Գրքեր

Նախ խնդրեցեք Աստծու արքայությունը և Նրա արդարությունը

Խնդրեցէ՛ք նախ զարքայութիւն Աստուծոյ և զարդարութիւն Նորա։

Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և Նրա արդարությունը (Մատթեոս 6։33)։

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս․

​Կյանքում բոլորը ձգտումներ ունեն։ Այս աշխարհում ունևորը ձգտում է բազմացնել իր ունեցվածքը, չունևորը ցանկանում է հարստանալ և նույնպես ունենալ կարողություն և բանեցնել իր պետքերի ու կարիքների համար։ Երկնային Արքայության գաղափարը չարը մոռանալ է տալիս կամ թերահավատություն է ներշնչում նրա նկատմամբ։ Հետևաբար մարդիկ անհագուրդ կերպով տրվում են ունենալու և ձեռք բերելու նպատակի իրագործմանը։

​Սակայն Երկնքի Արքայության տեսիլքը մարդուն երբեք չպետք է լքի, որպեսզի նա առաքինանա և մեղքերից հեռու մնա։ Երկնային Արքայության հավատքն ու տեսիլքը պիտի զսպեն մեր աշխարհային կրքերը և դառնան ժուժկալության զսպաշապիկ, ագահությունը վանեն մեր սրտերից և հարստացնեն մեզ համեստության, զսպվածության ու առաքինության զգեստներով։ Ժուժկալությունը անձնապահությունն է՝ մի կարևոր հատկանիշ մարդու համար, որ նրան հեռու է պահում ագահության ախտի մեջ ընկնելուց։

​Քրիստոս ասում է. «Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային» (Ղուկաս 16։13)։ Չի ասում՝ չեք կարող հարուստ լինել։ Ասում է՝ դժվար է նրանց համար Երկնքի Արքայություն մտնելը, սակայն անհնարին չէ։ Հարուստ լինելը մեղք չէ։ Հիշենք Աբրահամին ու Հոբին, որոնք հարուստ էին, անմնացորդ հավատում էին Աստծուն և Նրան հաճելի կյանքով էին ապրում։ Հարկավոր է նրանց նման Աստծուն հավատալ, ապրել արդար և առաջնորդվել սիրո ու ողորմության պատվիրաններով։ Մարդ կարող է աղքատ լինել, բայց լինել մամոնայի ծառա, այսինքն՝ առանց Աստծուն ճանաչելու՝ տանջվել ու չարչարվել այս աշխարհում ունեցվածք ու կարողություն ձեռք բերելու համար և սահմանափակվել այս աշխարհի մասին մտածմունքով։ Հարստությամբ մարդ կարող է Երկնային Արքայություն մտնել, սակայն ագահությամբ չի կարող։ Մարդ կարող է աղքատ լինել, սակայն Արքայության չարժանանալ։

Պետք է հիշել, որ Տիրոջ ընթրիքին բոլորն են հրավիրված։ Թող որ ագարակները, եզներն ու ամուսնությունը չբաժանեն մեզ մեր Աստծուց։ Ահա թե ինչու Առակաց գրքում ասվում է. «Երկու բան եմ խնդրում քեզանից. մինչև մեռնելս ինձ չզրկես քո շնորհներից։ Զուր և սուտ խոսքը հեռո՛ւ վանիր ինձանից։ Հարստություն և աղքատություն մի՛ տուր ինձ, այլ ինձ համար կշռի՛ր արժանին, որ բավական է։ Չլինի թե հարստանամ և ուրանամ քեզ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու բան գողանամ և երդում ուտեմ իմ Աստծու անունով» (Առակներ 30։7-9)։ Հեղինակը վախենում է, որ այդ երկու վիճակներն էլ կարող են Աստծուց հեռանալու ու մեղքերի մեջ ընկնելու պատճառ դառնալ։ Հետևաբար երկու կարգավիճակներից էլ խուսափում է, որպեսզի հավատարիմ մնա Աստծուն։ Սակայն արդարության համար պետք է ասել, որ թե՛ հարստության և թե՛ աղքատության մեջ կարելի է հավատքով ընթանալ, ամբարտավանի պես մեղքերի տիղմի մեջ չընկղմվել, ողորմած լինելով ապրել ու հաշվետու լինել սեփական տնտեսության համար։

​Մարդիկ, առանց Աստծու հետ հաղորդակցվելու, նախանձում են ունեցողին, սպանում են ու գողանում, հաճախ ամեն գնով ցանկանում են իրենց ուզածին հասնել, առանց ուշադրություն դարձնելու, թե ճանապարհն իրենց ուր է տանում։ Չեն գիտակցում, որ կործանարար ուղի են բռնել։ Հաշվի չեն առնում, թե ում վիրավորեցին, ում ոչնչացրին, ում վայր գցեցին, ում դավեցին ու դավաճանեցին, ում չարախոսեցին, ում անտեսեցին, ում արհամարհեցին, իրենց կարիքն ունեցողներից ում մոռացան, ում ոտնահարեցին, ում կաշառեցին, ում նկատմամբ անարդարություն գործեցին, ում հետ անհաշտ վիճեցին ու բաժանվեցին, ում չներեցին և ում շահագործեցին։ Ի վերջո, այո՛, եթե մտածում ես ու սահմանափակվում միայն այս աշխարհով, կարող ես դառնալ եսակենտրոն ու անձնասեր, իսկ երբ հիշես Երկնային Արքայության մասին, կդառնաս մարդասեր ու անձնվեր։ Եթե քեզ համար գոյություն ունենա միայն այս աշխարհը, չես մտածի երկնքում գանձեր դիզելու մասին, կդիզես միայն այստեղ։ Երկնային Արքայության արժանանալու համար մարդ պիտի սիրի իր նմանին, փորձի ոչ թե խռովվել իր նմանից, ոչ թե վիճել, կռվել, չներել, վրեժ լուծել, բաժանվել կամ բարդացնել իր նմանի կյանքը, այլ ինչպես Արարչի կամքն է, սիրել իր նմանին, համակեցություն սովորել՝ ներելով, չվնասելով, օգնելով, ձեռք մեկնելով, օժանդակելով ու աջակցելով։

Սիրելինե՛ր, եկեք կյանքում առաջնորդվենք Երկնային Արքայության տեսիլքով ու հավատքով։ Քրիստոս ասում է. «Ի՞նչ օգուտ է մարդուն, եթե աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի» (Ղուկաս 9։25)։ Ուստի ողորմածությամբ ընթանանք մեր ճանապարհը ու բարձրանանք Երկնային Արքայություն տանող սանդուղքով։ Չերկմտենք, չվախենանք, չկորցնենք հավատն ու հույսը։ Առանց Աստծու՝ կյանքի ծրագրեր չկազմենք։ Լեռան քարոզում մեր Տիրոջ խոսքը ուղղված է բոլորին՝ թե՛ հարուստներին և թե՛ աղքատներին. «Ձեր կյանքի համար հոգ մի՛ արեք, թե ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք և ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք. չէ՞ որ կյանքը ավելին է, քան կերակուրը, և մարմինը՝ քան զգեստը։ Նայեցե՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մեջ հավաքում, և ձեր երկնավոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք ավելին եք, քան նրանք։ Եվ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով՝ իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել։ Եվ հագուստի համար ինչո՞ւ եք հոգս անում. նայեցե՛ք վայրի շուշանին, ինչպե՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում և ո՛չ հյուսում։ Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փառքի մեջ, չհագնվեց նրանցից մեկի նման։ Իսկ եթե դաշտի միջի խոտին, որ այսօր կա և վաղը հնոց կնետվի, այդպես է հագցնում Աստված, որքան ևս առավել՝ ձե՛զ՝ թերահավատնե՛ր։ Այսուհետև հոգ մի՛ արեք ու մի՛ ասեք՝ ինչ պիտի ուտենք կամ ինչ պիտի խմենք կամ ինչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պետք է։ Նախ խնդրեցե՛ք Աստծու արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա։ Այսուհետև հոգ մի՛ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա, օրվա հոգսը բավ է օրվա համար» (Մատթեոս 6։25-34)։ Այս խոսքերը ոչ թե ծուլության ու անբանության են դրդում հավատավոր մարդկանց, կամ անիմաստ են դարձնում աշխատանքը, ո՛չ, այլ հավատ ու մեծագույն վստահություն են ներշնչում, որ Աստված չի լքում ու չի անտեսում Իր զավակներին, այլ հոգ է տանում յուրաքանչյուրի համար։

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ամեն։

 

Տեր Վահան քհնԱռաքելյան

 

05.09.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․