11 Օգոստոս, Գշ, Աստվածածնի պահքի Բ օր

Գրքեր

Կատարյալ առաքինության մասին

Ոմն եղբայր հարցրեց հայր Մակարիոսին մեծ կատարելության մասին: Ծերը նրան ասաց. «Եթե մարդը չստանա մեծ խոնարհություն` հոգով ու մարմնով, և եթե ամեն գործի մեջ իր անձը ոչինչ չհամա­րի և իրեն բոլոր մարդկանցից ամենավատթարը չդիտի, եթե չվարվի այնպես, որ ոչ մեկին չդատի խոսքով, այլ միայն իր գործերը քննի և դատի, եթե չհամբերի ամեն տեսակ ամոթի ու նախատինքի, եթե իր ետևը չգցի ամենայն չարություն և չնեղի իր անձը հանուն երկայնա­մտության, քաղցրության և եղբայրասիրության և չդառնա սուրբ ու պահեցող, ինչպես գրված է. «Բռնադատողներինն է Երկնքի Արքայու­թյունը, և հզորներն են հափշտակում այն» (Մատթ. ԺԱ 12), եթե չլինի աչքով ուղիղ նայող և լեզվով՝ զգաստախոս, եթե հեռու չփախչի ամեն տեսակ ունայնաբանություններից, չունենա ձեռքերի արդարություն և սրտի սրբություն Աստծո առաջ, մարմնի անբծություն, աչքի առջև միշտ չունենա մահվան հիշողությունը, չհրաժարվի հոգու և մարմնի ամենայն բարկությունից ու խստությունից, չհրաժարվի ամեն տեսակ մարմնական նյութից և նրա ընձեռած վայելքներից, չփախչի սատա­նայից և նրա բոլոր գործերից, եթե անսասան չհավատա ամենքի Աստ­ծուն և չկատարի Նրա պատվիրանները, անդադար չաղոթի, իր բոլոր օրերում և ամեն գործի և մտածության մեջ սևեռված չլինի առ Աստ­ված, չի կարող կատարյալ լինել»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

25.06.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․