2 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԺԶ օր

Գրքեր

Ագահության մասին

Մեր Տեր Հիսուս Քրիստոս փրկության Ավետարանում պատգամում է. «Ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»(Մատթ. Զ(6) 21), և իսկապես դա այդպես է:

Մեծ ունեցվածքի տեր մի մարդ` չափազանց ագահ, արծաթասեր ու անհագ, որը երբեք աղքատներին ողորմություն չէր տալիս, բարեգործություն չէր անում, ոչ էլ կարոտյալների պետքերն էր հոգում, այնպես պատահեց, որ հանկարծակի մեռավ: Նրա բարեկամներն ու ազգականները կարգադրեցին նրան հերձել, որպեսզի տեսնեն, թե ինչն էր նրա հանկարծահաս մահվան պատճառը: Եվ երբ հերձեցին նրան և սիրտը չգտան, սարսափահար եղան: Ապա բոլորն էլ գնացին այն սենյակը, որտեղ գանձն էր պահում, բացեցին պահարանը և ահա հանգուցյալ մարդու սիրտը գտան սատանայի ձեռքերում, որ վիշապակերպ նստել և պատառոտում էր այն: Եվ նայողներին ասաց.

- Այս ոսկին ու արծաթն այն գինն են, որոնց դիմաց ձեր բարեկամը վաճառել է ինձ իր սիրտը. իրավամբ այն իմ սեփականությունն է, ինչ կամենամ, այն էլ կանեմ:

***

Մի ծերունի քաղաք գնաց` իր ձեռագործ աշխատանքները վաճառելու: Պատահեց, որ մահամերձ վիճակում գտնվող մի մեծահարուստի դռան առջև նստեց: Եվ ահա տեսավ սևակերպ ձիեր և սևադեմ ու սարսափազդու հեծյալներ, որոնցից յուրաքանչյուրն իր ձեռքում հրեղեն գավազան ուներ: Հասնելով մեծահարուստի դռանը, ձիերից իջնելով՝ բոլորն էլ արագորեն տուն մտան: Հիվանդը, նրանց տեսնելով, սկսեց Աստծուն աղաղակել. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»: Իսկ նրանք ասացին.

-Ա՞յժմ հիշեցիր Աստծուն, երբ արեգակը մայր մտավ: Ինչո՞ւ Նրան չէիր փնտրում կյանքիդ բոլոր օրերին, քանի դեռ արևը ծագում էր: Այլևս ո՛չ հույսի, ո՛չ էլ մխիթարության բաժին կա:

***

Մի մեծահարուստ շատ ունեցվածք էր դիզել, բայց ոչ առանց մեղքերի: Երբ վերջին շնչին հասավ, մերձավորները նրան հորդորում էին, որպեսզի մտածի իր հոգու փրկության մասին: Բայց նա նման խոսքեր լսել չէր ախորժում, այլ մանավանդ մահճի մեջ այս ու այն կողմ շրջվելով` ափսոսում էր, ի խորոց սրտի լացում, կոծում և ողորմելի ձայնով ողբում` ասելով.

-Ավա՜ղ, ի՜նչ մեծ չարչարանքով ջանացի, որ ունեցվածք ձեռք բերեմ, և ահավասիկ ուրիշները պիտի ժառանգեն ու վայելեն իմ գանձերը: Օ՜, ունեցվածք իմ, օ՜, հարստություն իմ, օ՜, մխիթարություն իմ սրտի, ո՞ւմ ձեռքը պիտ ընկնեք, ո՞ւմ պիտ թողնեմ ձեզ:

Եվ այսպիսի խոսքեր ասելով` վախճանվեց:

***

Մի կին կեղծ աստվածպաշտությամբ էր ապրում. գիշերուզօր աղոթում էր և անդադար ուխտատեղիներ այցելում: Այսպիսի կերպարանված առաքինությամբ ապրելով` մարդկանցից բազմաթիվ իրեր էր վերցնում և մշտապես շատ ոսկեղեն հավաքում, և ինչ որ աստվածասեր քրիստոնյաները տալիս էին՝ քրիստոնյա գերիներին ազատելու համար, նա քսակի մեջ էր դնում, իսկ ինչ տալիս էին կարոտյալների պետքերի համար, արկղի մեջ էր պահում: Այդ կինն իր սենյակում խորը փոս էր փորել, այնտեղ մի մեծ կարաս տեղադրել: Իրեն տրված իրերն այդտեղ էր պահում, վրան էլ քար դնում: Ավա՜ղ անիծյալ ագահությանը, թե ինչպե՛ս է կուրացնում մարդկանց և խավարն ընկղմում: Բայց կարճ ասած` երբ կարասը լցվեց դրամով, և կնոջ մահվան ժամանակն էլ հասավ, ինչպես որ մեռած էր աստվածատուր հոգով, նաև մարմնով մեռավ ու թաղվեց: Թաղման արարողակարգից հետո քահանաները կնոջն սպասավորած աղջկան հարցրին.

-Քո տիկինն ի՞նչ էր անում այդքան դրամը, որ նրան էին տալիս:

Նա էլ պատասխանեց.

-Երբեք չեմ տեսել, որ աղքատներին ինչ-որ բան տար, և չգիտեմ, թե որտե՛ղ էր պահում այն դրամը, որ մարդկանցից էր վերցնում: Միայն գիտեմ, որ ինչ նրան տալիս էին, սենյակ էր տանում և այլևս դուրս չէր հանում:          Քահանաները, այս լսելով, զարմացան և փութաջանորեն սկսեցին փնտրել և ահա լսեցին դրամի ձայնը: Քարը գլորելով` մեծ քանակությամբ դրամ գտան, և զարմանալով կնոջ խորամանկության վրա` այս ամենը հայտնեցին եպիսկոպոսին: Իսկ եպիսկոպոսը, սաստիկ բարկանալով, հրամայեց բացել գերեզմանը և ամբողջ դրամը թափել մեռած մարմնի վրա` ասելով.

-Ինչ հավաքեցիր, քե՛զ թող լինի, իսկ Քրիստոսի աղքատներին ոչինչ թող չպակասի:

Դրանից հետո մի քանի գիշեր գերեզմանից ձայներ էին լսվում և սաստիկ լաց ու կոծ: Եվ այս ողբերի մեջ պարզ լսելի եղավ հետևյալ ձայնը. «Վա՜յ ինձ` եղկելիիս, վա՜յ ինձ` ամենաթշվառիս, քանզի այս ոսկին այրում և տոչորում է ոսկորներս»:

Այսպիսի ձայներ լսվեցին երեք գիշեր ու ցերեկ: Եվ շրջակա մարդիկ, չկարողանալով տանել այն, գնացին քահանայի մոտ և նրա հրամանով բացելով տապանը` տեսան, թե ինչպե՛ս էր ոսկին հալվել, կարծես  հնոցի մեջ, իսկ կնոջ բերանը՝ պատվել կրակե բոցով: Այնժամ քահանան աղոթեց Աստծուն, որ նրա մարմնի տանջանքները թեթևանան, որովհետև նրա չարությունը հայտնի էր դարձել մարդկանց առ ի զգուշություն: Այնուհետև ծածկեցին գերեզմանը, և կնոջ ձայնն այլևս չլսվեց:

 

Հայելի վարուց

23.09.20
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․