1 Հունիս, Բշ, Բ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Արիության և համբերության մասին

Հայր Բեսարիոնի մասին աշակերտներն ասում էին, թե նրա կյանքը նման էր թռչունի կամ վայրի կենդանու կյանքին` անհոգ և անխռով: Այս հանդարտությամբ էլ ավարտեց իր օրերը, ո՛չ հոգաց տան համար, ո՛չ ցանկացավ մնալ հանգստյան վայրում, երբեք կերակ­րով չհագեցավ և ո՛չ էլ որևէ բան վերցրեց աշխարհից իր կարիքների համար: Նա, իբրև անմարմին, կատարելապես վեր էր մարմնից և նրա ախտերից: Հանդերձյալ բարիքների հույսով էր կերակրվում և Աստծո հավատով հաստատված էր կենցաղավարում, ամեն տեսակ վշտերին համբերում էր և գերու նման մերկ էր շրջում: Ե՛վ ձմռան սառնա­մանիքներով էր նեղում իրեն, և՛ ամռան տոթով, շրջում էր նա ան­կոխ ու անմարդաբնակ վայրերում, դժվարամատչելի փապարներում, ապառաժուտներում ու անձուկ կիրճերում, անմխիթար տեղերում և ծովի ափերին, և որտեղ պատահեր` այնտեղ գիշերում էր ու այնտե­ղից գնում: Իսկ եթե երբեմն էլ վանք էր գալիս` մենակյացների մոտ, նստում էր վանքի դռան մոտ և լաց էր լինում, ծովի ալիքներից մազա­պուրծ պրծածի նման ողբում էր: Եվ եթե եղբայրներից մեկը դուրս էր ելնում և տեսնում էր նրան այդպես մուրացիկի նման գետնատարած ողբալիս՝ խղճում էր, խանդաղատում և ասում. «Ինչո՞ւ ես լալիս, ո՛վ մարդ, ի՞նչ է պատահել քեզ»: Իսկ եթե մեկը ուզում էր նրան տուն տանել կամ կերակրել, նա ասում էր. «Բնավ չեմ կարող հարկի տակ մտնել, եթե նախ չգտնեմ իմ տան հարստությունը, որովհետև կորավ իմ բազմապիսի հարստությունը, քանզի ցամաքում ընկա ավազակ­ների ձեռքը, ծովում նավաբեկ եղա և ընկա աղքատության մեջ, իմ փառքից ու պատվից զրկվելով՝ անպատվության ու աղքատության մատնվեցի»: Իսկ ով լսում էր նրա խոսքերը, նրան հաց էր տալիս ու ասում. «Վերցրո՛ւ այս կերակուրը, իսկ տունդ և ունեցվածքդ, որ կորցրիր, Աստվա՛ծ թող տա քեզ: Իսկ նա, երբ լսում էր այս, առավել ևս ողբում էր և ասում. «Չգիտեմ` արդյոք կարո՞ղ եմ գտնել այն, ինչ կորցրի, այլ մահ եմ խնդրում ինձ համար, քանզի հույս չունեմ այսու­հետև փարատում գտնելու վշտերիս և տառապանքներիս»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

03.11.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․