Գրքեր

Տաղարան-Գանձարան

Տաղարանը եկեղեցական գիրք է, որ բովանդակում է տաղեր, Սուրբ Պատարագի երգեր, մեղեդիներ, ստեղիներ, գանձեր, քարոզներ: Հայ եկեղեցու Տաղարանի հեղինակը Գրիգոր Խլաթեցի վարդապետն է (Ծերենց), ով համախմբել է տաղերը և գանձերը:

Հոգևոր բովանդակությամբ հնագույն տաղերը ստեղծվել են 10-րդ դարում Գանձարան ժողովածուի կազմավորման պահանջով: Դրանք օրհնություն են, գովեստ, ողբ, աղաչանք, խրատ, որոնք զարդարում էին ազգային եկեղեցական տոների հանդիսությունները:

Տաղասացների հեղինակներից է Սուրբ Գրիգոր Նարեկացին՝ «Աւետիս Մեծ Խորհրդով», «Սեաւ եմ գեղեցիկ», «Դուստր Եւայի Երուսաղէմ…», «Աչքն ծով ի ծով…», «Տաղ Յարութեան», «Տաղ յօրհնել ջրոյն», «Տաղ Վարդավառի», «Մեղեդի Ծննդեան» և այլ տաղերով: Մեղեդիական հնչեղությամբ մեծ արժեք են ներկայացնում «Հաւուն, հաւուն», «Ահեղ ձայնս» կամ «Ես ձայն զառիւծուն ասեմ», «Սայլն այն իջանէր», «Հաւիկ մի պայծառ տեսի» տաղերը: Նրա գրական ավանդները հետագայում զարգացրել է Սուրբ Ներսես Շնորհալին իր՝ «Նորն Ադամ հնոյն Ադամայ», «Կանայքն արտասուօք լային», «Նստեալ կանայքն ողբային», ինչպես նաև Սուրբ Հովհաննես Մկրտչի, Աստվածածնի, Ծաղկազարդի, Խաչելության, Սուրբ Ստեփանոս Նախավկայի, Անտոն Անապատականի, հրեշտակապետների, առաքյալների, մարգարեների, հայրապետների, մարտիրոսների տոներին նվիրված տաղերով: Սուրբ Ներսես Շնորհալին հորինել է նաև ազգային եկեղեցական սրբերին նվիրված տաղեր, որոնցից են՝ Սբ. Գրիգոր Լուսավորչին, Տրդատ Գ թագավորին, Սբ. Հռիփսիմեին և Հռիփսիմյանց կույսերին, Ներսես Ա Մեծին նվիրված տաղերը: Նրա տաղերին բնորոշ է ուղղաձիգ, նրբագեղ ու կանոնիկ արտահայտչաձևերը:

Սբ. Գրիգոր Նարեկացու և Սբ. Ներսես Շնորհալու կողմից Քրիստոսի Ծննդյան ու Հայտնության, Ջրօրհնեքի, Տյառնընդառաջի, Հարության, Համբարձման, Հոգեգալստյան,Վարդավառի, Խաչի, Եկեղեցու և այլ տոների համար ստեղծված տաղերը մեծ մասամբ արտահայտում են ուրախ և տոնական տրամադրություններ:

Տաղասացներից են՝ Գրիգոր Գ Պահլավունին («Շողիկ պայծառ ծովային», «Յայր կոյսն ի յայրին», «Ով զարմանալի»), Առաքել վարդապետ Բաղիշեցին («Դասքն հրէական էին պահապան», «Ով պարտիզպան»), Առաքել եպիսկոպոս Սյունեցին («Տունկ անմահութեան»), Գրիգոր Սեբաստացին («Անարատ Տաճար»), Գալուստ պատրիարքը («Գերագոյնք երկնից հիացան») և ուրիշներ:

Տաղերը տպագրվել են 1704թ. Պոլսում, «Լուսաշավիղ» կոչվող գրքում:

Տաղերի երաժշտությունը որևէ կապ չունի ութ ձայների հետ և երգվում է աշխարհիկ տաղերի եղանակով:

Գանձարանը եկեղեցական տոներին երգվող գանձերի՝ հանդիսավոր տաղերի երգարան-ժողովածու է: Այն ձևավորվել է 10-11-րդ դարերում: Գանձարանում ամփոփված գանձերը Տերունական տոներն ու սրբերի հիշատակները ներբողող մեծ, երգեցիկ քարոզներ են: Ինչպես տաղերը, այնպես էլ գանձերը խմբավորված են Գրիգոր Խլաթեցի վարդապետի կողմից: Գանձարանի երգերը տաղերի նման ազատ երգեր են և առնչություն չունեն ութ ձայների հետ:

Գանձարանում գանձերը ամփոփված են երգաշարքերով կամ գանձ-շարքերով, որոնց ստեղծումը վերագրվում է Սուրբ Գրիգոր Նարեկացուն: Գանձ-շարքը ներառում է 2-4 միավոր՝ գանձ, տաղ, մեղեդի, փոխ կամ հորդորակ: Գանձը պատմում է տվյալ տոնի իրադարձության կամ անձի մասին, տաղը հուզական մոտեցում է արտահայտում, մեղեդին ավելի է այն խորացնում, իսկ փոխը կամ հորդորակը ամփոփում և ունկնդրի հիշողության մեջ ամրացնում է արտահայտված գաղափարներն ու տրամադրությունները:

Գանձասացներն ապրել են հիմնականում միջին դարերում: Հեղինակներից են՝ Սուրբ Գրիգոր Նարեկացին, Սուրբ Ներսես Շնորհալին, Կոստանդին Սսեցին, Մխիթար Այրիվանեցին, Գրիգոր Խլաթեցին, Խաչատուր Տարոնեցին, Հովհաննես Երզնկացի Պլուզը, Գրիգոր Սկեռացին,

Խաչատուր Կեչառեցին, Հովհաննես Թլկուրանցին, Մկրտիչ եպիսկոպոս Նաղաշը, Մատթեոս Գանձասարեցին, Առաքել վարդապետ Բաղիշեցին: Գանձասացներից Սուրբ Գրիգոր Նարեկացին և Սուրբ Ներսես Շնորհալին գանձերը կազմել են իրենց անվան սկզբնատառերով՝ «Գանձ լուսոյ…», «Գանձ բաղձալի…», «Գանձ անքնին…»:

Գանձերը երգվում են երբեմն մեղմ, ինչպես Ժամագրքի և Ճաշոցի քարոզակերպ գանձերը, իսկ երբեմն ավելի թավ ձայնով՝ տոնական օրերին: Գանձերը երգվում են Փառք ի բարձունից հետո: Ներկայումս երգվող մեծ քարոզները՝ Աստված մեծ, Զճգնութիւն, Առաջնորդք, Մայր Սուրբ, կարելի է համարել հին գանձեր:

Նախկինում հուղարկավորության ժամանակ ողբաձայն գանձեր էին երգվում: Ներսես Աշտարակեցի կաթողիկոսն արգելեց դա. «Պատվիրում եմ քահանաներին, որ հորդորեն կանանց՝ եկեղեցում լաց չլինել և չճչալ, որովհետև սուգը հեթանոսներին է հատուկ, արգելում ենք նույնպես եկեղեցում գանձ ասել, որը տրամադրում է լացի» («Հայ եկեղեցւոյ իրաւունք», Ներսես արքեպիսկոպոս Մելիքթանգյան):

Տաղարանի կազմավորումից հետո Գանձարանը աստիճանաբար կորցրել է իր նախնական նշանակությունը և դուրս մղվել գործածությունից:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

07.12.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․