Գրքեր
Ովքե՞ր էին վերոհիշյալ հեթանոսները, որոնք ուզում էին տեսնել Հիսուսին:

Եդեսիայի  հայոց Աբգար թագավորի  պատգամաբերները: Որովհետև Աբգարը, բորոտության ախտով վարակված լինելով, յոթ տարի չի կարողանում բժշկվել, և երբ լսում է Հիսուսի հրաշագործությունների  և միաժամանակ այն մասին, որ հրեաներն ուզում են նրան սպանել, խոստովանում է, որ նա է Աստծու Որդին և աղերսագիր  է գրում նրան: Աբգարը, իր Անանե անվամբ սուրհանդակի հետ ուրիշ մի քանի պատվավոր անձանց ևս ուղարկելով, հրավիրում է Հիսուսին, որ գնա և իրեն բժշկի, և խոստանում նրան միշտ պատվով պահել իր մոտ:

Երբ հայ պատգամաբերները գալով իրենց առաքելության նպատակը հայտնեցին Հիսուսին, նա թեև չգնաց, բայց Թովմաս առաքյալի ձեռքով նամակ գրելով՝ իրեն չտեսած հավատացյալին երանի տալուց բացի խոստացավ իր համբարձումից հետո աշակերտներից մեկին ուղարկել, որպեսզի նա գնա ու բժշկի թագավորին: Եվ որովհետև Աբգարը հատուկ մի նկարիչ էլ էր ուղարկել այն մտադրությամբ, որ եթե Հիսուսը հանձն չառնի գնալ, գոնե նրան նկարելով՝ նկարն իրեն բերեն, քանի որ հավատում էր, որ նրա նկարն էլ կարող էր բժշկել իրեն:

Արքայական պատվերի համաձայն՝ նկարիչը սկսում է նկարել, բայց չի կարողանում: Հիսուսը, նրա միտքն իմանալով, մի թաշկինակ (անձեռոցիկ) է վերցնում և հենց որ երեսին է դնում, դեմքն իսկույն պատկերվում է այդ թաշկինակի վրա, որը տալիս է  պատգամաբերներին, որ Աբգարին տանեն: Աբգարը, Հիսուսի պատկերը տեսնելով, մեծագույն հարգանքով երկրպագում է նրան, որով նրա հիվանդությունը թեթևանալով մեղմանում է: Նամակն էլ կարդալով խիստ ուրախանում է: Ապա՝ Հիսուսի համբարձումից հետո, Թադեոս առաքյալը, Եդեսիա գնալով, կատարյալ ապաքինում է շնորհում թագավորին: Այսպես Աբգարը, բոլոր թագավորներից առաջ Հիսուսին հավատալով, նամակով ուրիշ թագավորների ևս հայտնում է, թե նա է Մեսիան և Աստծու որդին, ինչպես գրում է Մովսես Խորենացին:

Ինչպես ԽԷ. հարցում հիշվեց, երբ Հիսուսը տաճարից հեռանում է, առաքյալները, այդ շինության գեղեցկությունն ու հարստությունը ցույց տալով, ասում են նրան. «Տես ի՜նչ գեղեցիկ  քարերով ու աշտարակներով է զարդարված»: Հիսուսը պատասխանում է. «Այս շենքը, որ տեսնում եք, ժամանակ պիտի գա, որ քարը քարի վրա չմնալով՝ ամբողջությամբ պետք է քանդվի»: Աշակերտները թեև այն ժամանակ չհարցրին, թե ի՛նչ պատճառով պետք է տաճարը ավերակ դառնա, բայց երբ (ինչպես ԽԷ. հարցում հիշվեց) Հիսուսը, Ձիթենյաց լեռը գնալով, ինքն իրեն ծածկեց և այնտեղ տաճարի դիմաց նստած էր, չորս առաքյալներ՝ Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը և Անդրեասը, առանձին նրա մոտ գնացին ու հարցրին, թե ե՛րբ պետք է տաճարը ավերի, և հատկապես որոնք են նրա երկրորդ գալստյան և աշխարհի վախճանի նշանները: Բայց Հիսուսը, անհրաժեշտ չհամարելով, որ նրանք իմանան, թե դրանք ե՛րբ են կատարվելու, նրանց հայտնեց միայն այն, ինչ որ նրանց և բոլոր մարդկանց օգտակար էր, որպեսզի զգույշ լինեն և ոչ ոքից չխաբվեն: Նաև պատվիրում է չհավատալ, երբ շատերը, իրենց Մեսիայի տեղ դնելով, ասեն, թե ահա մոտ է վերջին օրը: Եվ դարձյալ պատվեր է տալիս չվախենալ ու չխռովվել, երբ այստեղ ու այնտեղ պատերազմ, սով, մահ և երկրաշարժ լինեն, որովհետև տաճարն ավերվելուց առաջ դեռ պետք է այս ամենը տեղի ունենա:

Այսուհանդերձ, ավետարանի քարոզչությունը հետ չպահելով, երբ ավետարանն անվեհեր քարոզեն, իրենց պետք է տանեն թագավորների, դատավորների ու  իշխանների առջև, ու թե ի՛նչ և ինչպե՛ս պետք է խոսեն այնտեղ, այդ մասին բնավ հոգ ու մտատանջություն չպիտի ունենան, քանի որ այդ  պարագայում ինչ որ պետք լինի ասել, Սուրբ Հոգին կներշնչի իրենց (այս մասին տե՛ս նաև ԼԸ. հարցը):

Բացի սրանից, Հիսուսը  նախապես և վճռաբար հայտնում է իր աշակերտներին, որ իր անվան համար շատ չարչարանք կրելով պիտի մեռնեն, սակայն նրանք, ովքեր կհամբերեն, հավիտենական կյանքի պիտի արժանանան: Եվ սա նախապես է հայտնում, որպեսզի չհուսահատվեն, քանի որ իրենց գլխի մի մազն անգամ չպիտի կորչի:  Իրոք, Հիսուսի ասածի համաձայն՝ առաքյալները և բազում հավատացյալներ նրա սիրո համար ոչ միայն օտարների, այլև իրենց հոր, եղբոր, ազգականի և բարեկամի ձեռքից զանազան տանջանքներ կրելով մեռան և այսպես արքայության անվախճան փառքին հասան:

Դարձյալ, ինչպես որ Դանիել մարգարեն էր գրել (Դան. 9:26), Հիսուսը հայտնում է, որ երբ Երուսաղեմն ու տաճարն  ավերի, Իսրայելի ողջ ժողովուրդը և մանավանդ Երուսաղեմի բնակիչները մեծ նեղություն ու տագնապ պիտի կրեն: Հիրավի (տե՛ս ԽԵ. հարցում),  երբ հռոմեացիները Երուսաղեմին տիրեցին, հրեաները չափից ավելի նեղություն ու տագնապ կրեցին, և ոչ միայն բազմաթիվ մարդիկ կոտորվեցին, այլև շատ-շատերը հեթանոսների երկիրը գնացին, և Երուսաղեմն ու տաճարը բոլորովին ավերակ դարձան:

Այդպես էլ աշխարհի վախճանին այն  աստիճանի տագնապ ու նեղություն պիտի լինի, որի նմանը աշխարհի ստեղծվելուց ի վեր երբեք չի եղել  և այլևս չպիտի լինի: Եվ եթե այդ օրերը չկարճանային, ոչ ոք չէր կարող ապրել, բայց ընտրյալների համար պետք է կարճանան: Եթե այն ժամանակ ձեզ ասեն, թե՝ «Ահա այստեղ է Քրիստոսը կամ այնտեղ», մի՛ հավատացեք, որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի ի հայտ գան և մեծ նշաններ, հրաշքներ ու հնարքներ պիտի ցույց տան, այնպես որ եթե հնար լինի, մինչև իսկ ընտրյալներին պիտի մոլորեցնեն:

Ինչպես որ աշխարհի վախճանին նեռը գալով՝ սատանայի զորությամբ տարբեր սուտ հրաշքներ պիտի գործի (Բ Թես. 2:9): Ապա արեգակը պիտի խավարի, լուսինը լույս չպիտի տա, աստղերը  պիտի սասանվեն (այսինքն՝ երկրին պիտի մոտենան), երկնային զորությունները պիտի շարժվեն, և բոլոր մարդիկ, արտակարգ  երկյուղ կրելով, մահվան աստիճանի պիտի հասնեն: Ահա այս ամենը Հիսուսը հայտնեց իր աշակերտներին, երբ նրան դիմեցին իրենց մարդկային անմեղ հետաքրքրասիրությամբ՝ այն գոհացնելու համար: Ապա շարունակելով հայտնում է նաև, թե որո՛նք պիտի լինեն այն նշանները, որ պետք է երևան իր երկրորդ գալստյան ժամանակ:

Այո՛, Հիսուսը, որ պիտի գա դատելու մարդկանց, նույն դատաստանի օրվա նշաններն էլ իմաց տվեց, որպեսզի վերոհիշյալ խաբեբա ստախոսներին չհավատան, որովհետև աշխարհի վախճանին, երբ որ նա բոլոր մարդկանց դատաստանը տեսնելու գա, ոչ թե առաջին գալստյան նման  ծածուկ և անշուք կերպով պիտի գա, այլ ինչպես որ փայլակը արևելքից մինչև արևմուտք կերևա, այնպես էլ նրա երկրորդ գալուստը պետք է հայտնի դառնա, և երբ սուրբ խաչը երևա արևի նման լուսավոր ու պայծառ, Տեր Հիսուսն անթիվ հրեշտակների հետ և արքայական մեծ փառքով  Ձիթենյաց լեռան վրա պիտի գա, ապա հրեշտակներ ուղարկելով՝ աշխարհի չորս կողմերից բոլոր ընտրյալներին պետք է իր ահեղ ու փառավոր ներկայության մեջ հավաքի:

Այս մասին նախկինում հայտնել էր նաև փարիսեցիներին, երբ սրանք հարցրին իրեն, թե երբ պետք է գա Աստծու թագավորությունը: Այն ժամանակ Հիսուսը պատասխանեց, Աստծու արքայությունը օրերի խտրությամբ չպետք է գա, և բացատրեց նրանց ըստ վերոհիշյալի  (Ղուկ. 17:20):  Արդ, որովհետև թե՛ Երուսաղեմի ավերման ժամանակ և թե՛ աշխարհի վախճանին բոլոր մարդիկ պետք է ահավոր տագնապ և նեղություն կրեն, ուստի որպեսզի չհուսահատվեն, միաժամանակ հայտնում է, որ այդ սարսափելի տագնապներից ազատվելու համար պարտավոր են անխոնջ աղոթել Աստծուն:

Արդարև,  այս աշխարհում նեղությունից և փորձությունից զերծ մնալու կամ պատահած ժամանակ ազատվելու համար ոչ մի ուրիշ միջոց չկա, բացի ջերմեռանդ աղոթքից:  Այս կապակցությամբ Հիսուսը, մի առակ  ևս մեջբերելով, ասում է. «Մի քաղաքում մի դատավոր կար, որ ո՛չ Աստծուց էր վախենում, ո՛չ էլ մարդկանցից ամաչում: Մի որբևայրի կին, նրա մոտ գալով, խնդրեց դատավորին, որ իր թշնամու հետ ունեցած դատը տեսնի, բայց նա թեպետ երկար ժամանակ խեղճ կնոջ դատը տեսնել չուզեց, սակայն որպեսզի նա շարունակ գալով իրեն չձանձրացնի, ակամա հարկադրված եղավ նրա դատը տեսնելու:

Արդ, Աստված, որ մեծապես արդար է ու ողորմած, որչա՜փ ավելի մարդկանց աղաչանքներն ընդունելով՝ պետք է յուրաքանչյուրի իրավունքը պաշտպանի: Սակայն աղոթող անձն էլ պարտավոր է  ամենայն խոնարհությամբ անխոնջ աղոթել: Ինչպես որ փարիսեցու և մաքսավորի մասին ևս առակ պատմելով հայտնեց, թե մեկը՝ դատապարտության, մյուսը ներման ու թողության արժանացավ: Քանի որ փարիսեցին, ինքն իրեն ուրիշներից լավը համարելով և իր գործած բարիքները առաջ բերելով, հպարտանում էր, ուստի այդ սնապարծությամբ ամեն ինչ կորցրեց: Մաքսավորը, ընդհակառակը, իրեն մեղավոր ճանաչելով, ներում ու թողություն խնդրեց և ստացավ:  Ուրեմն եթե ուզում ես, որ խնդրանքդ ընդունելի լինի, պարտավոր ես խոնարհությամբ, կատարյալ հավատով, անձանձիր հարատևությամբ և մանավանդ  ճշմարիտ ու անկեղծ սիրով միշտ աղոթել Աստծուն (Ղուկ. 18:1): Ահա սա է իրական երջանկության  և հոգևոր փրկության հասնելու միակ ճանապարհը: Այս շավղով ընթացան Քրիստոսի առաքյալներն ու բոլոր ճշմարիտ հավատացյալները:

Հիսուսը վերոհիշյալ կարևոր իրողությունների մասին համառոտակի խոսեց, բայց դրանց կատարման ժամանակը չհայտնեց՝ ասելով, թե «Հայր Աստծուց զատ ոչ ոք չգիտի դա»: Նա ավետում է նաև, որ դատաստանի օրը արդարները պետք է մեծապես ուրախանան, որպեսզի հավատացյալներն այժմվանից մխիթարվեն, քանի որ ինչպես  ծառերը կանաչել սկսելուն պես ասում են, թե ամառը մոտ է, այդպես էլ երբ վերոհիշյալ նեղությունները պատահել սկսեն, կնշանակի, որ նրանց փրկությունը մոտ է:

Թող մեղավորները շատ ու շատ վախենան սրա համար, քանի որ դատաստանի օրը որքան ուրախ ու երջանիկ  պիտի լինեն արդարները, նույնքան առավել  իրենք տխուր ու թշվառ պիտի լինեն: Այս պատճառով Հիսուսը խրատում է միշտ արթուն մնալ և աղոթել, որպեսզի չլինի թե հանկարծ ուտել-խմելով և աշխարհիկ հոգսերով զբաղված ժամանակ մահը վրա հասնելով՝ իրենց քնած կամ անպատրաստ գտնի, որովհետև մարդը չգիտի, թե ինքը ե՛րբ պետք է մեռնի, մանո՞ւկ, երիտասա՞րդ, թե՞ ծեր հասակում: Ուրեմն պետք է արթուն հսկեն իրենց կյանքը:

Օրինակ՝ (առաջին դարի ԼԸ. հարցում հիշվածի նման) ջրհեղեղից առաջ մարդիկ, մարմնավոր զվարճությամբ զբաղված, չկարողացան  պատժի ժամանակն իմանալ ու խեղդվեցին: Կամ (երրորդ դարի ԺԵ. հարցում հիշվածի պես) Ղովտի ժամանակ Սոդոմ-Գոմորի բնակիչներն ըստ ամենայնի ուտել-խմելու և աշխարհիկ մեղսալից գործերի էին անձնատուր եղած, երբ Ղովտը Սոդոմից ելավ, և երկնքից ծծմբի կրակ տեղաց ու բոլորին կորստյան մատնեց: Եվ կամ թե Ղովտի կինը, որ Սոդոմից  դուրս գալով՝ գնում էր, երբ հետ նայեց, հանկարծ պատժվեց՝ աղի արձան դառնալով: Ահա այսպես էլ այն բոլոր մարդիկ, որոնք միշտ աշխարհի զվարճության, մեծության փափագելով, իրենց մահվան մասին չեն մտածում, նույն կերպով պիտի դատապարտվեն: Այս պատճառով Հիսուսը պատվիրում է՝ ասելով. «Ղովտի կնո՛ջը հիշեք»:

Արդարև, մահվան ժամը նման է թակարդի, որի մեջ մարդն անսպասելիորեն  է ընկնում: Ինչպես որ տանտերը, եթե իմանա, թե գողը երբ կգա, արթուն մնալով՝ իր տունը կողոպտել չի տա, այնպես էլ մարդը պարտավոր է միշտ արթուն և պատրաստ  լինել, քանի որ իրեն հայտնի չէ, թե ե՛րբ պետք է մեռնի: Հիսուսն այս մտքով մի առակ ևս պատմեց՝ ասելով. «Ո՞վ է այն իմաստուն ծառան, որին տերը իր ծառաների վրա տնտես է կարգում, որպեսզի ժամանակին նրանց կերակուրը տա: Երանի՜ նրան, որի տերը երբ գա, ճիշտ իր պատվերի համաձայն վարված կտեսնի, որովհետև նրա հավատարիմ ծառայության համար իր ամբողջ ունեցվածքի վերակացու կկարգի նրան»:

«Հակառակ սրան,- ասում է,- այն ծառային, որ մտածելով, թե իր տերը ուշ կգա, և չար ընթացք բռնելով՝ սկսում է հարբեցողների հետ ուտել-խմել ու ծառաներին ծեծել,  ահա հանկարծ չսպասված մի պահի վրա հասնեով՝ տերն ամենախիստ պատիժը կտա անհավատարիմ ծառային և կորստյան կմատնի նրան»:

Արդ, երանի այն մարդուն, որ ոչ մի րոպե իր մահը մտքից չհանելով՝ միշտ հոգ է տանում Աստծու պատվերը կատարելու համար: Վա՜յ այն մարդուն, որ իր մահը չհիշելով՝ հակված է լինում չարություն գործելու, քանի որ երբ նա մեռնի, հավիտենական կյանքից զրկվելով՝ դժոխքում  կեղծավորների հետ պետք է տանջանք կրի լալով և ատամ կրճտացնելով:

Ապա ուրեմն մենք չենք կարող ազատ և զերծ մնալ այդ պատժից, բացի միայն մեղքից հեռանալով, իսկ մեղքից հեռու մնալու դյուրին միջոցը մեր մահը միշտ մեր մտքում ունենալն է: Այս պատճառով Սուրբ Գրքում գրված է. «Հիշի՛ր մահդ, որ չմեղանչես»:

 

 

 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․