Գրքեր

Սաղմոս ԼԳ

Սաղմոս Դավթի, երբ նա կերպարանափոխեց իր դեմքը Աքիմելեքի առջև, երբ կարողացավ ազատվել Սավուղի կողմից սպանվելուց, գնաց Աքիմելիքի մոտ, այլ պատճառ ասաց, վերցրեց ուտելիք ու Գողիաթի սուրը, համարձակորեն բացեց հավատքի դուռ, քանզի աշխարհականները կերան քահանայական սուրբ հացը:

1. Օրհնեցից զՏէր յամենայն ժամ, յամենայն ժամ օրհնութիւն նորա ի բերան իմ:

Ամեն ժամ Տիրոջն օրհներգեմ, նրա օրհնությունն ամեն ժամ բերանումս լինի:

Դավթից առաջ քահանաներն ամեն ժամ չէին օրհներգում, նա հաստատեց տասներկու ժամյա օրհերգության կարգը՝ սաղմոսի տասներկու դասերը, իսկ Սողոմոնը՝ քսանչորս դասը՝ գիշեր և ցերեկ: Բերանումս լինի՝ հոգով, որը նաև միտքն է, ինչպես նաև մարմնով, ինչպես կենաց պտուղն էր, որը նախաստեղծները չկերան, այլ՝ մահաբեր պտղից կերան:

2. Ի Տէր պարծեսցի անձն իմ, լուիցեն հեզք, և ուրախ եղիցին:

Անձս Տիրոջով թող պարծենա, հեզերը թող լսեն և ուրախանան:

Եթե պարծանքի արժանի գործ անեմ, ապա դա Աստծուն կնվիրեմ: Հեզերը թող լսեն, ոմանք ասում են, թե թող լսեն աղքատները և ուրախանան, իսկ ինչո՞ւ չուրախանան հարուստները, որովհետև նրանք իրենց ժամանակը չեն նվիրում ամեն ժամ Աստծուն օրհներգելուն:

3. Մե՛ծ արարէք զՏէր ինեւ, և բա՛րձր արասցուք զանուն նորա ի միասին:

Մեծարեցե՛ք Տիրոջն ինձ հետ մեկտեղ, բարձրացնենք նրա անունը միասին:

Դավիթն իր հետ մասնակից է դարձնում նաև աղքատներին ու հեզերին, Հոգուն, ինչպես նաև այս սաղմոսն ասողներին:

4. Խնդրեցի ի Տեառնէ և լուաւ ինձ. յամենայն նեղութենէ իմմէ փրկեաց զիս:

Խնդրեցի Տիրոջն, ու նա լսեց ինձ և իմ բոլոր նեղություններից փրկեց ինձ:

Ինձ հետ, ասում է, փորձառություն սովորեք:

5. Մատի՛ք առ Տէր եւ առէ՛ք զլոյս. և երեսք ձեր մի՛ ամաչեսցեն:

Մոտեցե՛ք Տիրոջն ու լո՛ւյս առեք, և թող ձեր երեսը չամաչի:

Ով Տիրոջն է մոտենում, նրա երեսի լույսն է առնում, իսկ օրենքները դրոշմում սրտում Մովսեսի պես, ինչպես որ մի այլ տեղում էլ ասում է. «Քո երեսի լույսը ծագեց մեր վրա, և ուրախություն տվիր մեր սրտերին» (Սաղմ. 4:7-8): Ինչո՞ւ պիտի ամաչեն լուսավոր երեսները, այլ նրա համար է ասում, թե միայն սրբությամբ կարող են Աստծուն մոտենալ և նրա առջև կանգնել:

6. Այս աղքատ կարդաց առ Տէր, և Տէր լուաւ սմա. յամենայն նեղութենէ սորա փրկեաց զսա:

Աղքատն այս Տիրոջը դիմեց, և Տերը նրան լսեց ու իր բոլոր նեղություններից փրկեց նրան:

Իր մասին է ասում, որ հալածանքների ժամանակ առանց զոհաբերության էր խնդրում:

7. Բանակք հրեշտակաց Տեառն շուրջ է զերկիւղածովք իւրովք, և պահէ զնոսա:

Տիրոջ հրեշտակների բանակն իր երկյուղածների շուրջն է և պահպանում է նրանց:

Ըստ Պողոսի դրանք սպասարկող հոգիներ են, իսկ Աբրահամը դրանց ծառաներ էր կոչում, որ Աստված իր հրեշտակներին ուղարկում է, որպեսզի առաջնորդեն քեզ: Հակոբն էլ հրեշտակին պահեց և դրանից հետո Տիրոջ բանակի առջևից էր գնում: Տերն էլ ասաց. «Նրանց հրեշտակները մշտապես տեսնում են երեսն իմ Հոր» (Մատթ. 18:10): Երբ սրբերն աղոթքի են կանգնում, ապա չարն էլ իր բանակով մոտենում է նրանց, բայց սրբերի աղոթքներից բորբոքված հուրը չարչարում է նրանց, և Աստծո բանակը, որ Հակոբը տեսավ, հալածում է նրանց, իսկ դևերն էլ այլ միջոց չգտնելով՝ ձայներ են լսեցնում սրբերին և չկարողանալով խափանել աղոթքը՝ պղտորում են նրանց մտքերը: Հայտնի է, որ առավել երկյուղածներին հրեշտակապետն է իր բանակով պահպանում, ինչպես որ Եղիսեին:

8. Ճաշակեցէ՛ք և տեսէ՛ք, զի քաղցր է Տէր. երանեալ է այր, որ յուսայ ի նա:

Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, թե որքան քաղցր է Տերը. երանելի է այն մարդը, որը հույսը դրել է նրա վրա:

Առանց ճաշակելու հնարավոր չէ հասկանալ քաղցրության չափը: Այսինքն՝ մոտեցեք Տիրոջը, խնդրեք և երկյուղած եղեք, բարձրացեք հրեշտակներով և երբ օգնի Աստված և բարություն անի, ապա այդ ժամանակ հնարավոր կլինի ճաշակել Աստծո քաղցրությունը: Նորից՝ երկնքից իջած հացը և անարատ կաթը Աստծո խոսքն է, որ փափագում են այն, ինչպես որ Պետրոսն է ասում և այդ կերակուրը մեծ ազդեցություն է ունենում հանդերձյալ կյանքում, այդ պատճառով էլ ասում է. երանելի է այն մարդը, որը հույսը դրել է նրա վրա:

9. Երկերուք ի Տեառնէ ամենայն սուրբք նորա. զի ոչինչ է պակասութիւն երկիւղածաց նորա:

Վախեցե՛ք Տիրոջից, բոլոր սրբե՛րդ նրա, քանզի նրանից վախեցողները ոչ մի պակասություն չեն ունենա:

Այս երկյուղը ծառայողական երկյուղ չէ, որ տանջանքների ահից է առաջանում, այլ որդիական սիրո պես է, քանզի պատկառում է ինչպես հորից, թեև իրեն մոտ է տեսնում Աստծո բոլոր բարիքները, որ ստանում է, բայց վստահ չէ, որ Հորը պատարագ է մատուցում ըստ նրա օրենքի, թեև գիտե, որ չի տանջի, քանզի Հայր է և մի՞թե չի ուրախանա Հայրս վերստին նորոգությամբս:

10. Մեծամեծք աղքատացան և քաղցեան, բայց ոյք խնդրեն զՏէրն, մի՛ պակասեսցէ ի նոցանէ ամենայն բարութիւն:

Մեծամեծներն աղքատացան ու սովի մատնվեցին, բայց ովքեր Տիրոջն են փնտրում, նրանցից ոչ մի բարիք չի պակասելու:

Սատանան, Ադամը, Սավուղը, Սենեքերիմը, Նաբուգոդոնոսորը և փարավոնը, բայց ովքեր Տիրոջն են փնտրում՝  հրեշտակները և հեզ մարդիկ, ինչպիսիք էին Նոյը, Աբրահամը, Իսահակը, Հակոբը, Հովսեփը, Մովսեսը, Դանիելը, Դավիթը, սուրբ առաքյալները, ապա նրանցից ոչ մի բարիք չի պակասելու:

11. Եկայք, որդեակք իմ, և լուարուք ինձ և զերկիւղ Տեառն ուսուցից ձեզ:

Եկե՛ք, իմ որդինե՛ր, և լսեցե՛ք ինձ. ես կսովորեցնեմ ձեզ Տիրոջ երկյուղը:

Հոգին կանչում է իրենից ծնվածներին: Ես կսովորեցնեմ ձեզ Տիրոջ երկյուղը. սա ուրիշ երկյուղ է, որ նման է մշակի երկյուղին, որով յուրաքանչյուրը խորշում է չարից, ըստ Առակի:

12. Ո՞վ է մարդ, որ կամի զկեանս, սիրէ զաւուրս իւր տեսանել ի բարութիւն:

Ո՞վ է մարդն այն, որ սիրում է կյանքը, և ուզում է իր օրերը բարության մեջ տեսնել:

Տիրոջ պատկերն է, որ սիրում է կյանքը, սիրում է Տիրոջը հավատալ և մկրտվել, ապա միշտ տեսնում է այն լուսավոր օրը, որ մկրտվեց և Հորը, Որդուն ու Սուրբ Հոգուն՝ իր բարի գործերով: Եվ ով ցանկանում է ասել, թե այստեղ եմ, Տեր, ապա ասում է նրան [Տերը].

13. Լռեցո՛ զլեզու քո ի չարութենէ. և շրթունք քո մի՛ խօսեսցի զնենգութիւն:

Լեզուդ պահի՛ր չարությունից, և շրթներդ թող նենգություն չխոսեն:

Քանզի եթե ցանկանում ես տեսնել քեզ Սուրբ Երրորդության թագավորական արքունիքում, ապա իմացիր, որ այնտեղ չար գազանն ու նենգ աղվեսը չեն բնակվում:

14. Խոտորեա՛ ի չարէ՝ և արա՛ զբարի. խնդրեա՛ զխաղաղութիւն, և երթ զհետ նորա:

Խուսափի՛ր չարից ու բարի՛ք գործիր, խաղաղություն փնտրիր և դրա՛ն հետևիր:

Նախ խուսափիր չարից, և դա էլ դեռ բավական չէ, նաև՝ բարին սերմանիր, քանզի հերկված արտում եթե բարի բան չցանեն, ապա փուշ ու տատասկ կաճի: Խաղաղություն փնտրիր՝ Աստծո հետ, հոգու և մարմնի հետ և բոլոր մարդկանց հետ և դրանով ընթանալով՝ միշտ ասա.

15. Աչք Տեառն ի վերայ արդարոց, և ականջք նորա ի վերայ աղօթից նոցա:

Տիրոջ աչքերն ուղղված են արդարներին, իսկ ականջները՝ նրանց աղոթքին:

Որովհետև արդարների աչքերն էլ Աստծուն են ուղղված, իսկ ականջները՝ Աստծո պատվիրաններին:

16. Երեսք Տեառն ի վերայ չարագործաց. սատակել յերկրէ զյիշատակս նոցա:

Տիրոջ հայացքը չարագործների վրա է՝ նրանց հիշատակն աշխարհից ջնջելու համար:

Քանզի նրանցն են չարության գործերը և Աստծո հիշատակը նրանց սրտերում չէ: Աշխարհից ջնջելու. այս երկրից շատերին, ինչպես Սոդոմին, ինչպես Դադանին, Աքարին, ինչպես Ռոբովամի տունը և Աքաբին՝ բոլորին հավասար կենդանության երկրից ջնջեց, անդառնալիորեն՝ արդարների հիշատակից, որոնց անունները գրված են կյանքի գրքում:

17. Կարդացին արդարքն առ Տէր, և Տէր լուաւ նոցա. յամենայն նեղութենէ նոցա փրկեաց զնոսա:

Արդարները Տիրոջն աղոթեցին, և Տերը լսեց նրանց ու փրկեց նրանց իրենց բոլոր նեղություններից:

Ինչպիսիք էին Նոյը, Հոբը, Դանիելը, երեք մանուկները և Իսրայելը՝ Մովսեսի գլխավորությամբ՝ անցնելով Կարմիր ծովի միջով:

18. Մերձ է Տէր առ այնոսիկ՝ որ մաշեալ են սրտիւք. և զխոնարհս հոգւով կեցուցանէ:

Տերը նրանց կողքին է, ովքեր սրտամաշ են եղել, և նա փրկում է հոգով խոնարհներին:

Ովքեր ամբողջ սրտով հյուծվել և մաշվել են [մաքրելով իրենց] հպարտությունից, ինչպես նաև հոգով խոնարհների կողքին է:

19. Բազում նեղութիւնք են արդարոց, յամենայնէ փրկէ զնոսա Տէր. և պահէ զամենայն ոսկերս նոցա. և մի ի նոցանէ մի՛ փշրեսցի:

Արդարների նեղությունները շատ են, Տերն ազատում է նրանց այդ բոլորից:

Պահպանում է նրանց բոլոր ոսկորները, և դրանցից ոչ մեկը չի փշրվելու:

Քանզի ովքեր բարիքներ ունեն գանձաց, այնտեղ է պատերազմը և թույլ է տալիս Տերն այնքան ժամանակ, մինչև որ վարժվի պատերազմի և երևա նրա հավատքը, և ապա նոր փրկում է ամեն ինչից: Ոսկորները. ամուր խորհուրդներն են, որ չի թողնում  փշրվել չարից: Նաև մահվանից հետո հոգու հետ դևերը պատերազմում են և հոգին փրկվում է Տիրոջ շնորհիվ և ով ոսկորների միջոցով բարիք է վաստակել, ապա նրա ոսկորները չեն փշրվի և չեն բարակի հարության ժամանակ:

20. Մահ մեղաւորին չար է. բայց որ ատեայ զարդարն, զղջասցի:

Մեղավորի մահը չարաչար է, իսկ արդարին ատողը կզղջա:

Քանզի քանի դեռ կենդանի է, դարձի գալու հույս կա, բայց երբ մահանում է, ապա հույսը վերանում է: Բայց նա, ով ատում է արդարին և նրան որպես բարեկամ և բարեխոս չի դարձնում Աստծո մոտ՝ զղջալու է, ինչպես որ այն մեծատունն էր բոցերի մեջ զղջում: Այս խոսքերը կատարվեցին նաև հրեաների վրա, որոնց Տերն ասաց. «Ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ» (Հովհ. 7:34) և «Ձեր մեղքերի մեջ կմեռնեք» (Հովհ. 8:24), քանզի ատում էին նրան:

21. Փրկէ Տէր զանձինս ծառայից իւրոց. մի՛ զղջասցին ամենեքեան, ոյք յուսացեալ են ի նա:

Տերը փրկում է իր ծառաներին, և բոլոր նրանք, որ հույս են դնում Նրա վրա, չպիտի զղջան:

Ովքեր կկարողանան անցնել հրեղեն ծովի միջով, նրանց պես, ովքեր անցան Կարմիր ծովով: Չպիտի զղջան նրանք, ովքեր աջակողմում են լինելու և լսելու են. «Եկե՛ք, իմ Հոր օրհնյալնե՛ր» (Մատթ. 25:34), որովհետև այստեղ ծախեցին իրենց ինչքերը և աշխատեցին կարոտյալների համար:

 

 

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

30.10.17
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․