2 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԺԶ օր

Գրքեր

Վագրը և որսորդները

Ամեհի մի գազան կա, որ կոչվում է վագր: Երբ նա պետք է ձագեր հանի, գնում է հեռու վայրեր, որ նոր ծննդաբերի: Որսորդներն էլ հետևելով, գնում են նրա հետևից, որ ձագերին վերցնեն: Վերցնելուց հետո նրանք շատ են վախենում, որովհետև վագրը խիստ արյունարբու է: Ու փախչելիս, որսորդները երեք հայելիներ են դնում: Երբ վագրը իմանում է ձագերին փախցնելու մասին, նա հոտառությամբ, նետի պես սլանում է որսորդների հետևից: Հասնելով առաջին հայելուն վագրը նրա մեջ տեսնում է իր պատկերը, կարծելով թե իր ձագերից մեկն է, մի քիչ հանդարտվելով, քայլում է մյուս հայելու մոտ ու նորից տեցնում է իր պատկերը, որպես թե իր ձագին է տեսնում, և դրանից հետո երրորդ հայելուն մոտենալով, նորից իր պատկերն է տեսնում, հանդարտվում է: Այդ ժամանակ որսորդները հասցնում են փախչելով հեռանալ ու այլևս վագրը չի հասնում նրանց:

Առակի մեկնությունը.  Վագրը իրենից ներկայացնում է բարեպաշտ ու ապաշխարող մարդուն, ով բարի գործ կատարելով, շատ հոգևոր զավակներ է աշխարհ բերում, բայց երբ հեռանում է իր որջից, այդ րոպեից մոռանում է իր հոգին, ու այլ գործերով զբաղվելով, մեղքերի մեջ է ընկնում, իսկ որսորդ սատանան գալիս և նրա բարի գործերն է առևանգում: Իսկ երբ մարդը զղջալով և խոստովանությամբ ուզում է վերականգնել կորցրածը, սատանան երեք հայելի է դնում նրա առջև, ըստ Հովհաննես առաքյալի հետևյալ խոսքի. «Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ ինչ որ կա, մարմնի ցանկություն է, աչքերի ցանկություն, և այս աշխարհի ամբարտավանություն, որ հորից չէ, այլ այս աշխարհից» (Ա Հովհ. 2:16):

Այդպես էլ, երբ մարդը ապաշխարում է իր մեղքերի համար, աշխարհն իր զանազան գայթակղություններով շեղում է նրա միտքը, ու այլևս չի գնում խոստովանության: Երբ իրեն հանդիմանում են այդ ավելորդությունների համար, շարունակում է ուտելով, խմելով, զբաղվել և ուրախություններով տարվել. դա առաջին հայելին է, որով խաբվում է մարդը:

Այդ մասին է զգուշացնում նաև Ավետարանը. «Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզնից. Գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ և հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. և հանկարծակի հասնի ձեր վրա այն օրը. Որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի այն ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին» (Ղուկ. 21:34):

Երկրորդ հայելին աշխարհային հարստություններն են, որով խաբվել են շատերը՝ հույսները դնելով դրանց վրա:

Իսկ երրորդ հայելին այս աշխարհի ժամանակավոր ու անցողիկ փառքն է, որին ձգտել են ու հասել շատերը, ու միայն վերջում են հասկացել, որ այդ ամենն ունայնություն էր ու հոգու կորստյան պատճառ:

 

Վարդան Այգեկցի

06.08.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․