Գրքեր

Աստծու գոյությունը, մաս 9-րդ

....անդրադառնանք այն հարցին, որ ուրիշ մարդիկ էլ՝ նախորդներից առավել անմիտները, այն աստիճանի ցնորվեցին՝ ասելով, որ իբր երկյուղն ու տգիտությունն են «հնարել» Աստծու և կրոնի գաղափարը: Սակայն՝

1. Եթե մարդիկ երկյուղի պատճառով հորինած լինեին Աստծու և կրոնի գաղափարը, ապա ուրեմն Աստծուն պիտի իբրև անողորմ, անողոք ու քստմնելի մի էակ ճանաչեին՝ անժպիտ Պլուտոնի նման մշտապես շանթերով ու չարաչար հարվածներով սպառազինված: Մինչդեռ տեսնում ենք ընդհակառակը. աշխարհի աշխարհ լինելուց ի վեր «Աստված» կոչվող Էակն իբրև բարության, սիրո և ողորմության Աղբյուր պաշտվել է ամենուրեք:

Սկյութացիներն Ալեքսանդր Մեծին ասում էին. «Եթե դու աստված ես, պարտավոր ես բարիք գործել մարդկանց, և ո՛չ թե նրանց ինչքերն ու ունեցվածքը կողոպտել» (Կուրտիոս, «Պատմ. Ալեքս.», Է 8): Գրեթե նույն խոսքերն էին ասում վայրենի ամերիկացիներն իրենց ճնշող ու հարստահարող եվրոպացիներին: Հույների մեջ Արամազդը կամ Դիոսը «աստվածների և մարդկանց հայր» էր կոչվում: Լատինները Յուպիտերին իբրև օգնական հայր «Յովիս» անվանեցին, միաժամանակ իր մեծավայելչության և մեծ բարերարության համար կոչեցին նաև «Օպտիմուս», «Մաքսիմուս», այսինքն՝ «ամենաբարի», «ամենամեծ»:

Իսկ մեզանում «Վանատուր» կոչվող աստված կար, որը հյուրընկալ, ասպնջական, նժդեհներին, պանդուխտներին և օտարներին հավաքող ու կերակրող աստվածություն էր (Խորեն., «Պատմ. Հայ.», հատ. 2, գլ. 48, Ագաթ. 119): Անահիտն էլ անվանվեց «բոլոր առաքինությունների մայր, ազգի փառք ու կեցուցիչ, աշխարհի շունչ և կենդանություն» (Ագաթ. 5, 6):

Մեր նախնիներն իրենց պաշտած երեք վեհագույն աստվածներից՝ Արամազդից, Անահիտից և Վահագնից միայն բարիք էին սպասում ու այս բարեմաղթանքն էին հղում իրարու՝ ասելով. «Թող ձեզ լիություն ու առատություն հասնի քաջարի Արամազդից, խնամակալություն՝ Անահիտ տիկնոջից, և քաջություն՝ քաջն Վահագնից» (Ագաթ. 12):

Երբ Սենեկային հարցնում են, թե Աստված ինչ է խորհում և ինչ է անում, նա պատասխանում է. «Հարցնում ես՝ ի՞նչ է խորհում և ի՞նչ է մտածում Աստված. բարություն: Ւսկ ինչի՞ համար Աստված արարչագործեց այս աշխարհը. որովհետև Բարի է Նա»:

Սա էլ մեկ այլ ճշմարտություն է, քանի որ եթե Աստծու մասին գաղափարը երկյուղի «արդյունք» լիներ, բոլոր դարերում, բոլոր ժամանակներում և ամենուր՝ բովանդակ երկրի վրա, Աստված միօրինակ չէր պաշտվի, որովհետև անկարելի է, որ ոմանց համար վախի պատճառ դարձած միևնույն երևույթն առհասարակ բոլոր մարդկանց վրա նույն ներգործությունն ունենար:

Շատ քչերը միայն, սին երկյուղով վարակված, երևակայության հանկարծակի բորբոքման հետևանքով այս «կեղծ» Աստծու գաղափարը հորինեցին կամ էլ ապշությամբ ընդունեցին այդ գաղափարը: Դրա հետևանք են կարակոնճոլիների, բերիների, պայիկների, ուրուների կամ խորդլախների և այլոց գաղափարները: Մինչդեռ առավել մեծ թվով մարդիկ, ավելի քաջասիրտ, անահ ու աներկյուղ լինելով, սառնարյունաբար և խոհեմ քննությամբ իրադարձությունների խորքերն էին ներթափանցում ու ծաղրուծանակի էին ենթարկում նրանց «եղջերվաքաղը»: Մարդկային մի փոքր շրջանակ էլ ավելի ուշ ձերբազատվեց իր երևակայության մեջ եռացող սին երևույթների մասին պատկերացումներից:

Այսպիսով՝ Աստծու մասին պատկերացումները վախի հետևանք չէին, քանի որ բոլոր դարերում Աստվածության գաղափարը և Նրա հանդեպ հավատքի սպասավորությունը մշտապես առկա էր աշխարհում. այն բնավ չնվազեց, և երբևէ չեղավ այնպիսի մի ժամանակաշրջան, երբ Աստվածությանը ծառայություն չմատուցվեր:

2. Իսկ ահա «որոշ մարդկանց՝ իրերի նեգործություններին վերաբերող հարցերում տգետ լինելու պատճառով է ծագել Աստծու գաղափարը» ասողների կույր չարամտության համար միայն ցավել կարելի է: Ինչպե՞ս է հնարավոր, որ բնության գործերին ու ներգործություններին անտեղյակ մարդիկ իրենց տգետ, տխմար մտքով կարողանան հնարել բնական իրերին ամենաբնական սկիզբ տվող մի պատճառ, որի դեմ անաստվածությունը դարերով պատերազմեց իր ողջ կատաղությամբ, սակայն չկարողացավ խափանել այն:

Բացի դա նրանց ասածից հետևում է նաև, որ Աստվածության գաղափարն ավելի մեծ պայծառությամբ պիտի ընդունված լինի տգիտագույն ազգերի ու ժողովուրդների մեջ. քաղաքակիրթ, իմաստուն, լուսավորված ազգերից առավել բարբարոսների, տգետների, տխմարների և մանավանդ ապուշների մեջ բարձրագլուխ պանծացած պիտի լինի Աստծու հանդեպ պաշտամունքը: Սակայն արդյո՞ք այդպես է եղել: Այդ դեպքում ուրեմն ինչո՞ւ են անհավատներն այդքան ջանք թափում, աշխարհի բոլոր անկյուններում պրպտում, ամեն ծակուծուկ մտնում՝ փնտրելով այնպիսի տգետ, տխմար ու վայրենամիտ մի ժողովուրդ, որն ամենևին գաղափար չունենա Աստվածության մասին:

Մի՞թե հնարավոր է, որ այդ նույն տգետ և տխմար ժողովուրդն ինքը ստեղծած լինի Աստվածության գաղափարը, բայց միևնույն ժամանակ անտեղյակ լինի իր երկնած այդ գաղափարից: Սրանից ավելի լպիրշ հակասություն կարո՞ղ է լինել: Դարերի ու ազգերի պատմությունն ընդվզում է այս չարահնար, սխալ ընթացքի ստության դեմ: Ամենալուսավորյալ ազգերի ամենաականավոր ներկայացուցիչները՝ Գալիլեոսը, Կարդեսիոսը, Նյուտոնը [հղում. Նյուտոնը, որը տիեզերքն ուսումնասիրող գիտնականների մեջ առաջին տեղն է զբաղեցնում, կատարյալ կրոնասեր մեկն էր և սովորություն էր դարձրել ամեն օր Սուրբ Գրքից մի հատված ընթերցելու: Մի անգամ, երբ Հալլեյ աստղագետը նրա ներկայությամբ հավատքի և Սուրբ Գրքի վերաբերյալ ծաղրական մի թեթև խոսք ասաց ի նպաստ անհավատների, Նյուտոնը նրան ասաց. «Պարո՛ն, դու չես քննել և չես ուսանել այդ նյութը, բայց ես խնամքով ուսանել եմ և գիտեմ: Մի՛ արատավորիր «փիլիսոփա» անունը, որը կրում ես, և հանդգնությամբ մի՛ դատիր այնպիսի հարցերի մասին, որոնք ըստ պատշաճի չես ուսումնասիրել»: Հալլեյը խոստովանեց, որ արժանի էր այդ հանդիմանությանը], Եվլերը, Կեպլերը և սրանց նման այլ հռչակավոր, իմաստնագույն փիլիսոփաներ առավել քան զարմացան ու սքանչացան բնության Արարչի վրա և մեծապես փառավորեցին Նրան:

Տգիտությունն ու ճշմարիտ աստվածճանաչողությանն անտեղյակ լինելը հեթանոս կռապաշտության մեջ կարող է լինել: Մարդիկ, անտեսանելի Աստծուն մտքով ըմբռնելուն անկարող լինելով, կարող էին կուռքերին սպասավորություն մատուցել: Սակայն անհնար է, որ այդ տգետ ժողովուրդները, Աստծու գաղափարը չունենալով, իրենք հնարեին այն, ոչ էլ այնքա՜ն տգիտանային և վայրենիանային, որ իսպառ մոռանային այն:

Արարիչ Աստծու գաղափարն ինչպես չէր կարող լինել տգետ ու տխմար ժողովրդի հորինվածքը, այդպես էլ չէր կարող լուսավորյալ կամ քաղաքակիրթ իշխանավորների գյուտը լինել: Սրբազան պատմության ավանդությունը քաղքագիտությունից և շահադիտությունից էլ ավելի հին է:

Հնագույն ազգերի ու կրոնների տարեգրությունների անտարակուսելի վկայությունները քննելով՝ տեսնում ենք, որ որքան էլ վաղ ժամանակներ «ընթանանք», միևնույն է նկատելի է, որ աշխարհի բոլոր կողմերում ինչ ազգեր որ ծնվել ու ապրել են, ամենքն էլ իրենց գոյավորության սկզբից ևեթ, դեռևս ազգության կարգավիճակ կամ կառավարման ձև չունեցած, այլ գեթ միևնույն հրահանգին ենթակա ցեղային միություն լինելով՝ ունեցել են զոհեր, ընծաներ, խնկեր, տոներ, աղոթքներ, սուրբ սեղաններ, քահանաներ, մարգարեներ կամ հարցուկներ, սրբավայրեր, ավելի ուշ նաև՝ տաճարներ, քարոզխոսություն, հմայություններ և այլն:

Այս ամենից ստուգապես հետևում է, որ այդ ցեղային միություններն ի բնե ճանաչել և ընդունել էին Աստծու «անխուսափելի» գոյությունը, ուստի Նրան պաշտամունք մատուցելու համար այս վերոնշյալ արարողություններն էին կատարում, որոնք ուղղակիորեն նախամարդուց համայն տիեզերքին փոխանցված ավանդություն էին՝ տարածված Նոյի որդիների՝ երկրի այս ու այն կողմերը սփռվելու միջոցով:

Հետևաբար ազգերի իշխաններն ու թագավորները չեն շահադիտական նկատառումներով «հնարել» Աստծուն: Եթե իշխաններն ու թագավորները որևէ բան արեցին իրենց շահերի համար (դա էլ բավականին ուշ նրանց մտքով անցավ), դա այն էր, որ հավատքն ու սուրբ պաշտամունքն աղավաղեցին, ճշմարտությունը՝ ստության, և պաշտամունքի սրբությունը պղծության վերածեցին: Գոյություն ունեցող երևույթն այլայլեցին, սակայն նոր բան չհնարեցին: Նրանք միայն իրենց քաղաքական շահերին ծառայեցրին կրոնի արտաքին երեսը կազմող այն «պաշտամունքը», որով շլացած էր ռամիկը, սակայն գերագույն Էակի գաղափարը, որն իրենք չէին հորինել, բոլոր ազգերի համար էլ անեղծանելի մնաց:

(Շարունակելի)

 

Տեր Սահակ քհնՏեր Սարգսյան, «Քննական կրոնագիտություն հավատքի

ապացույցներով հանդերձ», ԿՊոլիս, 1897 թ.,

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկԿարապետյանը

 

23.08.21
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․