Գրքեր

Պետք է բարի ավանդություն թողնենք մեզանից հետո

- Հա՛յր, այդ ինչի՞ց է, որ որոշ շրջաններում ու գյուղերում բարի մարդիկ են ծնվում:

- Նրանից, որ նախկինում էլ այնտեղ ապրող մարդիկ բարի էին: Նրանք բարի ժառանգներ են թողել իրենցից հետո, և այժմ բարի ավանդությունը շարունակվում է: Իսկ դու երևի կարծում էիր, որ այնտեղ ուղղակի հո՞ղն է այդքան բերրի բարի մարդկանց համար: Ոչ, հարցը հողի մեջ չէ: Եթե ինչ-որ տեղ ավանդություն կա՝ բարի կամ չար, ապա այն շարունակվում է: Էպիրոսում, ալբանական սահմանի մոտ, մի գյուղ կար, որի բնակիչները եկեղեցի էին գնում երեկոյան ժամերգության, Սուրբ Պատարագի: Նույնիսկ գիշերային հսկման էին գնում: Այդ մարդիկ, ինչպե՞ս ավելի լավ արտահայտվեմ, դրախտում էին ապրում դեռևս այս կյանքում, և մյուս կյանք փոխադրվելով՝ նույնպես դրախտ կգնան: Նրանք և՛ իրենց օգնեցին, և՛ հաջորդ սերնդին, որովհետև բարի ժառանգություն ստեղծեցին: Երբ սերունդները բարի ավանդություն են ստանում, այն շարունակվում է: Իսկ այդ գյուղից ոչ շատ հեռու մեկ այլ գյուղ էլ կար: Այնտեղ բոլորը գողություն էին անում: Այդ գյուղից միայն մի քահանա դուրս եկավ, բայց նույնիսկ նա էր եկեղեցուց սրբապատկերներ գողանում: Բանն այն չէ, որ այդ գյուղի հողը վատն էր, այլ այն, որ այնտեղի բնակիչները վատ սովորություն ունեին: Այսպես նրանք իրենցից հետո վատ սերունդներ թողեցին, և այդ ավանդությունը շարունակվում է: Մեծ աշխատանք է պահանջվում, որպեսզի բարի ավանդություն գա այդ գյուղ: Եվ տե՛ս, եթե ինչ-որ տեղ մի վատ մարդ է ապրում, ապա մյուս բնակիչները փորձում են ապացուցել, որ նա բնիկ չէ, և մինչև նրա տոհմածառի արմատները փորփրում են: Իսկ ա՛յ սուրբ մարդուն բոլորն, անխտիր, ջանում են որպես իրենց ազգականը ներկայացնել: Ինչպես Սուրբ Կոսմաս Էթոլոսացուն՝ չնայած որ նա ծնունդով կենտրոնական Հունաստանից էր, նրա մասունքները զետեղեցին էպիրոսցի սրբերի տաճարում, որովհետև նրա հայրը սերում էր էպիրոսական գյուղերից մեկից: Այսպիսով, Սուրբ Կոսմասը կամա-ակամա էպիրոսցի դարձավ:

Ծանոթներիցս մեկը խոսելիս ցուցամատը ջղայնորեն թափ էր տալիս: Հետո նրա երեխաները, ինչ-որ բան պատմելիս, նույնպես թափահարում էին իրենց մատիկները: Չէ՞ որ երեխաները հորից ընդօրինակում են նրա բոլոր սովորությունները, նույնությամբ պատճենում են: Բայց խնդիրն այն է, որ միայն բարին ընդօրինակեն: Հակառակ դեպքում չարը երկար է ձգձգվում: Հիշում եմ, թե ինչպես մի պատանի վանքերից մեկում միաբան դարձավ, բայց չհարմարվեց այնտեղ: «Սպասիր, որդյա՛կ,- ասում էր նրա ծերը,- մի՛ հեռացիր, ամեն ինչ կփոխվի»: «Ինչպե՞ս կփոխվի, հա՛յր»,- առարկեց միաբանը:- Ախր այսինչ ծերի միաբանը ճիշտ նրա պատճենն է: Այնինչ հոր միաբանը նույնպես ջրի երկու կաթիլի պես նման է իր ուսուցչին: Ինչպե՞ս կարող է ամեն ինչ փոխվել»: Եթե վանքում կամ վանական եղբայրության մեջ որևէ արմատացած չարիք կա և միաբանները, բարի անհանգստություն չդրսևորելով, ուղղակի «պատճենում են» այն ամենն, ինչ տեսնում են, ապա վատ վիճակը քրոնիկ է դառնում: Իսկ եթե միաբանները բարի անհանգստություն են ցուցաբերում, ապա վատ վիճակը կարող է բարու փոխվել: Այդպես բարիքն ու չարիքը կարող են անվերջ դառնալ:

Ես մի բան եմ հասկացել՝ այն, ինչ ունենք, լինեն հայրաբանական կամ կանոնական ավանդույթներ, դրանք ուղղակի քերուքներ են [նախկինում եղածի համեմատությամբ]: Այսինքն, այդ ամենը կարելի է համեմատել այն նոսր ողկույզների հետ, որ բերքահավաքից հետո մնում են խաղողի այգում: Այդ պատճառով պետք է ուշադիր լինենք, որպեսզի մի փոքր թթխմոր պահպանվի: Դա մեր քրիստոնեական պարտքն է: Մենք իրավունք չունենք մեզնից հետո վատ ավանդություն թողնել:

Մի քանի տարի առաջ (1) տարբեր աստվածաբաններ, համալսարանական պրոֆեսորներ, այլ նշանավոր գործիչներ հավաքվել էին Ժնևում՝ «համաժողովի»: Սուրբծննդյան ու Պետրոսի պահքերը որոշեցին վերացնել, իսկ Մեծ պահքը մի քանի շաբաթով կրճատել, քանի որ ժողովուրդը, միևնույն է, պահք չի պահում: Մեր պրոֆեսորներն էլ էին մասնակցում այդ ժողովին: Երբ այնտեղից վերադառնալով եկան ինձ մոտ ու սկսեցին այդ ամենի մասին պատմել, ես այնպես զայրացա, որ նույնիսկ բղավեցի նրանց վրա: «Հասկանո՞ւմ եք, թե ինչ եք անում,- ասում էի:- Եթե մեկը հիվանդ է, ապա պահքին ուտիսվա կերակուր ուտելու արդարացում ունի, ընդհանուր կանոնները նրա վրա չեն տարածվում: Եթե մեկը պահքին ուտիսվա կերակուր է կերել ոչ թե հիվանդության պատճառով, այլ՝ [հոգևոր] տկարության, ապա պետք է խնդրի. «Ների՜ր ինձ, Տե՛ր Աստված»,- նա պետք է խոնարհությամբ «մեղայ» ասի: Նման մարդուն Քրիստոս մահվան չի դատապարտի: Սակայն, եթե մարդն առողջ է, ապա պետք է պահք պահի: Իսկ նա, ով անտարբեր է, միևնույն է, ուտում է այն ամենն, ինչ ուզում է, և ոչինչ նրան չի հուզում: Իսկապես, մեծամասնությունը պահք չի պահում՝ առանց հարգելի պատճառի: Եվ մենք ուզում ենք ընդհանրապես վերացնել պահքերը՝ ցանկանալով հաճոյանալ այդ մեծամասնությա՞նը: Բայց որտեղի՞ց գիտենք, թե ինչպիսին է լինելու հաջորդ սերունդը: Իսկ եթե այն ավելի լավը լինի՞, քան այժմյան սերունդը և կարողանա Եկեղեցու պատվիրաններին առանց փոխզիջումների վերաբերվել: Ի՞նչ իրավունքով պիտի փոխենք այս ամենը: Չէ՞ որ ամեն ինչ այնքան պարզ է: Կաթոլիկների մոտ Սուրբ Հաղորդությունից առաջ ծոմը տևում է մեկ ժամ: Ի՞նչ է, մե՞նք էլ տրվենք այդ ոգուն: Օրհնե՞նք մեր թուլություններն ու անկումները: Բայց մենք իրավունք չունենք քրիստոնեությունը մեզ հարմարեցնել՝ հանուն մեր տկարությունների: Եթե նույնիսկ քչերը կարող են սահմանված կարգը պահել, ապա այն պետք է պահպանվի հանուն այդ քչերի: Եթե հիվանդ մարդը հայտնվել է օտարների մեջ, ապա ուտիսվա կերակուրը թող այնպես ուտի, որ մյուսները չտեսնեն ու չգայթակղվեն: Թող մի թթվասեր գնի իր համար և իր սենյակում ուտի»: «Դա կեղծավորություն է»,- պատասխանեց պրոֆեսորներից մեկը: «Այդ դեպքում ինչո՞ւ հրապարակ չես գնում ու այնտեղ մեղք գործում՝ ավելի անկեղծ լինելու համար»,- հարցրի ես ի պատասխան: Ինչպիսի՜ լույսի ներքո է սատանան այդ ամենը ներկայացնում նրանց: Մենք մեր սեփական «ուղղափառությունն» ենք ստեղծում և այդ «ուղղափառության» ոգով մեկնում Ավետարանն ու Սուրբ հայրերին: Մեր օրերում, երբ այդքան ուսյալ քրիստոնյաներ կան, Ուղղափառությունը պետք է որ պայծառ շողա: Հենց միայն Սուրբ Նիկոդեմոս Աթոսացին(2) որքա՜ն բան է հասցրել անել: Որքա՜ն խոսքեր է գրել, որքա՜ն գրքեր: Բոլոր սրբերի վարքերը հավաքել է: Սրբազանը բոլոր գրադարանները մինչև վերջին ստորակետը գիտեր, չնայած ո՛չ պատճենահանման սարք ուներ, ո՛չ՝ համակարգիչ:

Մարդը պետք է հնարավորինս ճիշտ քրիստոնյա դառնա: Այդժամ նա հոգևոր զգացումի օրգան կունենա, այդժամ շատ, թե քիչ կցավի Ուղղափառության ու հայրենիքի համար, և իր որդիական պարտքը դրանց նկատմամբ կգիտակցի: Նման վիճակի հասնելով և որևէ իրադարձության մասին իմանալով՝ քրիստոնյան կարեկցանք է ցուցաբերում, անհանգստանում է, աղոթում: Սակայն քրիստոնյան, որին անընդհատ պետք է բոթես. «Հիմա այսինչ բանով հետաքրքրվիր, հետո՝ այնինչով», նման է քառակուսի անիվի, որն անընդհատ պետք է հրել, որպեսզի առաջ շարժվի: Խնդիրն այն է, որ այդ հրումը հենց մարդու ներսից գա: Այդժամ նա կլոր անիվի պես սահուն կգլորվի: Եթե մարդը ճիշտ քրիստոնյա է դառնում, եթե «հրումը» հենց իր ներսից է գալիս, ապա Աստված նրան հետո ավելի է ծանուցում, քան նրան, ով կարդում է [թերթեր]: Նման մարդն իմանում է ոչ միայն այն, ինչ գրում են, այլև այն, ինչ պատրաստվում են գրել: Հասկանալի՞ է ձեզ: Աստվածային լույսն այցելում է մարդուն, և նրա բոլոր գործողությունները լուսավորյալ են:

Մենք իրավունք չունենք մեր օրերում կորցնել այն ահռելի ժառանգությունը, որ Քրիստոս է թողել մեզ: Մենք պատասխան ենք տալու Աստծուն: Մենք՝ փոքր հույն ազգը, հավատացինք Մեսիային, մենք օրհնություն ենք ստացել ողջ աշխարհը լուսավորելու: Քրիստոսի աշխարհ գալուց հարյուր տարի առաջ Հին Կտակարանը հունարեն թարգմանվեց: Իսկ առաջին քրիստոնյաներն ինչե՞ր կրեցին: Նրանք պարբերաբար վտանգում էին իրենց կյանքը: Իսկ ինչպիսի՜ անտարբերություն է այժմ տիրում: Մի՞թե կարելի է այսօր անտարբեր լինել, երբ կարող ենք անցավ, առանց կյանքի համար վտանգի՝ լուսավորել ժողովրդին: Իսկ գիտե՞ս, թե մեր նախահայրերն ինչեր են կրել հանուն այն խաղաղության, որում այժմ ապրում ենք: Գիտե՞ս, թե որքան մարդիկ են զոհաբերել իրենց: Եթե նրանք իրենց չզոհաբերեին, ապա մենք այժմ ոչինչ չէինք ունենա: Եվ ես, ահա՛, համեմատում եմ, թե ինչպես էին նրանք, իրենց կյանքերը վտանգելով, պահպանում հավատը, և ինչպես են այսօր մարդիկ, ոչ մի ճնշման չենթարկվելով, ամեն ինչ հավասարեցնում: Նրանք, ովքեր ազգային ազատությունը չեն կորցրել, չեն հասկանում, թե դա ինչ է: «Աստված պահապան, որպեսզի բարբարոսները չգան ու անարգանքի չենթարկեն մեզ»,- ասում եմ այդ մարդկանց, իսկ ի պատասխան լսում. «Իսկ ի՞նչ կկորցնենք դրանից»: Միայն թե լսի՜ր: Ա՛յ ոչ ու փուչ լինեք դուք, անպիտա՛ն մարդիկ: Ահա՛ այդպիսին են այսօրվա մարդուկները: Նրանց փող, ավտոմեքենաներ տուր և թքած կունենան հավատի, պատվի ու ազատության վրա: Մենք՝ հույներս, Քրիստոսին ու մեր Եկեղեցու Սուրբ նահատակներին ու հայրերին ենք պարտական մեր Ուղղափառության համար: Իսկ մեր ազատության համար պարտական ենք մեր հայրենիքի հերոսներին, որ իրենց արյունը հեղեցին հանուն մեզ: Մենք պարտավոր ենք հարգել այդ սուրբ ժառանգությունը: Մենք պետք է պահպանենք այն մեր օրերում, այլ ոչ թե կորցնենք: Ցավալի կլինի, եթե այսպիսի ժողովուրդը կործանվի: Եվ այժմ տեսնում ենք, թե Աստված ինչպես է մարդկանց անձնական ծանուցումներով հավաքում, այնպես, ինչպես պատերազմից առաջ զինապարտներին են նման ծանուցումներ ուղարկում: Աստված այդպես է անում, որպեսզի ինչ-որ բան պահպանվի Նրա արարածի փրկության համար: Աստված մեզ չի լքի, սակայն մենք էլ պիտի անենք այն, ինչ հնարավոր է մարդկայնորեն անել: Իսկ նրա համար, ինչ հնարավոր չէ մարդկայնորեն անել, մենք պետք է աղոթենք, որպեսզի Աստված Իր օգնությունը տա:

 

1) Արտասանվել է 1992թ.-ին:

2) Սրբազան Նիկոդեմոս Աթոսացին ծնվել է 1749թ.-ին: Իր ժամանակների ամենակրթված մարդկանից մեկն էր: Գիտության ճյուղերի նկատմամբ բացառիկ ընդունակությունները զուգորդում էր Ուղղափառ հավատի անաղարտ մաքրությամբ: 1775թ.-ից ճգնել է Սուրբ Աթոս լեռան վրա: Այստեղ նա բազմաթիվ գրքեր է գրել, որոնք Ուղղափառ աստվածաբանության և ճգնավորության «ոսկե ֆոնդն» են կազմել: Նիկոդեմոս սրբազանի անմիջական մասնակցությամբ խմբագրվել և հրատարակության են պատրաստվել "Добротолюбие", "Эвергетинос" և այլ հայրաբանական երկեր: Ի Տեր ննջել է 1809թ. հուլիսի 1-ին:

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

23.11.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․