Գրքեր
Հարց 21 – Ս. Եկեղեցին համապատիվ է դավանում Ամենասուրբ Երրորդությունը: Արդ՝ երբ Քրիստոս դատաստանի օրվա մասին է խոսում, ինչո՞ւ է ասում. «Բայց այդ օրվա և ժամի մասին ոչ ոք չգիտե, ո՛չ երկնքի հրեշտակները և ո՛չ էլ Որդին, այլ՝ միայն Հայրը» (Մատթ. 24:36): Այս խոսքից երևում է, որ Հայր Աստծո իմացածը Որդին չգիտի:

Պատասխան – Այսպես չէ, քանի որ ամբողջովին ստույգ է և հայտնի Հոր և Սուրբ Հոգու միօրինակությունը, նույնպես և՝ Որդու, ըստ որում ոչ միայն Աստված, այլև մարդ լինելով: Եվ թեպետ ասող եղավ, թե Քրիստոս՝ իբրև մարդ, չգիտեր: Սակայն սա չի բխում ուղղափառ վարդապետությունից և պատշաճ չէ նվազ նշանակություն տալ այն գերափայլ և լուսավորյալ մարդկային բնությանը, որի մեջ աստվածային իմաստության և գիտության գանձեր կային թաքնված: Քանի որ մարդկայնորեն էր պատմում դատաստանի նշանները, դրա համար չկամեցավ ժամանակը հայտնել: Քանի որ այն Աստծո գաղտնի խորհուրդներից մեկն է, ուստի, արտաքնապես անտեղյակ ձևանալով, ասաց, թե չգիտի: Ինչպես կերպարանափոխված մի թագավոր շրջում է և թաքցնում ինքն իրեն, նույնպես և Նա Իր տիրության գաղտնիքներն է պահում: (Տե՛ս «Տեսություն Նոր Կտակարանաց»):

Ահա և Կաղինոսի բերած օրինակն այս մասին. «Գիտեր և ըստ մարդկության, բայց անբացահայտելի գիտությամբ, ինչպես որ եթե խոստովանահորը հարցնես, թե քեզ ի՞նչ ասաց այսինչ մարդը, երբ խոստովանեց, ճի՞շտ կպատասխանի արդյոք, թե՝ ոչ: Ահա, ամենքս էլ պարտավոր ենք այսպես հասկանալ Քրիստոսի խոսքերի իմաստը, այսինքն՝ չգիտեմը, որ գիտեմ է, պետք չէ ասել, որովհետև այդ իմանալը գաղտնաբար է»:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․