Գրքեր

«Մի ծածկիր մեղքերդ, այլ խոստովանիր, որ բժշկվես»

«Կենդանի եմ Ես՝ ասում է ամենակալ Տերը և ամբարշտի մահը չեմ ուզում, այլ նրա հետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը» (Եզեկիել 33:11):

Աստծու մեծագույն կամքն է, որ յուրաքանչյուր մեղավոր տեսնի իր մեղքերը և դառնա դեպի Իրեն, բայց ցավալիորեն երբեմն մեղավորն ինքն է մերժում Աստծուն մոտենալը: Աստվածային փրկության պարգևը բոլորին է տրված․ երբ մարդ ընդունում է այս փրկարար շնորհը, արդյունքում անբացատրելի ներքին խաղաղություն և ուրախություն է ունենում:

Մեղքերի թողությամբ մարդ չի կորցնում իր անհատականությունը, այլ ազատվում է մեղքի ծանրությունից և սկսում է նորովի մտածել, գործել և ապրել:

Ճշմարիտ երջանկություն ապրում է նա, ում սիրտը գերի չէ մեղքին և վայելում է աստվածատուր ազատության ուրախությունը:

Հետևյալ պատմությունը մեղքի ծանրության մեջ ապրողի մի օրինակ է. «Մի ճգնավոր իր խուցում նստած վերևից հնչող մի ձայն է լսում՝ արի և քեզ ցույց կտամ մարդկային գործերը: Ճգնավորը դուրս է գալիս, և հրեշտակը նրան ցույց է տալիս խավարի մեջ գտնվող մի մարդու, ով փայտ էր  կապում, փորձում էր բարձրացնել և ուսին դնել, բայց չէր  կարողանում: Փոխարենը փայտը հանելու, նա ավելացնում էր և նորից էր փորձում բարձրացնել, բայց ապարդյուն: Եվ այս գործողությունը նա կրկնում էր բազմաթիվ անգամներ: Հետո հրեշտակը ցույց տվեց մեկ ուրիշ մարդու, ով ջրհորի մոտ կանգնած ջուր էր լցնում անցք ունեցող մի դույլի մեջ, որտեղից ջուրը նորից հոսում էր դեպի ջրհորը»:

Հրեշտակի բացատրությամբ մարդը, որ փորձում էր փայտը տանել, նա է, ով ապրում է մեղքերի մեջ և անընդհատ այն ավելացնում է պակասեցնելու փոխարեն:  Ջուր լցնողն անցք ունեցող դույլի մեջ նա է, ով բարին է գործում, բայց չի բաժանվում իր մեղքերից և այսպես իմաստազրկում է իր կատարած բարին:

Յուրաքանչյուրի կյանքում լինում են պահեր, երբ մարդու հոգին սկսում է հիվանդանալ իր գործած մեղքերից և սխալներից: Նման դեպքում կարևոր է ոչ թե գործած արարքների արդարացումները փնտրել, այլ խնդրել Աստծո ողորմությունը մեղքերի թողության համար:

Սբ. Օգոստինոս Երանելին բարի է համարում մեղքերի խոստովանությունը, երբ դրան հետևում է ուղղվելը: Բայց ի՞նչ օգուտ, երբ վերքդ ցույց տաս բժշկին, սակայն բժշկարար միջոցներ չօգտագործես:  

Մեղքը զրկում է մարդուն իրական երջանկությունը վայելելու հնարավորությունից: Այն պատնեշում է դեպի Աստված տանող ճանապարհը: Այն, որ մեղքը արտաքնապես քաղցր է ու գրավիչ, բայց արդյունքում՝ դառնահամ և մահաբեր, վկայում է մարդկության պատմությունն՝ Ադամից ու Եվայից սկսյալ: Մեղքն Աստծու, Նրա կամքի և պատվիրանների դեմ հակառակ ընթացք է: Այս դեպքում հարց է առաջանում՝ ո՞վ է Աստծու դեմ ընթացողի կողքին:

Եկեղեցու հայրերի վկայությամբ՝ անտեսանելի թշնամին փորձում է մարդուն գրավել «ճշմարիտ» մտքերով, երազանքներով, զգացումներով: Իսկ ամենավատն այն է, որ կեղծ ճշմարտությամբ ապրող մարդը գոհ է իր վիճակից՝  առանց անդրադառնալու իր ներքին աշխարհին: Այնինչ եկեղեցու հայրերը հորդորում և մատնանշում են, որ փրկության ուղին անցնում է ներհայեցողությամբ, ինքնաքննությամբ: Եվ նրանցից Իգնատիոս եպիսկոպոսն երանելի է համարում այն մարդուն, ով նկատում է իր մեջ բույն դրած մեղքը:

Փրկությունը Աստծու կողմից մարդուն տրված անշահախնդիր պարգև է: Երեխան չի կարող իր ծնողներին վճարել իր ծննդյան համար, եկեղեցու սուրբ խորհուրդներով էլ մարդու հոգին է վերստին ծնվում Աստծու ողորմածությամբ և սիրով: Աստծու պարգևներն ընդունելու համար անհրաժեշտ է դեպի Աստված գնալ, հաղթահարել մեղքի պատնեշները, որ խանգարում են երջանիկ լինելուն՝ Աստծու ներկայության մեջ ապրելուն:

Հետևյալ առակում մի մարդ ուզում էր Աստծուն շնորհակալություն հայտնել և աղոթում էր. «Աստվա՛ծ իմ, ի՞նչ նվիրեմ Քեզ»: Աստված պատասխանում է. «Ինձ ոչինչ հարկավոր չէ, այն ինչ դու ունես, Իմ պարգևն է քեզ»: Բայց մարդը համառում է. «Ինչպե՞ս Քեզ շնորհակալ լինեմ, ի՞նչ նվիրեմ Քեզ»: Այդ ժամանակ Աստված ասում է նրան. «Եթե սիրում ես Ինձ, ապա տուր Ինձ քո մեղքերը»: 

«Ասում են՝ փրկվելը դժվար է, բայց և ամոթ է ու աններելի, եթե չփրկվես քեզ տրված բոլոր հնարավորություններից հետո»,- ասում է սբ. Հովհան Ոսկեբերանը:

 

Կարինե Սուգիկյան

 

30.07.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․