5 Հունիս, Ուր, Զ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

«Բարի գործն է իրական հարստությունը»

Յուրաքաչյուր պարգև՝ լինի նյութական, թե հոգևոր, Աստծո պարգևն է մարդուն: Աստված բազմաթիվ պարգևների է արժանացրել մարդուն, որպեսզի ստացածը ի բարին գործածելով՝ բաժնեկից դարձնի իր մերձավորներին: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցծրագրերին աջակից յուրաքանչյուր անձ ջանում է Աստծո տվածը Աստծուն վերադարձնել՝ բարի գործերով հարստանալու մեծ ձգտումն ունենալով: Փետրվարի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Հովակիմյան Աննային (47 տ.), որ բնակվում է Մոլդովական 29/4 155 բն. հասցեում: Աննան տասը տարեկանից տառապում է ոսկրային հիվանդություններով, որոնք տարեցտարի ավելի խորանալով, դարձրել են նրան 2-րդ կարգի անաշխատունակ հաշմանդամ: «Անցյալ տարի՝ սեպտեմբեր ամսին, ինֆարկտից մահացավ ամուսինս: Այժմ մեծ խնդրի առջև եմ կանգնած. ինձ հասանելիք ընտանեկան նպաստի և հաշմանդամության գումարներով չեմ կարող վեց ամիսը մեկ պահանջվող բուժումն անցնել, որն ինձ համար կենսական նշանակություն ունի, սակայն մեծ գումար արժե»,- ասաց Աննան:

Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և Աննային հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Աննան շնորհակալություն հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին՝ օգնության ձեռք մեկնելու համար:

«Բաժանեց նա ու տվեց աղքատներին. նրա արդարությունը կմնա հավիտյանս հավիտենից և փառք ու հարստություն կլինի նրա տան մեջ» (Սաղմ. 111:9; 3): Թե՛ փառքը, թե՛ հարստությունը Աստծուց է, որոնք այն մարդկանց տանն են հիմնավորվում, ովքեր, ըստ Ս. Հովհան Ոսկեբերանի՝ երկյուղ ունեն առ Աստված: Բարի գործն է իրական և ճշմարիտ հարստությունը, իսկ այլ հարստությունները հարստության դատարկ անուններ են, որ չունեն իրենց մեջ ոչ մի ճշմարտություն: Առաքելական ժամանակաշրջանում, ինչպես վկայակոչում է Սուրբ Գիրքը. «Ոչ մեկը մի բանի կարոտ չէր, որովհետև արտ կամ տուն ունեցողները վաճառում էին դրանք և ծախվածի դրամը հանձնում էին առաքյալներին, որոնք բաշխումը կատարում էին՝ նայած թե ով ի՛նչ բանի կարիք ուներ» (Գործ Առ. 4: 34-36): Թեև առաքյալներին էր հանձնված շատերի հարստությունը, բայց նրանք չէին կրում այդ ամենի հոգսը: Այդպիսի հարստության մեջ գտնվելով՝ նրանք վեր էին հարստությունից, քանի որ հարստության առատությունը չէր իշխում նրանց: Սա է հատկապես հարստությունը, երբ հարստության կարիքը չի զգացվում: Առաքյալները, ըստ Տիրոջ խոսքի, Աստծո փառքն էին փնտրում. «Դուք նախ խնդրե՛ք, որ Աստծո արքայությունը գա, աշխատե՛ք կատարել Նրա կամքը, և Աստված այդ բոլորը ավելիով կտա ձեզ» (Մատթ. 6:33):

 

Կարինե Սուգիկյան

05.02.19
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․