Գրքեր

Սուրբ Թեոդորոս զորավարի վկայաբանությունը

Արարչի մեծահրաշ սքանչելիքների անքնին և զարմանալի երկնաձիր պարգևները և հանդեսների համբերատար գործադրությունը, զանազան առաքինությունների պատմությունները հնարավոր չէ ասել մեզ նմաններին, կամ արդարապես գիտենալ նրանց բազմաբողբոջ պսակների գերապայծառությունը, և կամ ցույց տալ թե որքան վայելուչ տեսքով անթառամ պսակ հյուսեցին բազմակորով մարտիրոսությամբ, Հոգու ամրափակ վահանով պարսպելով իրենց մարմինները, ինչպես ոսկին հրափորձության բովով` անցան այս կյանքի չարության բազմավրդով ծածուկ ծովից, հաղթեցին բանսարկուին մարտում: Նրանց բոլոր արիությունների հիշատակը մարմնականներից ոչ ոք չի կարող արժանավորապես բացահայտել, որովհետև միայն աստվածային Հոգու կարողությունն է պատմելը: Թեպետև մարդկանց անհասանելի է ամփոփել նրանց պատմությամբ, սակայն ամենևին հարկ չկա լռելու: Ըստ աստվածային շնորհի բաշխման` Հոգունն է կարողությունը ճանաչելի դարձնել աստվածասեր անձանց, որովհետև Քրիստոսի արիական և հոգեղեն զորականների հիշատակի միջոցով պիտի զարթնեն եկեղեցու մանուկները և թևակոխեն մտնելու այն երանավետ կոչման առագաստը, սպառազինված Աստծու զինվորությամբ, որպեսզի հալածանքի և փորձությունների ժամանակ, որ գալու են` կարողանան բաժնեկից լինել նրանց, ովքեր խաչակից եղան Քրիստոսին:

Այսուհետև սկսում ենք պատմել Քրիստոսի գերապայծառ սուրբ վկա Թեոդորոսի հիշատակը, թեպետև անկարող ենք պատմել քաջության բոլոր արիությունները, բայց շատից մի փոքր կճառենք, թե ով էր, որտեղից և ինչպես եղավ նրա սկիզբն ու վկայի վախճանը և կպատմենք նրա հալածանքների ժամանակը: Սա Տյուրիոն Թեոդորոսը չէ, որի հիշատակը կատարվում է Քառասնորդաց պահքի առաջին շաբաթը, այլ լինելով նրա քեռորդին, սա ստրատելատական իշխանության պատիվ ստացավ թագավորներից: Նա վկայեց Մաքսիմիանոս թագավորի ժամանակ Կապադովկիայի գավառի Ամասիա քաղաքում: [Այս երկուսը] ժամանակով և ազգակցությամբ իրարից հեռու չէին:

Արդ, անօրեն և ամբարիշտ Լիկիանոս թագավորի ժամանակ, երբ նրանից տարածվում էր դառնության հրաբորբոք մրրիկ ի հալածումն Աստծու եկեղեցու Հռոմայեցոց տերության բոլոր կողմերում ամենուրեք կարկառած կային բագինների դիվաձույլ արձաններ: Եվ ամեն տեղ, բոլոր քաղաքներում ու գյուղերում խիստ սաստկությամբ տարածվում էր ուրացության գիրը` այնպիսի հրամաններով, որպեսզի երկրպագեն մարդկանց ձեռքով կերտված քարերին ու փայտերին և ողջակեզ ու զոհ մատուցեն աստված կոչվածներին, և պիղծ կերակուրները ճաշակեն բոլորը, և այդպիսի հրամանի հնազանդվողները պարգևներ և պատիվներ ստանային թագավորից, իսկ ովքեր չախորժեին այդ անել` հարկադրանքի, գանուտանջանքի, սրի պատուհասների և հրի մեջ գցվեին: Բոլորին պատում էր խավարի անհնարին մեգ և խռովություն, քանի որ հավատացյալներից շատերին բռնած մատնում էին դատավորների ձեռքը, որպեսզի գցեին դառն տանջանքների խավարչտին տեղերը, և բազում հարվածներից հետո [վկաները] սրի պատուհասով մահվան վճիռ ստանային:

Այդ ժամանակ ծագեց պայծառափայլ աստղը և ճառագայթարձակ լուսատուն, որ փարատեց կռապաշտության խավարի մեգը, հաղթող լինելով ամեն ինչում, քաջ և նախամարտիկ զորականը անհաղթ Թագավոր Քրիստոսի` սուրբ Թեոդորոսը: Երբ ելավ այս ամբարիշտ թագավոր Լիկիանոսի հրամանը, որպեսզի բոլորին, ովքեր Քրիստոսի հավատացյալներ էին, բռնելով բանտ նետեն` կապանքի, անհնարին նեղությունների ու տանջանքի, այդ ժամանակ Քրիստոսի երանելի և մեծանուն վկա Թեոդորոսը ծնվել էր քրիստոնյա և բարեպաշտ ծնողներից Եվխայտիա գյուղում, մեծացել և վարժվել քրիստոսական բոլոր բարեկարգություններով, զարգացել հասակով և իմաստությամբ, կրթվել աստվածպաշտության հրահանգներով, երիտասարդության շրջանում ծաղկել էր հասակով և գեղեցիկ դեմքով, լցվել ամենիմաստ հանճարով, և սիրելի ու ծանոթ եղել այն ժամանակվա թագավորներին ու իշխաններին, որովհետև բարբարոսների պատերազմներում անպարտելի և հաղթող է հանդիսացել ամենագով սուրբը, որի համար և ստացել էր զորավարի առավելագույն պատիվ` մեծարվում էր մեծաշուք պատվով և իշխանությամբ:

Արդ, բանսարկուի չարասեր արբանյակները մոտենալով թագավորի ականջին հայտնում են սրբի մասին, թե` «Քրիստոնյա է, ոչ միայն ինքը, այլև ամբողջ աշխարհն ու քաղաքը, որ նրա ձեռքի տակ են, զորքով հանդերձ հրապուրվել են նրանից, դարձել կուռքերի երկրպագությունից, անհավան լինելով ձեր հրամաններին, չեն կատարում աստվածների մեծախորհուրդ տոները և չեն ճաշակում նրանց նվիրական զոհերի [մսից]»: Երբ թագավորն այս լսեց` հիմարացավ և ապշեց, ցասումով լի` վարանեց իր մտքում, թե ինչպես կկարողանա բռնել այնպիսի երևելի հերոսին մահվան ակնատի մեջ. գրել և իր մոտ կանչելը անպատշաճ էր համարում, որ նենգության գաղտնիքը չիմացվի և զարհուրելով ընդդիմանա հրամանին: Մտքում խորհում էր, թե պատերազմական պատրվակով գնա այն կողմերը և այն քաղաքում բռնի երանելիին: Այս էր անօրենի մտքում, և կամեցավ պատվավորներից ոմանց զորքով ուղարկել Կապադովկիայի Արակլիա քաղաքը, ուր բնակվում էր երանելին: Նրան նամակ գրեց մեծարանքով և պատվով. «Եթե հաճո թվա քո կամքին գալ տեսնել մեզ և երկրպագություն մատուցել մեր աստվածներին Նիկոմիդիա քաղաքում, արի բազում ճոխությամբ և երևելի փառքով, իսկ եթե ինչ–որ պատճառ լինի կամ արգելք, պետք է որ մենք գանք տեսնելու այդ կողմերը և քաղաքը, որտեղ բնակվում ես, որովհետև շատ ցանկացել ենք տեսնել և վայելել քո սերը»: Եվ երբ զորագլուխները հասան նրա մոտ և մատուցեցին հրովարտակի գիրը, վերցրեց, կարդաց, ուրախացավ և գոհացավ Աստծուց, որ ինչ որ ավելի առաջ իր սրտում խորհում էր` հայտնել աստվածապաշտությունը և Քրիստոսի վկա լինելը` արագորեն կատարում էին աստվածահաճո կամքը: Այնժամ մեծաշուք պատվով ընդունեց եկողներին, պարգևներ շնորհեց նրանց և իր` թագավորի մոտ չգնալը պատճառաբանեց [իր] աշխարհի կարիքներով: Աղաչում էր նրանց նվերներ խոստանալով, որ գնան, հորդորեն արքային` իր աստվածների բազմությամբ հանդերձ գալու Արակլիա քաղաքը, որպեսզի այդ ամենը տեսնելով քաղաքիս և գավառիս բազմությունը ուրախությամբ ցնծան, մեծ տոն կատարեն զոհերով ու երկրպագությամբ: Իսկ նրանք եկան թագավորի մոտ, մատուցեցին հրովարտակի պատասխանը, որ արքան վերցրեց ընթերցեց և մի անմիտ մանկան նման խաբված` կամեցավ գնալ այն կողմերը: Անօրենը համարում էր, թե իր բոլոր մտածածները կատարվեցին: Այնուհետև վերցնելով իր հեծելազորի բազմությունը եկավ հասավ Արակլիա: Սուրբ Թեոդորոսը, լսելով թագավորի գալուստը, մեծաշուք պատվով ու ճոխությամբ ընդառաջ գնաց նրան: Եվ այն գիշեր, մինչդեռ երանելին ննջում էր իր տանը, երազ տեսավ, որ տան ձեղունը վերացավ, և կրակի կայծերը փայլատակելով իջնում էին իր վրա: Եվ ձայն լսելի եղավ, որ ասում էր նրան. «Զորացի՛ր և քաջալերվիր, Թեոդորո՛ս, որովհետև Ես քեզ հետ եմ»: Եվ սուրբն արթնացավ, մերձականերին պատմեց երազը և ասաց. «Աստված հաճեցավ, որ այստեղ հեղվի իմ արյունը Քրիստոսի անվան համար»: Ելավ, ծունր դրեց և աղոթեց, ու երբ վերջացրեց աղոթքը, արտասուքով հանդերձ գոհացավ Տիրոջից:

Ելավ, լվաց իր երեսի պայծառ գեղեցկությունը, հագավ թանկարժեք բեհեզյա զգեստները, հրամայեց պատրաստել իր ոսկենախշ երիվարները և հեծավ իր զորքով հանդերձ, գնաց թագավորին ընդառաջ: Արքային տեսնելով` երկրպագեց նրան, արքայավայել ողջույն մատուցեց նրան, ասելով. «Ողջույն քեզ, հզոր և ինքնակալ թագավոր` առաքված Աստծուց»: Երբ թագավորն այդ լսեց և տեսավ սրբի մեծահոգությունը, իսկույն գրկեց նրան մեծ գորովանքով և սիրով, համբուրեց ու ասաց. «Ողջույն քեզ, արեգակնակերպ թագագլուխ, որովհետև պետք է որ դու թագավորես ինձ հետ»: Եվ միասին մտան քաղաք` հանդերձ բազմությամբ, որ ընդառաջ էր ելել թագավորին: Իջևանեց արքունական ապարանքում` պատրաստված պալատի օրենքներով, թագավորի գահույքով ու աթոռներով: Այդ տեսնելով թագավորը շատ ուրախացավ, գովեց քաղաքն ու քաղաքացիներին, Թեոդորոսին հրամայեց նստել և ասաց. «Ահա քո գրած աղաչանքի համաձայն, ո՛վ Թեոդորոս, հյուրաբար մեծարանք ստանալով եկա տեսնելու քեզ և քո քաղաքը, ինձ հետ բերելով մեր աստվածներից պատվականագույն և փառավորագույններին, որպեսզի երկրպագեք և զոհ մատուցեք նրանց»: Պատասխանեց սուրբ Թեոդորոսն ու ասաց. «Ո՛վ հաղթող և մեծ թագավոր, լավ է, որ կատարել ես քո ծառայի խնդրանքը, մեզ ուրախացնելով քո գալստյամբ: Առավել ևս պատվեցիր մեզ աստվածներ բերելով, որպեսզի նրանց տեսնելով բոլորը հաստատեն աստվածպաշտության հրամանները: Արդ, աղաչում եմ քո մեծությանը, որ մի փոքր հանգստանաս ճանապարհի հոգնությունից, ինձ տաս բոլոր փառավորագույն աստվածները, որ տանեմ իմ տունը և օծեմ անուշ յուղերով և կնդրուկ մատուցելով խնկեմ նրանց, երկրպագելով զոհ մատուցեմ իմ տանը առանձնակի: Դրանից հետո բերեմ հրապարակ բոլորի աչքի առաջ զոհ մատուցեմ, որ նայելով և տեսնելով` բոլորը հետևեն բարեպաշտության նույն նախանձին»: Թագավորն այս լսեց, սրբի խոսքը շատ հաճո թվաց և հավատաց նրա ասածներին: Հրամայեց բերել և նրան տալ բոլոր ոսկեղեն և արծաթեղեն կուռքերը, որոնք սուրբը վերցրեց, տարավ իր ապարանքը` այնտեղ դնելու: Եվ այն գիշեր ելնելով` խորտակեց, մանրեց բոլոր աստվածների [արձանները] և հանեց, բաժանեց աղքատներին ու կարոտյալներին:

Երեք օր անց արքան հրամայեց իր մոտ կանչել մեծն Թեոդորոսին և ասաց նրան. «Ո՛վ ազնվականդ և փառավորյալդ թագավորներից, որ ինձնից առաջ էին, առավել մեծարվեցիր և պատվի արժանացար իմ մեծության կողմից: Այժմ ցույց տուր քո հոժարական սերը մեր աստվածների և մեր նկատմամբ. մոտեցիր ամբողջ ժողովրդի առջև զոհ մատուցիր նրանց, որ սրանք բոլորը քեզ տեսնելով մեծ հոժարությամբ կատարեն մեր հրամանը: Ու մինչդեռ սուրբն ուզում էր պատասխանել թագավորին, առաջ եկավ իշխաններից մեկը, որի անունը Մաքսենտենես էր, և ասաց. «Ո՛վ քաջ արքա, չիմացա՞ր ամբարիշտ ստրատելատի դավաճանությունը, թե ինչպես ստելով խաբեց քո մեծությանը բարեհաղթ աստվածների հարցում: Երեկ չէ առաջին գիշերը ես ելա իմ ապարանքից, տեսա մի աղքատի, որ գալիս էր ուրախացած և ձեռքին ուներ մեր մեծ աստվածուհի Արտեմիդեսի ոսկեկուռ գլուխը»:

Երբ թագավորն այս լսեց` խիստ զարմանքից ապշեց և չէր հավատում նրա ասածին: Հարցրեց սրբին. «Ճի՞շտ են այս ասածները»: Սուրբը պատասխանեց. «Այո՛, ճշմարիտ և արդար են, չեմ ուրանում, քանի որ ինչ արել եմ` արդար եմ արել: Արդ, եթե քո աստվածներն իրենց օգնել չկարողացան, քեզ ինչպես կարող են օգնել»: Այնժամ թագավորի դեմքը այլագունեց բարկությունից և ցասումով լցված ասաց. «Վա՜յ ինձ, որ խաբվեցի իբրև երեխա, ծաղրի առարկա դարձա բոլորի աչքին: Հիմա ի՞նչ անեմ, կամ ինչ գործեմ` չգիտեմ: Ես լինելով թագավոր և իշխան այնքան զորքի և աշխարհների` իմ ամբողջ զորքով հանդերձ եկա այս անօրենի ոտքը, նախատինք եղա գավառիս ու քաղաքիս, կորցնելով բոլոր բարեհաղթ աստվածներին»: Սուրբ Թեոդորոսը տեսավ թագավորին այդպիսի հիմարությամբ լցված, իր մտքում ծիծաղեց և ասաց. «Ո՛վ անմիտ դև` լցված ամենայն անօրինությամբ, նախապես դա չէ՞իր մտածում, թե ես քրիստոնյա և Քրիստոսի ծառա լինելով` ի՞նչպես պիտի խաբվեի քո մոլորեցնող և կորստական հրամաններից: Որպեսզի խաբվելով իբրև միամիտ մանուկ հասկանաս` դրա համար քեզ ցույց տվի քո աստվածների տկարությունը, ամոթի մատնեցի քո ամբարշտությունը: Հպարտացել ես սնոտի և անցավոր մեծությամբ և չունես անանց մեծության և մշտնջենական կյանքի հույս ու ակնկալություն, չես ճանաչում Նրան, որ քեզ տվել է ժամանակավոր այդ մեծությունը, այլ ունայնացել ես բանսարկուի խաբեությամբ և խավարել` Աստծու միածին Որդու փառքի լույսից, չարի ազդեցությամբ ամբարտավանացած` չգիտես ինչ ես խոսում: Իսկ ես բոլոր արարածների այս փառքը, որ օտարացնում է Աստծուց, համարում եմ սնոտի, որպեսզի ժառանգեմ հավիտենական կյանք, որ աչքը չի տեսել և ականջը չի լսել, որ Աստված պատրաստեց իր սիրելիներին (Ա. Կորնթ. Բ. 9): Իսկ ձեզ և ձեր աստվածներին պատրաստ պահում է սատանայի և նրա զորքերի հավիտենական հուրը»:

Թագավորն ասաց. «Ո՛վ հպարտ և ամենաչար ամբարտավան Թեոդորոս, եթե ինձ անարգես` կհամբերեմ, որ ինձ անսալով լավության դառնաս: Բայց աստվածներին ինչո՞ւ անարգեցիր»: Պատասխանեց սուրբը ասելով. «Հենց դա է քո անմտության նշանը: Տեսնելով քո դիվաձույլ արձանների ոչնչությունը` դարձյալ հանդգնում ես աստված անվանել դրանց, որ ձիու և ջորիի նման են և չունեն իմաստություն: Դուք առավել անմիտ եք, քան աստված կոչվածները, որ չարադև մտքերի ստեղծած են, կոփված ճարտարների ձեռքերով»: Բարկությամբ լցվելով թագավորն ասաց. «Այսուհետև չեմ հանդուրժի քեզ, կմատնեմ չարաչար տանջանքի»: Եվ դահիճներին հրամայեց մերկացնել սրբին և ձեռքերը կապելով քառակողմ պրկումով` դալար արջառաջիլերով անխնա հարվածել նրա թիկունքին, լանջին ու որովայնին: Եվ այնքան հարվածեցին երանելիին, մինչև անաստված տանջողները տկարացան: Իսկ սրբի մարմինը չարաչար հարվածներից բզկտվել էր, և արյունը հորդ հոսում էր նրանից: Ապա [թագավորը] հրամայեց կապարե մուրճերով անխնա ծեծել սրբի պարանոցը: Մինչդեռ հարվածում էին` հրամայեց, որ սուրբ վկայի մնացած ամբողջ մարմի նը երկաթե ձողերով քրքրեն, ապա կրակ մոտեցնելով` այրեն մարմնի բոլոր վերքերը: Թագավորի հրամանի համաձայն այրեցին և խորովեցին ամբողջ մարմինը: Իսկ սուրբ վկան ավելի ու ավելի էր համբերում անհնարին նեղություններին և գոհանում էր Աստծուց, որ իր ցանկությունները կատարվեցին: Ոչինչ համարելով այդպիսի անասելի տանջանքները` ասաց թագավորին. «Ո՛վ սպասավոր և արբանյակ սատանայի և ամեն մի արդարության թշնամի, չե՞ս տեսնում, որ քո տանջիչները տկարացան, և քո հանդուգն ամբարտավանությունը տապալվեց, քո բռնությունը պարտվեց, քո հայր բանսարկու սատանան ամոթահար եղավ: Իսկ իմ արտաքին մարդը որքան ապականվի քո [պատճառած] տանջանքներից, այնքան իմ ներքին մարդը կնորոգվի հավիտենական կյանքի համար»:

Եվ թագավորը խիստ զայրացավ, զինվորներին հրամայեց` բանտ տանել երանելիին, մինչև մտածեն, թե ինչպիսի մահով սպանեն նրան: [Սրբին] տարան բանտ, իսկ օրեր անց հրամայեց բերել իր առջև, բազում խոսքերով հարցաքննեց, չկարողացավ համոզել երանելիին: Ապա հրամայեց նրան խաչ հանել և զորքի ամբողջ բազմությամբ նետահարել: Իսկ Քրիստոսի վկան մեծ ցնծությամբ գնում էր զինվորների ետևից: Հասան, խաչին կապեցին նրա ձեռքերն ու ոտքերը և հանելով կապեցին խաչափայտին: Եվ զորքի բազմությունը նետահարում էին սրբի երեսն ու աչքերը: Իսկ Քրիստոսի նահատակը համբերությամբ գոհանում էր Աստծուց և նեղության [պատճառած] բոլոր վշտերը ոչինչ էր համարում: Այնուհետև մոտենալով կտրեցին սեռական անդամը, և բազմությունը, որ հավաքված էր շուրջը, միասնաբար լալիս էր:

Ես` Աբգարոսս, լինելով սրբի ծառան և դպիրը, հրաման էի ստացել մեկ առ մեկ գրելու բոլորը, երբ տեսա անչափ նեղությունները` մի կողմ գցեցի իմ ձեռքից մագաղաթը, դառնապես լալով` գնացի, ընկա նրա ոտքերը, և սուրբը տեսնելով իմ արցունքները` նվաղ և տկար ձայնով ասաց ինձ. «Ո՛վ Աբգարոս, մի՛ տրտմիր և մի՛ ծուլանա քո գործում, այլ սկսածդ ավարտիր և սպասիր մի փոքր, որ տեսնելով իմ վախճանը` գրես»: Այս ասելուց հետո` աչքերը բարձրացրեց երկինք և ասաց. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայր, Աստվա՛ծ իմ, որ Քո անճառելի բարերարությամբ խնամում ես բոլորին, որ Քո միածին Որդու և ճշմարիտ Սուրբ Հոգուդ միջոցով ինձ համբերություն պարգևեցիր, դու` Տեր, նախապես խոստացար ինձ, ասելով` «Չեմ թողնի քեզ, այլ ամեն ժամ կլինեմ քեզ հետ և կփրկեմ քեզ»: Այժմ ինչո՞ւ ինձ թողիր, Տե՛ր իմ, և հեռացրիր Քո գթությունը ինձանից, երբ վայրենաբարո գազանները գիշատեցին իմ մարմինը Քո անվան սիրո պատճառով, իմ աչքերի բիբերը ինձնից դուրս ելան, իմ մարմինը հալեց կրակից, իմ մատները փշրվեցին, իմ երեսը այլագունեց` ելնելով մարդկային բնությունից, իմ անձը սասանելով դողաց խաչի չարչարանքի երկյուղից: Տե՛ր իմ և Աստված իմ, Քեզ համար համբերեցի այս ամենին, կրեցի սրի և հրի բազում նեղություններ: Ուստի աղաչում եմ Քեզ. ընդունի՛ր իմ հոգին անմիջապես և հասցրու ըստ Քո կամքի, քանի որ Դու կարող ես ամեն ինչում»:

Այս ասելով լռեց, քանի որ վկայի մարմնի բոլոր մասերը հյուծվել էին, հոշոտված, տրորված էր նրա որովայնի խորշը քերանքից և ձաղկելուց: Անօրեն և ամբարիշտ Լիկիանոսը, կարծելով թե սուրբը մեռել է, հրամայեց պահապաններ կարգել, որ ամբողջ օր ու գիշեր մարմինը մնա խաչի վրա: Իսկ գիշերվա առաջին պահին Աստված հրեշտակ առաքեց, որ իջեցրեց խաչից, առողջացրեց նրա ամբողջ մարմինը և ասաց. «Ուրա՛խ եղիր և զորացիր, որովհետև Տերը քեզ հետ էր, է և կլինի հավիտյան: Եվ ինչո՞ւ ասացիր` «Հեռացար ինձանից»,– որի համար ավարտեց քո ճգնության ընթացքը, և դու կգնաս Հիսուս փրկչի մոտ և արդարների արքայության մեջ կընդունես անապական պսակը»: Այս ասելով [հրեշտակը] բարձրացավ երկինք: Իսկ սուրբ Թեոդորոսը, տեսնելով իր մարմինը վերքերից ամբողջապես բուժված, ձեռքը երկինք պարզեց, գոհացավ Տիրոջից և ասաց. «Բարձրացնում եմ Քեզ, Տե՛ր իմ և Թագավոր իմ և հավիտյան օրհնում եմ Քո անունը, հավիտյանս հավիտենից»,– և վերառաքեց բազում ժամեր աղոթելով:

Առավոտյան այգաբացին թագավորը պատվավորներից երկու հոգու կանչեց և ասաց. «Զորականների հետ գնացեք, խաչից իջեցրեք այն խաբողի չարամեռ մարմինը և բերեք իմ առաջ, որ հրամայեմ դնել կապարե տապանի մեջ և գցել ծովի խորքը, որպեսզի քրիստոնյաները չհափշտակեն և պատվեն իրենց սովորության համաձայն: Զորագլուխները գնացին և հեռվից տեսան, որ խաչը սրբի մարմնից զերծ է: Եվ հիացած ապշեցին: Եվ Անտիոքոսը Պատրիկիոսին ասաց. «Թերևս ճշմարիտ է, որ քրիստոնյաներն ասում են, թե Քրիստոս երեք օր հետո հարություն առավ մեռելներից. որովհետև այժմ տեսնում ենք նրանց խոսքի ճշտությունը»: Իսկ Պատրիկիոսը մոտեցավ, տեսավ սուրբ վկա Թեոդորոսին նստած խաչի մոտ` ամբողջովին առողջ մարմնով, և հավաքված բազմությանը պատմում էր Աստծու սքանչելիքները, որ եղան իրեն: Երկու [զորավարները] բարձրաձայն աղաղակելով ասացին. «Մեծ է Աստվածը քրիստոնյաների, և չկա այլ Աստված բացի Նրանից»: Եվ իրենց հետ եղած ութսուներկու զինվորներով հանդերձ գնացին, ընկան սրբի ոտքերը և ասում էին` «Մենք քրիստոնյա ենք և Քրիստոսի ծառա, խնդրում ենք քեզ, մեզ` ճշմարտության ճանապարհից տգիտացածներիս, ընդունիր և աղաչիր Արարիչ Աստծուն, որ մեզ ևս արժանացնի իր ողորմության շնորհներին»: Այս լսելով թագավորը հույժ բարկացավ, հրամայեց Կեստովն անունով բդեշխին, որ զորքից վերցնի երեք հարյուր հոգի, և գնան կոտորեն նրանց: Եվ երբ գնացին, Աստծու աջողումով տեսան Աստծու սքանչելիքը, նրանք ևս հավատացին Քրիստոսին, և համախմբված բազմությունը բարձրաձայն աղաղակում էր. «Մեծ է քրիստոնյաների Աստվածը, Այն, որ այսպիսի սքանչելիքներ արեց, միայն Նա է Աստված: Արդ, եկեք քարկոծենք անօրեն Լիկիանեսին, որովհետև մեր Թագավորն Աստվածն է, որին քարոզեց Թեոդորոսը»: Եվ ռամիկների մեջ մեծ իրարանցում և խառնիճաղանջ արյունահեղություն ընկավ: Իսկ անօրեններից մեկը, որի անունը Լեանդրոս էր, հանեց իր սուսերը և գնաց սուրբ Թեոդորոսի վրա, որ սպանի նրան: Այս տեսնելով` բդեշխը ձեռք ձգեց և փախցրեց սրբին նրանից և սպանեց անօրեն Լեանդրոսին: Իսկ մեկ ուրիշը, որի անունն էր Մերպաս, մտնելով ամբոխի մեջ` հարձակվեց բդեշխի վրա, սրով հարվածեց և սպանեց նրան: Իսկ երանելին, երբ տեսավ բազմության խռովությունը, մտավ նրանց մեջ և աղաչելով խաղաղեցնում էր ամբոխին: Բազմությունը վերցրեց սրբին, և մեծ ուրախությամբ վերադարձան քաղաք: Մինչդեռ անցնում էին և մոտ էին բանտի դռանը, որտեղ բոլոր կալանավորներն էին, ամենքը աղաղակեցին բանտում և ասում էին. «Ողորմի՛ր մեզ, բարձրյալ Աստծու ծառա»: Երբ ժողովուրդը լսեց, աղաղակեց. «Մեզ հրամայիր, որ իսկույն խորտակենք բանտի դռները և ազատենք նրա մեջ եղած բանտարկյալներին»: Իսկ սուրբը ետ պահեց նրանց այդ մտքից, ինքը մոտեցավ դռներին, աղոթեց Աստծուն և կնքեց Խաչի նշանով. [դուռը] ինքնիրեն բացվեց, քանդվեցին կապանքներն արգելվածների, և դուրս ելան նրանք, ընկան վկայի ոտքերը, գոհանալով Աստծուց և սրբից: Իսկ նա դիմեց նրանց. «Գնացեք խաղաղությամբ ամենքդ ձեր տեղը»: Աստված նրա միջոցով նաև բազում այլ սքանչելիքներ էր կատարում, և հիվանդները, ախտաժետները և դիվահարները բուժվում էին նրա աղոթքով:

Անօրեն Լիկիանեսը տեսավ, որ ամբողջ հելլեն ժողովուրդը ուրանալով հրաժարվեց աստվածների պաշտամունքից և հավատաց Քրիստոսին, խիստ զայրացավ և բանակից զորականներ ուղարկեց, որ ամբոխից գաղտնի գնան և կտրեն սրբի գլուխը: Նրանք եկան, իսկույն կատարեցին հրամանը` սուսերով հատելով երանելիի գլուխը: Այսպես ի փառս Աստծու վկայեց Քրիստոսի հաղթող և մեծ նահատակ սուրբ Թեոդորոսը, օգոստոս ամսի քսանվեցին:

Սրբի վկայությունից հետո նրա հրամանով, ինչպես նախապես պատվիրել էր` իր ծառա Աբգարիոսը վերցրեց սրբի մարմինը, և պատեցին սուրբ կտավով ու անուշահոտ խունկերով, դրին տապանի մեջ ու տարան, դրին նրա հայրենի Եվխայտիա գյուղում: Եվ Առակլեա քաղաքի ժողովրդի բազմությունը գնաց սրբի նշխարների հետևից, վառած մոմերով, անուշահոտ խնկերով և հոգևոր երգերով` ըստ քրիստոնյաների սովորության, և դրին իր հանգստարանը: Եվ Աստված բազում սքանչելիքներ կատարեց սրբի նշխարների գերեզմանի միջոցով, որ լինում է մինչև այսօր` ով հավատով մերձենա նրան: Վկայի հիշատակի օրը ամեն ազգի բազմություն է հավաքվում. նրանք մեծ պատվով և ընծաներով կատարում են սրբի հիշատակը, որովհետև Աստված փառավորում է իր փառավորիչներին (Ա. Թագ. Բ. 30): Քանի որ այս սուրբը ավելի պայծառ էր քան արեգակը` աննվազելի փայլմամբ փայլեցրեց իր առաքինության վարքը անբիծ և ուղիղ հավատով, հերքելով անօրեն իշխանին իր գործակիցներով հանդերձ: Նա հաստատուն պահեց աներեր Հույսի խոստովանությունը և իր կյանքում փառավորեց կենդանի Աստծուն: Նա խաչակից և մահակից կամավոր վկա եղավ Տիրոջ չարչարանքին և մահվանը, նա փոխանակեց իր մահը, անուշահոտ պատարագ մատուցելով ի հաճույս Նրա, քանի որ նրա ճշմարիտ մահը հրեշտակների և մարդկանց հաշտություն եղավ, անեծքների վերացում և ընտանություն Աստծուն: Նա իր արյան հեղումով ջնջելով մարեց կռապաշտության մոլորությունը և հավատո հիմք եղավ, կնիք եկեղեցու, դուռ` երկինք մտնողներին: Նա պատվվում է մեզնից հիշատակով և պայծառակերպության տոներով: Նրա նահատակության պատմությունը գրեցի և ավանդեցի գալիք ազգերին, որ լինենք վկայածների վկաներ` մինչև բոլորս հասնենք հանդիսադիր Քրիստոսի մոտ: Նա մեզ համար միշտ բարեխոս է բարեգութ Աստծու առջև, որպեսզի և մեզ բացվի ողորմության դուռը, նրա հետ վայելելու անսպառ բարիքը: Արդ, ովքեր հավատով, երկյուղով և մեծ հոժարությամբ կատարում են Քրիստոսի այս վկայի հիշատակը` ինչ և հայցեն Տիրոջից, կլինի նրանց, և գործերի մասնակից ու վարձակից կդառնան բոլոր սրբերի հետ` ի Քրիստոս Հիսուս Տեր մեր, որին փառք և զորություն, հավիտյանս. ամեն:

 

Վարք Սրբոց, Հատոր Բ, Ս. Էջմիածին – 2010թ.

 

22.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․