2 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԺԶ օր

Գրքեր

Մոլորյալը

Հեռվից լսվող քաղցր ձայնը քնքշորեն շոյեց նրա լսելիքը և ասես ձայնեց միանալ իրեն:  Նա շտապեց  ձայնի հետևից: Դժվարությամբ բացեց դուռը` ներսը տեսնելու համար:

- Մի՞թե այս թովիչ ձայնը բազմության ձայնն էր, որ այդպես գրավեց ինձ,- տարակուսած մտածեց մարդը և փորձեց առաջանալ: Մթության մեջ հազիվ նշմարվում էր ճրագի լույսը, որ դրված էր սեղանին: Բոլորն այստեղ անհանգիստ և անհասկանալի շարժման մեջ էին, շուրջը գորշ էր ու  մռայլ: Մինչ մարդը կհասցներ ընկալել հոգու համար խորթ իրականությունը` նա ևս հայտնվեց ամբոխի շրջապտույտի մեջ: Սակայն միջավայրը օտար էր, իրենը չէր: Ներդաշնակության ոչ մի գույն, խաղաղության ոչ մի հույս չկար այստեղ, արդարությունը, մարդկային ջերմությունն ու սերը մերժված էր իսպառ: Փոխարենը՝ օդում խտացած խոստումներ էին ու բազում ճառեր: Իսկ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ… Այստեղ այն երբևէ չէր էլ թափանցել: Խմբված բազմության նպատակը մեկն էր. Լինել այն երջանիկը, հաջողակն ու սիրվածը, ով երկրպագության և փառաբանման ձայնն առաջինը   կհասցներ խավարի մեջ ընկղմված առաջնորդին: Ակամայից այս ամենի մասնակիցը լինելով, մարդու սիրտն ահաբեկվեց, հոգին տագնապի զանգեր հնչեցրեց և արցունքներով սերմանված խոսքերը Բարձրյալին առաքեց, - Ո՜վ մարդասեր Աստված, Մեծիդ նորոգող շունչը թող միանա ինձ` շնորհելով զղջումի կամք և ապաշխարություն: Լուսավորիր խավարյալիս… Քանզի անգիտակցաբար ընկղմվեցի մեղքի մեջ:

Եվ մարդն, ով դժվարությամբ էր ներս մտել, դժվարությամբ էլ գտավ ելքը. Տերը լսեց նրա աղաչանքը և մխիթարություն ու վհատության մոռացում շնորհեց, բայց դեռ չշտապեց բանալ սրտի աչքերը: Մարդը մոլորությունից դուրս եկավ. Բայց և հասկացավ, որ իրական ընտրությունը դեռ առջևում է և նկատեց, որ հայտնվել է ճամփաբաժանին:                                      Հեռվում տեսավ բացված մի դուռ և մտածեց, ձայներ չկան, եթե լռություն է, ուրեմն նաև դատարկ է: Եվ ո՜վ զարմանք, մարդկանց բազմությունը` խոնարհված սրտով,   լուռ աղոթք էր մրմնջում և Տիրոջ փառքը գովերգում: Հոգու մաքրամաքուր ելևէջներին միախառնվել էր շուրթերից ծորացող քացրաբույր երգը, այստեղ ամենևին էլ անհրաժեշտություն չկար լույսը տեսանելի դարձնել: Հավատացյալների հոգուց  առկայծող Խոստովանված Լույսը բոցավառվել էր տաճարով մեկ: Ո՜վ Հույս և Խնամակալ, Դու, որ համակ Արքայություն ես՝ սիրով լեցուն, լսեցիր հոգուս ձայնը, խնայեցիր ու ընդառաջեցիր աղաչավորիս: Ցույց տվեցիր Արդարության Ճանապարհը: Սիրտ տվեցիր զրկվածիս, Լույս դրեցիր աչքիս և ողորմած եղար մեղավորիս հանդեպ: Համբերությամբ գիրկդ առար և փարատեցիր: Օրհնված ես Դու և փառավորված՝ հավիտենության մեջ, քանզի հաստատեցիր ՄԵԾ ՍԵՐՆ իմ՝  Քո հանդեպ:

 

Սուսաննա Աբրահամյան

16.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․