Գրքեր

Հաղորդության մասին

Մի հերետիկոս իր աղանդին էր կամենում դարձնել ուղղափառ մի քահանայի, և երբ տեսավ, թե իրենից խորշում է և իր խոսքերը չի ընդունում, նրան ասաց.

-Հավատքիդ մեջ ինքնահավան ու անխոնարհելի ես: Եթե կամենայիր հավատալ իմ խոսքերին, ես քեզ ցույց կտայի Քրիստոսին, Նրա մորը և Աստծո սուրբերին:

Քահանան հասկանալով, որ այդ ցնորքն ու պատրանքը  սատանայինն են, կամենալով փորձել, թե ի՛նչ է այն, նրան ասաց.

-Հիրավի քեզ կհավատամ, եթե կատարես խոստացածդ:

Այս լսելով` հերետիկոսը հույժ ուրախացավ և նրա համար օր սահմանեց:

Իսկ քահանան, առնելով մասնատուփը տերունական մարմնով, դրեց ծածուկ մի տեղ` վեղարի տակ: Հերետիկոսը, քահանային վերցնելով, տարավ մի մեծ լեռան մեջ գտնվող այր և նրան մեծ ապարանք մտցրեց, որը զարմանալի բոցաճաճանչ լույսերով փայլում էր: Երբ ներս մտան, կարգով շարված բազում ոսկեփայլ աթոռներ տեսան: Մի աթոռի վրա թագավորն էր բազմել` մեծ լույսով շրջապատված, նրա աջում` թագուհին` վայելչագեղ ու շատ գեղեցկատես, այս ու այն կողմերում ծերերն էին բազմել` իբր թե նահապետների ու առաքյալների պես, իսկ շուրջը հրեշտակների մեծ բազմությունն էր կանգնած, որոնք ամենքն էլ աստղերի պես փայլում էին` կասկածի տեղ չթողնելով, թե դևեր են:

Այս ամենը երբ հերետիկոսը տեսավ, ընկավ գետնին և երկրպագեց` իբրև Աստծո:

Սակայն քահանան անշարժ կանգնած էր, բայց տեսիլքի վրա էր զարմացել: Եվ հերետիկոսը, դառնալով քահանային, ասաց.

-Ինչո՞ւ Աստծո Որդուն փառք չես մատուցում, երկրպագի՛ր նրան, որ բազմած ես տեսնում և նրա բերանից մեր հավատքի խորհուրդը կուսանես:

Այնժամ քահանան մոտենալով հանեց մասնատուփը և աթոռի վրա բազմած թագուհուն տվեց` ասելով.

-Թե դո՞ւ ես թագուհին, Քրիստոսի մայրը, ահա քո որդին, ում եթե ընդունես, քեզ Աստծո մայր կխոստովանեմ:

Եվ երբ այս ասաց, անմիջապես առ աչոք եղած այդ բովանդակ բազմությունը անհայտացավ, իսկ նրանք այնպիսի թանձրամիտ խավարի մեջ մնացին, մինչև որ հազիվ կարողացան այրից դուրս գալ: Ապա հերետիկոսն ուղղափառության դարձավ ու սարսափեց` զարմանալով սատանայի հնարագետ խորամանկության վրա:

†††

Մի ազնվական այնքան իրավասեր ու արդարամիտ էր, որ նույնիսկ դատի ժամանակ մարդու երեսին աչք չէր գցում: Սա մի անգամ, երբ հիվանդ պառկած էր մերձակա սենյակում դրված մահճակալի վրա, կնոջ աղաղակ ու ողբ լսեց: Երբ հարցրեց պատճառը, ոչ ոք ստույգ պատմել չհամարձակվեց: Ապա սպասավորներից մեկին ուղարկեց և նրան խստորեն պատվիրեց, որ իրողության ստուգությունն իմանա ու իրեն ասի: Նա էլ տեղեկանալով ահը սրտին հայտնեց.

-Տե՛ր, քո քեռորդին կամենում էր մի կնոջ բռնաբարել, և դա էր աղաղակի պատճառը:

 Իշխանը, սաստիկ զայրանալով, զորականներին հրամայեց քեռորդուն կախել:

Իսկ նրանք, կեղծ հնազանդություն ցուցաբերելով, իրար մեջ խորհուրդ արեցին. «Եթե սպանենք այս մեծազգի երիտասարդին, մեր տերն էլ, որ հավանական է, մեռնի, մեզ կա՛մ կսպանեն, կա՛մ կաքսորեն»:

Ապա երիտասարդին ամեն բան տեղեկացրին և խրատեցին, որ քեռու երեսից որևէ տեղ թաքնվի:

Մի ժամ հետո զորականները, տիրոջ մոտ մտնելով, ասացին, որ հրամանը կատարված է:

Հինգերորդ օրը երիտասարդը կարծելով, թե քեռին իր պատիժն անտեսել է, դուռը բացեց ու ներս նայեց: Երբ հիվանդը նրան տեսավ, մեղմաբար իր մոտ կանչեց, մի ձեռքով բռնեց նրա պարանոցից, իսկ մյուսով սուսերը ծածկաբար հանելով` կոկորդը կոխեց:

Եվ այսպես, մեծ ողբով ու սրտի հառաչանքով սպանվածին դուրս հանեցին:

Այս արարքը ողջ գավառին չափազանց գարշելի թվաց` իշխանի ցավը ցավի վրա ավելացնելով: Երբ հիվանդությունը սաստկացավ, իշխանը եպիսկոպոսի մոտ մարդ ուղարկեց` հայցելով Սուրբ Խորհուրդը: Երբ եպիսկոպոսը եկավ, նա իր բոլոր մեղքերը մեծ զղջումով խոստովանեց, բայց երիտասարդի սպանման համար լռեց, ինչի վրա էլ եպիսկոպոսը բարկանալով ասաց.

-Ինչո՞ւ ես մարդասպանությունդ թաքցնում, այն որ սպանել ես քեռորդուդ:

-Մի՞թե դա մեղք է,- հարցրեց նա:

-Շատ մեծ,- պատասխանեց եպիսկոպոսը:

Իշխանն էլ ավելացրեց.

-Ես այն մեղք չեմ համարում և Տիրոջից դրա համար թողություն չեմ խնդրում:

-Ես էլ քեզ հաղորդություն չեմ տա,- վրա բերեց եպիսկոպոսը,- մինչև չխոստովանես այդ մեղքդ:

Այնժամ իշխանն ասաց.

-Իմացի՛ր, հա՛յր սուրբ, որ ես ոխակալության համար չէ, որ սպանել եմ նրան, ոչ էլ սրտիս զայրույթից, այլ միայն Աստծո երկյուղից և արդարության ցանկությունից: Ոչ ոք երբեք այնքան չի սիրում իր քեռորդուն, ինչքան ես էի նրան սիրում: Եթե ինձ տերունական մարմինը չտաս, ես իմ հոգին ու մարմինը Նրան կհանձնեմ:

Այս ասաց ու արեց այն բանի համար, թե միգուցե ընդդեմ արդարության և դատաստանի գործված ինչ-որ թերություն երևա:

Եպիսկոպոսը դեռ սենյակի շեմը չէր անցել, երբ հիվանդը նրան ձայն տվեց` ասելով.

-Դարձի՛ր, հա՛յր սուրբ, դարձի՛ր ու տե՛ս` տերունական մարմինը մասնատուփի մե՞ջ է:

Երբ եպիսկոպոսը մասնատուփը բացեց ու ոչինչ չգտավ, իշխանը նրան ասաց.

-Ինչը որ հրաժարվեցիր ինձ տալ, ահավասիկ Նա ինքն ինձնից չհրաժարվեց:

Եվ Սուրբ Խորհուրդը երևաց նրա բերանում:

Այսպես, նրա հետ տեղի ունեցավ այն, ինչ Աստվածային Գիրքն է ասում. «Սիրե՛ք արդարությունը, ովքեր դատում եք երկիրը: Ծառայե՛ք Տիրոջը բարությամբ և խնդրե՛ք նրան ուղղությամբ, քանզի բնակվում է նրանց մոտ, ովքեր չեն փորձում նրան, և հայտնվում է նրանց, ովքեր ապավինում են նրան»:

Իսկ եպիսկոպոսը, սարսափահար, ամենուրեք այս սքանչելիքի մասին էր պատմում:

†††

Մի կին, ում դեմ սատանան զանազան հնարքներով պատերազմում էր, որ իրեն կախի, մի օր` պատարագի ժամանակ, հարմար պահ գտավ, ամբողջ ընտանիքին տնից հանեց, պարանը գերանից կապեց և դուռը փակեց: Եվ երբ պարանը կապելով վզից` կամենում էր իրեն ցած իջեցնել, լսեց զանգակի ձայնը, որ հնչում էր Քրիստոսի Մարմինը բարձրացնելու պահին, և իր սովորության համաձայն ասաց. «Հիսո՛ւս Քրիստոս, կենդանի Աստծո՛ Որդի, ողորմի՛ր ինձ»:

Եվ ահա անմիջապես գերանն ընկավ, իսկ դևերը բարձրաձայն տնից դուրս փախան` աղաղակելով. «Քրիստոսի մարմնի զորությունը քեզ հավիտենական կորստից ազատեց»:

 

Հայելի վարուց

11.10.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․