Գրքեր

Բարի անունը հավիտյան կմնա

Ոչ բոլորը կարող են ունենալ երկրային բոլոր բարիքները, քանի որ ոմանք հարուստ են, ոմանք՝ աղքատ, ոմանք բարձր դիրք են զբաղեցնում հասարակության մեջ, ոմանք՝ աննշան, ոմանք՝ նախաձեռնող են և ամեն ինչում հաջողության են հասնում, ոմանք անհեռատես են և տարբեր անհաջողություններ են կրում, ոմանք ուժեղ են, ոմանք՝ թույլ: Բայց կա  մի բարիք, որ կարող է լինել ընդհանուրի սեփականությունը՝ բարի անունը: Այն բոլոր ժամանակներում համարվել է ամենաթանկ բարիքը:  

Սուրբ Գիրքը խրախուսում է հոգալ և ձեռք բերել բարի անուն ու պատիվ: Հին Կտակարանում կարդում ենք, որ երբ  Հակոբի որդիները սպանեցին քոռեցի Եմորի որդի Սյուքեմին և նրա տոհմի արուներին, կողոպտեցին քաղաքը, ավար առան քաղաքում և դաշտում գտնվող նրանց ունեցվածքը, գերեվարեցին ողջ մնացած մարդկանց ու նրանց կանանց, Հակոբն ասաց նրանց. «Դուք ինձ ատելի դարձրիք: Ես երկրի բոլոր բնակիչներին՝ քանանացիներին ու փերեզացիներին, անխիղճ մարդ պիտի թվամ: Մենք սակավաթիվ ենք: Եթե նրանք հավաքվեն, ինձ վրա հարձակվեն ու հարվածեն ինձ, ապա կոչնչանամ և՛ ես, և՛ իմ տոհմը» (Ծննդ. 34:1-31): Հակոբը գնահատում էր անգամ հեթանոսների հարգանքը:

Իսրայելի դատավորներից Սամվել մարգարեն փորձում էր այնպես կառավարել, որ ժողովրդի մեջ լավ հիշողություն թողնի իր և իր կառավարության մասին: Այն օրը, երբ Սամվելը հրաժարական տվեց դատավորի իր պաշտոնից և կառավարումը փոխանցեց նոր ընտրված արքային՝ Սավուղին, նա ժողովրդին դիմեց հետևյալ խոսքով. «Ես, ահա, կանգնած եմ ձեր առաջ, և դուք Տիրոջ ու նրա օծյալի ներկայությամբ ասացե՛ք, թե ես ո՞ւմ եզն եմ խլել կամ ավանակը տարել, ձեզանից ո՞ւմ նկատմամբ եմ անիրավություն գործել կամ որևէ մեկին զրկել, ո՞ւմ ձեռքից եմ կաշառք կամ ընծաներ վերցրել: Պատասխան տվե՛ք ինձ, որպեսզի ես հատուցեմ ձեզ»: Սամվելին ասացին. «Մեր դեմ չես մեղանչել, մեզ չես զրկել, մեզ չես նեղել ու որևէ մեկի ձեռքից ոչինչ չես խլել»: Սամվելն ասաց  ժողովրդին. «Տերը և նրա օծյալը այսօր թող վկա լինեն իմ և ձեր միջև, որ իմ ձեռքում ոչինչ չեք գտել»: Նրանք ասացին. «Թող վկա լինի» (Ա Թագ. 12:3-6):

Դավիթը, աղոթելով Աստծուն, ասում էր. «Դեպի քեզ, Տե՛ր, բարձրացրի հոգիս: Աստվա՛ծ իմ, քեզ վրա դրի հույսն իմ, թող ամոթով չմնամ, և թշնամիներս չծիծաղեն ինձ վրա» (Սաղմ. 24:2-4): Իսկ Սողոմոնը գրել է՝ բարի անունը լավ է հոտավետ յուղից (Ժող. 7:2), բարի անունը լավ է մեծ հարստությունից (Առակ. 22:1): Սիրաքի իմաստության գրքում կարդում ենք. «Հո՛գ տար քո անվան համար, քանզի այն քեզ հետ է լինելու ավելի քան ոսկու հազարավոր մեծ գանձերը: Բարի կյանքի օրերը համրանք չունեն, և բարի անունը հավիտյան կմնա» (Սիրաք Իմ. 41:15-17):

Մեր Տիրոջ՝ Հիսուսի Քրիստոսի մասին Ղուկաս ավետարանիչը պատմում է՝ Հիսուս զարգանում էր իմաստությամբ և մարմնով՝ սիրելի դառնալով Աստծուն և մարդկանց (Ղուկ.2:52): Քրիստոս ցանկանում է, որ Իր հետևորդներն իրենց բարի կենցաղավարությամբ բարի օրինակ ծառայեն իրենց միջավայրին, ինչի պատճառով կփառավորվի Երկնավոր Հոր անունը. «Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք տեսնեն ձեր բարի գործերը և փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ.5:16): Առաջին քրիստոնեական համայնքն արժանացել էր ողջ ժողովրդի համակրանքին (Գործք Առ. 2:47):

Պետրոս առաքյալը հեթանոսների մեջ ապրող քրիստոնյաներին հորդորում էր անարատ կյանք վարել. «Թող ձեր խղճմտանքը մաքուր լինի, որպեսզի ամոթով մնան նրանք, որ չարախոսում են ձեր մասին՝ բամբասելով քրիստոնեական ձեր բարի կենցաղը: Որովհետև ավելի լավ է չարչարվել բարիք գործելով, եթե այդ է Աստծու կամքը, քան թե չարիք գործելով» (Ա Պետր. 3:16-18): Պետրոս առաքյալը երանի է համարում նրանց, ովքեր նախատվում են Քրիստոսի անվան համար, այնուհետև ասում է. «Իմ խոսքը նրանց մասին չէ, ովքեր չարչարվում են իբրև մարդասպան կամ գող, իբրև չարագործ կամ խառնակիչ: Բայց ով չարչարվում է քրիստոնյա լինելու պատճառով, թող չամաչի, այլ փառավորի Աստծուն Իր այդ անվամբ» (Ա Պետր. 4:14-17):

Բարի անուն ձեռք բերելու ճանապարհին քրիստոնյան պետք է զգույժ լինի, որ չընկնի մարդահաճության և փառասիրության մեջ: Այս մասին նկատի ունենալով՝ Պողոս առաքյալն ասել է. «Ուստի ինձ համար բնավ նշանակություն չունի, թե դուք ինչպե՛ս եք դատում ինձ, կամ մարդիկ ինչպե՛ս են դատում ինձ: Ես ինքս ինձ էլ չեմ դատում: Խիղճս հանգիստ է, բայց դրանով, անշուշտ, չեմ արդարանում, որովհետև Տերն է ինձ դատում» (Ա Կորնթ.4:3-5): Բարի անվանը ձգտել ցանկացողին չպետք է շփոթել նրա հետ, ով ձգտում է մեծ անուն ունենալ: Բարի անվան չեն հասնում ինքնագովեստով, քանի որ երբ մարդն ինքն իրեն է փառաբանում, այդ փառքը ոչինչ է:

Քրիստոս, նախատելով սնափառ ու փառասեր փարիսեցիներին, ասաց. «Դուք ինչպե՞ս կարող եք ինձ հավատալ, երբ իրարից եք փառաբանություն ընդունում և չեք փնտրում այն փառաբանությունը, որ գալիս է միակ Աստծուց» (Հովհ.5:44): Փառքի ետևից ընկնելով՝ մարդ կորցնում է Աստծու փառքը, ուստի քրիստոնյան պետք  է պատրաստ լինի՝ Քրիստոսի անվան համար նախատվելու: Այս դեպքում նա կարող է մխիթարել իրեն Պողոս առաքյալի հետևալ խոսքերով. «Մի՛ այլայլվեք ո՛չ փառքից և ո՛չ անարգանքից, ո՛չ գովասանքից և ո՛չ մեղադրանքից: Մարդիկ թող մեզ ասեն մոլորվածներ. մենք գիտենք, որ չենք շեղվել ճշմարտությունից: Թող չուզենան մեզ ճանաչել. մենք գիտենք, որ լավ են ճանաչելու մեզ: Թող համարեն մեզ մեռած. բայց մենք ահա կենդանի ենք: Թող համարեն մեզ պատժապարտ. մենք գիտենք, որ ազատված ենք մահվան դատապարտությունից: Թող կարծեն, թե տխուր է մեր կյանքը. մենք միշտ ուրախ ենք: Աղքատ թող համարեն մեզ. մենք շատերի կյանքն ենք ճոխացնում: Այո՛, թվում է, թե ոչինչ չունենք, մինչդեռ ունենք ամեն ինչ» (Բ Կորնթ. 6:8-11): Քրիստոս հետևորդները Տիրոջ հետևյալ խոստումն ունեն. «Երանի՜ նրանց, որոնք հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է Երկնքի Արքայությունը: Երանի՜ ձեզ, երբ մարդիկ ձեզ նախատեն ու հալածեն, կամ ստելով՝ ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն Իմ հետևորդը լինելու համար: Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձատրությունը երկնքում» (Մատթ. 5:10-11):

Քրիստոնյան իրավունք ունի և պարտավոր է պաշտպանել իր բարի անունն ու պատիվը, ինչը արեց նաև Քրիստոս: Երբ Հիսուս Երուսաղեմում էր՝ տաճարի Սողոմոնի սյունագավթում և իր շուրջը հավաքված հրեաներին ասաց. «Այն գործերը, որ Ես կատարում եմ Իմ Հոր անունով, դրանք իսկ վկայում են, թե ով եմ ես: Ես և Իմ Հայրը մեկ ենք» (Հովհ. 10:25; 30): Այս լսելուն պես հրեաները քարեր վերցրին՝ քարկոծելու համար նրան: Հիսուս ասաց նրանց. «Իմ Հոր կողմից բազում բարի գործեր կատարեցի ձեր ներկայությամբ. դրանցից ո՞ր մեկ համար եք ուզում քարկոծել ինձ» (Հովհ. 10:32): Իր արժանապատվությունն էր պաշտպանում նաև Պողոս առաքյալը՝ մատնանշելով իր աշխատությունները, սխրանքներն ու տառապանքները (Բ Կորնթ. 11։20-33)։ Նա, նախանձախնդիր լինելով իր անվան և պատվի համար, փորձեց պաշտպանել իրեն իր վիրավորողներից՝ նշելով, որ ինքն անձնուրաց աշխատել է ուրիշների փրկության համար, հագեցրել է իրեն իր ձեռքի աշխատանքով՝ առանց որևէ մեկին ծանրաբեռնելու. «Լավ է, որ ես ավելի շուտ մեռնեմ, քան մեկն իմ պարծանքն ընդունայն համարի» (Ա Կորնթ. 9:15):

Բարի անունը հիանալի ժառանգություն է հորից զավակներին: Բարի անունը մարդուն հեռու է պահում մեղանչելուց, այն ընտանեկան կյանքի սրբության ամուր ցանկապատն է, որից ներս չի համարձակվի թափանցել որևէ թշնամի: Ընտանիքի զավակը, ով  գնահատում է իր և ընտանիքի բարի անունն ու պատիվը, չի տրվի գայթակղությունների: Պաշտոնյաները, դատավորները, տիրակալները, վաճառականները, ձեռք բերելով բարի անուն, չեն ցանկանա այն արատավորել անօրինական արարքներով, դրան ընդունակ են միայն նրանք, որոնք խուլ են աստվածային պատվիրաններին և եկեղեցու հայրերի հորդորներին: Բարի անուն ունեցողը բարերար ազդեցություն է գործում իր միջավայրի վրա, նրա խոսքում ինչ-որ հզոր ուժ կա, և չարամիտ մարդիկ չեն կարող թուլացնել այն: Բարի անունը աճում է, երբ մարդն աճում է բարեպաշտության և առաքինության մեջ: Բարի անվան աճի դանդաղ ընթացքը չպետք է զարմացնի ոչ ոքի, քանի որ ամուր ծառերը, ինչպիսին են օրինակ՝ կաղնին, կնձենին, հաճարենին, աճում են դանդաղ, բայց ամրություն ձեռք բերելով՝ կարողանում են դիմակայել փոթորիկներին: Իսկ այն բույսերը, որ արագորեն են աճում և բարձրանալով՝ մեկ տարում  հասնում են քսանամյա ծառերի բարձրությանը, նույնքան էլ կարճ կյանք են ունենում:

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

05.02.24
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․