Գրքեր

«Զորավոր» երիտասարդաց միության հանդիպումը ՀՀ վաստակավոր արտիստների հետ

Հոկտեմբերիի 26-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել էր ՀՀ վաստակավոր արտիստներ Արթուր Կարապետյանին և նրա տիկնոջը՝ Սաթենիկ Հախնազարյանին:

Հանդիպումը, երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տեր Հայրը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց, որ երիտասարդների խնդրանքին ընդառաջ ընդունել են հրավերը և սիրով հանձն են առել երիտասարդների հետ կիսելու իրենց տպավորությունները, ապրումները, զգացումները և հայրենիքում ու նրա զավակների կյանքում հոգևոր ու մշակութային արժեքները զարգացնելու և զորացնելու հսկայական կենսափորձը:     

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արթուր Կարապետյանի դերակատարմամբ «Հովիվը» և «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում» գեղարվեստական և փաստավավերգարական ֆիլմերը: Քննարկումն ու զրույցը բազմաշերտ էր և հետաքրքիր, քանի որ երիտասարդները նախապես դիտել էին ֆիլմերը: Անդրադառնալով «Հովիվը» ֆիլմին՝ Արթուր Կարապետյանը նշեց, որ հոգևոր ֆիլմերի առումով մեդիադաշտը դատարկ է, իսկ համացանցն ու սերիալները ստիպում են մարդուն մտածել՝ ըստ իրենց թելադրանքի, ուստի այս ֆիլմի նկարահանումը փորձ էր՝ խավարում մեկ մոմ վառելու:  ֆիլմի միջոցով իրենք սբ. Գրիգոր Նարեկացուն ներկայացրել են որպես մարդու, քանի որ, երբ ասում են, որ Նարեկացին տիեզերական սրբություն է, կարծես նրան տարանջատում են մարդ հասկացողությունից. «Նարեկացին մեզ նման մարդ էր, այն ճանապարհը, որով ինքն անցավ, մեզանից յուրաքանչյուրը կարող է անցնել, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենա»:

Այնուհետև քննարկվեց հաջորդ ֆիլմի՝ «Ոտքի կանգնելու կամքը. ինքնաճանաչում»-ի ուղերձը: «Ֆիլմն ուղղված է բոլորիս՝ կրկնվող սխալներից խուսափելու և ոտքի կանգնելու ճանապարհները վերհիշելու համար կարևոր է, որ յուրաքանչյուր ոք փորձի ինքն իրեն ճանաչել»,- մասնավորաբար ասաց ՀՀ վաստակավոր արտիստը։

«Զորավոր» երիտասարդաց միության հանդիպումը ՀՀ վաստակավոր արտիստների հետ անցավ ջերմ ու բովանդակալից և ամենակարևորը՝ կյանքի կարևորագույն դասեր ավանդեց երիտասարդներին:

 

 

Կարինե Սուգիկյան

 

28.10.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․