5 Հունիս, Ուր, Զ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Ծնողական օրհնություն

Ծնողական օրհնությունն ամենամեծ ժառանգությունն է, որ ծնողները թողնում են իրենց զավակներին: Այդ պատճառով էլ զավակները պետք է ջանան ստանալ այն: Տես, թե ո՜ւր հասավ Հակոբը հայրական օրհնությունը ստանալու համար: Հասավ այնտեղ, որ նույնիսկ ուլի մորթի հագավ (Ծննդ. 27):

Հատկապես թանկագին է մայրական օրհնությունը: Մի մարդ ասում էր. «Իմ մոր յուրաքանչյուր խոսքը ոսկե դրամ է»: Վերջերս ինձ մոտ մի հույն էր եկել Յոհաննեսբուրգից: Գիտե՞ք, թե ինչ տպավորություն թողեց ինձ վրա: Նա ինձ մոտ՝ խուց, եկավ աշնանը: «Հա՛յր,- ասաց նա,- մայրս հիվանդացել է և ես եկել եմ նրան այցելության»: Դեռ երեք ամիս էլ չէր անցել, երբ Սուրբ Ծննդյան տոնին կրկին եկավ: «Ի՞նչ է, նորի՞ց ես եկել»,- հարցրեցի ես: «Այո՛,- պատասխանեց,- Իմացա, որ մայրս կրկին վատառողջ է և եկա, որպեսզի նրա ձեռքը համբուրեմ, որովհետև նա արդեն տարիքն առել է և կարող է մահանալ: Իմ մոր օրհնությունն ինձ համար ամենամեծ հարստությունն է»: Մարդը վաթսուն տարեկան է և Յոհաննեսբուրգից Հունաստան է գալիս, որպեսզի իր մոր ձեռքը համբուրի: Եվ այժմ Աստված այդ մարդուն Իր օրհնությամբ այնպիսի միջոցներ է տվել, որ նա ցանկանում է մի մեծ կացարան կառուցել ծեր հոգևորականների համար և նվիրել Եկեղեցուն: Այսինքն, կարելի է ասել, որ նա ողողված է օրհնություններով և չգիտի, թե ինչ անի դրանց հետ: Այդպիսի հոգին ինձ համար նույնն է՝ թե մի բալասան: Կարծես Սահարա անապատով գնալիս լինես և անսպասելիորեն մի քիչ ջուր գտնես: Կամաց-կամաց այդ ամենը կորչում ու հեռանում է:

Մի մարդ էլ իմ խուցը եկավ՝ արցունքն աչքերին: «Հա՛յր,- սկսեց խոսել նա,- մայրս անիծել է ինձ: Եվ ահա, ընտանիքումս միայն հիվանդություններ են, դժվարություններ, աշխատանքում՝ անհաջողություններ…»: «Երևի մորդ մի առիթ տվել ես,- պատասխանեցի նրան,- որովհետև չէր կարող ուղղակի, առանց պատճառի անիծել քեզ»: «Այո՛,- պատասխանեց նա,- մի բարի պտուղը չէի…»: «Գնա՛,- ասացի,- և մորիցդ ներողություն խնդրիր»: «Կգնամ, Հա՛յր,- պատասխանեց,- օրհնությունդ տուր ինձ»: «Իմ օրհնությունը տալիս եմ,- ասացի նրան,- բայց դու մորիցդ էլ պետք է օրհնություն ստանաս»: «Դժվար թե նա ինձ օրհնի»,- պատասխանեց: «Գնա՛ նրա մոտ,- ասում եմ,- և եթե չօրհնի քեզ՝ այսպես ասա. «Մի ծերունի վանական ասաց ինձ, որ մի օր դու էլ ես հոգիդ Աստծուն ավանդելու»: Նա իր մոր մոտ գնաց և մայրն այսպես օրհնեց նրան. «Որդյակս, թող Աբրահամի օրհնությունը քեզ վրա լինի»: Մի որոշ ժամանակ անց նա նորից Աթոս եկավ՝ ինձ նվերներ բերելով. բալի կոմպոտ և լոխում: Շա՜տ ուրախ էր: Նրա երեխաներն առողջացել էին, աշխատանքում էլ ամեն ինչ կարգին էր: Նրա աչքերն արցունքով լի էին և անդադար կրկնում էր. «Փա՜ռք Աստծո»: Այդ մարդու կյանքը փոխվել էր և նա միայն հոգևորի մասին էր խոսում: Իսկ այն մարդը, որ հենց սկզբից հարգանք է տածում իր ծնողների հանդեպ, նրա մասին խոսք էլ չկա: Ինչպե՞ս կարող է այդպիսի մարդն Աստծո օրհնությունը չունենալ:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

 

 

30.04.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․