մի մասնիկը լինի, առանց որի այդ ամբողջականությունը չէր լինի: Արդ, նույնիսկ այդ աննշան ու ամենափոքր բարի գործն է շատ կարևոր տիեզերական անսահմանության մեջ: Աստծո համար էականը գործի կամ առաքելության մեծությունը կամ փոքրությունը չէ, այլ տվյալ իրողության բովանդակությունը: 

 

Հովհաննես Մանուկյան

27.10.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․