Գրքեր
Հովսեփը ինչո՞ւ է իր գինու բաժակը դնել տալիս Բենիամինի պարկի մեջ:

Իր եղբայրներին փորձելու համար, քանի որ Բենիամինին մեծ պատիվ ցուցաբերելով՝ հնգապատիկ ավել կերակուր տվեց և ցանկանում է նրանց միտքը հասկանալ, թե արդյո՞ք բաժակը նրա բեռան մեջ գտնվելու համար նախանձելով՝ նրան մենակ կթողնեն որպես հանցագործի: Նաև ցանկանում էր իմանալ, թե ի՞նչ պայմանով էին իրենց հորից ստացել նրան և ինչպե՞ս են վերաբերվում իրենց հորը:

Այստեղ արժե հանգամանորեն նկատի առնել Հովսեփի եղբայրների դրությունը: Արդարև նրանք Եգիպտոսից շատ մեծ ցնծությամբ դուրս եկան, քանի որ մի փառապանծ իշխան իրենց մեծ խնջույքով պատվեց, Շմավոնը բանտից ազատվեց, Բենիամինը իրենց հետ է և այս ամենին վերադիր՝ բեռներն էլ լցված են ցորենով, միայն թե շատ չի անցնում, որ այս ուրախությունը մեծ տրտմության է փոխվում: Մ՛ի զարմացիր, աշխարհի վիճակը այսպիսին է՝ մի աչքով ուրախացնում է, մյուսով լացացնում, մի ձեռքով տալիս է, իսկ մյուսով՝ հետ վերցնում:

Քանի որ Հովսեփը իր գործակատարին շտապով և բարկության կերպարանքով ուղարկում է, որպեսզի նրանց բեռները խուզարկելով բաժակը գտնի, և ում բեռի մեջ, որ գտնի՝ ձերբակալելով իր մոտ տանի: Նա էլ մի խումբ մարդկանցով, գող բռնելու գնացողի նման, նրանց հասնելով. «Այս ի՞նչ վատություն արեցիք, բարերարության փոխարեն, գողություն արեցիք» ասելով՝ խիստ հանդիմանում է, որին բոլորը պատասխանում են, թե. «Քավ լիցի, որ մենք գողություն անենք, եթե առաջին անգամ մեր բեռների մեջ գտնված արծաթը հետ բերեցինք, ինչպե՞ս է հնարավոր, որ մենք գողանանք  քո բաժակը: Ում մոտ որ գտնվի, թող այդ մարդը մահանա և մենք բոլորս մեր տիրոջ ծառաները կդառնանք»:

Այս պայմանով վերակացուն խուզարկում է նրանց բեռները, սկսելով մեծից մինչև փոքրը, և բաժակը Բենիամինի բեռան մեջ գտնվելուն պես, սկսում են բարձրաձայն լացել և կոծել, քանի որ չգիտեին, թե ինչի պիտի հանդիպեին: Հիրավի, նրանք գիտեն, որ Բենիամինը գողություն չի անի, սակայն բաժակը նրա պարկից դուրս եկավ: Բոլորը ցանկանում են Հովսեփին ծառա դառնալ, միայն թե Բենիամինին ազատեն, բայց անկարելի է լինում, բաժակը ում պարկի մեջ, որ գտնվել է, Հովսեփը նրան է պահանջում:

Այն ժամանակ բոլորը միասին հետ են դառնում, և Հովսեփի մոտ եղած ժամանակ Հուդան գետնատարած սկսում է աղաչել և պաղատել: Եվ իրենց արդարացնելու համար որևէ խոսք գտնելու անկարող լինելով՝ Աստծո գաղտնի դատաստանին է վերագրում այս գործը: Քանի որ հաստատ գիտի, որ այս պարագայում բնավ հանցանք չունեն, այսուհանդերձ գողությունը իրենց առումով հաստատվեց, և չեն համարձակվում ասել, թե թշնամու նենգությանն ենք հանդիպել, քանի որ Հովսեփից թշնամություն չեն սպասում: Ուստի, երբ ասում են, որ. «Սա մեր մեղքն է, որի հետևանքը պետք է կրենք, բոլորս էլ քեզ ծառա կլինենք», Հովսեփը պատասխանում է. «Քավ լիցի, որ ես այդպիսի բան անեմ, ում մոտ, որ բաժակը գտնվեց, թող նա ծառայի ինձ, և դուք խաղաղությամբ վերադարձեք ձեր հոր մոտ»:

Սույն որոշումը սայրասուր նետի նման խոցելով Հուդայի սիրտը՝ վիրավորում է, և չիմանալով ինչ անի՝ շվարած է մնում: Քանի որ առանց Բենիամինի ինչպե՞ս կարող էր վերադառնալ հոր մոտ, քանի որ ամբողջ կյանքում պարտական մնալու պայմանով երաշխավոր էր եղել, որ նրան անվնաս հորը պիտի վերադարձնի:

Թեպետ մինչ այդ ժամը Հուդան իր աղաչանքներում համարձակվել էր միայն ներողություն խնդրել՝ Հովսեփին չբարկացնելու մտքով, սակայն այս անգամ, նորից սրտառուչ կերպով, մեկ առ մեկ պատմում է, թե ինչ պայմանով են Բենիամինին հոր մոտից վերցրել, հիշում է հոր խոսքերը, և մանավանդ, թե ինչպես Հովսեփի համար ժամանակին իրենց հորը ասել էին «մեռավ», «մի գազան հոշոտեց» (Ծննդ. 44:20, 28) և եթե Բենիամինը չվերադառնա՝ հայրը տրտմությունից նեղվելով պիտի մահանա: Այս ամենը պատմում է, որպեսզի ծերունի հորը գթալով՝ ազատ թողնի Բենիամինին և ինքը նրա փոխարեն գերի մնա Հովսեփին (Ծննդ. 44:33):

Արդ, Հովսեփը իր եղբայրներին այս վիճակում տեսնելուն պես, հասկանում է, որ առանց Բենիամինին նախանձելու, նրա փրկության համար սրտմտանքով ջանում են և թե իրենց հոր հանդեպ սեր ունեն: Մանավանդ տեսնում է Բենիամինին, որն այն ժամանակ հազիվ քսանչորս տարեկան մի ամոթխած երիտասարդ էր, ներկաների առջև հանցավորի նման կանգնած, ամոթխածությունից ոչ ոքի դեմքին չէր նայում, և Հովսեփի վեհապանծ տեսքից զարհուրելով՝ դողում էր: Նաև նկատում է, որ մյուս եղբայրների սրտերն էլ են ցավից փշրվել և աչքերը արտասվալից են, և իրենց մտքերը առ Աստված բարձրացնելով՝ լռելյայն Նրա օգնությունն էին խնդրում, քանի որ պանդուխտ լինելով՝ երբեք որևէ պաշտպան չունեին, և իրենց դատախազը փարավոն թագավորի փառապանծ և հզոր նախարարն է:

Խրատ ա՛ռ,  ճիշտ այդ տեսարանի նման էր, երբ Հովսեփի ծաղկյալ պատմուճանը վրայից հանելով՝ հորը նետեցին, և հորից հանելով՝ գերու նման վաճառեցին, քանի որ միայնակ Հովսեփը աղաչում և պաղատում էր նրանց, բայց նրանք նրա սրտահույզ աղաչանքներին ականջալուր չեղան: Ինչպես որ Բենիամինը հանցանք չունի, սակայն հանցավորի նման դողում է, նույնպես և Հովսեփը հանցանք չուներ, սակայն հանցավորի նման կապկպվեց:

Հիմա, որ Հովսեփի եղբայրների վիճակը հասկացար, ո՛վ ընթերցող, մի անգամ ևս Հովսեփի դրության մեջ մտիր, այո՛, հիշյալը թագավորի պես մեծափառ նախարար էր, սակայն այլևս անկարող լինելով դիմանալ եղբայրներին այդ ողորմելի կացության մեջ տեսնելուն, սիրտը ճմլվում է, աղիքները՝ գալարվում, և աչքերը արցունքակալած, շուրջը եղող օտար մարդկանց դուրս հանելուց հետո, երբ իր եղբայրների հետ առանձին է մնում, շտապում է ասել, որ. «Ես եմ՝ ձեր Հովսեփ եղբայրը, որին դուք վաճառեցիք» (Ծննդ. 45:4):

Այստեղ դու Հովսեփի եղբայրների տարօրինակ դրությանը նայիր. մինչ այդ պահը, բաժակը Բենիամինի մոտ գտնվելու համար թեպետ խոստովանեցին, թե «այս ամենը մեր մեղքերի պատճառով է»՝ նրան ազատելու ցանկությամբ, սակայն այդ ամենի մեջ հանցավոր չլինելով՝ իրենց խիճն ու միտքը հանգիստ էին, միայն Հովսեփի ինքն իրեն հայտնելուն պես, յուրաքանչյուրի միտքը մեկ առ մեկ, դահիճի նման, մահվան երկյուղով պաշարեց իրեն, որից էլ դեմքները իսկույն գունատվելով՝ սկսեցին սաստիկ դողալ, և կարծելով, թե հիմա իրենց մահվան վճիռը պետք է արտասանվի, այն աստիճան խռովվեցին և սոսկումի զգացումով համակվեցին, որ այդ րոպեին լեզուները կարկամելուց բռնված՝ ոչ մի բառ չկարողացան արտասանել (Ծննդ. 45:3):

Որովհետև մարդու միտքը իր անձի մեջ անսուտ և անկաշառ վկա լինելով, գործած չարությունը հիշելու ժամանակ անպատճառ չարաչար տառապում է խղճի խայթից: Սակայն Հովսեփը, արտասվելով, համբուրում է նրանց և մխիթարելու ու հանգստացնելու համար ասում. «Մի՛ վախեցեք և մի՛ տրտմեք, ինձ վաճառելու համար մի՛ նեղվեք, քանի որ ինձ դուք չուղարկեցիք Եգիպտոս, այլ ձեզ կերակրելու համար Աստված ուղարկեց, քանի որ դեռևս հինգ տարի պիտի շարունակվի սովը»: Այդ ժամանակ եղբայրները հազիվ ուշքի գալով՝ կարողացան խոսել նրա հետ (Ծննդ. 45:15): Հովսեփի եղբայրների գալստյան մասին լսելով՝ փարավոն թագավորը ուրախանում է և պատվիրում հորն էլ բերել Եգիպտոս: Ուստի Հովսեփը մեծ պատվով և շատ պաշարով եղբայրներին ուղարկում է, որպեսզի գնան իրենց հորը՝ Հակոբին բերեն, միևնույն ժամանակ պատվիրելով, որ ճանապարհին միմյանց վրա զայրանալով չվիճեն (Ծննդ. 45:24):

Խրատ առ, ինչպես որ Հովսեփը Բենիամինին շատ սիրելու պատճառով իր բաժակը նրա պարկի մեջ դնելով, թեպետ նա միառժամանակ երկյուղ և նեղություն կրեց, բայց վերջում Հովսեփի ինքնությունը հայտնի դառնալուց բոլորից առավել նա ուրախացավ, նույնպես և Աստված, թեպետ իր սիրելի ծառաներին միառժամանակ վշտերի և երկյուղի մեջ է պահում, սակայն հետո նրանց առաքինությունը հայտնի դարձնելով, երկրի վրա փառավորելուց բացի, արքայությունում նույնպես Ինքն Իրեն հայտնելուն պես, նրանք բոլորից ավելի պիտի բերկրեն և ցնծան անվախճան ուրախությամբ:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․