19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Ավարայրը քրիստոնեական հավատի զորության վկայությունն է

Հովսեփ Հողոցմեցի հայրապետի կաթողիկոսության ժամանակ պարսից Հազկերտ Բ թագավորը հրաման արձակեց իր տերության սահմաններում ապրող բոլոր քրիստոնյաներին, որ, ընդունելով զրադաշտական կրոնը, պաշտեն արևն ու կրակը:

Հազկերտի հրովարտակը, երբ Հայաստան հասավ, Հովսեփ կաթողիկոսը ժողով գումարեց Արտաշատում: Անհրաժեշտ էր քննել նամակի բովանդակությունը և տալ պատշաճ պատասխան: Այդ ժողովին մասնակցեցին Հայոց նախարարներն ու բարձրաստիճան եկեղեցականները: Ժողովականները ուխտեցին ամուր մնալ քրիստոնեական սուրբ հավատքի մեջ, ու ժողովի միահամուռ որոշումով գրվեց մերժողական նամակ և ուղարկվեց պարսից Հազկերտ թագավորին: Նամակում բացատրեցին քրիստոնեական կրոնի ճշմարտությունը. «Մենք չենք պաշտում երկրի վրա ու երկնքում գտնվող այն արարածներին, որ դուք աստվածներ եք անվանում: Հավատում ու ծառայում ենք այն միակ ճշմարիտ Աստծուն, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, և այն ամենը, ինչ կա նրանց մեջ: Նա է միայն Աստվածն ու Արարիչը այն բոլոր բաների, որ դուք աստվածներ եք անվանում: Նա է թագավորների Թագավորը և տերերի Տերը: Այս հավատքից ոչ ոք չի կարող մեզ բաժանել. ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառը հարված… Ինչ կուզես անել, արա: Քո կողմից տանջանք, մեր կողմից համբերություն. քո սուրը և մեր պարանոցները»:

Ընդունելով հայոց այս խիզախ, միևնույն ժամանակ վիրավորիչ պատասխանը՝ Հազկերտը իր մոտ հրավիրեց բոլոր մոգերին ու պարսիկ ավագանին՝ Միհրներսեհի գլխավորությամբ և սկսեց մտածել, թե ինչպես կործանի Հայաստանը և ինչպես ստիպի հայերին հրաժարվել առ Քրիստոս ունեցած հավատից և պարսիկների նման դառնալ կրակապաշտ: Պարսից արքան զայրացած ու ցասումով լի հարցրեց մոգերին.

-Ի՞նչ եք խորհում դուք այդ ծառաների մասին, որ այդպիսի ապերասան համարձակությամբ են գրում իրենց տիրոջը:

-Նրանք իրենց անձերի և աշխարհի կորուստ են գրել ձեզ,-պատասխանեցին մոգերն ու ավագանին:

Պարսից թագավորը հրամայեց հայ նախարարներին Տիզբոն՝ իր առջև ներկայանալ:

Հայոց զորքի քաջ սպարապետ Վարդան Մամիկոնյանը մյուս նախարարների հետ, կաթողիկոսից օրհնություն ստանալով, երդվեցին մինչև վերջ հավատարիմ մնալ իրենց սուրբ հավատին, իրենց հայրերի Աստծուն և ճանապարհվեցին Տիզբոն:

Երկընտրանքի առջև

Երբ հայ նախարարները Հազկերտին ներկայացան, վերջինս հրամայեց նրանց ուրանալ քրիստոնեությունը և ընդունել կրակապաշտությունը. հակառակ պարագային սպառնաց բանտարկել, իսկ Հայաստանն էլ քարուքանդ անել:

Մեծ էր ճգնաժամը: Լինել չլինելու հարցն էր դրված: Ծանր էր առաջարկը: Ահավոր երկընտրանքը. ուրացում կամ մահ: Մահ թակարդի մեջ ընկնողներին. տարագրություն, ֆիզիկական ու հոգեկան կորուստ հայ ժողովրդին ու հայոց երկրին: Հայ նախարարները ահուդողի մատնվեցին, քանի որ հայրենիքից հեռու՝ ընկել էին Հազկերտի ծուղակը: Նրանք օրեր շարունակ սրտմաշուք խորհրդակցություններ ունեցան՝ փրկության ելք գտնելու: Երկար վարանումներից և տարուբերումներից հետո վերջապես հանգեցին հետևյալ որոշման. «Մեկ հնար կա ճողոպրելու այս որոգայթից. մի պահ հանձնառու լինել կեղծել՝ կատարելու հրամայվածները, և վերադառնալ հայրենիք: Ապա՝ կամ կապրենք այնտեղ պահելով մեր նախնիների հավատքը, կամ թողնելով մեր երկրները՝ տնով տեղով կպանդխտենք: Քանի որ, եթե միայն մեր հոգիների փրկության մասին մտածելով ընդդիմանանք արքայի հրամանին՝ պատճառ կդառնանք բազմաթիվ կանանց, ծերերի ու երեխաների հավիտենական կորստին»:

Ուստի հայ նախարարները որոշեցին առերես ուրանալ քրիստոնեությունը և վերադառնալ Հայաստան. իսկ այնտեղ նոր պարզել ապստամբության դրոշը: Վարդան Մամիկոնյանը ընդդիմացավ նույնիսկ կեղծ ուրացության, նման արարքը Սբ. Ավետարանի խոսքերին հակառակ գտնելով. բայց մյուս նախարարների թախանձագին տեղիք տալով՝ ինքն էլ համակերպվեց: Ուրացումը կեղծ էր:

Խրախճանք արքունիքում

Ուրացման լուրը մեծ խանդավառություն ստեղծեց պարսից արքունիքում, որտեղ մեծ խրախճանք կազմակերպվեց: Նախարարները զարդարվեցին արքայական զգեստներով: Յուրաքանչյուրին բաշխվեց զանազան պարգևներ ու պատիվներ: Հրաժեշտի պատրաստություններ տեսան:

Մեկնումի օրը մոտեցել էր: Նորադարձ նախարարները ներկայացան արքային և պարսիկ ավագանիին: Շռայլվեցին կեղծ շնորհակալության և սուտ գովեստի խոսքեր բոլորի հասցեին: Տրվեց փոխադարձ հրաժեշտի ողջույնը:

Հազկերտը հայ նախարարներին մեծ պատիվներով Հայաստան ճանապարհեց: Նրանց հետ ուղարկեց 700 մոգեր՝ մոգպետի գլխավորությամբ, որպեսզի, Հայաստանի եկեղեցիները քանդելով, ատրուշաններ կանգնեցնեն:

Հուզիչ հանդիպում

Նախարարների ուրացության լուրը, երբ Հայաստան հասավ, ամենուր անհուն տխրություն տիրեց: Հայ ժողովուրդը մեծ հուզմունքի մատնվեց ու որոշեց ընդդիմանալ ուրացող նախարարներին և մոգերին և թույլ չտալ նրանց պղծել եկեղեցիները և սասանել հայոց քրիստոնեական սուրբ հավատքը: Եվ այսպես՝ Հայաստանի բոլոր բնակիչները՝ այր թե կին, եկեղեցական թե աշխարհական, պատրաստվեցին նրանց դեմ:

Հայոց տանուտերները Հայաստան հասան «կիսամեռ կենդանի» վիճակում: Նրանց դիմավորելու էին եկել եկեղեցականները՝ իրենց հետ բերելով խաչ և Լուսավորչի նշխարները: Լսվում էին քաղցրանվագ սաղմոսերգություններ, որոնց, սակայն, խառնվում էին լացի գուժկան ձայներ, ողբերի գոչեր և ճիչեր: Կարոտակեզ տղաները իրենց հայրերի գրկից վախով փախչում էին: Նայելով իրենց մայրերի արցունքոտ դեմքերին՝ իրենք էլ էին արտասվում: Դայակներն ու դաստիարակները անկարող էին լռեցնել նրանց:

Այս աղեկտուր տեսարանի առջև առերես ուրացողները փորձում էին իրենց իսկ ձեռքով սրամահ լինել: Անիմաստ էին համարում անգամ մի վայրկյան իսկ ապրելը, քան ականատես լինել այսպիսի անհանդուրժելի աղետների: Ուրախության կերակուրը իբրև մոխիր էին ուտում, և իրենց ըմպելիքը արցունքով խառնում: Քանի որ ո՛չ ոք չէր ուզում իրենց սեղանակից լինել, ո՛չ կին, ո՛չ որդի, ո՛չ ազատ, ո՛չ ծառա:

Ամենուրեք խռովություն էր և երկպառակություն: Մեկ հոտ և մեկ հովվի տեղ կար ցրված հոտ՝ առանց հովվի: Հրապարակներում սգում ու կոծում էին ազնվականների կանայք ու այրիները: Օրիորդներն ու հարսները իրենց սենյակներից դուրս չէին գալիս: Եպիսկոպոսները, քահանաները և բազմահոծ ժողովուրդը աղաչում ու լալիս էին Աստծո տանը: Կարծես արյունով ծեփված լիներ հավատացյալների դեմքերը:

Առաջին դիմադրությունը

Պարսիկ մոգերն ու զինվորները, երբ հասան Հայաստանի սահմանագլխին գտնվող Անգղ գյուղը, փորձեցին քանդել Անգղի եկեղեցին: Սակայն նրանց դիմադրություն ցույց տվեցին 70-ամյա Ղևոնդ Երեցը, միաբաններն ու ժողովուրդը: Նրանք փայտերով, քարերով և գործիքներով հարձակվեցին մոգերի ու զինվորների վրա և ծեծեցին:

Այս դեպքից հետո մոգպետը հուսահատվեց՝ տեսնելով հայերի հաստատամտությունը, հասկացավ, որ անհնար է նրանց բռնությամբ մոգության դարձնել և որոշեց Հազկերտին գրել, թե անկարելի է հայերին կրակապաշտ դարձնել: Սակայն Հայաստանի մարզպան Վասակ Սյունեցի իշխանը հանդարտեցրեց մոգպետին և թելադրեց համբերել՝ Հազկերտի հրամանը կատարելու:

Ժամը մոտեցել է

Ժամը մոտեցել էր, երբ հայ նախարարները պիտի հայտնեին իրենց ուրացումի կեղծ լինելը: Սակայն Վասակ Սյունեցին երկդեմ քաղաքականություն էր վարում: Մերթ գործում էր ի նպաստ պարսիկների և մերթ ջանում էր հայ ժողովրդի աչքին իրեն ցույց տալ Սբ. Ավետարանին հավատարիմ: Հայ նախարարները նրանից գաղտնի ժողով գումարեցին Շահապիվանում և ուխտեցին հավատարիմ մնալ Աստծուն և իրենց արյան գնով պաշտպանել Սուրբ եկեղեցին: «Մինչև ե՞րբ պիտի հանդուրժենք ծածկել ճշմարտությունը և կորսվենք: Լավ է լույսի մեջ քայլենք՝ իբրև Լույսի որդիներ»,-նշեց Քաջն Վարդան սպարապետը Շահապիվանի ժողովում: Հաստատվեց նախկին երդումը և բազմությունը բարձրաղաղակ հաստատեց այն. «Պատրաստ ենք հալածանքների, մահվան և ամեն նեղության մեր եկեղեցու և Ավետարանի համար: Քանի որ իբրև մեր հայր Ավետարանն ենք ճանաչում, և իբրև մայր՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին»:

Այս հավատավոր ուխտն ու երդումը գրի առնվեց: Այնուհետև բոլորը մեծ ցնծությամբ և հոգևոր երգերով գնացին եկեղեցի, ուր աղոթեցին երկար ու անձաձրույթ երկրպագությամբ:

Հուզիչ էր հոգեբանական պատկերը այնտեղ հավաքված բազմության: Ուխտի և երդումի միաբանությունը քանդել էր պատվարը արյունի, սեռի, դիրքի և աստիճանի: Տեր, ծառա, ազնվական և գեղջուկ՝ բոլորն էլ հավասարապես լցված էին արիական ոգով: Այր, կին, ծեր և մանուկ՝ միասիրտ ու միազրահ՝ սպառազինված էին քրիստոնեական հավատով: Կյանքը մահ էր թվում իրենց աչքին, մահը՝ կյանք: Բոլորի նշանաբանն էր. «Քաջությամբ միայն մեռնենք…»:

Պատերազմի նախօրյակին

Շահապիվանի ժողովից հետո սկսեց Հայոց ապստամբությունը: Մինչ այդ պարսիկ մոգերը Վասակի օժանդակությամբ ատրուշաններ էին կանգնեցրել և մղում էին ժողովրդին կրակը պաշտելու: Ուխտապահ նախարարները հարձակվեցին մոգերի վրա և կործանեցին բոլոր ատրուշաները: Պարսիկ զինվորներն ու մոգերը Հայաստանից փախան:

Այս ապստամբության գլուխ անցավ Հայաստանի սպարապետ Վարդան Մամիկոնյան իշխանը:

Հազկերտը, հայոց ապստամբության լուրը լսելով, Մուշկան Նիսալավուրտ զորավարի տրամադրության 200 000-ոց բանակը փղերի հետ միասին ուղարկեց Հայաստան, որպեսզի ճնշի ապստամբությունը և հայերին բռնի կրակապաշտ դարձնի:

Վարդան Մամիկոնյանը ուխտապահ նախարարների հետ միասին իր շուրջը հավաքեց 66 000 զինվորներ: Քաջն Վարդանի բանակը թշնամու դեմ հանդիման ելավ Ավարայրի դաշտում: Երկու բանակներին բաժանում էր Տղմուտ գետը: Վասակը իր ուխտադրուժ գնդով թշնամու կողմը անցավ՝ ժառանգելով ուրացողի և դավաճանի տիտղոսները:

Մայիսի 25-ին՝ ճակատամարտի նախորդ երեկոյան, Քաջն Վարդանը և Ղևոնդ Երեցը հոգեշունչ ճառեր ասացին ու քաջալերեցին հայ զորքին: Բանակում էր նաև Հովսեփ կաթողիկոսը՝ եկեղեցական դասի բոլոր ներկայացուցիչներով: Վարդան Մամիկոնյան սպարապետը, խոսքն ուղղելով զորքին, հորդորեց քաջ լինել: Նա առանձնացրեց այս ճակատամարտը մինչ այդ իրենց մղած բազում մարտերից, որոնք երկրավոր թագավորների համար էին: Այս ճակատամարտը Աստծո համար է. «Իմ քա՛ջ նիզակակիցներ, չերկնչենք ու չվախենանք հեթանոսների բազմությունից և ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք. որպեսզի եթե Տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ճշմարտության կողմը, իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիությանն ու քաջությանը վախկոտություն չխառնենք»: Խոր լռության մեջ նաև Ղևոնդ Երեցը դիմեց զորքին. «Քրիստոսը Իր մահով խափանեց մահի իշխանությունը: Եթե ուրեմն մահը մեռնում է մահով, չվախենանք Քրիստոսին մահակից լինել, որովհետև Ում հետ մեռնենք, Նրա հետ էլ կկենդանանանք»: Ողջ գիշերն անցկացրին աղոթքներով, սաղմոսերգությամբ, հսկումով, Աստվածաշնչի ընթերցանությամբ: Հոգևորականները մկրտեցին չմկրտվածներին, ապա մատուցվեց Սբ. Պատարագ և բոլոր զինվորները ստացան Սբ. Հաղորդություն:

451թ. մայիսի 26-ին Ավարայրի դաշտում, Տղմուտ գետի ափին սկսվեց ճակատամարտը:

Առավոտյան երկու բանակները բուռն կերպով իրար վրա հարձակվեցին: Հայոց գունդը սաստիկ բախվեց հավատքի թշնամիների հետ: Հայոց բանակը Տղմուտ գետը անցնելով բավական հաղթանակներ արձանագրեց, սակայն երեկոյան դեմ պարսիկները փղերով շրջապատեցին Վարդանին ու իր ընկերներին: Այս կռվի ընթացքում հերոսաբար ընկավ Քաջն Վարդանը իր ընկերներով:

Հայ բանակը իր սպարապետի մահից հետո սկսեց նահանջել և երեկոյան ճակատամարտը վերջացավ: Վարդանի հետ նահատակվեցին ութ հայ նախարարներ ևս:

Նահանջող հայ նախարարներից ու զինվորներից շատերը բարձրացան Հայաստանի անառիկ լեռները և մերթ ընդ մերթ շարունակեցին կռիվը:

Այս պատերազմում 1036 հայեր նահատակվեցին վասն Հիսուսի և վասն հայրենյաց, իսկ պարսիկ զորքի կորուստը եղավ 3544 հոգի:

Ոչ հաղթող և ոչ էլ պարտվող կողմ կար իսկապես: Քաջերն էին, որ հանդիպել էին քաջերին, և երկու կողմերն էլ մատնվեցին պարտության: Պարսիկները թեև ընկճեցին հայոց ապստամբությունը, սակայն չկարողացան կրակապաշտ դարձնել հայերին: Նրանց հալածանքներն ու կատարած բռնությունները պատճառ դարձան, որ հայերը ավելի կառչեն իրենց սուրբ հավատքից:

Վարդանանք իրենց մահով փրկեցին հայ ժողովրդին հավատափոխությունից:

Հազկերտը Հայաստանում պատահած ձախորդությունների պատճառը համարեց Վասակին և շղթայակապ տարավ նրան Տիզբոն ու բանտարկեց: Բանտում Վասակը չարաչար մահով մահացավ՝ առանց խոստովանության և ապաշխարության:

«Ավարայրը հայ ժողովրդի բազմադարյան անցյալի վեհագույն ու պանծալի բարձունք է հանդիսանում, հերոսական արտահայտությունը հայ ազգի բարոյական բարձր նկարագրի, հայրենասիրության ու ազգասիրության, եկեղեցական ուխտապահության, անձնուրաց հերոսության, հոգևոր մշակույթի, նվիրվածության և մարտական կորովի…» (Գևորգ Զ Չորեքչյան):

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ամեն տարի փետրվար ամսին Բուն բարեկենդանի կիրակիին նախորդող հինգշաբթի օրը տոնում է Սուրբ Վարդանանց 1036 նահատակների հիշատակը: Սբ. Վարդանանց և Սբ. Ղևոնդյանց տոները կատարվում են պահքին նախորդող շաբաթվա ընթացքում, որպեսզի Վարդանանց ոգով զորացած՝ հայ հավատացյալները մտնեն Մեծ պահքի շրջանը:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

08.02.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․