Գրքեր

Լռության խորհուրդը

Ֆրանսիահայ հանրահայտ ռեժիսոր Անրի Վերնոյն ասում էր. «Երբ մարդ վարժվում է աղմուկին, լինում են լռություններ, որոնք արթնացնում են նրան»: Աղմուկը, որը տարեցտարի մեծ արագությամբ սփռում է իր մշտակա տիրապետությունը քաղաքային տիրույթներից դեպի հեռավոր բնակավայրերը, խախտում է է մարդու հոգու անդդորը և խլացնում կյանքի մեղեդու թրթիռների հնչերանգի ներդաշնակությունն անհատի էության մեջ: Մյուս կողմից ժամանակակից հասարակությունն ավելի է ծանրաբեռնվում ամեն կողմից հոսող և կլանող հորդահոս տեղեկատվությամբ, լուրերով, որոնք ներկայումս սրընթաց կերպով կարող են հասանելի լինել մեր մոլորակի յուրաքանչյուր վայրում: Հին աշխարհում և միջին դարերում մարդն այսքան տեղեկացված ու հագեցած չէր ամենուր տեղի ունեցող մեծ ու փոքր իրադարձություններով և նրա հոգեկան աշխարհը չէր գտնվում տեղեկատվական այն ծանրաբեռնվածության և աղմուկի սահմանների ներքո, որում հայտնվել է ներկայիս մարդը: Իսկ արդյունաբերության և տեխնոլոգիաների զարգացումը մարդուն ոչ թե ավելի շատ օգնում, այլ ներառում է մեծ քաղաքների լայնածավալ աղմուկի և շարժման մեջ: Աշխարհի աղմկալի կյանքը և մեծածավալ ինֆորմացիան հաճախ անհատի մոտ խախտում են ներքին կենսական հանդարտությունը, որովհետև մարդն ինքնին կարող չէ կրել միանգամից այդքան ծավալուն և ծովի ալիքների պես անընդհատ դեպի իրեն հոսող տեղեկատվությունը և շարունակաբար բնակվել աղմուկի մեջ, որը բթացնում, թմրեցնում է նրա հոգու կենսալույս և երկնային, հոգեղեն զգացողությունը: Մասնավորապես նկատելի է, որ գերակշիռ լրատվամիջոցներում առկա են բացասական նորությունները և հոդվածները, որոնք բացասական ազդեցություն են թողնում մարդու հոգեկան աշխարհի վրա: Միգուցե նմանատիպ լրատվամիջոցների գործունեությունը գլոբալ հատուկ ծրագրի մի մասնիկ է, որով մարդ արարածին կաթիլ առ կաթիլ բացասական լրատվությամբ փորձում են սպանել, քանի որ խոսքն ու տեղեկատվությունն ինքնին իրենց մեջ ունեն դրական կամ բացասական էներգիա և ներգործություն, որոնք աննկատելիորեն տարիների ընթացքում ազդում են անձի ինքնազգացողության, հոգեկան աշխարհի, կյանքի վրա, ինչպես փաստում են որոշ գիտական հետազոտություններ: Դրական խոսքը կարող է կյանք տալ, բացասականը՝ սպանել:  Սակայն դա այլ վերլուծության և լուսաբանման թեմա է, որին կարելի է անդրադառնալ մեկ ուրիշ անգամ: Արդ, ներկայիս մարդու մոտ նյարդահոգեբանական հիվանդություններն ավելի են ակտիվանում իրենց տարատեսակներով և հետևանքներով, որովհետև անձը սկսում է ստանալ ոչ այնքան անհրաժեշտ տեղեկատվություն, որքան պետք է և ոչ աստիճանաբար, այլ ավելին ու հատկապես բացասական և միանգամից: Հետևաբար, մարդուն անհրաժեշտ է ունենալ առանձնության պահեր, որոնք վերանորոգում են անձի հոգեղեն, ներդաշնակ հոգեվիճակը: Եթե Հին Աշխարհում երբեմն այդ առանձնության կարևորությունը կար, արդի աշխարհի մարդն առավելևս ունի դրա կարիքը: Ավետարանում կարող ենք հանդիպել դրվագների, երբ Հիսուս առանձնանում էր և իր օրինակով ցույց տալիս, որ մարդ պետք է առանձնության այդ ժամերին հաղորդակից լինի Արարչի հետ՝ լցվելով կենսախինդ խաղաղության զորությամբ և լույսով, ինչպես օրինակ.  «Եվ այդ օրերին Հիսուս լեռ բարձրացավ աղոթելու և ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղոթելով» (Ղուկ. 6:12):  Կամ՝ «Երբ ժողովրդի բազմությունն արձակեց, առանձին լեռ բարձրացավ աղոթելու համար։ Եվ երբ երեկո եղավ, այնտեղ էր, մենակ» (Մատթ. 14:23): Մարկոսի Ավետարանում էլ կարող ենք կարդալ. «Եվ առավոտյան մոտ, լույսը բացվելուց առաջ, վեր կացավ և ելավ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղոթում էր» (Մր 1:35): Նա նաև իր աշակերտներին էր խորհուրդ տալիս որոշ ժամանակով առանձնանալ մարդկանցից հեռու վայրերում և հանգիստ առնել: Ավետարանում կարդում ենք, երբ առաքյալները Բարի լուրը փոխանցելուց հետո վերադառնում են Հիսուսի մոտ և պատմում այն ամենը, ինչ արել էին, Հիսուս նրանց ասում է, թե եկեք առանձին մի ամայի տեղ ու մի քիչ հանգիստ առեք (Մարկ. 6:30): Այս ամենը վկայում է, որ առանձնությունը ենթադրում է գտնվել լռության մեջ: Աղմուկը խլացնում է մարդու հոգու անդորրը, իսկ լռության մեջ վերականգնվում է այն վճիտ հայելանման երկնային պատգամի արտացոլումը, որը կողմնացույցի պես մարդու հոգում բացահայտում է ներքին խաղաղության ճշմարտությունը: Անշուշտ, ներքին լռության այդ վիճակին հասնելու համար հաճախ անհրաժեշտություն է լինում առանձնանալ աղմկալի բնակավայրերից, որպեսզի լսելի լինի Աստծո ձայնը և երկնային խաղաղության հաղորդակցությունը իջնի մարդու վրա, խաղաղություն, որը կարգավորում է ահռելի տիեզերքի ընթացքն ու շարժը: Հատկանշական է, որ գոյություն ունի լռության երկու տեսակ՝ կյանքի և մահվան: Մահվան լռությունն այն է, երբ շրջապատումդ ոչինչ չկա, գոյություն չունի կյանքն արտացոլող որևէ շարժ և նշույլ և մեռյալ լռություն է տիրում, որտեղ դատարկություն է և հավիտենական անորոշություն, անկենդան լռություն: Այս լռության մեջ մարդու հոգին անընդունակ է երկարատև դիմանալ, ուր իրեն դատարկության, ճնշվածության, ձանձրույթի, տագնապի մեջ է զգում և այդ հավիտենական լռությունն ազդարարում է դժոխային կյանքը: Մյուս լռությունը կյանքի լռությունն է, ուր հնչում է կյանքի մեղեդին, լռություն, որը լցված է զորությամբ և լույսով, որը բերում է կենսախինդ հույս և հավատ կյանքի նկատմամբ: Լռություն, ուր լսելի է դառնում Աստծո ձայնը և ունկնդրելի է լինում տիեզերքի ներդաշնակ շարժումն ու կյանքի հարատևությունը՝ լցված երփնալույս, անսահման բովանդակությամբ: Այս լռությունն ազդարարում է դրախտային կյանքի պատկերը: Այդ լռության մեջ արթնություն է ապրում մարդու հոգին և սրտի թրթիռները համահունչ են դառնում կյանքի բնական, աննկարագրելի երաժշտության հետ, որն աստվածային սիրո լույսով լցնում է համայն տիեզերքը և կենսախինդ զորություն հաղորդում: Մարդը կարող է երկնային այդ լռությանը հասնել Աստծուն հաղորդակից լինելով՝ ապրելով մտքի և սրտի ներքին լռությունը, որը հաճախ իր փայլատակումն է ունենում առանձնության աղոթքի ժամանակ, ուր այլևս անհատը գտնվում է ժամանակից ու տարածության սահմաններից դուրս՝ Աստծո հետ չափազանց ռեալ հաղորդակցության մեջ լինելով: Արդ, յուրաքանչյուր քրիստոնյա պիտի ձգտի ազատվել ներքին աղմուկից, որը տարբեր դրսևորումներ է ունենում, հաճախ արտահայտվում ներքին մտահոգություններով, դժգոհություններով, ցանկություններով, նպատակներով, տրտմությամբ և այլազան հոգսերով, որպեսզի խաղաղված հոգեղեն էությունը լցվի կյանքի լռության զեփյուռով՝ բերելով խնդություն, հույս, զորություն և սեր: Եվ այդ լռության բխումը Հիսուս Քրիստոսին հավատալու, վստահելու և կյանքը Նրա հետ համընթաց հաղորդակցությամբ քայլելու ուղին է, որը պարգևում է անհրաժեշտ խաղաղությունը և կյանքի լռությունն ու հոգևոր ուրախությունը: Այդ խաղաղությունը և լռությունը լիովին տարբերվում են աշխարհի հարաբերական, անկայուն խաղաղությունից և լռությունից: Դրա համար էլ Հիսուս ասում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, եվ չվախենաք» (Հովհ. 14:26): Հոգու արթնության խաղաղություն, որը փախուստ չէ մարտահրավերներից ու դժվարություններից, այլ ներքին, աստվածային զորության արտահայտություն յուրաքանչյուր իրավիճակում, վերելքների ու վայրէջքների դրվագներում:  

 

Հովհաննես սրկ. Մանուկյան

16.08.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․