Գրքեր

Առակներ 2.1-3.10

2.1 Որդեա՛կ, եթէ իմ պատգամներն ու պատուիրաններն ընդունես եւ պահես դրանք հոգուդ մէջ, 2 իմաստութիւնը պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճոյք գտնի գիտութեան մէջ, եւ դրանք, իբրեւ խրատ, պիտի աւանդես որդուդ: 3 Արդարեւ, եթէ իմաստութիւնը քեզ մօտ կանչես եւ ձայնդ մտքի հանճարին ուղղես, 4 փնտրես այն ընտիր արծաթի նման եւ, ինչպէս գանձ, որոնես այն, 5 այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկիւղը եւ դու կգտնես Աստծոյ գիտութիւնը: 6 Տէրն է տալիս իմաստութիւնը, եւ նրանից են բխում գիտութիւնն ու հանճարը. 7 նա է արդարների համար փրկութիւն վերապահում եւ հովանի լինում նրանց ընթացքին, 8 նա է պահպանում արդարների ճանապարհը եւ հաստատ դարձնում իրենից երկիւղ կրողների ուղին: 9 Այն ժամանակ կհասկանաս արդարութիւնն ու իրաւունքը եւ բոլոր շաւիղներդ կուղղես դէպի բարին: 10 Եւ երբ իմաստութիւնը մտնի սրտիդ մէջ, եւ գիտութիւնը ախորժելի լինի հոգուդ, 11 այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, եւ արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, 12 որպէսզի փրկութիւն գտնես չար ճանապարհից եւ նենգախօս մարդուց: 13 Վա՜յ նրանց, ովքեր, ուղիղ ճանապարհը թողած, կգնան խաւարի ճանապարհով, 14 ովքեր կուրախանան չարիքներ գործելով եւ կխնդան դէպի չարը խոտորուելով. 15 Ծուռ են լինելու նրանց ճանապարհները, եւ շաւիղները՝ խոտորնակ, 16 նրանք պիտի փորձեն քեզ հեռացնել ուղիղ ճանապարհից եւ օտարացնել արդար խորհուրդներից: 17 Որդեա՛կ իմ, թող քեզ չհասնեն չար խորհուրդներն այն մարդու, որ երիտասարդ ժամանակ թողել է ուսումը եւ մոռացել Աստծոյ ուխտը: 18 Այդպիսին իր տունը դրել է մահուան մօտիկ, իր շաւիղները՝ դժոխքի մօտ, երկրածինների հետ: 19 Բոլոր նրանք, ովքեր գնում են այդպիսիների հետ, յետ չեն դառնալու, եւ եթէ մինչեւ իսկ զղջան էլ, չեն հասնելու ուղիղ ճանապարհի եւ չեն ապրելու իրենց կեանքի տարիները: 20 Եթէ նրանք բարի ճանապարհներով գնացած լինէին, դիւրին կգտնէին արդարութեան շաւիղները. քաղցրաբարոյ մարդիկ պիտի լինեն երկրի բնակիչները, եւ արդարները պիտի ապրեն այնտեղ: 21 Իսկ ամբարիշտների ճանապարհները պիտի ջնջուեն երկրից, եւ անօրէնները պիտի վտարուեն դրանից:

3.1 Որդեա՛կ, մի՛ մոռացիր իմ խրատները եւ իմ խօսքերը պահի՛ր քո սրտում, 2 որպէսզի երկարեն քո կեանքի օրերն ու կենդանութեանդ տարիները եւ խաղաղութիւն աւելացնեն: 3 Թող ողորմութիւնն ու հաւատարմութիւնը չպակասեն քեզնից. կապի՛ր դրանք քո պարանոցին, գրի՛ր դրանք քո սրտի լայն տախտակի վրայ եւ դու շնորհ կգտնես: 4 Տիրոջ ու մարդկանց առջեւ խորհի՛ր բարու մասին: 5 Ամբողջ սրտով յոյսդ դի՛ր Աստծոյ վրայ եւ մի՛ հպարտացիր քո իմաստութեամբ: 6 Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր նրան, որպէսզի նա ուղղի քո ճանապարհները, եւ ոտքդ չսայթաքի: 7 Դու քո աչքին իմաստուն մի՛ թուայ, այլ վախեցի՛ր Տիրոջից եւ խուսափի՛ր ամենայն չարից: 8 Դա քո մարմնի համար բուժում եւ քո ոսկորների համար դարման կլինի: 9 Պատուի՛ր Տիրոջը քո արդար վաստակից եւ քո արդար բերքից պտո՛ւղ յատկացրու նրան, 10 որպէսզի քո շտեմարանները լցուեն առատ ցորենով, եւ քո հնձաններն աւելի յորդ գինի բխեն:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․