19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Անվանակոչություն

Սուրբ Ծննդյան ութերորդ օրը՝ հունվարի 13-ին, Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնն է: Այս տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը՝ երեկոյան ժամերգության ավարտին, կատարվում է նախատոնակի արարողություն:

Հրեաների մոտ սովորություն էր արու զավակներին ծնվելուց ութ օր հետո թլփատել տալ, որպեսզի նրանք ստանան Աբրահամյան սերնդի և աստվածային ուխտի կնիքը: Այդ պահին կատարվում էր նաև անվանակոչությունը: Հրեական օրենքի համաձայն (Ծննդոց 17:12; Ղևտացիներ 12:3)՝ Ծննդյան ութերորդ օրը, Հովսեփն ու Մարիամը, որպես բարեպաշտ հրեաներ, Մանկանը տարան տաճար, թլփատել տվեցին և անունն էլ դրեցին Հիսուս, որ եբրայերեն նշանակում է Փրկիչ, Փրկիչ «անեծքից, մեղքերից, կուռքերից, դժոխքից ու ամեն տեսակ վտանգից, որոնցից էլ մեր Տերը մեզ փրկեց ու սատանայի խոցոտած մեր խոր վերքերը բուժեց», իսկ Քրիստոս հունարեն՝ Օծյալ: Համաձայն Գաբրիէլ հրեշտակապետի պատգամի՝ Մանկանը կոչեցին Հիսուս (Մատթեոս 1:21): Այս մասին վկայում է նաև Ղուկաս ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և Նա թլփատվեց, Նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկաս 2:21):

Հիսուս Քրիստոս թլփատության կարիքը չուներ: Նրա թլփատությունը ոչ թե անհրաժեշտության, այլ հաստատված օրենքը հարգելու և կատարելու համար էր: Նա թլփատվեց, որպեսզի հաստատի Աբրահամի հետ Աստծո ուխտի ճշմարտությունը, որովհետև չգարշեց Իր իսկ դրած Օրենքից, քանի որ այն մարդկանց համար դրեց: Հիսուս դրանով իսկ ցույց տվեց Իր ճշմարիտ մարդանալը կատարյալ մարդեղությամբ: Նա հինն ամբողջովին կատարեց և ապա նորի սկիզբը դրեց, այսինքն՝ մկրտության ու շնորհի, որպեսզի Ինքը լինի Սկիզբն ու Վախճանը (Հայտնություն 1:17) ոչ միայն ըստ Աստվածության, այլև ըստ մարդկության:

Սակայն Տերը մկրտությամբ արգելելով մարմնավոր թլփատությունը՝ փոխարենը տվեց հոգևոր թլփատություն, որը մեզ համար օրինադրվեց Սբ. Պողոսի միջոցով (Հռոմեացիներ 2:29): Քրիստոնեության տարածման սկզբնական շրջանում նորադարձ հրեա քրիստոնյաները շարունակում էին պահել այդ սովորությունը, բայց Սբ. Պողոս առաքյալն արգելեց:

Քրիստոնյաների համար այս տոնը հիշատակ է հոգևոր թլփատության, սրտի թլփատության. «…իսկական թլփատությունը սրտի՛ թլփատությունն է, այսինքն՝ Սուրբ Հոգու համաձայն ապրելն է և ոչ թե գրավոր Օրենքի համաձայն ապրելը: Այդպիսի մեկը գովաբանվում է ոչ թե մարդկանցից, այլ Աստծուց» (Հռոմեացիներ 2:29):

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

13.01.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․