Գրքեր
Հիսուսն ինչո՞ւ Բեթղեհեմ քաղաքում ծնվեց:

 Իր մասին գրվածը կատարելու համար: Քանի որ Միքիա մարգարեի ձեռքով Սուրբ Գրքում  կանխապես գրված էր, որ Բեթղեհեմ քաղաքում պիտի ծնվի: Մանավանդ Դավթի ցեղից սերելով՝ նրա որդին կոչվեց, Դավիթ Բեթղեհեմցի լինելու համար այդ քաղաքում ծնվեց. ահա տե՛ս, թե Աստծու հրաշքը՝ այդ փրկարար դեպքը, ինչպե՛ս տեղի ունեցավ: Այն ժամանակներում Հրեաստանը գտնվում էր հռոմեացիների Օգոստոս կայսեր իշխանության ներքո, որը հրամայում է իր տիրապետության տակ եղած երկրների բոլոր բնակիչներին, քաղաքները, ցեղերը իրենց անուններով արձանագրել տոմարի մեջ:

Հովսեփը ևս, որ Դավթի ցեղից էր, կայսերական հրամանի համաձայն, Մարիամի հետ (որ հղի էր) Նազարեթից դուրս գալով, Բեթղեհեմ եկավ, որտեղ Մարիամը, հղիության ժամանակը լրանալով, մի այրում ծնում է Հիսուսին՝ առանց իր կուսությունը վնասելու, քանի որ ինչպես կույս լինելով հղիացել էր,  նույնպես կուսությամբ ծնելով՝ միշտ կույս մնաց, ինչպես որ Սուրբ եկեղեցին է   դավանում: Եվ որովհետև գիշեր էր, իջևանելու տեղ չգտնելու պատճառով Հիսուսին խանձարուրի մեջ փաթաթելով՝ մի մսուրի մեջ են դնում:

Մի քանի հովիվներ, որոնք Բեթղեհեմի մոտ գիշերով բացօթյա իրենց հոտերն էին պահպանում, և որոնց երևաց Աստծու հրեշտակը, ու նրանց վրա աստվածային փառքի լուսափայլ ճառագայթները ծագեցին, մեծապես երկյուղեցին այդ անօրինակ փառավոր երևույթից, բայց հրեշտակը շտապեց հանգստացնել նրանց՝ ասելով. «Մի՛ վախեցեք, ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որով ամբողջ ժողովուրդը պիտի ուրախանա, որովհետև այսօր Դավթի քաղաքում փրկիչ ծնվեց ձեզ համար. ապացույցն այն է, որ խանձարուրի մեջ փաթաթված և մսուրում դրված պիտի գտնեք մանկանը, որի ծնունդը ավետում եմ ձեզ»: Հանկարծ նույն հրեշտակի հետ անհամար հրեշտակներ, այրի վրա իջնելով, սկսեցին օրհնել Աստծուն և երգել «փառք Աստծուն՝ բարձունքներում» և այլն:

Երբ հրեշտակները երկինք բարձրացան, հովիվները, երկյուղով համակված, ասացին իրար. «Գնանք մինչև Բեթղեհեմ և տեսնենք, թե ի՛նչ է այն, որ Տերը հայտնեց մեզ»: Արդարև, վերոհիշյալ հայտնության համաձայն՝  նրանք գալիս, Մարիամին, Հովսեփին և մանուկ Հիսուսին գտնում են այրում (այրը քաղաքից դուրս էր) և հասկանալով, որ հրեշտակի խոսքը նրա մասին է, փառավորում են Աստծուն: Երբ ուրիշներին էլ պատմում են, ինչ որ իրենք տեսան ու լսեցին, բոլորն էլ զարմանում են նրանց ասածների վրա, իսկ Մարիամն այս բոլոր  լսածները խորին ուշադրությամբ պահում է մտքում:

Իմացի՛ր, թագավորի որդու ծննդյան ժամանակ մեծ հանդեսներ են լինում, տեսակ-տեսակ նվագարանների ձայների և ուրախառիթ երգերի ու պարերի ուղեկցությամբ՝ մունետիկի միջոցով ևս հայտնվում է ժողովրդին, իսկ հեռավոր քաղաքներ հրովարտակ է ուղարկվում, որ տերության բոլոր հպատակները լսեն և ուրախանան: Բայց Փրկչի ծննդյան գիշերը կամ էլ նրա ծննդյան մասին իմանալով՝ ոչ մի մարդ հանդես չարեց, միայն հրեշտակները, մեծ փառքով և ցնծությամբ երկիր իջնելով, իբրև մունետիկ աստվածային մանկան ծնունդը հայտնեցին մարդկանց և «փառք բարձունքներին» երգելով՝ հայտարարեցին, որ նա է երկնային թագավորը և թագավորների թագավոր Աստծու Որդին:

Օրենքի համաձայն՝ ութերորդ օրը մանկանը թլփատելով՝ հրեշտակի պատվերով նրա անունը Հիսուս դրեցին: Հիշյալ դեպքերից բացի, ի նշան և որպես ապացույց նրա հրաշալի ծննդյան, երկնքում՝ արևելյան կողմում, աստվածային հրաշքով մի հատուկ աստղ երևալով գրավում է այդ կողմերի երեք մոգ իշխանների կամ թագավորների (ինչպես ենթադրվում է) ուշադրությունը, և մանավանդ երկնային շնորհների ազդեցությամբ իմանում են, որ հիշյալ աստղի երևալով հայտնվում է հրեաների թագավորի ծնունդը, որը բոլոր թագավորների վրա պիտի իշխի:

Սրանով կատարվեց Բաղաամի խոսքը, թե «Հակոբի աստղը թող ծագի», որ կանխապես հայտնել էր Աստծու ազդեցությամբ (տե՛ս չորրորդ դարի ԻԲ. հարցը): Այս պատճառով հիշյալ մոգերը միավորվելով Երուսաղեմ են գալիս՝ նորածին թագավորին երկրպագություն մատուցելու, որովհետև հիշյալ աստղը՝ որպես առաջնորդ երկնքում, նրանց առաջնորդում է մինչև Երուսաղեմ: Սակայն ոչ թե սովորական աստղի նման շատ բարձրից, այլ երկրին մոտ օդում գնալով, և խիստ լուսավոր կերպով էր ընթանում, որով կարող էին առանց շփոթվելու որոշել, թե ո՛ր կողմ  է ընթանում:

Բացի սրանից, նրանց իջևանած ժամանակ կանգ էր առնում, և ընթացքի ժամանակ առաջնորդում էր: Այս կերպ մինչև Երուսաղեմ  գալով՝ աներևութացավ, որի պատճառով նրանք սկսեցին հարցնել, թե որտե՞ղ ծնվեց հրեաների թագավորը, որի աստղը մենք արևելքում տեսանք և եկանք երկրպագություն մատուցելու:

Երբ Հերովդեսը լսում է մոգերի գալստյան և նրանց հետաքրքիր հարցման մասին, թե՛ ինքը և թե՛ Երուաղեմի բոլոր բնակիչները նրա հետ միասին  մեծ մտատանջության մեջ են ընկնում,  և գործը ստուգելու նպատակով ժողովրդի բոլոր քահանաներին ու իմաստուններին կանչում և հարցնում է, թե Մեսիան որտե՛ղ պիտի ծնվի: Նրանք պատասխանում են, թե ըստ մարգարեի խոսքի՝ Հրեաստանի Բեթղեհեմ քաղաքում (Միքիա 5:2):

 Այդ ժամանակ Հերովդեսը, մոգերին գաղտնի կանչելով, տեղեկանում է, թե աստղը ե՛րբ է երևացել, և ապա նրանց հանձնարարում է գնալ Բեթղեհեմ ու նորածին թագավորին գտնելուց հետո իրեն ևս իմաց տալ, որպեսզի ինքն էլ գնա երկրպագություն մատուցելու:  Երբ որ նրանք պատրաստվում են քաղաքից մեկնելու, հիշյալ աստղը, նորից երևալով, առաջնորդում է նրանց և մինչև Հիսուսի գտնված տեղը գալով՝ կանգ է առնում. դրանով նրանք  ուրախացած հասկանում են, որ նորածին մանուկ թագավորն այնտեղ է. ուստի երբ ներս մտնելով տեսնում են Հիսուսին մոր՝ Մարիամի հետ, երեսնիվայր երկրպագություն մատուցելուց հետո իրենց գանձարանը բացելով՝ ընծա են տալիս ոսկի, կնդրուկ և զմուռս:

Այսպես ահա կատարվեց Դավիթ մարգարեի այն խոսքը, թե թագավորները զոհ կամ ընծա թող բերեն նրան: Նմանապես Եսայի մարգարեն ևս հայտնում է, թե Մեսիայի ծննդյան ժամանակ թագավորներ պիտի գան երկրպագելու և ոսկի, կնդրուկ ու պատվական քարեր պետք է նվիրեն նրան: Մարգարեական այս կանխագուշակությունը ճշտորեն կատարվեց:

Այստեղ արժե նկատել Հերովդեսի չարակամությունը, որովհետև, թեպետ մոգերին ասաց. «Երբ մանկանը գտնեք, ինձ ևս տեղեկություն տվեք, որ ես էլ գամ երկրպագեմ», բայց նպատակը ոչ թե իրոք դա էր, այլ տեղն իմանալուց հետո նրան սպանելու մտադրությունը: Այս պատճառով հրեշտակը  տեսիլքի մեջ երևում է մոգերին և պատվիրում է Հերովդեսի մոտ չգնալ, ուստի նրանք այլ ճանապարհով են իրենց երկիր վերադառնում:

Հիրավի, Հերովդեսը խորամանկությամբ, առանց իր չար միտքը հայտնելու, մոգերին պարզապես խաբել կամեցավ, սակայն Աստված, որ գաղտնիքները քննող է, բացահայտեց նրա մտքի չարությունը, և Հերովդեսը ոչ միայն խաբվեց, այլև փառավորապես խայտառակվեց, երբ նրա սուտը երևան եկավ: Այսպես խայտառակվում են բոլոր այն նենգամիտ ու չարակամ մարդիկ, որոնք սուտը ճշմարտության տեղ են ուզում անցկացնել: 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․