Գրքեր
Հիսուսը ե՞րբ սկսեց քարոզել և հրաշքներ գործել:

Երեսուն տարեկանում Հովհաննես Մկրտչից մկրտվելուց հետո: Որովհետև Հովհաննեսը, որ անապատում էր բնակվում (տե՛ս Գ հարցը), աստվածային  ազդեցությամբ այն օրերում Հրեաստանի անապատում գտնվելով,  սկսել էր քարոզել, թե «Ապաշխարեցե՛ք, որովհետև երկնքի թագավորությունը մոտեցել է»: Հովհաննեսի այս քարոզությամբ կատարվեց Սուրբ Գրքում գրված այն մարգարեական պատգամը, թե «Անապատում մի բարձր ձայն լսվեց, պատրաստեցե՛ք Աստծու ճանապարհները, ուղղեցե՛ք նրա շավիղները». այս պատգամը Եսայի մարգարեն էր տվել:

Այդպես էլ հաստատվեց այն խոսքը, որ Գաբրիել հրեշտակը ասել էր Հովհաննեսի վերաբերյալ, թե Եղիայի նման քարոզելով՝ ժողովրդին Մեսիայի իշխանությանը ենթարկվելու պիտի հրավիրի: Արդարև, Երուսաղեմից, Հորդանանի չորս կողմերից և ամբողջ Հրեաստանից ժողովուրդը խմբերով գալիս էր Հովհաննեսի մոտ, մկրտվում Հորդանան գետում և խոստովանում մեղքերը: Եվ նա քարոզում էր ամենքին՝ ասելով. «Ապաշխարեցե՛ք այսուհետև, որովհետև կացինը ծառի արմատի մոտ է դրված. լավ պտուղ չտվող ծառը պետք է կտրվի և կրակը նետվի այրվելու համար»:

Երբ ժողովուրդը Հովհաննեսից խորհուրդ ստանալու համար հարցնում էր, թե ուրեմն ի՛նչ պետք է անել, նա պատասխանում էր. «Երկու հագուստ ունեցողը մեկը թող տա չունեցողին: Այդպես թող անի նաև կերակուր ունեցողը»: Մաքսավորների հարցին պատասխանում էր.  «Ձեզ հրամայվածից ավելին մի՛ վերցրեք»:  Զորականներն էլ հարցնում էին. «Մե՞նք ինչ պետք է անենք». նրանց ևս պատվիրում էր. «Ոչ ոքի մի՛ հարստահարեք, ոչ ոքի նեղություն մի՛ տվեք, մի՛ զրպարտեք, ձեր ռոճիկո՛վ բավականացեք»:

Որովհետև նրա ծննդյան ժամանակ կատարված հրաշքները դեռ չէին մոռացվել, և մանավանդ որ մանկությունից անապատում էր ապրում, իսկ նրա հանդերձը ուղտի մազից էր, գոտին՝ կաշվից, և կերակուրը վայրի մեղր ու մորեխ էր (որ օրենքը թույլ էր տալիս ուտել. Ղևտ. 11.22), Հովհաննեսը երբեք աշխարհիկ զվարճության և հաճույքի հակված չէր. միշտ  առ Աստված աղոթքով ու խնդրանքով էր զբաղված և կատարյալ հավատարմությամբ ծառայում էր Աստծուն, որի պատճառով նրա անունն ու առաքինությունը հայտնի էին ամբողջ ժողովրդին: Եվ ամենքն առհասարակ նրա քարոզությունը լսելու և նրանից խորհուրդ խնդրելու փափագ ունեին, քանի որ քարոզչի առաքինությանը նայելով՝ ժողովուրդը ջանում էր ուղղել իր թերությունները:

Արդարև, Հովհաննեսի առաքինությունն ու սրբությունը ժողովրդին այն աստիճան էին հայտնի, որ նրա մասին սկսեցին խորհել, թե արդյոք նա՞ է Քրիստոսը: Թեպետև ժողովրդի մտքում այդպիսի միտք ծագեց, բայց ինքը՝ Հովհաննեսը, այդ թյուր կարծիքը փարատելու համար պատասխանում է նրանց, այսինքն՝ իրեն դիմողներին, թե՝ «Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ  նա, որ գալու է, ինձնից հզոր է, և ես նրա կոշիկները կրելու արժանի չեմ: Նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով, նրա ձեռքում է հոսելին, որով իր կալը մաքրելով՝ ցորենը կհավաքի շտեմարանում, իսկ հարդն անշեջ կրակի մեջ պետք է այրի»:

Հովհաննեսը, որ արդեն սկսել էր քարոզելը, Հորդանան գետի դիմացի կողմում՝ Բեթաբրա կոչված տեղում էր, երբ Երուսաղեմի հրեաների մոտից քահանաներ  ու ղևտացիներ, նրա մոտ գալով, հարցնում են, թե՝ «Դու ո՞վ ես», որոնց նա պատասխանում է ոչ միայն խոստովանելով, թե ինքը Քրիստոսը չէ, այլև բացահայտ հայտնում է Քրիստոսի  ամենակարող զորությունը, և որ նրա պաշտոնն է արդար դատաստանով սրբերին ու արդարներին արքայության արժանացնելը, իսկ մեղավորներին դժոխքի տանջանքին դատապարտելը, որպեսզի  ամեն մարդ վախենալով հետ կանգնի չար ճանապարհից ու պատրաստ լինի Փրկչին հավատալով, հնազանդությամբ ընդունել նրա քարոզությունը և արժանանալ երկնային փառքի ու երանության: Հովհաննեսն իր խոսքերը հաստատում է Սուրբ Գրքի մարգարեական պատգամներով և վկայություններով:

Ժողովուրդը Հովհաննեսից մկրտվում էր, Հիսուսն էլ Նազարեթից Հորդանան է գալիս նրանից մկրտվելու համար: Այո՛, մինչև այդ ժամանակ իրար չէին տեսել, որովհետև Հովհաննեսը մանկությունից անապատում էր, իսկ Հիսոսը Նազարեթում էր բնակվում: Երբ Հիսուսը Հորդանան եկավ, Հովհաննեսը նրան տեսնելուն պես Աստծու ազդեցությամբ ճանաչեց, որ նա է Մեսիան, ուստի կամեցավ արգելել նրան՝ ասելով. «Ես պետք է քեզնից մկրտվեմ, և դու ինձ մո՞տ ես գալիս»: Բայց Հիսուսը պատասխանեց, թե՝ «Թո՛ւյլ տուր այժմ, որովհետև մեզ այսպես  է պատշաճում ամբողջ արդարությունն ի գործ դնել». նա էլ թույլ տվեց:

Երբ որ Հիսուսը մկրտվեց, անմիջապես ջրից դուրս եկավ ու սկսեց աղոթել, և ահա իսկույն երկինքը բացվեց, և Սուրբ Հոգին աղավնու տեսքով իջավ նրա վրա, ու երկնքից ձայն լսվեց, թե՝ «Սա է իմ որդին, որին ես սիրեցի»: Այս հրաշքը ոչ միայն Հիսուսն ու Հովհաննեսը տեսան և երկնքից իջած ձայնը լսեցին, այլև այնտեղ գտնվող ժողովուրդն էլ տեսավ ու լսեց: Այնժամ Հիսուսը, անապատ գնալով, քառասուն օր և քառասուն գիշեր ծոմ է պահում, որպեսզի սատանայից փորձվելով՝ հաղթի նրան և ամենամեծ հաղթանակի օրինակ տա մարդկանց:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․