Գրքեր

Եսայի 40.18-31

18 Արդ, ո՞ւմ նմանեցրիք Տիրոջը, ո՞ւմ նման համարեցիք նրան: 19 Մի՞թէ կուռք է նա, որին կերտել է արուեստաւորը, եւ կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանութիւն ու կերպարանք տալով նրան: 20 Հիւսնն էլ անփտելի փայտն է ընտրել եւ խելք ու հնարքի դիմել, թէ ինչպէս կանգնեցնի այն, որ չշարժուի: 21 Մի՞թէ չլսեցիք ու չիմացաք, ի սկզբանէ ձեզ չպատմուե՞ց, չհասկացա՞ք, թէ ով հաստատեց երկրի հիմքերը: 22 Նա է, որ նստած է երկրի շրջածիրից վերեւ, եւ բնակիչները նրան մորեխի չափ են երեւում: Նա է կանգնեցրել երկինքն ինչպէս կամար, ձգել ինչպէս վարագոյր եւ հիմնել երկիրը նրա մէջ բնակուելու համար: 23 Նա է, որ իշխաններին անիշխանութեան է դատապարտում եւ երկիրն ամայացնում, 24 որպէսզի չսերմանեն ու տունկեր չտնկեն, եւ նրանց արմատը հողի մէջ չհաստատուի: Նա կփչի նրանց վրայ, եւ կչորանան, ու փոթորիկը խռիւի նման կքշի դրանք: 25 «Արդ, ո՞ւմ կուզենայիք նմանեցնել ինձ, որին զուգահաւասար լինէի»,– ասում է Իսրայէլի Սուրբը: 26 Աչքներդ դէպի երկի՛նք բարձրացրէք եւ տեսէ՛ք՝ ո՞վ հաստատեց այս ամէնը, ո՞վ ստեղծեց նրա համակարգութիւնը՝ մեծ փառքով եւ անհնարին ուժով ամէն ինչի տալով իր անունը. ոչ մի բան ծածուկ չի մնում նրանից: 27 Մի՛ ասայ, Յակո՛բ, կամ՝ ի՞նչ ես խօսում, Իսրայէ՛լ, թէ՝ «Իմ ճանապարհները գաղտնի մնացին Աստծուց, եւ իմ Աստուածը վերացրեց իմ իրաւունքներն ու հեռացաւ»: 28 Արդ, չիմացա՞ր, չլսեցի՞ր, որ յաւիտենական Աստուածը, երկրի սահմանները հաստատող Աստուածը ո՛չ քաղց է զգում եւ ո՛չ էլ յոգնում, նրա իմաստութիւնն անքննելի է: 29 Նա քաղցածներին ուժ է տալիս, բայց ցաւ չունեցողներին էլ՝ տրտմութիւն: 30 Երիտասարդները քաղց պիտի զգան, մանուկները պիտի յոգնեն, քաջընտիր մարդիկ անզօր պիտի դառնան, 31 իսկ նրանք, որոնք Տիրոջն են ապաւինում, նոր ուժ պիտի ստանան եւ նոր փետուրներով զարդարուեն ինչպէս արծիւներ, պիտի վազեն, բայց չպիտի յոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․