Գրքեր

Աստվածային առաջնորդությամբ կյանքի ընկեր ընտրելու ճշմարիտ կերպի, քրիստոնեական ամուսնության և ընտանեկան երջանկության մասին

«Յուրաքանչյուր մարմին միանում է իր տեսակին, և յուրաքանչյուր մարդ հարում իր նմանին» (Սիրաք 13:20)

Ծննդոց Գիրքը պատմում է, որ երբ Աստված երկրի հողից ստեղծեց առաջին մարդուն՝ Ադամին, նրան տեղավորեց բերկրության դրախտում (տե՛ս 2:7, 15): Սակայն Աստծու պատկերն ու նմանությունն ունեցող մարդը միայնակ էր, քանի որ «չգտավ իր նմանությունն ունեցող մի օգնական» (2:20): Եվ Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար» (2:18): Եվ Աստված Ադամից վերցրած կողոսկրից ստեղծեց կնոջը՝ Եվային: Աստված օրհնեց նրանց և ասաց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը...» (1:28): Դեռևս դրախտում Աստծու կողմից հաստատվեց Պսակի խորհուրդը, Աստված օրհնեց ամուսնությունը և տղամարդուն ու կնոջն օրհնությամբ դարձրեց մեկ մարմին: Ընտանիքն Աստծու ստեղծագործության ամբողջացումը եղավ: Ուստի ամուսնության կոչված յուրաքանչյուր ադամորդի ճշմարիտ ամուսնության մեջ գտնում է երջանկության լրությունը: Ս. Պողոս առաքյալն ասում է. «Չպոռնկանալու համար՝ յուրաքանչյուր մարդ թող իր կինն ունենա, և ամեն կին՝ իր մարդը» (Ա Կորթ. 7:2): Ամուսնությունն օգնում է ողջախոհ կյանք վարել՝ նրանում գտնելով հոգու խաղաղություն և հանդարտություն, միաբանություն և բարեպաշտ ընտանիք: Ամուսնությունը սուրբ և նվիրական խորհուրդ է, ուստի Եկեղեցու հայրերն ուսուցանում են մեծ զգուշությամբ մոտենալ ամուսնությանը, լինել ողջախոհ և չսխալվել կյանքի ընկեր ընտրելու հարցում: Ցավոք, հոգևոր ընկալումից զուրկ, աշխարհիկ մտածելակերպով օժտված շատ հայորդիներ այսօր կյանքի ընկեր, կողակից ընտրելիս նախապատվություն են տալիս նյութական հարստությանը, արտաքին գրավչությանը, հասարակության մեջ իրենց ընտրյալի գրաված դիրքին, այսինքն՝ բնավ չեն հոգում աստվածայինի և հոգևորի մասին, չեն տարբերում կարևորն անկարևորից: Մինչդեռ քրիստոնյայի  համար, ով փնտրում է իր  ապագա կյանքի ընկերոջը, առաջնային և կարևոր է մարդու հոգու գեղեցկությունը, այսինքն՝ թե ինչ հոգևոր առաքինություններով, շնորհներով է օժտված նա, որն ըստ սուրբ Հովհան Ոսկեբերանի՝ «ոսկուց ավելի թանկ է»: Եթե մարմնավոր գեղեցկությունը տարիների ընթացքում կարող է թոշնել, ապա հոգևոր գեղեցկությունն անանց է և մնայուն. «Երբ ամուսնական սերը նյութին վերա հաստատվի, նյութը կսպառվի, սերը տեղի կուտա, իսկ երբ բնական պարզ և ճշմարիտ սիրո վերա հաստատվի, մինչ ի գերեզման անշարժ կմնա միտության շենքը...: Երջանիկ են այդ սիրով միավորյալ ամուսինքը: ....Այդ կենդանի սիրո հիմն է, որ կարող է միայն անկործանելի հաստատուն պահել ընտանեական կյանքին երերուն շենքը՝ աշխարհին հողմերուն և հեղեղներուն բախման առաջ» (Խրիմյան Հայրիկ): Եկեղեցու սուրբ հայրերի ուսուցման համաձայն՝ տղամարդու սերը կնոջ նկատմամբ պետք է հիմնված լինի բանականության վրա, և հարկ է սիրել մտքով. դա՛ է իսկական սերը, սեր, որը պայմանավորված չէ  մարմնական գեղեցկությամբ, ուստի հաստատուն է և ճշմարիտ: Իսկ ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել, ինչպե՞ս հասկանալ Աստծու կամքն ապագա կյանքի ընկեր ընտրելու հարցում: Քրիստոնյան, ով ապավինում է աստվածային նախախնամությանը, հավատում և վստահում է Աստծուն, գիտի, որ եթե ինքը կոչված է ամուսնության, ապա Տիրոջ ողորմածությամբ և նախախնամությամբ մի օր անպայման կհանդիպի նրան, ով Աստծու նախախնամությամբ դեռ աշխարհի սկզբից էլ նախասահմանված է իր կողակիցը լինելու: Չպետք է միայն հավատալ ու սպասել՝ մատնվելով անգործության: Սուրբ Պողոս Ադրիանուպոլսեցին այս մասին ասում է, որ «նախասահմանությունը կատարվում է աղոթքներով, ինչպես նախորոշել է Աստված»: Հարկ է խոնարհությամբ, մաքուր սրտով և ջերմեռանդությամբ աղոթել և Աստծու կամքը փնտրել, բարի վարքով, առաքինությամբ, ազնվությամբ կենցաղավարել՝ արժանանալով Տիրոջ բարեհաճությանն ու ողորմությանը, քանի որ Աստված արժանավորների խնդրանքներն է կատարում և խոնարհներին է շնորհ տալիս: Աստված ավելի լավ գիտի, թե ինչ է մեզ անհրաժեշտ, մեզ համար բարի: Հարկ է միայն հնազանդվել Տիրոջ կամքին, իմաստնաբար փնտրել և գտնել Աստծու ցույց տված ճանապարհը, քանի որ բազմագութ Աստված բազմապիսի կերպերով մեզ ցույց է տալիս ճանապարհը, հասկացնում Իր կամքը, միայն թե մենք հասկանանք և գիտակցենք այդ:

Քանի որ սուրբ ամուսնությամբ՝ Պսակի խորհրդով այր ու կին խորհրդավորապես միանում են միմյանց՝ դառնալով մեկ մարմին, ինչպես Սուրբ Գիրքն է վկայում. «... և երկուսը մեկ մարմին պիտի լինեն» (Մատթ. 19:5), ապա հարկ է խոհեմությամբ, լրջորեն, աղոթքներով և աստվածային կամքի համաձայն ընտրել ապագա կյանքի ընկերոջը՝ պատրաստ նրա հետ կիսելու կյանքի թե՛ ուրախությունները, թե՛ դառնություններն ու տառապանքը: Ամուսնական երջանկությունը հիմնվում է ամուսինների փոխադարձ սիրո, վստահության, հարգանքի և համաձայնության վրա: Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Չկա ավելի թանկ բան, քան կնոջ կողմից սիրված լինել և սիրել նրան: Երբ ամուսինները համաձայնության մեջ են, դա իմաստուն երանություն է»: Սակայն սուրբ Ոսկեբերանը զգուշացնում է նաև, որ «ամուսինների փոխադարձ սերը չպետք է կախված լինի յուրաքանչյուրի մարմնական գեղեցկությունից և չպետք է մարի այն դեպքում, երբ նրանցից մեկն ինչ-ինչ պատճառներով տգեղանա կամ նույնիսկ այլանդակվի»: Ուստի սերն ամուսնական կյանքում պետք է լինի մշտական և այնպես ամուր, որ դիմակայի բոլոր դժբախտություններին, դառնություններին և գայթակղություններին:

Ուրեմն, գիտակցելով, որ ամուսնությունը «մեծ խորհուրդ է» (Եփես. 5:32) և ճանապարհ է դեպի փոխադարձ սրբացում, հնարավորինս խուսափենք սխալ ընտրություն կատարելուց, այլ հարատև աղոթքով, աստվածային առաջնորդությամբ, թելադրանքով ընտրենք մեր կյանքի ընկերոջը՝ կառուցելով մեր ընտանեկան երջանկությունն անսահման հավատի, ճշմարիտ՝ բանականության վրա հիմնված սիրո, ներողամտության և անկեղծության անխախտ հիմքի վրա:

 

Անժելա Խաչատրյան

05.05.22
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․