Գրքեր
Քահանայապետները, օրենսգետները և փարիսեցիները, վերոհիշյալ առակը լսելով, ուղղվեցի՞ն արդյոք:

Չուղղվեցին: Նույնիսկ առավել չարացան: Նրանք թեև շարունակ փափագում էին Հիսուսին վնասել, սակայն ժողովրդից ունեցած վախի պատճառով իրենց մտադրությունն իրագործել չկարողանալով՝ այս անգամ ուրիշ հնարքի են դիմում: Իրար հետ խորհրդակցելով՝ նրանք խարդախ, կեղծավոր ու նենգամիտ մարդիկ են ուղարկում նրա մոտ, որպեսզի ժողովրդի առջև նրա բերանից մի խոսք կորզեն ընդդեմ հռոմեացիների իշխանության և հռոմեացի պաշտոնյաների ձեռքով նրան պատժել տան:

Հիսուսի մոտ գալով՝ հիշյալ անձինք նախ սկսում են կեղծավորաբար գովել նրան, ապա հարցնում են, թե իրենք արդյոք պե՞տք է հարկ  վճարեն կայսրին, թե՞ ոչ: Հիսուսը, նրանց դիտավորությունը լավ իմանալով, ասում է. «Ինչո՞ւ եք ինձ փորձում, կեղծավորնե՛ր: Ինձ մի դահեկա՛ն բերեք, որ տեսնեմ»: Երբ նրանք բերեցին, հարցրեց. «Ո՞ւմ պատկերն ու արձանագրությունն է սա»: Նրանք պատասխանում են. «Կայսրինն է»: Այն ժամանակ Հիսուսն ասում է. «Գնացե՛ք ուրեմն, տվե՛ք կասրինը՝ կայսրին, Աստծունը՝ Աստծուն»: Երբ լսում են այս պատասխանը, խիստ զարմանալով՝ լուռ և խայտառակված հեռանում են, որովհետև նրա խոսքերի մեջ իշխանության դեմ ոչ մի սխալ չկարողացան գտնել, թեև մեծ վարպետությամբ էին լարել թակարդը:

Երբ Հիսուսը հիշյալ նենգամիտներին ամոթով թողեց, նույն օրը սադուկեցիներն էլ, որոնք հերքում էին հանդերձյալ կյանքը և մեռելների հարությունը չէին ընդունում, հարցնում են նրան՝ ասելով. «Մովսեսը գրեց, որ երբ մեկը անզավակ մեռնի, նրա եղբայրը պետք է ամուսնանա եղբոր կնոջ հետ՝ հանգուցյալին սերունդ տալու համար (Բ Օր. 25:5): Ահա ուրեմն, մեզ մոտ յոթ եղբայրներ կային, որոնցից առաջինը, կին առնելով, անզավակ մեռավ: Երկրորդը, նույն կնոջ հետ ամուսնանալով, նույնպես անորդի մեռավ: Այդպես նաև երրորդը և մինչև յոթերորդը բոլորն  էլ, նույն կնոջ հետ ամուսնանալով, անզավակ մեռան: Ապա մեռավ նաև կինը: Ուրեմն հարության ժամանակ նույն կինը ո՞ր մեկի  ամուսինը պիտի լինի:

Թեև հիշյալ աղանդավորներն այսպիսի սխալ մի հնարքով իրենց թյուր վարդապետությունը հայտնապես հաստատելու բաղձանքն ունեցան, բայց Հիսուսը պատասխանեց նրանց. «Հիմարնե՛ր, ո՛չ Գրքի իմաստը գիտեք և ո՛չ Աստծու զորությունը: Հարության ժամանակ ո՛չ տղամարդիկ կին կառնեն, ոչ էլ կանայք կամուսնանան, քանի որ այլևս անմահ լինելով՝ հրեշտակների նման կլինեն երկնքում»:

Արդարև, մարդիկ երկրի վրա ամուսնանում են, որպեսզի սերունդ տան, և մեռածներին ուրիշները հաջորդեն, սակայն քանի որ հանդերձյալ կյանքում մահ չկա, ամուսնանալու կարիք ևս չկա: Ուրեմն, քանի որ Աստված մարդու հոգին անմահ է ստեղծել, ամենքը նրանով կենդանի են և նրա անհուն զորությամբ հարություն պետք է առնեն: Ինչպես որ Աբրահամը, Իսահակը և Հակոբը մեռած էին, բայց քանի որ նրանց հոգիներն անմահ էին, Աստված Մովսեսին հայտնեց, թե՝ «Ես նրանց Աստվածն եմ» (Ելք 3:6), որովհետև Աստված ոչ թե մեռելների, այլ ողջերի Աստվածն է:

Այս պարագայում Հիսուսը սադուկեցիների մեծ մոլորությունը Սուրբ Գրքի խոսքերով դատապարտեց, որպեսզի ըմբռնելով՝ ուղղվեն, և թեպետ նրանք իրենց չարության պատճառով չկամեցան ընդունել, բայց միևնույն ժամանակ բացահայտ սխալ լինելով՝ պատասխան էլ չկարողացան տալ:

Հիսուսի այս խոսքերը լսելով՝ ժողովուրդը զարմանում էր նրա վարդապետության վրա: Նույնիսկ փարիսեցիները, որոնք միշտ հակառակորդ և թշնամի էին սադուկեցիներին, լսելով, որ նա լռեցրել է նրանց, ուրախացած՝ Հիսուսի մոտ հավաքվեցին: Նրանցից մեկը, որ մի իմաստուն օրենսգետ էր, ներկա լինելով վիճաբանությանը և լսելով Հիսուսի պատշաճ պատասխանները, ինքն էլ հարցրեց նրան, թե Օրենքի ո՛ր պատվիրանն է մեծ: Սակայն ոչ թե սովորելու, այլ նրան փորձելու համար:

Որովհետև Սուրբ Գրքում գրված է, թե Աստված մեկն է, և պետք է նրան սիրես ամբողջ քո սրտով, քո ամբողջ անձով և քո  ամբողջ զորությամբ (Բ Օր. 6:4), ուստի Հիսուսն այս պատվերը հայտնելով՝ ասում է. «Ահա սա է մեծ և առաջին պատվիրանը»: Երկրորդը, որ սրա նման է, այս է. «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես» (Ղևտ. 19:18): Սրանցից մեծ պատվիրան չկա, և ամբողջ օրենքն ու  մարգարեությունները այս երկու պատվիրանների մեջ են ամփոփված: Հիշյալ օրենսգետը, Հիսուսի ասածները հաստատելով, ասաց՝ ճշմարիտ է: Եվ այդ խելացի պատասխանի համար Հիսուսը նրան ասաց. «Հեռու չես Աստծու արքայությունից», և այլևս ոչ ոք չհամարձակվեց նրան որևէ բան հարցնել:

Հիրավի, Տեր Հիսուսի իմացությանը, վարդապետությանը և ասած խոսքերին նայելով՝ այլևս ոչ ոք չկարողացավ որևէ բան հարցնել նրան, բայց այս անգամ ինքն է նրանց հարցնում, թե Մեսիան ո՞ւմ որդին է: Եվ երբ նրանք ասում են, որ Դավթի որդին է, Հիսուսը պատասխանում է. «Ուրեմն Դավիթը ինչպե՞ս է Սուրբ Հոգով նրան տեր կոչելով ասում՝ Տերը ասաց Տիրոջս, նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ թշնամիներիդ ոտքիդ տակ դնեմ իբրև պատվանդան: Արդ, եթե Դավիթը նրան տեր է անվանում, ինչպե՞ս նրա որդին կլինի»:

Այս պարագայում Հիսուսը Սուրբ Գրքի խոսքերով հայտնապես հաստատում է, որ ինքը կատարյալ Աստված է և կատարյալ մարդ, որպեսզի նրանք հասկանալով հավատան իրեն և ողորմության արժանանան, քանի որ ինչպես Դավթի ցեղից սերելով՝ նրա որդին կոչվեց, այնպես էլ երբ Դավիթը նրան իր տերը կոչեց, նրա աստվածությունը հայտնի դարձավ, քանի որ վերոբերյալ վկայությունը չի կարելի այլ կերպ հասկանալ, քան միայն որ  նա է Մեսիան և Աստծու Որդին:

Հիսուսի այս քարոզը շատ ժողովուրդ էր լսում սիրահոժար, ուստի նա ժողովրդին և իր աշակերտներին հորդորում է, որ օրենսգետների ու փարիսեցիների ասածները գործադրեն, բայց նրանց գործերից զգուշանան, որովհետև նրանք, Մովսեսի աթոռի վրա նստած, օրենքում գրվածներն էին քարոզում ու սովորեցնում, բայց իրենց ընթացքի մեջ հակառակն էին գործի դնում: Հատկապես ուրիշների վրա դժվար և ծանր բեռներ դնելով՝ իրենք ոչ միայն իրենց մատը շարժել չէին ուզում, այլև ինչ որ անում էին, մարդկանցից փառավորվելու ցանկությամբ էին գործում: Նրանց այսպիսի կեղծավոր,  անիրավ և անարժան գործերը մեկ առ մեկ հայտնելով՝ վա՛յ է կարդում նրանց, որպեսզի իրենց սխալները ճանաչելով՝ ուղղվեն:

Հիսուսը ժողովրդին քարոզելուց հետո կանգնում է ողորմության գանձանակի առջև, որի մեջ ժողովուրդը դրամ էր գցում տաճարի ծախսերի համար: Շատ հարուստ մարդիկ ժողովրդի գովեստին արժանանալու նպատակով ամբարտավան ձևով մեծ գումար գցեցին, բայց մի այրի կին այդ գանձանակի մեջ երկու դրամ գցեց: Այդ ժամանակ Հիսուսը, աշակերտներին իր մոտ կանչելով, ասում է. «Այն խեղճ որբևայրի կինը բոլորից ավելի տվեց, քանի որ բոլորն իրենց ավելորդ ունեցածից տվեցին, սակայն այդ չքավոր կինը իր ամբողջ ունեցածը տվեց»:

Ճշմարիտ է, որ Աստված արված ողորմության քանակությանը չի նայում, այլ տվողի սրտին է նայում: Բայց ողորմություն տվողն էլ պարտավոր է իր կարողությունը չափելով՝ դրան համապատասխան հարուստ սրտով և մանավանդ առանց մարդկանցից փառավորվելու ակնկալության, միմիայն ի սեր Աստծու և անկեղծ սիրով տալ, որպեսզի դրա փոխարեն Աստծու բարերարությունից էլ իրեն շնորհվի:

Այնուհետև, երբ Հիսուսը տաճարից մեկնեց, հեթանոսներից ոմանք, որոնք տոնի առթիվ Երուսաղեմ էին եկել երկրպագություն մատուցելու, ցանկացան Հիսուսին տեսնել, բայց նրա մոտ գնալու համարձակություն չունենալով՝ Փիլիպպոս առաքյալին են հայտնում իրենց փափագը: Նա էլ Անդրեաս առաքյալին է հայտնում, և երբ տեղեկացնում են Հիսուսին, նա հայտարարում է, թե հասել է ժամանակը, որ Մարդու Որդին փառավորվի, և օրինակ բերելով ցորենի հատիկը՝ ասում է. «Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, շատ բերք կտա»:

Այս խոսքով Հիսուսը հայտնեց, որ ինքը մոտ ժամանակում խաչը ելնելով պետք է մեռնի, և գերեզմանի մեջ թաղվելուց ու հարություն առնելուց հետո նրա անունը ամբողջ աշխարհում պետք է փառավորվի: Արդարև, երբ նրա երկինք համբարձվելուց հետո հեթանոսներն առաքյալների քարոզությամբ հավատի եկան, նրա սուրբ ու օրհնյալ անունը փառավորվեց ամբողջ աշխարհում:

Այո՛, Հիսուս Փրկիչը մեր մարդկային ցեղը մեղքի գերությունից փրկելու համար իր բազում ողորմությամբ խաչվելով՝ մեռնելու էր, սակայն մարդն էլ  պարտական է իրեն մեղքից պահպանել և աշխարհում պատահած նեղություններին ի սեր Աստծու համբերել կամովին և հոժարությամբ: Եթե ոչ, չի կարող երկնային արքայությունը ժառանգել: Այս պատճառով Հիսուսն ասում է. «Ով իր անձը սիրի, կարձակի այն, իսկ ով մերժում կամ ատում է այն, հավիտենական կյանքի համար կպահի: Ով ինձ է ծառայում, իմ հետևից կգա, և ուր որ ես եմ, նա ևս այնտեղ կլինի, և հայրս կպատվի նրան»:

Արդարև, բնական է, որ մարդն իր անձը սիրի, բայց այս պատճառով շատերը, աշխարհի գործերի մեջ միայն իրենց անձերին չափից ավելի ուշադրություն դարձնելով, հոգևոր ճանապարհը բոլորովին մոռանում են և այս կերպ իրենց հոգու կորստյան պատճառ են դառնում: Արդ, եթե անձդ սիրում ես, պատահած նեղություններին հանուն Հիսուսի սիրո կհամբերես, որպեսզի երկնքում նրա անվախճան թագավորությանն ու փառքին արժանի լինես (այս մասին տե՛ս ԼԴ. հարցը):

Որովհետև Հիսուսը երեք օրից խաչ բարձրանալով մեռնելու էր, այդ պատճառով հուզվելով ասաց. «Ո՛վ հայր, փառավոր՛ր քո անունը»: Երկնքից իսկույն ձայն է գալիս, թե՝ «Փառավորեցի և դարձյալ կփառավորեմ»: Արդարև, Հիսուսի համբարձվելուց հետո, երբ առաքյալների միջոցով Ավետարանը քարոզվեց ամբողջ աշխարհին, Հայր Աստծու այս խոսքը կատարվեց, քանի որ այդ ձայնը ոչ թե Հիսուսի, այլ ժողովրդի համար եկավ երկնքից, որպեսզի իմանալով, որ նա է Աստծու Որդին, հավատան նրան և երկնային ողորմության ու փրկության արժանանան: Հիսուսն ինքն էլ նույն օրը հայտնեց, որ երբ ինքը խաչվելով մեռնի, սատանայի զորությունը պետք է ջլատի ու խորտակի, և մարդկային ցեղը նրա ձեռքից ազատելով՝ դեպի իրեն պիտի գրավի: Ավելին, իրեն լույսի նմանեցնելով՝ ասում է. «Մի քիչ ժամանակ ևս լույսը ձեզ հետ է: Հավատացե՛ք, ուրեմն, լույսին, որպեսզի խավարի մեջ չմնաք»: Բացի սրանից՝ հայտնելու համար, որ ինքը Հայր Աստծու հետ մեկ է, ասում է. «Ով հավատում է ինձ, հավատում է նաև ինձ ուղարկողին, և ով տեսնում է ինձ, նրան  է տեսնում»:

Այսպես Հիսուսն իր աստվածությունն ու մարդեղությունը միաժամանակ հայտնելուց հետո հավելում է, թե «իր բոլոր խոսքերը Հայր Աստծու պատվերի համաձայն են, և այդ պատվերը հավիտենական կյանք է, և իրեն հավատացողները պիտի փրկվեն, իսկ չհավատացողները պիտի դատապարտվեն վերջին օրը»: Հիսուսի այս փրկարար խոսքերը լսելով հանդերձ՝ համառ հրեաները իրենց չարամիտ կուրության պատճառով  դարձյալ չհավատացին: Ճշմարիտ է, մեծերից շատերը հավատացին, բայց փարիսեցիներից երկնչելով՝ չէին հայտնում, որպեսզի ժողովրդի միջից չարտաքսվեն, քանի որ աստվածային փառքից ավելի մարդկային փառքը սիրեցին անմտաբար:

Հիրավի, հրեաները Հիսուսի բարերարությունը չընդունեցին, սակայն այս մասին էլ Սուրբ Գրքում եղած պատգամը կատարվեց, ինչպես որ Եսայի մարգարեն Հիսուսի փառքը տեսած ժամանակ գրել էր, թե հրեաները չպիտի հավատային նրան (Ես. 6:8, 63:1): Սակայն ոչ թե այս մարգարեական պատգամը նրանց անհավատության պատճառ եղավ, այլ միայն իրենց չարասրտությունը, որովհետև քանի որ Հիսուսի հրաշագործությունները տեսնելով՝ լցվել էին նախանձի զգացումով: Այդ  պատճառով նրանց հոգու աչքերը փակվեցին, և նրա ողորմության լույսից զրկվեցին: Այս խոսքերը ժողովրդին քարոզելուց հետո Հիսուսը գնում է Ձիթենյաց լեռը և թաքնվում է այնտեղ:

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․