Գրքեր

Վազք

Մի հրապարակախոս` ձեռքին ինչ-որ գիրք, աղոթելով վազում է լեռն ի վեր: Շնչակտուր հասնում է լեռան գագաթին, ուր մի հովիվ իր ոչխարներն է արածեցնում: Հարցնում է.

- Այստեղ Աստծուն չե՞ս տեսել:

Հովիվը զարմացած պատասխանում է.

- Մի հրեշտակ երկնքից իջավ ու ասաց, որ Աստված լեռան ստորոտում գտնվող դաշտում է: Իմ ոչխարներն արածեցնելուց հետո երեկոյան կիջնեմ այդ դաշտն Աստծուն տեսնելու:

Շնչակտուր եղած հրապարակախոսը դժգոհում է.

- Այդ հրեշտակն էլ ինձ ասաց, որ Աստված այս լեռան գագաթին է գտնվում և դաշտից վազելով եկա այստեղ:

Այնուհետև նեղսրտած ու զայրացած նայում է իր մոտ գտնվող հաստափոր գրքին, որի վրա մեծ-մեծ տառերով գրված է <<Բողոքի գիրք>>, պատառոտում է գիրքը ու իջնում դեպի լեռան ստորոտը: Դաշտում մի մարդ խաղաղությամբ աղոթելիս է լինում: Հրապարակախոսը հարցնում է.

- Այս կողմերում Աստծուն չե՞ս տեսել:

Մարդը ձեռքով ցույց է տալիս շուրջբոլորն ու պատասխանում.

- Մի՞թե չես տեսնում, դու Աստծո ձեռքի ափի մեջ ես գտնվում, իսկ Նա քեզ է նայում...

Աղոթելիս պետք է խաղաղության մեջ լինել՝ զգալու Աստծո ներկայությունը, այլ ոչ թե աղոթելով վազքի ու լարվածության կամ անգործության մեջ լինել Աստծո ներկայությունը փնտրելու համար:

 

Հովհաննես Մանուկյան

05.05.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․