20 Նոյեմբեր, Դշ, Հիսնակաց պահքի Գ օր

Գրքեր

Գործք 20.17-38

17 Եւ Միլետոնից Եփեսոս մարդ ուղարկելով՝ կանչեց եկեղեցու երէցներին. 18 եւ երբ նրանք եկան իր մօտ, նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտէք, թէ առաջին օրուանից ի վեր, երբ Ասիա եկայ, ամբողջ ժամանակ ձեզ հետ միասին ինչպէս ապրեցի՝ 19 ծառայելով Տիրոջը ամենայն խոնարհութեամբ եւ բազում արտասուքով ու փորձութիւններով, որ հրեաների նենգութիւնների պատճառով ինձ պատահեցին: 20 Ինչպէ՜ս բնաւ չվարանեցի ձեզ պատմելու օգտակար բաներից եւ ուսուցանելու ձեզ հրապարակաւ եւ տանը. 21 վկայութիւն տուեցի հրեաներին եւ հեթանոսներին Աստծոյ առաջ ապաշխարելու եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի հանդէպ հաւատի մասին: 22 Արդ, ահա ես Սուրբ Հոգու մղումով Երուսաղէմ եմ գնում. իսկ թէ այնտեղ ինձ ինչ է պատահելու, այդ չգիտեմ. 23 միայն թէ Սուրբ Հոգին ամէն քաղաքում ինձ վկայում է ու ասում. “Կապանքներ ու նեղութիւններ են սպասում քեզ”: 24 Բայց ես ինքս իմ անձը ոչ մի բանով այնքան յարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախութեամբ կատարեմ իմ ընթացքը եւ այն պաշտօնը, որ Տէր Յիսուսից ստացայ՝ Աստծոյ շնորհը աւետարանելու: 25 Եւ արդ, ահա ես գիտեմ, որ դուք ամէնքդ, որոնց մէջ ես շրջեցի՝ քարոզելու Աստծոյ արքայութիւնը, իմ երեսն այլեւս չէք տեսնելու. 26 դրա համար այսօր ձեր առաջ վկայում եմ, որ ես մաքուր եմ բոլորիդ արիւնից, 27 որովհետեւ չքաշուեցի ձեզ յայտնել Աստծոյ կամքն ամբողջութեամբ: 28 Զգո՛յշ եղէք ինքներդ ձեզ եւ ամբողջ հօտի համար, որի վրայ Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ հովուելու համար Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արիւնով: 29 Սակայն ես գիտեմ, որ իմ մեկնելուց յետոյ ձեր մէջ կգան յափշտակիչ գայլեր, որոնք չեն խնայի հօտին: 30 Ձեր միջից էլ դուրս կգան մարդիկ, որ թիւր բաներ կխօսեն աշակերտներին իրենց յետեւից քարշ տալու համար: 31 Դրա համար էլ արթո՛ւն կացէք եւ յիշեցէ՛ք, որ ամբողջ երեք տարի, գիշեր-ցերեկ, առանց դադարի իւրաքանչիւրիդ մէկ առ մէկ արտասուքներով խրատեցի: 32 Եւ արդ, ձեզ յանձնում եմ Աստծուն եւ նրա շնորհի խօսքին, նրան, որ կարող է բարձրացնել եւ ձեզ ժառանգութիւն տալ բոլոր սրբերի հետ: 33 Ձեզնից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ զգեստը չցանկացայ. 34 դուք ինքներդ գիտէք, որ իմ եւ ինձ հետ եղողների կարիքները հոգացին այս ձեռքերը: 35 Ես իմ օրինակով ամէն ինչ ձեզ ցոյց տուեցի, որովհետեւ այդպէս պէտք է աշխատել եւ դարմանել հիւանդներին ու յիշել Տէր Յիսուսի խօսքը, որ ինքն իսկ ասաց. “Երանելի՜ է մանաւանդ տալը, քան առնելը”»: 36 Այս բաներն ասելուց յետոյ բոլորի հետ մէկտեղ ծնկի գալով՝ սկսեց աղօթել: 37 Բոլորն էլ շատ լաց եղան եւ Պօղոսի վզով ընկնելով՝ համբուրում էին նրան: 38 Մորմոքում էին մանաւանդ նրա այն խօսքի համար, թէ այլեւս իր երեսը չեն տեսնելու: Եւ նրան ուղեկցեցին մինչեւ նաւը:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․