Գրքեր
Սենեքերիմը, Եզեկիայից մեծ գումար ստանալով, բավարարվում և հե՞տ է դառնում:

Ո՛չ, հետ չի դառնում: Ընդհակառակը, ցանկանալով նրան անպատճառ իրեն ենթարկեցնել, Ռափսակ անունով մի զորավարի և մի քանի մարդու ուղարկում է Եզեկիայի մոտ, որ սա հնազանդվելով, առանց ավերելու հանձնի Երուսաղեմը: Հիշյալ զորավարը, մոտենալով քաղաքին, Եզեկիայի հետ խոսելու ցանկություն է հայտնում,  որը նրա մոտ երեք մարդ է ուղարկում` նրա ցանկությունն իմանալու  և իրեն տեղեկություն բերելու:

Ռափսակը Եզեկիայի ուղարկած պատգամավորների հետ այսպես է խոսում. «Ո՞ւմ վրա եք հույս դրել` Սենեքերիմին անձնատուր չեք լինում. Եզեկիան չի կարող ձեզ փրկել: Եթե հույսը դրել է Եգիպտոսի թագավորի վրա, ապա նա եղեգնյա գավազանի նման է, որին հենվողը շուտով կործանվելու է, և եթե Աստծու վրա է հույս դրել, Նա չի փրկի նրան, քանի որ քանդել է նրա սեղանները, և մանավանդ ո՞ր աստվածն է կարողացել իր ժողովըրդին փրկել Սենեքերիմից, որ ձեր Աստվածը կարողանա: Մի´ հետևեք Եզեկիայի խորհուրդներին, նա ձեզ խաբում է, և սովից ու ծարավից իզուր պիտի մեռնեք»:

Քանի որ Ռափսակն այս խոսքերը բարձրաձայն և եբրայերեն է ասում, որպեսզի պարըսպին գտնվող զորքը լսելով հանձնի Երուսաղեմը, ուստի Եզեկիայի զորավարները, ասորերեն իմանալով, առաջարկում են ասորերեն խոսել, բայց նա, ձայնն ավելի բարձրացնելով, եբրայերեն շատ բաներ է ասում ընդդեմ Աստծու և թագավորի, ինչպես գրված է Սուրբ գրքում:

Հիրավի, Ռափսակի խոսքերն Աստծու կարողության դեմ էին և անհանդուրժելի, սակայն քանի որ Եզեկիան պատվիրել էր, որ ընդհանրապես չպատասխանեն, ուստի պատգամավորներըն առանց որևէ պատասխան տալու, իրենց հագուստները պատռելով, գալիս պատմում են թագավորին: Նա ևս պատռում է իր հագուստը և քուրձ հագնելով, հույսը Աստծուց չկտրելով` գալիս է տաճար` աղոթելու և նրա օգնությունը խնդրելու:

Սրանից բացի` մարդ է ուղարկում Եսայի մարգարեի մոտ և հայտնում, որ ինքը շատ տագնապալի վիճակում է և խնդրում է, որ ազգի փրկության համար աղոթի Աստծուն: Այն ժամանակ Եսային իր մոտ գնացածներին պատասխանում է. « Եզեկիային հայտնե´ք, որ չվախենա, քանի որ Սենեքերիմը տխուր լուրեր է ստացել և  պիտի վերադառնա և երբ վերադառնա, սրով պիտի սպանվի»:

Արդարև, Եսայի մարգարեի մարգարեության համաձայն, Սենեքերիմը տեղեկանում է, որ Եթովպիայի Թարակ թագավորը մեծ բանակով պատերազմի է ելել իր դեմ, ուստի իր բանակը Լաքիսից վերցնելով` շարժվում է Լոբնա և փորձում  գրավել այն, որպեսզի Թարակ թագավորի գալու ժամանակ ինքը կարողանա դիմագրավել նրան: Հիշյալ Ռափսակը, տեղեկանալով, որ Սենեքերիմը գնացել է Լոբնա, ինքն էլ է Երուսաղեմից Լոբնա գնում:

Թեև Սենեքերիմը ցանկանում էր օր առաջ գրավել Երուսաղեմը, սակայն վերոհիշյալ պատճառներով ստիպված էր վերադառնալու և միառժամանակ հետաձգելու գրավումը, ուստի Լոբնայից նամակ է ուղարկում Եզեկիային, որով առաջարկում է անձնատուր լինել: Ինչ Ռափսակն էր ասել, նույնն էլ Սենեքերիմն է կրկնում` Իսրայելի Աստծուն կուռքերի հետ համեմատելով և ասելով, որ Նա չի կարող նրան իր ձեռքից ազատել, և նմանատիպ խոսքերով աստվածային կարողության դեմ մի շարք հայհոյանքներ է գրում:

Եզեկիան, նամակը կարդալով, իսկույն տաճար է գնում և այն սեղանի առջև դնելով` սկսում է սրտահույզ հառաչանքներով պաղատել Աստծուն և խնդրել, որ իրեն ազատի անզգամ թշնամուց և աշխարհին ցույց տա Իր աստվածային զորությունը: Այստեղ հարկ է նկատի առնել, թե աղոթքով և պաղատանքներով Աստծու օգնությանը հույս դնողը ինչպե´ս է ազատվում ահավոր թշնամու սպառնալիքից: Քանի որ Եզեկիան դեռ աղոթում էր տաճարում, ահա Եսայի մարգարեն Աստծու հրամանով հայտնում է նրան. «Աստված ընդունեց քո աղաչանքները, մի՛ վախեցիր, քանի որ Սենեքերիմը անկարող է Երուսաղեմ մտնելու, նույնիսկ անկարող պիտի լինի այն պաշարելու և  եկած ճանապարհով   պիտի վերադառնա, քանի որ Տեր Աստված այսպես է ասում. «Ինձ և Իմ ծառա Դավթի անվան համար պիտի պահեմ սուրբ քաղաքը»» (Դ Թագ. 19:34):

Արդարև, այն գիշեր Աստծու հրեշտակը Սենեքերիմի բանակից հարյուր ութսունհինգ հազար մարդ է կոտորում: Հիշյալը, իր զորքի այսպիսի սաստիկ կոտորածը տեսնելով, երկյուղից Նինվե է փախչում. Սենեքերիմն իր անձն ազատելու համար պաշտած կուռքերի սեղանի առջև շնորհակալություն հայտնելու ժամանակ նրա երկու որդիները՝ Ադրամելեքը և Սարասարը, սրով հարվածում և սպանում են նրան, և իրենք էլ փախչելով գնում  և ապաստանում են Հայաստանի Արարատյան գավառում (Ես. 37:38): Սպանվածի երրորդ որդին՝ Ասորդանը, հաջորդում է հորը Նինվեում:

Այն ընթացքում, երբ վերոհիշյալ Սենեքերիմը, Հուդայի երկիր մտնելով, ցանկանում է գրավել Երուսաղեմը, ինչպես հիշատակվել է, Եզեկիան հիվանդանում է մահաբեր հիվանդությամբ: Եսայի մարգարեն, գալով հիվանդ թագավորի մոտ, ասում է. «Պատրաստի՛ր կտակդ, քանի որ պիտի մահանաս» (Ես. 38:1): Եզեկիան իսկույն դեմքը տաճարի կողմն է դարձնում և սրտաճմլիկ հառաչանքներով արտասվելով` խնդրում է Աստծուն, որ գթությամբ և ողորմությամբ իրեն առողջություն պարգևի:

Աստված  նրա ջերմեռանդ աղոթքն ընդունելով` Եսային, դեռևս պալատից դուրս չեկած, նորից ի վերուստ ազդվում է` վերադառնալով թագավորին հայտնի, որ երեք օրից առողջանալով` տաճար պիտի գնա և տասհինգ տարի էլ պիտի թագավորի և Ասորեստանի թագավորի բռնություններից պիտի ազատվի և, վերջապես, առողջանալու համար  պետք է վերքերին թուզ  դնի:

Եսային, ըստ աստվածային հրամանի հետ դառնալով, թագավորին հայտնում է ուրախալի լուրը, և թեև Եզեկիան ուրախանում է դրանից, սակայն նշան է խնդրում, որպեսզի բոլորին հայտնի լինի, որ իր բժշկվելը Աստծու հատուկ ողորմության արդյունք է, և որ ամբողջ աշխարհի առջև ապացուցվի Նրա գթությունն ու մեծ զորությունը:

Արդ, քանի  որ պալատի պատին արևի ժամացույց կար, որը Աքազ թագավորն էր կառուցել տվել, և որը երևում էր Եզեկիայի պառկած տեղից, Եսային պատասխանում է. «ժամացույցի սլաքի ստվերը տասն աստիճան իսկույն առաջ կշարժվի»: Եզեկիան պատասխանում է. «Դա բնական է, դրա փոխարեն ստվերը տասն աստիճան հետ թող դառնա»: Եզեկիայի ցանկությունն արեգակի ընթացքին հակառակ էր, քանի որ ստվերի տասն աստիճան հետ դառնալն արեգակի հետ գնալուց էր կախված, սակայն Եսայի մարգարեի ասածն արեգակի առաջ գնալով պիտի լիներ: Աստված ամենակարող լինելով` Եսայու աղոթելուն պես, աստվածային կամքով արևը սովորականի պես առաջ գնալու փոխարեն հետ է գնում (Դ Թագ. 20:11):

Այն ժամանակ հիշյալ ժամացույցի սլաքի ստվերն էլ ի´նչ աստիճանի վրա  գտնվում էր, տասն աստիճան հետ է գնում, և կատարվում է բարեպաշտ արքայի խնդրանքը, և արևը սովորականի նման շարունակում է իր ընթացքը. միայն թե այդ օրը սովորականից ավելի է երկարում:

Հիրավի, Աստված կարող էր որևէ կերպ Եզեկիային բժշկել, սակայն այս պարագայում, ցանկանալով նրան է´լ ավելի փառավորել, որպես նրա բժշկվելու նշան կամ ապացույց, որ նա պիտի բժշկվի և մանավանդ տասհինգ տարի էլ պիտի թագավորի, արեգակի ընթացքը հետ է շրջում, որպեսզի նրա առաքինությունն աշխարհին հայտնի լինի, և ամեն մարդ, օրինակ վերցնելով, հավատարմությամբ ծառայի Աստծուն, ինչ վիճակում էլ լինի:

Քանի որ այս հրաշքը զարմանքի և հիացմունքի նյութ է դառնում ոչ միայն Երուսաղեմում, այլև ամբողջ աշխարհում, ինչպես, օրինակ, Բաղդադի Մարովդակ թագավորը, իմանալով այս հրաշքի մասին և միաժամանակ իմանալով, որ այդ հրաշքը Հուդայի Եզեկիա թագավորի բժշկության համար է տեղի ունեցել, ցանկանում է բարեկամանալ նրա հետ և բազում ընծաներով մարդ է ուղարկում նրա մոտ:

Եզեկիան ոչ միայն սիրով և ուրախությամբ է ընդունում հյուրերին, այլև իր զորությունն ու հարստությունը նրանց ցույց տալու փափագով, ինչ որ կար գանձարանում, ամբողջն անխոհեմությամբ ցույց է տալիս:

Մարովդակ թագավորի մարդկանց գնալուց հետո Եսայի մարգարեն Եզեկիային հարցնում է. «Ո՞վ էին այդ մարդիկ, և ինչե՞ր տեսան քո պալատում», թագավորը ստիպված հայտնում է, թե ովքեր էին, և ինչու էին եկել, և ինչ որ իր պալատում  կար, ամբողջը տեսան. այդ ժամանակ Եսային Աստծու հրամանով հայտնում է. «Բոլոր ցույց տվածներդ մի օր Բաբելոն (Բաղդադ) կտարվեն, և որդիներդ էլ անպատճառ Բաբելոնի թագավորին պետք է ծառայեն»:

Սույն խոսքերը Եզեկիայի համար պատիժ և հանդիմանություն էին, քանի որ անխոհեմությամբ և մանավանդ հպարտությամբ իր ողջ հարստությունը Բաբելոնից եկած մարդկանց էր ցույց տվել, սակայն հանցանքն ընդունելով, առանց հուսահատվելու հնազանդությամբ խոնարհվում է Աստծու կամքի առջև: Արդարև, մարգարեի վճռի համաձայն, միառժամանակ անց Բաբելոնի արքան Եզեկիայի տան բոլոր թանկագին իրերը Բաբելոն է տանում, բայց ոչ թե նրա, այլ որդու իշխանության օրոք, ինչպես որ այսուհետև պիտի պատմվի հաջորդաբար` ըստ Սուրբ գրքի պատմության: Այնուհետև, երբ Եզեկիան մահանում է, անչափ մեծ պատվով թաղում են Երուսաղեմում` արքաներին հատուկ մասնավոր գերեզմանում:

Ընթերցո´ղ, օրինա´կ վերցրու բարեպաշտ Եզեկիա թագավորից, որը երբ արտասվելով աղոթում է Աստծուն և իր ամբողջ հույսը Նրա ամենազոր օգնության վրա դնում, ոչ միայն բժշկվում է հիվանդությունից, այլև ազատվում է թշնամու անարգ բռնություններից և սպառնալիքներից  և միաժամանակ երկար ապրելու էլ  արժանանում: Աստվածասեր թագավորը, առանձնակի ջերմեռանդորեն աղոթելուց բացի, խոնարհություն է ունենում Եսայի սուրբ մարգարեի ընդունելի աղոթքի օժանդակությանը դիմելու` իմանալով և համոզված, որ Աստված անպատճառ լսում է Իր հավատարիմ ծառայի աղոթքները. արդ, եթե դու էլ ցանկանում ես բոլոր վնասներից և պատիժներից զերծ լինել, մի´շտ աղոթիր և միևնույն ժամանակ խնդրի´ր նաև արժանիների աղոթքը, որպեսզի քեզ համար բարեխոս լինեն առ Աստված:

 
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․