Գրքեր

Ինչի՞ է վերածվել աստվածանման մեր հոգին

Արարչաստեղծ բնությունը տարվա բոլոր եղանակներին յուրահատուկ գեղեցկություն ունի, բայց ամառը մարդուն բացառիկ հնարավորություն է տալիս՝ հիանալու ողջ արարչագործությամբ: Ըստ հայրաբանության՝ Արարչին հնարավոր է ճանաչել Նրա արարչագործությամբ: Եթե մարդ ուշադրությամբ նայի անգամ ամենափոքրիկ դաշտային ծաղկին,  ապա կբացահայտի արարչագործության հրաշքը: Ծաղիկները ոչ միայն մարդու կյանքն են զարդարում, այլև կարող են ներքուստ փոխել նրան՝ խաղաղեցնել, քաջալերել և ոգեշնչել:  

Երբևէ Քրիստոսի հետևորդը խորհե՞լ է, թե ինչ կարող են իրեն հիշեցնել ու ուսուցանել ծաղկաշատ այգիները: Հայրաբանական խոսքի համաձայն՝ ծաղկանոցներին նայելով՝ մարդ նախ և առաջ պետք է հիշի, որ իր հոգին կոչված է նրանց նմանվելու, կոչված է զարդարելու իրեն աստվածային ծաղիկներով՝ քրիստոնեական առաքինություններով: Թեև ծաղիկները տարբեր են, բայց նրանք բոլորը գեղեցիկ են և շոյում են մարդու աչքը։ Այդպես էլ մարդկանց հոգիները․ թեև տարբեր են, բայց եթե զարդարված են առաքինություններով, ապա գեղեցիկ են և ուրախություն են պարգևում Արարչին: Այդ պատճառով, երբ մարդ նայում է ծաղիկներին, պետք է իրեն այս հարցն ուղղի՝ իմ հոգում աճո՞ւմ են առաքինության ծաղիկներ՝ խոնարհություն, սեր, ողորմածություն, քաջություն, մեծահոգություն, բարություն, թե՞ աճում է միայն փուշ ու տատասկ՝ կրքեր ու մեղքեր: Հոգին կարող է նման լինել ոչ միայն ծաղկանոցի, այլ նաև աղտոտված և անպիտան մի վայրի, ինչը ևս մարդուն խորհելու առիթ կարող է տալ՝ արդյո՞ք իմ հոգին էլ այդպիսի մի վայրի չի վերածվել՝ աղտոտվելով ոչ մաքուր մտքերից, խոսքերից և գործերից: 

Այս հարցումները շատ հաճախ քրիստոնյաներին կարող են տխուր բացահայտման առջև կանգնեցնել, բայց ոչ հուսահատեցնել, այլ կարևոր ու փրկաբեր քայլերի մղել: Ինչպես աղտոտված վայրում չեն կարող աճել ծաղիկներ, այնպես էլ ոչ մաքուր հոգում չեն կարող աճել քրիստոնեական առաքինություններ: «Աստված իմաստությունը, գիտությունը և ուրախությունը տալիս է այն մարդուն, որը հաճելի է Իր առջև, իսկ մեղավորին տալիս է հավաքելու և դիզելու հոգս, որպեսզի նա ձեռք բերածը տա այն մարդուն, որը հաճելի է Աստծու առջև» (Ժող. 2:26),- ասում է Սուրբ Գիրքը: Այսպիսով, յուրաքանչյուր քրիստոնյայի նպատակը իր հոգին աղտոտված վայրից առաքինության ծաղիկներով զարդարված ծաղկանոցի վերածելն է: Հոգին մաքրելու կարևոր այդ աշխատանքի մեջ Եկեղեցու հայրերն առաջարկում են այն մաքրել նախ քարերից, աղբից և մոլախոտերից, այսինքն՝ մաքրել մեղքերի աղտոտվածությունից՝ գողությունից, անառակությունից, հպարտությունից, հիշաչարությունից, փառասիրությունից, նախանձից, դատելուց և այլ մեղքերից: Հոգին մաքրելու միակ միջոցը ապաշխարությունն է, որը քրիստոնեական կյանքի հիմքն է և առանց այդ խորհրդի հնարավոր չէ քրիստոնեաբար ապրել: «Ապաշխարեցե՛ք, որովհետև Երկնքի Արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3:2),- ասում է Քրիստոս: 

Հողը մաքրելուց հետո այգեգործն սկսում է այն փորել, որպեսզի կարողանա սերմանել: Ինչպես քարացած հողում հնարավոր չէ սերմանել, այնպես էլ մեղքերից քարացած հոգում հնարավոր չէ ոչինչ սերմանել․ նախ պետք է այն փափկացնել: Եթե հողը փորում են բահով ու բրիչով, ապա հոգու հողը՝ ապաշխարությամբ, պահեցողությամբ, Ս. Գրքի ընթերցանությամբ, Ս. Պատարագին մասնակցությամբ, կյանքի փորձությունները համբերությամբ տանելով և այլ աստվածահաճո ջանքերով: Ապա փափկեցված հողում այգեգործը սկսում է սերմանել սերմեր կամ տնկել ծաղիկների սածիլներ: Նույն կերպ մաքրված և մշակված հոգում ընկած Աստծու խոսքն սկսում է աճել, ինչպես ասում է Ավետարանը՝ մի սերմնացան ելավ սերմ ցանելու, աստվածային յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր պատվիրան երկնային մի սերմ է: Օրինակ, երբ Տերը պատվիրում է սիրել միմյանց, չի նշանակում, որ մարդ պետք է արհեստականորեն ձգտի սիրո ապրումն զգալ, այլ նշանակում է, որ մարդ պետք է ձգտի սիրուն, այսինքն՝ պատրաստ լինի սիրո գործեր անելու, այդ ժամանակ սերը՝ որպես աստվածային գեղեցիկ ծաղիկ, կաճի նրա հոգում: Որպեսզի ծաղիկները ճիշտ աճեն, այգեգործը պետք է խնամի դրանք, այսինքն՝ ջրի, հողը պարարտացնի, ծաղկի շուրջը քաղհան անի: Եթե դա չանի, ծաղիկները կչորանան, կամ էլ մոլախոտերը կխեղդեն: Այդպես էլ մարդու հոգին պահանջում է խնամք և մշակում: Ջրելը համարվում է աղոթքը և Ս. Հաղորդությունը, իսկ խնամքը՝ Եկեղեցու հայրերի գրվածքները: Հայր Պաիսիոս Աթոսացին ասել է, որ եկեղեցու հայրերի գրվածքները հոգու վիտամիներ են, որ շատ են նպաստում հոգու աճին: Ուրիշ ի՞նչ է անհրաժեշտ ծաղկի աճի համար: Ծաղիկները կարիք ունեն պաշտպանվելու մի շարք վտանգներից, որ սպառնում են նրանց․ դրանք են՝ ցուրտը, գողերն ու վնասատուները: Նույնկերպ և մարդու հոգին կարիք ունի իմաստուն և բազմազան պաշտպանության այն ամենից, ինչը սպառնում է նրան և ինչը կարող է նրան վնասել: Եվ վերջապես, վերջին պայմանը, որ շատ կարևոր է, որպեսզի ծաղիկներն աճեն և ծաղկեն․ պահանջվում է բարենպաստ եղանակ՝ տաք ամառ, պայծառ արևային օրեր և ամենակարևորը՝ ցրտահարության և այլ վտանգների բացակայություն: Եթե երկար ժամանակ ցուրտ լինի կամ անձրև գա, ապա ոչ մի ծաղիկ չի աճի, և այգեգործի բոլոր ջանքերը զուր կանցնեն: Այդպես լինում է նաև մարդկային հոգու հետ․ որպեսզի այնտեղ ինչ-որ բարի բան աճի, անհրաժեշտ է Աստծու օգնությունն ու օրհնությունը: Եթե չկա Աստծու օգնությունը, որքան էլ մարդ աշխատի, նրա ջանքերը զուր կանցնեն: Այս մասին Քրիստոս ասում է. «Առանց Ինձ դուք ոչինչ անել չեք կարող» (Հովհ. 15:5)  Մարդը մշակում է, ջրում, խնամում, իսկ աճեցնում է Աստված: Եթե քրիստոնյան այս ամենի մեջ հետևողական լինի, ապա իր հոգում աստիճանաբար կաճեն առաքինության երկնային ծաղիկներ և որոշ ժամանակ անց մարդու հոգին կնմանվի ծաղկաշատ այգու, ուր աճում են ամենագեղեցիկ և անուշաբույր ծաղիկները: Այդպիսի հոգում Աստված կբնակվի, ինչպես բնակվել է աստվածահաճո կյանքով ապրող սրբերի հոգիներում: Ահա, թե ինչի մասին պետք է խորհի մարդ, երբ անցնում է ծաղկանոցների կողքով:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

19.07.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․